Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
18.08.2026 | 21:25Եթե Perplexity արհեստական բանականության հարթակով որևէ հարցում անեք, շատ մեծ է հավանականությունը, որ ձեր հարցի պատասխանը կգեներացվի Հրազդանում կառուցված Firebird AI-ի գործարանում, որտեղ օրերս մեկնարկել է տվյալների կենտրոնի առաջին փուլի աշխատանքը։
Միլիարդավոր դոլարների ներդրումների խոստմանը զուգահեռ՝ հանրային տիրույթում մտահոգություններ կան, թե որքանով է գործարանն անվտանգ շրջակա միջավայրի համար, որքա՞ն և ի՞նչ ջուր է օգտագործվում սառեցման համակարգերում, կամ արդյո՞ք սպառվող էներգիայի ծավալները չեն ծանրաբեռնի ՀՀ էներգետիկ համակարգը։
Այս հարցերի պատասխանների հետքերով Factor TV-ն Հրազդան է այցելել և շրջել նորաբաց գործարանի տարածքում։
Տարածքի ջերմաստիճանային պայմաններ, օդի մաքրություն, Էներգետիկ ենթակառուցվածքների հասանելիություն․ Firebird AI գործարանի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ տվյալների կենտրոնը Հրազդանում են հիմնել՝ այս ամենը հաշվի առնելով։ 6144 հատ NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներն արդեն գործարկված են։ Դրանք որքա՞ն դրանք կաշխատեն և ի՞նչ կլինի դրանց հետ շահագործման ավարտից հետո։
«GPU-ները 6-ից 8 տարվա կյանք ունեն միջինացված: Այսօր կան աշխարհում GPU-ներ, որոնք 8 տարի առաջ են արտադրվել և մինչև այսօր օգտագործվում են։ Ուտիլիզացիան նույն կերպ է կատարվում, ինչպես համակարգիչներինը՝ թե՛ տան համակարգիչների, թե՛ սերվերների: Սրանք նույնպես սերվերներ են և նույն ստանդարտով են իրականացվում»,- ասում է Եսայանը։
Գերհզոր պրոցեսորներն աշխատելիս մեծ քանակի ջերմություն են անջատում․ ինչպե՞ս է կատարվում դրանց հովացումը, որքանո՞վ է տեղին բնապահպանների մտահոգությունը, որ անհրաժեշտ է լինելու շատ մեծ ծավալով ջուր։
«Մենք օգտագործում ենք երկու փակ համակարգ, որովհետև դրանք տարբեր ջերմաստիճանային ռեժիմներով են աշխատում։ Մեկ համակարգը նախատեսված է GPU-ների հովացման համար, էներգաարդյունավետ լինելու համար մենք օգտագործում ենք բարձր ջերմաստիճանային չիլերներ։ Երկրորդ փակ համակարգը նախատեսված է մնացած բոլոր տեխնիկական սենյակների հովացման համար, որի ջերմաստիճանը նույնպես ու համեմատաբար ավելի ցածր է, քան GPU-ինը»,- նշում է Firebird AI գործարանի ենթակառուցվածքների տնօրեն Հակոբ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ համակարգն օգտագործում է նաև արտաքին օդի ցածր ջերմաստիճանը՝ ջերմափոխանակիչների միջոցով հեղուկը սառեցնելու համար, ինչի արդյունքում նվազում է հովացման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսը։ Հակոբյանը նաև ցույց տվեց, թե ինչ է իրենից ներկայացնում փակ համակարգը։
«Այս հատվածում դուք կարող եք տեսնել բոլոր այն խողովակները, որոնք լուծույթը շրջանառում են դեպի տվյալների կենտրոն և այնտեղից, ջերմափոխանակաթյուն կատարելուց հետո, հետ է գալիս նորից չիլերներ»,- ասում է Հակոբյանը։
Գործարանի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ Հրազդանն ընտրելիս հաշվի են առել այն, որ նույնիսկ ամռան ամենաշոգ ամիսներին օդի ջերմաստիճանը չի գերազանցում 36,5 աստիճանը և հովացման համար ջուր անհրաժեշտ չի լինում։
«Այստեղ մենք ջրագիծ էլ չունենք եկող: Այսինքն՝ խմելու ջրագիծ ենք քաշում և վերջ: Ուղղակի ջրի սպառման տեղ էլ չունենք, և իմաստ էլ չկա: Անգամ եթե մեծանա, մեծությունը կապ չունի: Մեկ է՝ Հրազդանը հով տարածք է, շոգ չի լինում: Ու այդ բոլոր խոսույթները, որ մեր գործարանն օգտագործելու է ջուր, ուղղակի մտացածին են»,- նշում է Եսայանը։
