Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Հասարակություն
29.07.2026 | 14:41
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ Դատախազություն հաղորդում է ներկայացրել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով՝ այն որակելով խուլիգանության հնարավոր դրսևորում։ Նրա խոսքով՝ իրավապահները պետք է միանման արձագանքեն նման դեպքերին՝ անկախ անձի կամ նրա հարազատների պաշտոնեական կարգավիճակից։
«Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։
«Իրազեկ քաղաքացիների միավորումում» մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն, բայց նաև անընդունելի ենք համարում փողոցում սեռական բնույթի հայհոյանքներ բղավելը։ Վերջինս, ինչպես և բռնությունը, քրեական օրենսգրքով արգելված արարքներ են։
Եվ, քանի որ բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում էին, իսկ առերևույթ խուլիգանության (հայհոյանքներ բղավելու) դեպքով` ոչ, և, քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է (ու ռիսկ կա, որ իրավապահները աչք փակեն դրա վրա) վերջինիս մասով հաղորդում ներկայացրեցինք։
Մենք պետք է պայքարենք, որ փողոցում/հրապարակային սեռական բնույթի հայհոյանք հնչեցնողների նկատմամբ իրավապահները դրսևորեն միանման պահվածք` անկախ այդ անձանց (կամ նրանց մերձավոր ազգականների) կարգավիճակից»,- գրել է Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը բռնության ենթարկվում։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայկ Կոնջորյանի եղբոր նկատմամբ բռնության գործով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ։
Այնուհետև մեղադրյալներից մեկի կինը հայտարարել էր, որ Ավետ Կոնջորյանը պարբերաբար այցելել է իրենց բակ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այս հանգամանքի վերաբերյալ էլ Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ հրապարակային հայհոյանքները ևս կարող են պարունակել խուլիգանության հատկանիշներ և պետք է ստանան իրավական գնահատական։

