Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
Քաղաքականություն
16.08.2026 | 18:49
Կիրակի՝ օգոստոսի 16-ի գիշերը, Բուդապեշտից մոտ 140 կիլոմետր դեպի արևելք՝ M3 մայրուղու վրա, լեհ զբոսաշրջիկներով ավտոբուսը դուրս է եկել ուղիղ ճանապարհից, ընկել ճամփեզրի փոսը և շրջվել։ Հունգարիայի ոստիկանության նախնական տվյալներով՝ վարորդը քնել է ղեկին։ Նա ձերբակալվել է, հայտնում է Delfi-ն։
Զբոսաշրջային ավտոբուսում եղել է 57 ուղևոր և երկու վարորդ։ Տուժածների տարհանման համար գործի է դրվել շտապօգնության 14 մեքենա։ Լեհական PAP գործակալության հաղորդմամբ՝ զբոսաշրջիկների խումբը վերադառնում էր Բոսնիա և Հերցեգովինայից։ Մայրուղու այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, կիրակի առավոտյան ևս փակ էր մնում։
Ողբերգության կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը։
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին»,- գրել է նա Facebook-ի իր էջում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել դեպքի վայրում աշխատած արտակարգ ծառայությունների աշխատակիցներին և փրկարարներին։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտնել է, որ խորապես ցնցված է կատարվածից։
«Այս աներևակայելի ողբերգության առջև, որը դիպել է մեզ բոլորիս, աղոթքով և խորին կարեկցանքով զոհերի ընտանիքների ու հարազատների կողքին եմ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

