Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
Քաղաքականություն
14.08.2026 | 23:22
2026 թվականի հուլիսին Ուկրաինայում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առնվազն 437 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2610-ը՝ վիրավորվել։ Meduza-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության տվյալներով՝ զոհերի այս թիվը ամենաբարձրն է 2022 թվականի մայիսից ի վեր։
ՄԱԿ-ի տվյալներով՝ հուլիսին խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների ընդհանուր թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է 30 տոկոսով, իսկ 2025 թվականի հուլիսի համեմատ՝ 70 տոկոսով։
Հատկապես բարձր է եղել երեխաների շրջանում զոհերի թիվը․ հուլիսին զոհվել է 17 երեխա, 166-ը՝ վիրավորվել։ Սա 2022 թվականի ապրիլից ի վեր երեխաների շրջանում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների հիմնական պատճառը, ըստ ՄԱԿ-ի, հեռահար հարվածներն են՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Դրանց հետևանքով զոհվել է 183, վիրավորվել՝ 967 մարդ։ Այդ հարվածների հետևանքով զոհերի մեծ մասը գրանցվել է առաջնագծից հեռու՝ քաղաքային բնակավայրերում։
Միաժամանակ, առաջնագծին մոտ շրջաններում կարճ հեռահարության անօդաչու սարքերի հարվածների հետևանքով հուլիսին զոհվել է 111 և վիրավորվել ՝ 710 մարդ։ ՄԱԿ-ը նշում է, որ սա 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր մեկ ամսվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Ավիահարվածների հետևանքով հուլիսին զոհվել է 105, վիրավորվել՝ 753 խաղաղ բնակիչ։ Նախորդ ամսվա համեմատ այս տեսակի հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է 143 տոկոսով։
ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է նաև Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում նավերի և նավահանգստային ենթակառուցվածքների դեմ հարձակումների ակտիվացում։ Հուլիսին առնվազն 39 նման հարձակում է գրանցվել։ Դրանց հետևանքով 19 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել։ ՄԱԿ-ը նշում է, որ այդ հարձակումները բացասաբար են անդրադառնում Սև ծովով միջազգային բեռնափոխադրումների և գյուղատնտեսական արտադրանքի տեղափոխման վրա։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունը զեկույցը հրապարակել է օգոստոսի 12-ին։

