Պոլ Պոգբան հեռացավ «Մոնակոյից»
Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան հեռացել է «Մոնակոյից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ակումբը խզել է 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Պոգբան 2025 թվականի հուլիսին էր միացել «Մոնակոյին», որի կազմում մասնակցեց 6 հանդիպման:
Նոյեմբերին ֆրանսիացին 811 օրվա ընդմիջումից հետո վերադարձել էր խաղադաշտ: 2023 թ․ սեպտեմբերին Պոգբան Թուրինի «Յուվենտուսում» խաղալու ընթացքում 4 տարով որակազրկվել էր հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Ավելի ուշ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել էր որակազրկման ժամկետը մինչև 1,5 տարի:
«Յուվենտուսից» բացի, կիսապաշտպանն ակումբային կարիերայում խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2011-2012 թթ., 2016-2022 թթ․)։ Ֆրանսիայի հավաքականում նա հանդես է եկել 2013-2022 թթ․, իսկ 2018-ին դարձել է աշխարհի չեմպիոն։

