Գյուղեր կան, որոնք հնարավոր չէ անգամ մեքենայով անցնել, գնում եմ ձիով․ Նաիրա Զոհրաբյանը՝ Սյունիքում քարոզարշավի առանձնահատկությունների եւ մեդիադաշտից մեկուսացվելու մասին
Քաղաքականություն
04.12.2018 | 20:35Factor.am -ի հարցազրույցը Սյունիքում ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ
–Տիկին Զոհրաբյան, ի տարբերություն նախորդ քարոզարշավների, այս անգամ, կարծես թե, ԲՀԿ-ի քարոզարշավը ընթանում է հանգիստ, չկան սուր ելույթներ ու հայտարարություններ։ Արդյո՞ք Ձեզ Սյունիք գործուղելու նպատակը հենց այն չէր, որ, մի տեսակ, մեդիադաշտից մեկուսացվեիք, կենտրոնական եթերներում քիչ հայտնվեիք և Ձեր սուր ելույթներով նորից չվտանգեիք Ծառուկյան – Փաշինյան հարաբերությունները։
-Տարբեր քաղաքական խմբակների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզը, թե Նաիրա Զոհրաբյանի սուր ելույթները, այս կամ այն հարցի նկատմամբ կոշտ դիրքորոշումը պարբերաբար վնասում են օրվա իշխանության և Ծառուկյանի հարաբերություններին, միֆ է։ Երբևէ ինքնանպատակ առճակատման չեմ գնացել․ եթե իմ ելույթները եղել են սուր, ապա դա եղել է օբյեկտիվ։ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ևս իմ ելույթները հակադարձվում էին «սևի ու սպիտակի » բաժանմամբ։ Եվ, այո, իմ լրագրող բազմաթիվ ընկերներ, նաև հեռուստաընկերությունների տարբեր ղեկավարներ զանգահարում են ինձ և ասում, որ իմ բացակայությունն ակնհայտ է, և որ իմ բացակայության պատճառով հեռուստա-մամուլա-դեբատային քարոզարշավը մի տեսակ անգույն է։ Շնորհակալ եմ այդ գնահատականի համար, բայց եթե ես այսօր երևանյան մեդիաքարոզչական դաշտում չկամ, ապա ուղղակի այն պատճառով, որ ֆիզիկապես հնարավորությունը չկա։ Իմ համար շատ ավելի կարևոր է այս 12 օրերի ընթացքում Սյունիքի և Վայքի 1 համայնք ավել գնալը, Սիսիանի մի հեռավոր գյուղ գնալը, որտեղից երևում են Նախիջևանի հարակից գյուղերի տների ծխնելույզներն ու երդիկները, քան մի ամբողջ օր վատնելն ու Երևան գալն ու հեռուստադեբատներին մասնակցելը։ Իհարկե, հասկանում եմ հեռուստադեբատների անհրաժեշտությունը, բայց այս պահին ուղղակի այլընտրանք չունեմ։
-Նախորդ անգամ՝ 2017-ի ընտրություններին, խոստանում էիք նախկին մարզպետի ականջը կտրել։ Այս անգամ ինչպիսին է Սյունիքում քարոզարշավը՝ ականջներ կտրելու կարիք կամ առիթներ եղե՞լ են։
– Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտում կա 2 անձ, որոնց անընդհատ փորձ է արվում ներկայացնել որպես ամենառադիկալ ու ծայրահեղական քաղաքական գործիչ․ դա վարչապետ Փաշինյանն է և Նաիրա Զոհրաբյանը։ Եթե իմ արտահայտությունները երբեմն եղել են իսկապես շատ սուր ու կատեգորիկ, այո, երբեմն՝ շատ ծայրահեղ, ապա դրա հիմքում եղել է օբյեկտիվ պատճառ։ Չի եղել դեպք, որ որևէ պաշտոնյայի հասցեին հանդես գամ առաջին հայացքից՝ շատ կտրուկ ու կոպիտ թվացող արտահայտություններով, եթե այդ պաշտոնյան նման առիթ տված չլիներ։ Հիմա պիտի ասեմ, որ քարոզարշավն ընթանում է խաղաղ և շատ ուրախ եմ , որ զերծ եմ մնում երևանյան այդ՝ «մարտեր առանց կանոնների»-ից ու «քաղաքական ռինգից»։ Եվ եթե ոմանց թվում է, թե սահմանամերձ գյուղի բնակչին հետաքրքրում է, թե Աշոտյանն ու Ռուբեն Ռուբինյանն ինչպես իրար կոչնչացնեն «քաղաքական ռինգում», ապա խորապես սխալվում են։ Ավելին՝ այդ «քաղաքական ռինգն » ու գռեհկաբանությունն այստեղ ուղղակի զայրացնում են մարդկանց, ովքեր այստեղ ունեն օրվա գոյատևման, հացի խնդիր։ Եվ երբ այդ հացի խնդիրը լուծելու փոխարեն իրենք տեսնում են, որ ուժերը դուրս են եկել «քաղաքական բոքսի», սա նրանց մոտ ուղղակի նողկանք է առաջացնում։
