Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
Քաղաքականություն
17.07.2026 | 22:00
Այն բանից հետո, երբ Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում ապրող գործարար Կոնստանտին Սոկոլովը նշանակվեց TRIPP+ զարգացման հիմնադրամի տնօրեն, հայկական մեդիայում տարածվեցին կարծիքներ, թե սա ռուս-ամերիկյան գործարք է՝ Հայաստանի հարավում TRIPP նախագծի համաձայնեցման կամ համատեղ իրականացման համար։
Factor TV-ն ուսումնասիրել է Սոկոլովի կենսագրությունը՝ պարզելու համար, թե արդյոք կան հիմքեր պնդելու, թե Սոկոլովը կարող է ռուսական շահեր առաջ մղել այս նախագծի իրականացման ընթացքում։
Սոկոլովի ռուսական և ամերիկյան կապերը
Կոնստանտին Սոկոլովը ծնվել է ռուսաստանցի հրեաների ընտանիքում, Սանկտ Պետերբուրգում, 1975 թվականին։ Հենց Սանկտ Պետերբուրգում էլ ստացել է բարձրագույն կրթություն՝ բակալավրի և մագիստրոսի աստիճաններ՝ մաթեմատիկա ու համակարգչային գիտություններ մասնագիտությամբ։ Սրանով գործնականում ավարտվում են Սոկոլովի կապերը Ռուսաստանի հետ։
Իր կայքում դրված կենսագրության մեջ Սոկոլովը հայտնել է, որ 1997 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, աշխատանքի է անցել ՏՏ ոլորտում։ Դրանից հետո նրա կարիերան շարունակվել է որպես ներդրող, ընկերությունների հիմնադիր։
ԱՄՆ-ում Սոկոլովը ստացել է Չիկագոյի համալսարանի Booth School of Business Executive MBA աստիճան։ Իսկ համալսարանը ավարտելուց տարիներ անց՝ 2025 թվականին, 100 մլն դոլարի խոշոր նվիրատվություն է արել համալսարանին՝ իր սովորած ծրագրի աջակցման համար։
Սոկոլովը IJS Investments ներդրումային ընկերության հիմնադիրն է (2006թ․) և նախագահը։ Ընկերությունը զբաղվում է ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և ֆինանսական ընկերություններում ներդրումներ կատարելով։
Իր կայքում դրված կենսագրության համաձայն՝ գործարարը նաև «ղեկավարել է պետական հարստության ֆոնդերի և կենտրոնական բանկերի վերակազմավորման նախագծեր, աջակցել է ընկերությունների ցուցակագրմանը աշխարհի խոշոր ֆոնդային բորսաներում և հանդես եկել որպես ռազմավարական խորհրդատու կառավարությունների ու խոշոր ընկերությունների համար»։
Սոկոլովի անունը ավելի հայտնի է դարձել 2025 թվականին, երբ նա նվիրատվություն է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Դրամփի նախաձեռնությամբ Սպիտակ տանը կից հանդիսությունների դահլիճի կառուցման համար։ Սոկոլովը եղել է 37 նվիրատուներից մեկը, որոնց միջոցով ընդհանուր 350 միլիոն դոլարից ավելի գումար է հավաքվել։ Այլ նվիրատուներից են եղել Google, Meta (Facebook) և այլ խոշոր ընկերություններ ու գործարարներ։
Գործարարը նաև ԱՄՆ գործող նախագահի աջակիցներից է։ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում նա ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախաձեռնություններին նվիրաբերել է շուրջ 12 մլն դոլար։ Իսկ 2008 թվականին նա ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի թիմին շատ ավելի համեստ նվիրաբերություն էր արել՝ 3600 ԱՄՆ դոլար։
Սոկոլովը նաև Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի (Munich Security Conference Foundation) հոգաբարձուների խորհրդի անդամ է, այդ հիմնադրամում American Friends խմբի նախագահող։

Նկարում՝ աջից Կոնստանտին Սոկոլովը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին
Գործարարի նկատմամբ ամերիկյան կամ եվրոպական պատժամիջոցների մասին տեղեկություններ չկան, ինչը հուշում է, որ նա չունի ռուսական էլիտայի հետ կապակցվածություն կամ բիզնես շահեր։
Սոկոլովի հայկական կապերը
Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում աշխատող գործարարը կապեր ունի նաև Հայաստանում։ Նա Հայաստանի խոշորագույն բջջային և հեռահաղորդակցության օպերատորներից Վիվա Արմենիա ընկերության խոշոր բաժնետեր է։ Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ ընկերության միջոցով Սոկոլովին է պատկանում Վիվա Արմենիա ընկերության 20 տոկոսը։
Վիվա Արմենիա ընկերության վաճառքի գործընթացը կատարվեց 2023-2024 թվականներին։ Նախկինում Վիվան պատկանում էր ռուսական ՄՏՍ ընկերությանը, և 2023-ին ՄՏՍ-ը դիմեց ՀՀ կարգավորող մարմիններին՝ վաճառքի թույլտվության համար, սակայն չստացավ այդ թույլտվությունը։ Հետագայում ՄՏՍ ընկերությունը նոր հայտ ներկայացրեց, որը հաստատվեց, և ընկերության 100 տոկոս բաժնեմասը վաճառվեց Կիպրոսում գրանցված Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ ընկերությանը, որի շահառուներն են Սոկոլովը և Ժե Ժանգը (Չինաստանի քաղաքացի)։
Այս գործարքը որոշակի տարակուսանք էր առաջացրել, քանի որ Վիվան գնելուց հետո Կիպրոսում գրանցված ընկերությունը Վիվայի բաժնեմասերի 20 տոկոսը փոխանցեց ՀՀ կառավարությանը՝ առանց բացատրության։
2025-ի հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Վիվա Արմենիայի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը, և նրան դիմավորել էր հենց Սոկոլովը։

