Ընդդիմադիր 3 ուժերին պաշտպանության տակ էին առել Պուտինը և ՌԴ այլ պաշտոնյաներ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
29.06.2026 | 13:59Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Այժմ դատավարության կողմերին հարցեր են ուղղում դատավորները։
Դատավոր Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց․ «Ես խնդրում եմ պարզաբանել, թե ընտրություններից առաջ, նաև շատ ավելի առաջ, Ռուսաստանի Դաշնության նախագահի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այս երեք ուժերին և չէին էլ թաքցնում դա, ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա, և ինչո՞ւ այս գործոնը դուրս է մնացել ձեր դիմումի փաստարկներից»։
Առաջինը պատասխանեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Նա հորդորեց դադարեցնել երեք ուժերի նույնացման գործընթացը։
«Դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի՝ երրորդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո։ Հակառակ դեպքում, ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաև բացակայող երկու դատավորներից որևէ մեկին, քննարկել տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո։
Պատասխանեմ ձեր հարցին, տիկի՛ն Սաֆարյան։ Մենք ներկայացրել ենք դիմում ընտրախախտումների ծավալի վերաբերյալ, որը Սահմանադրական դատարանը քննարկում է։ Եվս վեց քաղաքական ուժեր ներկայացրել են դիմումներ, որտեղ ներկայացրել են խախտումների հետ կապված փաստարկներ։ Արտասահմանյան միջամտության հետ կապված ես եմ ներկայացրել կետերից մեկը և ուղղակիորեն նախատեսել եմ, որ ընդամենը մի դեպք է եղել, երբ մի քաղաքական ուժ անվանական ստացել է աջակցություն և այդ աջակցությունը օգտագործել է ընտրական գործընթացների մեջ. դա «Քաղաքացիական պայմանագիրն» է։ Երկու օտարերկրյա պետությունների նախագահներ, որոնք իրավունք չունեն ոչ միջազգային իրավունքի, ոչ ընտրական իրավունքի լույսի ներքո մասնակցել Հայաստանի Հանրապետության նախընտրական գործընթացին»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։