-Շատ է խոսվում վարչական ռեսուրսի գործադրման մասին, և Փաշինյանն էլ Սիսիանում հայտարարեց, որ «ով ձեզ կպարտադրի, ով կասի, որ պետք է, վերևից ցուցում կա, որ գնացեք, ձայն տվեք «Իմ քայլին», չտաք, որովհետև մեզ պետք չէ հարամ քվե»։ Իսկապե՞ս այդպես է, իսկապե՞ս չկա վարչական ռեսուրսի չարաշահում։
-Նման հայտարարություններ մշտապես արվել են վարչապետի կողմից և իսկապես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դրանցում անկեղծ է։ Դա իսկապես այդպես է։ Բայց միանշանակ այնպես չէ, որ տարատեսակ պաշտոնյաներ ու մարզպետներ չեն փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և չեն փորձում ներքին հրահանգներ ուղղել տարբեր պաշտոնյաների, որպեսզի քվեարկեն «Իմ քայլի» թեկնածուների համար, եթե անգամ նրանք տառաճանաչ չեն և կամ՝ IQ-ների հետ կապված լրջագույն խնդիրներ ունեն։ Եվ սա անում են ոչ թե այն պատճառով, որ դա վարչապետի հանձնարարականն է, այլ որպեսզի հետագայում կարողանան ասել, որ «Իմ քայլի համար» այսքան քվե կարողացանք ապահովել։ Իհարկե, սա անում են ոչ հրապարակային, այլ ստվերային։
-Ռեյտինգային ընտրակարգը ենթադրում է, որ առաջին հերթին հենց ձեր կուսակցության ներսում սուր ընտրապայքարի մեջ եք ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադվածների հետ։ Նախորդ ընտրություններին հենց Սյունիքի մարզի ձեր ռեյտինգային թեկնածուներն էին բողոքում, որ ընտրական տեղամասերում, հատկապես հեռավոր գյուղերի, մեկի քվեն վերցրել են, դրել են մյուսի վրա։ Դուք տեղացի չեք, մտավախություն չունե՞ք, որ Ձեր ձայները վերցվեն ու դրվեն հենց ձեր կուսակից ռեյտինգայինների քվեների վրա։
-Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ․եթե որևէ մեկը համարձակվի, լինի իմ կուսակցությունից, լինի՝ այլ կուսակցությունից, նման բան անել, ապա ամբողջ հանձնաժողովը 6 տարի ենթարկվելու է քրեական պատասխանատվության։ Խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի նրանց վրա ոչ մի համաներում չտարածվի։ Ես լինելու եմ այս հարցում ամենահետևողականը, որովհետև ի տարբերություն շատ –շատ ռեյտինգային թեկնածուների, որոնք այս օրերին քարոզարշավ անելու փոխարեն զբաղված են գյուղապետերի և կամ գյուղերում տարատեսակ կասկածելի հեղինակությունների հետ սեպարատ բանակցություններով, Նաիրա Զոհրաբյանն այս ռեգիոնում միակ թեկնածուն է, որը ամբողջ օրը՝առավոտան 7-ից մինչև գիշերվա 12-ը, ամենահեռավոր գյուղերն է գնում այս բքին ու սառնամանիքին։ Գյուղեր կան, որոնք հնարավոր չէ անգամ մեքենայով անցնել և գնում եմ ձիով։ Անձնապես խոսել եմ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և հորդորել , որ հատկապես Սյունիքում ու Վայոց ձորի մարզերում դիտորդական առաքելությունն առնվի խոշորացույցի տակ։ Գրեթե ամեն օր խոսում եմ ԿԸՀ նախագահի հետ և ԿԸՀ կողմից հատկապես այս 2 ռեգիոնների ԸՀ նախագահներին ու անդամներին խստագույնս զգուշացված է։
– Ի տարբերություն Երևանի ավագանու քարոզարշավի, այս անգամ «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև ամեն ինչ հանդարտ է անցնում, առանց կսմիթների, սև ու սպիտակ ֆլեշմոբերի։ Թեպետ այս անգամ էլ՝ ասֆալտին փռելու և այլ արտահայտությունների պակաս չկա։ Ի՞նչ փոխվեց Երևանի ավագանու ընտրություններից ու մանավանդ, այսպես կոչված, հոկտեմբերի 2-ի «պուտչից» հետո։
-Ընդամենը՝ «Իմ քայլը» և իր առաջնորդն այլևս չդրեցին «սև ու սպիտակի» բաժանում՝ գոնե «Բարգավաճ Հայաստանի» դեպքում, և որովհետևք ի սկզբանե մենք չեն եղել «սևի ու սպիտակի» նախաձեռնողը, մեզ ուղղակի ներքաշել են այդ քաղաքական ֆորմատի մեջ, մեզ ուղղակի ստիպեցին ինչ-որ մի պահի՝ մի քանի օր, Երևանի խնդիրները թողած, ներքաշվել «սև ու սպիտակի» քաղաքական հակամարտության դաշտ։ Իսկ եթե քեզ ներքաշում են ու դու խուսափում ես պատասխանելուց, տպավորություն է, թե հակադարձելու արգումենտներ չունես։ Հիմա նման օրակարգ չկա, հիմա մենք ընդամենը մեկ խնդիր ենք լուծում, որ այս 12 օրերի ընթացքում ՀՀ առավելագույնս շատ համայնքներում կարողանանք ներկաացնել տնտեսական հեղափոխության օրակարագը, որ ԲՀԿ ծրագրի հիմքն է։
-ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց՝ միայն ՀՀԿ-ն չէ, որ ունի քրեաօլիգարխիկ տարրեր և օլիգարխներ, և չպետք է լինեն բարի ու չար, սև ու սպիտակ օլիգարխներ: Կան օլիգարխներ և վերջ: Նոր հարց՝ եթե Գագիկ Ծառուկյանը կարող է լինել քաղաքականության մեջ, ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չի կարող: Որն է Ալեքսանյանի ու Ծառուկյանի տարբերությունը։
-Բոլոր քաղաքական ուժերին հորդորում եմ՝ զբաղվել իրենց խնդիրներով։ Եթե իրենք ընտրողի հետ շփման պրոբլեմ ունեն, թող չփորձեն այն կոմպենսացնել որևէ քաղաքական ուժի վարկաբեկելով։ Վստահեցնում եմ, որ, եթե շարունակեն այս գործելաոճը, ապա մի օր էլ շատ տխուր իրողություններ կբացահայտվեն։ Ոչ իրենց համար, իրենք այդ ամենից տեղյակ են, այլ այն ընտրողների, որոնց վստահության քվեն իրենք ակնկալում են։
-Ընտրություններից առաջ բազում կանխատեսումներ էին արվում, որ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի չի կարող ընտրարշավ անել։ Հիմա էլ պարբերաբար ասվում է, որ ընտրակաշառքի այլ, թաքնված եղանակներ են մշակվում՝ ԱՁ-ներ են բացվում, գյուղապետերի հետ է աշխատանք տարվում և այլն։ Ին՞չ կասեք։
– Դա կատարյալ անհեթեթություն է, և կա իրավապահ համակարգ, որը, որքան գիտեմ, շատ հետևողականորեն ու պարտաճանաչ հետևում է այս գործընթացին։ Ավելին, չեմ բացառում, որ անգամ որոշ պրովոկացիաներ կազմակերպվեն, որովհետև 1 անգամ իմ բարեկամին, մեկ անգամ՝ այլ մարդու, որը Սյունիքում է, զանգահարել ու առաջարկել են քվե բերել՝ գումարի դիմաց։ Մենք բացատրել ենք, իհարկե, որ Նաիրա Զոհրաբյանի համար ամենանվաստացուցիչ բանը գումարի դիմաց քվե ստանալն է։ Ես անգամ չեմ բացառում, որ դա արվում է մրցակից ռեյտինգայինների կողմից, որոնց դիմում եմ՝ մի արե՛ք նման բաներ, մտածեք ձեր մասին։
-Տիկին Զոհրաբյան, տպավորություն է, որ բոլոր քաղաքական ուժերը պայքարում են ՔՊ-ից հետո 2-դ պատվավոր տեղը զբաղեցնելու համար։ ԲՀԿ-ն ինչի՞ է ձգտում։
-Վստահեցնում եմ, որ մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում, ոչ մեկի հետ չենք մենամարտում, աշխատում ենք ընդամենը երկխոսել ՀՀ քաղաքացու հետ, ներկայացնել մեր ծրագրերը և ստանալ նրա վստահության քվեն։ Ես կարծում եմ՝ մեր կուսակցությունը կստանա բավականին լուրջ ռեսուրս և քվե։ Մնացածը՝ ով որ տեղն է և այլն, եկեք՝ «կրոսվորդ » չլուծենք, սպասենք դեկտեմբերի 9-ի ընտրության արդյունքներին։ Տեսաք, որ ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ չներքաշվեց այդ քաղաքական «մարդաբոյի» մեջ, այլ արեց 1 բան՝ հստակ ներկայացրեց իր ծրագրերը։ Եվ իմ տպավորությունն այն է, որ մենք զգալի վստահության քվե ստանալու ենք։
-Իսկ Աժ անցնելու դեպքում ԲՀԿ-ն ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմի՞, եթե, իհարկե, վերջինի կողմից հրավեր լինի։
-Այս պահին չեմ կարող կուսակցության անունից որևէ հայտարարություն անել, որովհետև հիմա նման հարց քննարկելը ժամանակավրեպ է։Կապրենք, կտեսնենք։
Անի Սահակյան