Թակարդ փոստարկղում․ ինչու են փաստեր ստուգողներին փորձում ներգրավել կեղծիքի տարածման մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.06.2026 | 19:47Կեղծ լուրեր տարածողներն այս անգամ անսպասելի թիրախ են ընտրել՝ հենց նրանց, ովքեր զբաղվում են կեղծ տեղեկությունների բացահայտմամբ։ CivilNetCheck-ի հետաքննությունը բացահայտել է համակարգված ցանց, որը կասկածելի պատմություններ ու կեղծ «բացահայտումներ» էր ուղարկում փաստեր ստուգողներին՝ փորձելով դրանք ներմուծել վստահելի տեղեկատվական միջավայր։
«Նամակները, որ ստանում էինք, վերնագրերում նախ անգլերենով նշված էր, որ «այս լուրը կեղծ է կամ կասկածելի է, խնդրում ենք ստուգել», և ուշադրություն գրավող ինչ-որ բառեր, օրինակ՝ «շտապ», «այս տեղեկությունը լայն տարածում ունի», «խնդրում ենք ստուգեք»»,- ասում է CivilNetCheck-ի փաստերի ստուգման թիմի լրագրող Շուշան Ստեփանյանը։
Ավելի քան երկու տարի CivilNetCheck-ն անծանոթ Gmail հասցեներից նամակներ է ստանում այս կամ այն լուրը ստուգելու խնդրանքով, բոլորը՝ անգլերեն, «շտապ ստուգեք» ձևակերպումներով։
«Սկզբնական շրջանում թեմաները, որ առաջարկում էին ստուգել, որևէ կապ չունեին Հայաստանի հետ. հիմնականում Գերմանիային, Մոլդովային կամ Ուկրաինային վերաբերող թեմաներ էին։ Բայց արդեն դեկտեմբերից այդ նամակներում ավելի շատ սկսեցին Հայաստանի վերաբերյալ ինչ-որ թեմաներ լինել, ու քանի որ տարօրինակ էր այն ձևը, այն մեխանիզմները, որոնցով ուղարկվում էին այդ նամակները, որոշեցինք հենց այդ նամակներին անդրադառնալ ու հասկանալ, թե ովքեր են այդ «օգտատերերը», որոնք մեզ նամակներ էին ուղարկում, ու գրել դրա մասին»,- նշում է Շուշանը։
Լրագրողի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատահական օգտատերերի հաղորդագրություններ չեն․ նույնատիպ հաշիվների, աղբյուրների և նարատիվների կրկնությունը, Շուշանի խոսքով, վկայում է համակարգված ապատեղեկատվական արշավի մասին, որի թիրախում հայտնվել են փաստեր ստուգողները և ոչ միայն Հայաստանից։
CivilNetCheck-ից բացի՝ նման նամակներ ստանում են նաև եվրոպական փաստեր ստուգող կազմակերպությունները։ Ավստրիական մամուլի գործակալության փաստերի ստուգման թիմից լրատվամիջոցին հայտնել են, որ 2024 թվականից նույնաբովանդակ նամակներ են ստանում, իսկ Հայաստանին վերաբերող առաջին նամակները ստացել են 2025-ի դեկտեմբերին։
«Օրինակ՝ այդպիսի մեյլ ենք ստացել անգլերենով, որ «խնդրում են ստուգել լուրը», կցված են X-ի գրառումներից հղումներ, հիմա այս գրառումները չեն գործում, որովհետև X-ն արդեն ստուգել ու հասկացել է, որ դրանք ոչ բնական վարք ունեն»,- ընդգծում է լրագրողը։
Տարբեր գործիքներով ստուգումները ցույց են տվել, որ նամակները հիմնականում ստացվել են նոր բացված էլեկտրոնային փոստերից, մեծ մասը՝ տառերի ու թվերի տարօրինակ հաջորդականությամբ, ինչը հուշել է դրանց ավտոմատ գեներացված լինելու մասին։
«Մեր մեյլերի դեպքում երևում է, որ դրանք գործող հին մեյլեր են, ավտոմատ գեներացված չեն, բայց այս մեյլերի դեպքում, որ մի քանիսն էլ ստուգենք, կտեսնենք՝ նոր մեյլեր են կամ հիմա արդեն չեն էլ գործում, որովհետև իրենց ֆունկցիան արել են․ ուղարկել են կեղծ լուրը, և արդեն կարիք չկա, որ մեյլերը գործեն»,- ասում է նա։
Իսկ ի՞նչ են խնդրում ստուգել այդ նամակներում։ Օրինակներից մեկում պնդում է եղել, թե ամերիկացի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) քննադատել է Նիկոլ Փաշինյանին և կոչ արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջամտել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։
«Երբ նայում ենք այդ հրապարակումը, տեսնում ենք, որ անունը Շերի «Sh»-ով է գրած, օրինակ՝ անգլախոս գրողը կհասկանա, որ այն «Ch»-ով է գրվում։ Սա արդեն հուշում է, որ անգլախոս չէ ուղարկողը»,- ասում է Շուշանը։
Ու թեև նամակներն անգլերեն են, կրկնվող հղումները հիմնականում X-ից ու Bluesky-ից, դրանցում ռուսալեզու տելեգրամյան ալիքների պակաս չի եղել։ Իսկ BBC-ի, Reuters-ի, France 24-ի, Político-ի և այլ հեղինակավոր մեդիաների անուններով տարածվող հրապարակումները ներկայացվում էին որպես իրական բացահայտումներ։
«Այստեղ խնդրել էին ստուգել լուրը, որ Դուբայում անհետացել է ազգությամբ հայ, որը կրիպտոարժույթի միջոցով զբաղվում է Փաշինյանի փողերի լվացմամբ։ Նյութն անգլերեն է, Político-ի տարբերանշանով, որ սովորական օգտատերը նայի, տպավորություն լինի, թե Politiko-ն է հեղինակը»,- նշում է լրագրողը։
Լրատվամիջոցը պարզել է, որ ամենահաճախ կրկնվող նարատիվները վերաբերում են կոռուպցիային, ինքնիշխանության կորստին և Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությանը։ Տարածվել են պնդումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորների՝ արտերկրում ենթադրյալ գույքի ու կոռուպցիոն գործարքների մասին։
«Փաստերի ստուգումը միշտ ավելի դանդաղ է, որովհետև դու կարիք ունես ժամանակ ծախսել, ստուգել, որևէ ապացույցներ ներառել նյութում ու նոր հրապարակել։ Ու շատ հաճախ կեղծ լուրերը շատ ավելի արագ են տարածվում, ավելի մեծ ծավալով են տարածվում, քան դրա արդեն փաստերի ստուգումն է տարածվում։ CivilNetCheck-ը համագործակցում է Meta-ի հետ, և դրա շրջանակում մենք պիտակներ ենք կիրառում, նշում ենք, երբ տարածված բովանդակությունը կեղծ է, կամ մեծամասամբ կեղծ է, կամ կոնտեքստից կտրված է։ Ու դա ևս օգնում է, որովհետև այդ նույն մեծ քանակով էջերին գնում են այդ պիտակները, և մարդիկ արդեն այդ լուրը կարդալիս տեսնում են, որ այս թեմայով արդեն փաստեր ստուգողները հոդվածներ են գրել։ Ու կարծում եմ, որ դա որոշակի ազդեցություն է ունենում ու կանխում է կեղծ լուրերի տարածումը»,- նշում է CivilNetCheck-ի փաստերի ստուգման թիմի լրագրողը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան