Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ազգային ժողովի երեկվա նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, խոսելով Հայաստանում աղքատության մակարդակի մասին, համեմատել է 2018 թվականի ցուցանիշները 2024 թվականի տվյալների հետ․

«Հայաստանում աղքատությունը եղել է 23,5 տոկոս, թող լինի 24՝ կլորացնենք հօգուտ ձեզ, հիմա շուրջ 21 տոկոս է։ Կթվա, որ լավ է՝ 2-3 տոկոս իջեցրել ենք։ Բայց եկեք նայենք մարզերով։ Տավուշի մարզում աղքատությունը 2018 թվականին եղել է 25,6 տոկոս, հիմա, ըստ վիճակագրության, 39,9 տոկոս է։ Այսինքն՝ շուրջ 15 տոկոսով աղքատությունը Տավուշի մարզում աճել է։ Վայոց ձորում 2018 թվականի տվյալով աղքատության մակարդակը եղել է 18,6 տոկոս, հիմա՝ 30 տոկոս»,- ասել է Աբրահամյանը։

Աբրահամյանի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձել է նրան և համեմատել 2011 թ․ ցուցանիշները 2024 թ․-ի հետ․

«2011 թ․ Վայոց ձորում աղքատությունը եղել է 29,9 %, միջին հանրապետականը եղել է 35 %, Վայոց ձորը 5,1 %-ով ավելի բարվոք վիճակում է եղել, բայց 29,9 %, իսկ հիմա՝ 21,7 %։ Այսինքն՝ 35 %-ից 21,7 %։ Բնականաբար, գերազանց չէ, բայց Ձեր ասած թիվը չէ»։

Իրականում պատգամավորների ներկայացրած ցուցանիշները հիմնականում համապատասխանում են պաշտոնական հրապարակումներին, սակայն դրանք միմյանց հետ համադրելի չեն։

Ինչու 2018 և 2024 թվականների տվյալները չեն կարող համեմատվել

2019 թվականին փոխվել է Հայաստանում աղքատության գնահատման մեթոդաբանությունը։ Վերանայվել են աղքատության գծերը և տնային տնտեսությունների սպառման ագրեգատի հաշվարկը, փոփոխվել են հարցաթերթն ու տվյալների հավաքման եղանակը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թ․ զեկույցում նշվում է, որ աղքատության մակարդակը համադրելի չէ 2018 թ․-ին ՀՀ-ում արձանագրված 23,5 % աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաև՝ սպառման և աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ։

Մեթոդաբանական ևս մեկ փոփոխություն կատարվել է 2024 թվականի տվյալները հաշվարկելիս։ Դրանք փոփոխվել են՝ հիմքում ունենալով 2022 թվականի ՀՀ մարդահամարի մշտական բնակչության տվյալները և բնակչության նոր բաշխվածությունը։

Արմստատի պարզաբանմամբ՝ 2024 թվականի աղքատության ցուցանիշներն էլ համադրելի չեն նախորդ տարիների համապատասխան ցուցանիշների հետ։

Զեկույցում նշվում է, որ 2024 թ․ ցուցանիշները ճշգրտվել են՝ հիմք ընդունելով 2022թ․ մարդահամարի տվյալները։ Դրանով պայմանավորված 2024թ․ աղքատության ցուցանիշները համադրելի չեն դրան նախորդող տարիների՝ 2022 և 2023թթ․ ցուցանիշների հետ։ Ըստ ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության և հավասարության գլոբալ պրակտիկայի թիմի դիրքորոշման, 2022 և 2023 թթ․ աղքատության ցուցանիշները 2024թ․ հետ համադրելի դարձնելու նպատակով վերանայումներ իրականացնելը, քիչ հավանական է։ Հետևաբար, 2022 և 2023 թթ․ աղքատության ցուցանիշների վերանայում չի իրականացվում։

Հետևաբար՝ ԱԺ ելույթների համատեքստում պետք է նշել, որ հնարավոր չէ 2018 թվականի 23,5 %-ը և 2024 թվականի 21,7 %-ը համեմատելով պնդել, թե աղքատությունը նվազել է շուրջ 2-3 տոկոսային կետով։ Նույն կերպ հնարավոր չէ Տավուշի և Վայոց ձորի՝ 2018 և 2024 թվականների ցուցանիշների տարբերությունը ներկայացնել որպես աղքատության փաստացի աճ։

Տավուշի վերաբերյալ եզրակացությունը հիմնավորված չէ

Տավուշի մարզի համար Աբրահամյանի նշած ելակետային թվերը հետևյալն են․

Թվաբանական տարբերությունը 14,3 տոկոսային կետ է։ Սակայն տարբեր մեթոդաբանություններով հաշվարկված ցուցանիշների մեխանիկական տարբերությունը չի ապացուցում, որ Տավուշում աղքատությունը հենց այդ չափով աճել է։

Աբրահամյանը նաև հայտարարել է, թե «100 տավուշեցուց 40-ը աղքատ է, և այդ աղքատներից 15-ը ձեր օրոք է աղքատացել»։

Այս ձևակերպումը մոլորեցնող է։ 2018 և 2024 թվականների ցուցանիշների տարբերությունից հնարավոր չէ եզրակացնել, որ յուրաքանչյուր 100 բնակչից կոնկրետ 15-ը գործող իշխանության օրոք է աղքատացել։

Վայոց ձորի մարզում աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներով եղել է․

  • 2018 թվականին՝ 18,6 %,
  • 2024 թվականին՝ 30,3 %։

Այս թվերը նույնպես առանձին-առանձին վերցված ճիշտ են, սակայն դրանց միջև 11,7 տոկոսային կետի տարբերությունը չի կարող ներկայացվել որպես աղքատության փաստացի աճ, քանի որ 2018 և 2024 թվականների ցուցանիշները հաշվարկվել են տարբեր հիմքերով։

«Աղքատությունը ՀՀ մարզերում աճում է» պնդումը մոլորեցնող է

Աբրահամյանն իր ելույթի վերջում եզրակացրել է․ «Աղքատությունը ՀՀ մարզերում աճում է», սակայն նա ընտրողաբար ներկայացրել է միայն Տավուշի և Վայոց ձորի օրինակները։ Երկու մարզի տվյալների հիման վրա հնարավոր չէ եզրակացություն անել Հայաստանի բոլոր մարզերի վերաբերյալ։ Անգամ եթե ներկայացվեին բոլոր մարզերը, 2018 թ․ և 2024 թ․ միջև մեթոդաբանական խզում կա։

Հետևաբար՝ պատգամավորի հիմնական եզրակացությունը, թե 2018-2024 թվականներին Տավուշում, Վայոց ձորում և ընդհանրապես Հայաստանի մարզերում աղքատությունն աճել է, հնարավոր չէ պնդել՝ հիմնվելով վիճակագրական կոմիտեի տվյալների վրա։

Միաժամանակ, եթե դիտարկենք 2019-2023 թթ․ ցուցանիշները, որոնք միմյանց հետ համադրելի են, կունենանք հետևյալ պատկերը․


Ամենամեծ նվազումը եղել է Արագածոտնի մարզում, որտեղ աղքատության մակարդակը նվազել է 42,2 տոկոսային կետով, սակայն 2019թ․ ցուցանիշների դեպքում պետք է հաշվի առնել, որ Վիճակագրական կոմիտեի պարզաբանմամբ Արագածոտնի մարզի ապահով ընտանիքներից շատերը հրաժարվել են մասնակցել հարցմանը։ Դրա պատճառով ընտրանքում համեմատաբար ավելի մեծ տեղ են զբաղեցրել աղքատ ընտանիքները, և մարզի աղքատության ցուցանիշի բարձր լինելը որոշակի կապ ունի դրա հետ։ Արագածոտնի մարզին հաջորդել են Լոռին՝ 15,9 %-ով, իսկ Կոտայքը՝ 8,7 %-ով:

Ամենամեծ աճերը գրանցվել են Վայոց ձորում և Տավուշում՝ 11,6 տոկոսային կետով, և Երևանում՝ 3,8 տոկոսային կետով։

Բագրատյանի հակադարձումը չի հերքում Աբրահամյանի թվերը

Իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած թվերը չեն հերքում ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանի պնդումը։ Աբրահամյանը խոսել է Վայոց ձորի՝ 2018 թվականի 18,6 % և 2024 թվականի 30,3 % ցուցանիշների մասին, մինչդեռ Բագրատյանը բերել է 2011 թվականի տվյալներ։

Ավելին՝ նրա նշած 21,7 %-ը շփոթեցնող է, քանի որ կարող է ընկալվել որպես Վայոց ձորի ցուցանիշը, մինչդեռ այդ թիվը ցույց է տալիս 2024 թվականի հանրապետական միջին աղքատության մակարդակը։

Այսպիսով՝ Բագրատյանը նկատի ուներ, որ չնայած Վայոց ձորում 2011 թ․ աղքատությունը եղել է 29,9 %, սակայն այս ցուցանիշը նույն տարվա միջին աղքատության ցուցանիշից (35 %) ցածր է եղել 5,1 տոկոսային կետով։

Նրա առաջին համեմատությունը՝ 29,9 %-ը 35 %-ի հետ, ընդամենը ցույց է տալիս Վայոց ձորի դիրքը հանրապետական միջինի նկատմամբ 2011 թվականին և աղքատության նվազում ցույց չի տալիս։

Իսկ 35 %-ից 21,7 % համեմատությունն էլ մի քանի մեթոդաբանական փոփոխությունների պատճառով չի կարող օգտագործվել որպես աղքատության փաստացի նվազման ապացույց։

Հետևաբար՝ Բագրատյանի հակադարձումը ոչ միայն չի հերքում Աբրահամյանի բերած թվերը, այլև հիմնված է միմյանց հետ չհամադրվող ցուցանիշների վրա։

2024 թվականի պատկերը

2024 թվականի մարզային տվյալները կարելի է ներկայացնել որպես առանձին տարվա պատկեր, սակայն դրանք չպետք է համեմատել նախորդ տարիների ցուցանիշների հետ։

2024 թվականին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 43 %, իսկ ամենացածրը՝ Սյունիքում՝ 6,2 %։


2024 թվականին աղքատ բնակչության շուրջ 30 %-ը բնակվել է Երևանում, 14,9 %-ը՝ Շիրակի մարզում, 11,5 %-ը՝ Կոտայքում, իսկ 10,8 %-ը՝ Արմավիրում։


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի նախընտրական ծրագրով խոստացել էր մինչև 2026 թվականը աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել։ 2021թ․աղքատության մակարդակը 2024թ․ համեմատ նվազել է ընդամենը 4,8%-ով (այս թվերը համադրելի չեն միմյանց հետ)։

2024 թվականի 21,7 % ցուցանիշը նախորդ տարիների տվյալների հետ մեթոդաբանորեն համադրելի չէ։ Այսինքն՝ 2024 թ․ արդեն առկա է մեթոդաբանական խզում, որը թույլ չի տալիս գնահատել, թե որքանով է կուսակցությունը մոտեցել այդ խոստման կատարմանը։

Այսպիսով, Տիգրան Աբրահամյանի և Սերգեյ Բագրատյանի ներկայացրած առանձին թվերը հիմնականում համապատասխանում են պաշտոնական տվյալներին, սակայն դրանց հիման վրա արված համեմատություններն ու եզրակացությունները մոլորեցնող են։

Աբրահամյանը համեմատել է 2018 և 2024 թվականների աղքատության ցուցանիշները՝ պնդելով, որ Տավուշում և Վայոց ձորում աղքատությունն աճել է։ Սակայն այդ տարիների տվյալները հաշվարկվել են տարբեր մեթոդաբանություններով։ Աղքատության գնահատման մեթոդաբանությունը փոխվել է 2019 թվականին, իսկ 2024 թվականի տվյալների հաշվարկում կիրառվել են 2022 թվականի մարդահամարի հիման վրա վերանայված բնակչության կշիռները։ Հետևաբար՝ 2018 և 2024 թվականների ազգային ու մարզային ցուցանիշների թվաբանական տարբերությունը չի կարող ներկայացվել որպես աղքատության փաստացի աճ կամ նվազում։

Մոլորեցող է պնդումը, թե Տավուշում «100 տավուշեցուց 40-ը աղքատ է, և այդ աղքատներից 15-ը ձեր օրոք է աղքատացել»․ այդ տվյալներից հնարավոր չէ եզրակացնել,որ այդ մարդկանցից կոնկրետ 15-ը գործող իշխանության տարիներին է աղքատացել։

Աբրահամյանի ընդհանրացումը, թե «աղքատությունը Հայաստանի մարզերում աճում է», նույնպես պաշտոնական տվյալներով չի ապացուցվում։ Նա անդրադարձել է ընդամենը երկու մարզի, իսկ անգամ բոլոր մարզերի 2018 և 2024 թվականների ցուցանիշների համադրումը չէր լուծի մեթոդաբանական անհամադրելիության խնդիրը։

2019-2023 թվականների համադրելի տվյալները ցույց են տալիս, որ մարզերում ինչպես կա աղքատության մակարդակի նվազում, այնպես էլ՝ աճ։

Եթե դիտարկենք վերոնշյալ ժամանակահատվածում ընդհանուր հանրապետության աղքատության միջին ցուցանիշը, ապա այն նվազել է 2,7 տոկոսային կետով։

Սերգեյ Բագրատյանի հակադարձումը ևս չի հերքում Աբրահամյանի ներկայացրած թվերը։ Նա համեմատել է 2011 թ․ Վայոց ձորի աղքատության և ընդհանուր միջին աղքատության ցուցանիշները, ինչը ցույց է տալիս մարզի դիրքը հանրապետական միջինի նկատմամբ և չի վկայում աղքատության նվազման մասին։

Մարիա Խաչատրյան