Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
Քաղաքականություն
02.08.2026 | 14:46Նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 2-ի հրամանագրով՝ ՀՀ վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ այսօր նախագահն ընդունել էր նաև կառավարության հրաժարականը։
Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վարչապետի պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 8-ին, տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ 2018 թ. հոկտեմբերի 16-ին արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակը և եղել դաշինքի վարչապետի թեկնածուն: Ընտրություններում դաշինքը ստացել է ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահության քվեն:
Այս փաստի բերումով, Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով 2019 թ. հունվարի 14-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։
2021 թ. ապրիլի 25-ին՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրադրությունը հանգուցալուծելու և խորհրդարանական ընտրությունների միջոցով հաղթահարելու նպատակով հրաժարական է ներկայացրել՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը:
2021 թվականի հունիսի 20-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը և եղել կուսակցության վարչապետի թեկնածուն:
Ընտրություններում կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոսի վստահության քվեն: Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն 2021 թ. օգոստոսի 2-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։