Նկարում՝ Վիվա Արմենիա ընկերության հիմնադրման 20-ամյակի միջոցառումն է, Փաշինյանի ձախ կողքին նստած է Կոնստանտին Սոկոլովը

Նկարում՝ Կոնստանտին Սոկոլովի՝ Վիվա Արմենիայում ունեցած բաժնեմասի վերաբերյալ նշումը ընկերության հայտարարագրում
Նախորդ տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը սկսում է Վիվա Արմենիայում իր մասնաբաժինը վաճառելու գործընթաց։ Սակայն այս տարվա հուլիսին ընկերության ներկայացրած հայտարարագրում երևում է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է լինել ընկերության 20 տոկոսի բաժնետերը։
Սոկոլովը, ըստ Ազատության տեղեկությունների, վերջերս ևս մեկ խոշոր գործարք է ունեցել Հայաստանում։ Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ Սոկոլովն է գնում Թեղուտ ընկերության 49.95 տոկոս բաժնեմասը, որը նախորդ սեփականատիրոջ պարտքերի պատճառով անցել էր ՎՏԲ բանկին։ Սոկոլովը խուսափել է ռուսական բանկի հետ ուղիղ գործարքից, ինչի պատճառով բաժնեմասը փոխանցվել է նախ երրորդ կողմի, որից էլ հետագայում փոխանցվել է Սոկոլովի՝ Տեխասում գրանցված ընկերությանը։
Թեղուտ ընկերության՝ փետրվարին հրապարակված հայտարարագրում այդ 49.95 տոկոս բաժնեմասը դեռ պատկանում էր բանկին։ Ավելի թարմ հայտարարագիր ընկերությունը դեռ չի ներկայացրել։
TRIPP+ հիմնադրամը և Սոկոլովի դերը
Հուլիսի 14-ին առաջինը բրիտանական The Guardian պարբերականը հայտնեց, որ Սոկոլովը նշանակվել է ամերիկյան TRIPP+ ներդրումային հիմնադրամի տնօրեն։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հիմնադրամը շուրջ 200 միլիոն դոլարի ամերիկյան միջոցներ է տեղաբաշխելու Միջին միջանցքի աշխատանքների իրականացման համար։
Միջազգային տերմինաբանության մեջ Միջին միջանցքը ճանապարհների, երկաթուղիների և այլ կոմունիկացիաների այն համախումբն է, որ անցնում է Եվրասիա մայրցամաքի միջնամասով։ Լայն իմաստով, հենց դրա մեջ է տեղավորվում Հայաստանի հարավում ստեղծվելիք TRIPP ճանապարհային համալիրը։
Միջին միջանցքի նպատակն է եվրասիական տարածքում արևելք-արևմուտք և հակառակ ուղղություններով առևտրաշրջանառությունը կազմակերպել՝ խուսափելով Ռուսաստանի և Իրանի տարածքներից։
TRIPP+ հիմնադրամը, որ ղեկավարելու է Սոկոլովը, ներդրումային նախագծեր է իրականացնելու ոչ միայն Հայաստանում TRIPP նախագծի շրջանակներում, այլև ավելի լայն տարածաշրջանում՝ ներառելով նաև Կենտրոնական Ասիայի պետությունները։ Նախագծերը լինելու են ենթակառուցվածքային ներդրումներ, դրամաշնորհներ և այլն։
The Guardian պարբերականը USAID-ի նախկին աշխատակից իր աղբյուրից հետաքրքրվել է՝ արդյո՞ք Սոկոլովի ներգրավվածությունը կարող է անձնական շահեր բերել նրան։ «Հարցն այն է, թե արդյոք նա ունի՞ ներդրումային որոշումներից անձամբ օգուտ քաղելու կարողություն: Պատասխանը պետք է լինի՝ ոչ», – ասել է բրիտանական լրատվամիջոցի զրուցակիցը:
Այսպիսով, թեև Սոկոլովի մասին տեղեկությունները շատ չեն, բայց եղածները թույլ են տալիս եզրակացնել, որ նա այնքան ներգրավված է ամերիկյան տնտեսա-քաղաքական միջավայրում, որ ռուսական կողմի հետ նրան կապելը շատ բարդ է։ Սոկոլովն ավելի շատ տնտեսական հետաքրքրություններ ունի Հայաստանում, քան Ռուսաստանում։
Գարիկ Հարությունյան

