Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է. Խալեդ Էլ-Էնանի
Հասարակություն
11.07.2026 | 16:26
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։
Շնորհավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան՝ շեշտելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբերում և պատրաստ է շարունակաբար նպաստել կազմակերպության առաջնահերթությունների արդյունավետ իրագործմանը։ Կողմերն անդրադարձել են նաև այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին՝ նշելով, որ այդ շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նեգրավվածությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևի նախաձեռնման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը խաղաղության մշակույթի ամրապնդման և կրթության դերի միջազգային ճանաչման տեսանկյունից։ Իր հերթին Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի միջազգային հարթակներում կրթության դերի կարևորումը՝ որպես խաղաղության, փոխըմբռնման և կայուն զարգացման հաստատման հիմնարար գործոն։
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրի հիմնական ուղղությունները՝ կարևորելով կրթության որակի բարձրացումը, ներառականության ապահովումը, թվային վերափոխումը և կարողահենք կրթության զարգացումը։ Նա կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական աջակցությունը կրթական քաղաքականությունների մշակման, մասնավորապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներում՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ցանցի գործունեությանը Հայաստանում, ինչպես նաև մեր պետության մասնակցությանը կազմակերպության առաջիկա կրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի սեպտեմբերին Փարիզում կայանալիք «Թվային ուսուցման շաբաթ» միջոցառմանը։
Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կոնվենցիաների արդյունավետ իրականացման և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության գործում։ Նա տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության ծրագրերին ու նախաձեռնություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է՝ կարևորելով հատկապես կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

