Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Քաղաքականություն
06.08.2026 | 22:17Հայաստանի պետական պարտքի թեման դարձյալ հայտնվել է Ազգային ժողովի բանավեճերի օրակարգում, որտեղ պատգամավորները պարտքի աճի ցուցանիշները մաթեմատիկական հնարքներով ներկայացնում են իրենց ցանկալի լույսի ներքո։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է. «Աճել է պետական պարտքը։ 2018 թվականին եղել է 6,9 միլիարդ դոլար, թող լինի 7 միլիարդ։ Այսօր 14,5 միլիարդ դոլար է»։
Իրականում, 2018-ի ապրիլին պարտքը կազմել է 6 միլիարդ 867 միլիոն դոլար, իսկ այս տարվա հունիսի վերջին պաշտոնական թիվը 13,9 միլիարդ դոլար է։
14,5 միլիարդի ցուցանիշը ստացվում է այն դեպքում, եթե պաշտոնական պարտքին գումարվեն Կենտրոնական բանկի պարտքը (462,6 միլիոն դոլար) և Կառավարության ներքին երաշխիքները (173,3 միլիոն դոլար)։ Բայց այս տարվա սկզբին Կառավարության նախաձեռնությամբ այս ցուցանիշները հանվել են պետական պարտքի պաշտոնական հաշվարկից։
Աբրահամյանը նաև ասում է․ «Պատկերացնենք հինգ հոգանոց հայկական ընտանիք, այդ ընտանիքը 25 հազար դոլար պարտք ունի»։
Այս հաշվարկը հեռու է գործնական իրականությունից, քանի որ պարտքի մարմանը մասնակցում են նաև խոշոր ընկերությունները. օրինակ՝ 2026-ի բյուջեով քաղաքացիների եկամտահարկը կազմում է հարկային մուտքերի ընդամենը 26%-ը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հակադարձել է. «Այս պահին ՀՀ բանկերում Հայաստանի քաղաքացիներն ունեն 7 տրիլիոն ավանդ, 7 տրիլիոն։ Երբևէ նման թիվ չի եղել․․․ Մոտ 20 միլիարդ դոլար քաղաքացիների փողն է։ Դա նշանակում է՝ մենք բարեկեցիկ հասարակություն ունենք»։
Այս պնդումը ևս անճշտություններ է պարունակում. ռեզիդենտների ավանդները կազմում են 6 տրիլիոն 412 միլիարդ դրամ (շուրջ 17,8 միլիարդ դոլար), իսկ հաշիվների ընթացիկ միջոցները հանելու դեպքում թիվը նվազում է ևս 5 միլիարդ դոլարով։ Բացի այդ՝ ավանդները մարդկանց սեփականությունն են, իսկ պարտքը՝ բոլորինը։
Ինչ վերաբերում է Կառավարության ստանձնած ներքին երաշխիքներին, ապա հունիսի վերջին դրանց ծավալը 173 միլիոն դոլար էր, որից 150 միլիոնը հատկացվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Ամուլսարի հանքի շահագործման համար։ Եթե ընկերությունը չփակի իր վարկը, դրա մարման պարտավորությունը մնալու է Հայաստանի Հանրապետության ուսերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գարիկ Հարությունյան