Հակոբյանն էլ ասում է՝ երկու համակարգերը միասին օգտագործում են շուրջ 250 տոննա հեղուկ։ Սա առաջին փուլի համար նախատեսված քանակն է այն պարագայում, որ բոլոր սարքավորումներն իրենց մաքսիմալ հնարավորություններով աշխատում են։
ԱԲ տվյալների կենտրոնի շուրջ քննարկումներում առանցքային է նաև հարցը՝ ինչպիսի՞ ծանրաբեռնվածություն է այն ավելացնելու ՀՀ էներգետիկ համակարգի վրա․ նման հզոր կենտրոնների աշխատանքը կապված է մեծ ծավալի էլեկտրաէներգիայի սպառման հետ։ Եվ եթե մինչև վերջերս պետական մակարդակով խոսվում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելցուկի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշեց, որ ԱԲ գործարանների արագ զարգացման պատճառով ապագայում էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ կառաջանա։
«Մենք 100 մեգավատից ավելի ավելցուկ ունենք տարվա ընթացքում՝ տարբեր ժամանակաշրջանում: Այսինքն՝ 18 մեգավատը, ընդհակառակը, անգամ մեր ավելցուկի հարցը չի լուծում, որ մի հատ էլ պահանջարկ ստեղծի: Սակայն երկրորդ փուլը, որ քննարկում ենք, արդեն խոսքը 280 մեգավատ հզորության մասին է, ինչն արդեն մեր ավելցուկը կվերցնի ամբողջությամբ, բացի այդ՝ նաև կծագի հարց նոր էներգիայի աղբյուր գեներացնելու»,- նշում է Ալեքսանդր Եսայանը։
Նրա խոսքով՝ ԱԲ գործարանների զարգացումը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել էլեկտրաէներգետիկ համակարգի վրա, եթե նախապես չլուծվեն անհրաժեշտ հզորության ապահովման հարցերը։ Նրա պնդմամբ՝ իրենց դեպքում մոտեցումը հակառակն է․ նախ պետք է ապահովել անհրաժեշտ և լրացուցիչ էլեկտրաէներգիայի աղբյուրները, և միայն դրանից հետո կառուցել ու ընդլայնել գործարանը։
«Մեկը հենց BESS համակարգն է, որ ասացի՝ մարտկոցներով լուծումն է՝ արևային էներգիան կուտակել, երեկոյան օգտագործել: Դա մի ճանապարհն է: Երկրորդ ճանապարհը մեր եղած ջերմոէլեկտրակայանները՝ ՋԷԿ-երը մաքսիմալ աշխատացնել, թեկուզ հոսանքի արտադրությունը իրանց ավելի թանկ է լինելու, սակայն մենք դիտարկում ենք նաև նման տարբերակ, որ ավելի թանկ հոսանք գնենք և կարողանանք ԱԲ գործարանը կառուցենք»,- ասաց նա։
Վերջին տարիներին աշխարհում աճում է տվյալների կենտրոնների նկատմամբ տեղական դիմադրությունը՝ հիմնականում էլեկտրաէներգիայի և ջրի սպառման, ինչպես նաև աղմուկի և շրջակա միջավայրի ազդեցության պատճառով։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյո՞ք նման ռիսկեր կարող են առաջանալ նաև Firebird AI-ի դեպքում՝ ինչպես գործող, այնպես էլ հետագայում ընդլայնվող հատվածների համար։
«Եթե դիտարկենք հենց Ամերիկայի օրինակները, դուք ինքներդ էլ կարող եք նայել, թե որ դեպքերում են այդ բողոքի ակցիաները տեղի ունենում՞: Առաջնայինը դա ջրի օգտագործման հետ է կապված, երկրորդը՝ աղմուկի: Այս երկու դեպքերն էլ մենք բացառել ենք»,- վստահեցնում է գործարանի համահիմնադիրը:
Ավելի քան 200 հազար քմ տարածքում կառուցվող Firebird AI-ի առաջին փուլում ներդրվել է շուրջ 500 մլն դոլար, իսկ երկրորդ փուլի ներդրումը, Եսայանի խոսքով, կգերազանցի խոստացված 4 մլրդ դոլարը։ Ընկերությունը կառավարության հետ պայմանագիր է կնքել և գրաֆիկական պրոցեսնորի մոտ երեք տոկոսի՝ 180 GPU-ի հզորություններից կարող են օգտվել պետական կառույցները, սթարթափներն ու համալսարանները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

