Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.07.2026 | 20:30ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա։ Չնայած որոշ փորձագետների ահազանգերին՝ տնտեսության իրական հատվածի հնարավոր փլուզման մասին, Քթոյանը նշել է, որ այդ գնահատականը չափազանցված է, թեև առանձին տնտեսվարողների համար խնդիրներն իրական են։
Արձագանքելով տնտեսության հնարավոր փլուզման մասին մտահոգություններին՝ ԿԲ խորհրդի անդամը հստակեցրել է․ «Ես փլուզում տերմինը չէի օգտագործի։ Իրականությունը հետևյալն է՝ կան առանձին ուղղություններ, հատվածներ տնտեսության, առանձին, այսպես, ապրանքների մասով արտադրության հատվածներ, որտեղ որ արտահանման կառուցվածքով Ռուսաստանի կամ ռուսաստանյան շուկայի մասնաբաժինը 80 և ավելի տոկոս է կազմում։ Բայց այդ ապրանքախմբերի կամ այդ շուկաների դերակատարումը հայաստանյան տնտեսության մեջ այն աստիճան չէ, որ մենք խոսենք փլուզման մասին»։
Նրա խոսքով՝ նույնիսկ ամենավատատեսական սցենարի դեպքում, երբ սահմանափակման ենթարկված ապրանքները չեն իրացվում որևէ այլ շուկայում, տնտեսության ընդհանուր կորուստները կկազմեն ՀՆԱ-ի մոտ 1-1,5%-ը։
«Մեկ ամիս առաջ ներկա գնահատականներով այդ 2%-ն արդեն 1.5, 1%-ի, ուրեմն, սահմաններում է։ Այսինքն՝ ներկայիս առավել վատատեսական սցենարում կորուստներն ավելի քիչ են, քան մեկ ամիս առաջ առավել վատատեսական սցենարով կանխատեսվում էր։ Բայց, բնականաբար, մենք պետք է հասկանանք, եթե խոսում ենք ընդհանուր տնտեսության վրա ազդեցության մասին, ապա այդ գնահատականը սա է, բայց բնականաբար, տնտեսվարողներ կան, որոնց բիզնեսն ամբողջությամբ կապված է Ռուսաստանի հետ, իրենք արագ վերակողմնորոշում ունենալ չեն կարող։ Հասկանալի պատճառներով դրա համար ժամանակ է անհրաժեշտ, և կոնկրետ բիզնեսների մասով, այո՛, կլինեն կորուստներ, կլինեն խնդիրներ»,- ասել է Արմեն Քթոյանը։
Անդրադառնալով ռուբլու փոխարժեքի կտրուկ անկմանը՝ Քթոյանը նշել է, որ դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանում տեղի ունեցող ներքին տնտեսական գործընթացներով, այդ թվում՝ կանխիկի շրջանառությունը սահմանափակելու և տնտեսությունը «սպիտակ դաշտ» բերելու քաղաքականությամբ։
«Ռուբլու կուրսի նվազումը, ըստ էության, ռուսաստանյան նաև կառավարության շրջանակներում, փորձագիտական շրջանակներում շատ են այն կարծիքներն այն մասին, որ ռուբլու փոխարժեքը գերարժևորված է, և իրական վիճակն այնպիսին է, որ ռուբլու արժեզրկմանը տանող ավելի շատ գործընթացների կարելի է սպասել»,- նշել է նա։
Քթոյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող գլոբալ գործընթացները, ինչպիսիք են հանքահումքային արտադրանքի արտահանման ակտիվացումը, զբոսաշրջային հոսքերը և կապիտալի ներհոսքը, նպաստում են դրամի փոխարժեքի արժևորմանը։
Ամփոփելով խոսքը՝ ԿԲ ներկայացուցիչը շեշտել է, որ անկախ Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ շուկաների դիվերսիֆիկացիան Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։
«Մեր բոլոր գնահատականներում որոշումների պարզաբանումներում, որպես ռիսկի կարևոր աղբյուր, նշվում է ռուսաստանյան տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները։ Բայց պետք է ասեմ, այդ գործընթացներում կան ինչպես տնտեսական ակտիվության սահմանափակմանը նպաստող, այնպես էլ տնտեսական ակտիվությունն ընդլայնող գործոններ։ Օրինակ՝ Ռուսաստանի ֆինանսական համակարգում այսօր կիրառվող սահմանափակումները ուժեղացնում են կապիտալի արտահոսքը Ռուսաստանից։ Այս կապիտալի արտահանման կարևոր ուղղություններից մեկը նաև Հայաստանի տնտեսությունն է, և սա բիզնես միջավայրի առումով նպաստավոր ազդեցություն կարող է ունենալ»,- ասել է նա։
Ըստ Քթոյանի՝ ռուսաստանյան ձեռնարկատերերի ակտիվությունը Հայաստանում դրական երևույթ է, սակայն երկարաժամկետ կայունության համար անհրաժեշտ է նվազեցնել կախվածությունը մեկ աղբյուրից․ «Միևնույն է, պետք է արձանագրենք, որ մատակարարման, այսպես, աղբյուրների դիվերսիֆիկացիան, դրանք Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն են, անկախ ամեն ինչից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

