Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին

Լուրեր

06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք օրենսդիրների մեծամասնությունը կողմ է քվեարկել օրենքից դուրս հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների համար սահմանափակ և պայմանական համաներում նախատեսող օրինագծին, որը նշանավորում է տասնամյակներ տևած զինված հակամարտությանը վերջ դնելու նպատակով իրականացվող գործընթացի առաջին օրենսդրական քայլը, գրում է Turkish Minute-ը։

«Ազգային համերաշխության և սոցիալական ինտեգրման ամրապնդում» վերնագրով օրինագիծը ստորագրել են Թուրքիայի խորհրդարանի 592 օրենսդիրներից 360-ը և, ինչպես սպասվում է, շուտով կդրվի քվեարկության։

Ստորագրողների թվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP), նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ու քրդամետ «Ժողովրդական հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) օրենսդիրները։

Նորաստեղծ «Նոր կուսակցությունը» (Yeni Parti)՝ խորհրդարանի հիմնական ընդդիմադիր խմբակցությունը, չի միացել նախաձեռնությանը՝ նշելով, որ իրենց հասանելիություն չի տրվել տեքստին։

«Հուսով եմ, որ այս միջոցառումը, որի նպատակն է մեկընդմիշտ ազատել Թուրքիան ահաբեկչական սպառնալիքից, ամրապնդել մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը, ինչպես նաև ամրապնդել խաղաղության մթնոլորտը մեր երկրում և մեր տարածաշրջանում, արդյունք կտա։ Լայնածավալ խորհրդակցություններից հետո մշակված օրենքի նախագիծն այսօր մեր խորհրդարանին ներկայացվեց լայն կոնսենսուսով, որն արտացոլում է մեր ազգի վճռականությունը լուծումներ գտնելու հարցում»,- գրել է Էրդողանը X-ում։

Առաջարկվող օրենքը չի նշում, թե ինչ է լինելու PKK-ի հիմնադիր և երկարամյա առաջնորդ 77-ամյա Աբդուլլահ Օջալանի հետ, որը 27 տարի անցկացրել է Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իմրալը կղզու բանտում։ Օջալանն արձագանքել է խաղաղության նախաձեռնությանը՝ կոչ անելով PKK-ին հրաժարվել զինված պայքարից, լուծարվել և հանձնել զենքը։

Օրինագիծը, ըստ նախաբանի, «հիմնական շրջանակ է, որը ներկայացնում է օրենսդրական գործընթացի առաջին քայլը», որն ուղղված է Թուրքիայում և տարածաշրջանում «խաղաղության և եղբայրության վերականգնմանը»։ Այն կստեղծի մեխանիզմ, որը թույլ կտա PKK-ի անդամներին վերադառնալ քաղաքացիական կյանքին Թուրքիայում, այն բանից հետո, երբ կազմակերպությունը «գործնականում դադարեցնի գոյություն ունենալ և հանձնի իր վերահսկողության տակ գտնվող ամբողջ զենքն ու զինամթերքը»։ Գործընթացը պահանջում է, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատի PKK-ի  լուծարումը Պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշմամբ։

PKK-ի ստեղծման, կառավարման, ֆինանսավորման կամ խթանման, ինչպես նաև խմբին անդամակցության հետ կապված հետաքննություններն ու դատավճիռները կդադարեցվեն հինգից տասը տարի ժամկետով՝ կախված մեղադրանքներից։

Օրենքի կիրառումը կհսկի մի քանի նախարարներից և փոխնախագահ Ջևդեթ Յըլմազից կազմված խորհուրդը՝ խորհրդարանական հանձնաժողովի հետ միասին։ Օրենքից օգտվելու ցանկություն ունեցող PKK-ի անդամները դրա ուժի մեջ մտնելուց հետո դիմելու համար կունենան վեց ամիս։ Օրինագիծը նախատեսում է նաև PKK-ի անդամների կողմից հանձնված կամ հայտարարագրված զենքերի գրանցման կարգ։

«Այսօր մենք նոր էջ ենք բացում Թուրքիայի քաղաքական պատմության մեջ։ Այս օրենքը հնարավորություն է բոլորիս համար։ Այն խաղաղության, ժողովրդավարության և մեր ընդհանուր ապագայի ստորագրությունն է»,- հայտարարել է DEM կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրխանը։

«Այս գործընթացի ամենակարևոր փուլը PKK ահաբեկչական կազմակերպության զինաթափումն ու դրա ամբողջական լուծարումն է՝ իր բոլոր բաղադրիչներով, ինչպես դա սահմանվել և հաստատվել է պետական անվտանգության ուժերի կողմից»,- իր հերթին, ասել է Թուրքիայի իշխող ԱԶԿ  խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը։

Խորհրդարանի Արդարադատության հանձնաժողովն ուրբաթ կքննարկի օրինագիծը, որից հետո այն կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության։ Արագացված ընթացակարգի շրջանակում ակնկալվում է, որ օրենսդրական գործընթացը կավարտվի մինչև այս շաբաթվա վերջ կամ հաջորդ շաբաթվա սկզբին։

Խաղաղության նախաձեռնությունը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ, Էրդողանի գլխավոր դաշնակից Դևլեթ Բահչելիի նախաձեռնությամբ։ Գործընթացի նպատակն է վերջ դնել PKK-ի և թուրքական պետության միջև հակամարտությանը, որը 1984 թվականին կազմակերպության զինված պայքարի մեկնարկից ի վեր խլել է առնվազն 50 հազար մարդու կյանք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի