Գագիկ Ծառուկյանի սկզբունքայնությունը գիտենք․ վստա՞հ եք 3/5-ից կզրկվենք, եթե ԲՀԿ-ն մտնի ԱԺ, օրինակ՝ ղազագրերի պատճառով․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.06.2026 | 20:00«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավորի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ի եթերում խոսել է հետընտրական զարգացումների, ընդդիմության գործողությունների, իշխանափոխության հնարավորության և իշխանության անելիքների մասին։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում հնչող համախմբվելու և իշխանափոխության հասնելու կոչերին՝ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ նման սցենարի համար հանրային պահանջ չի տեսնում։
«Իշխանափոխության հարցը Հայաստանի Հանրապետությունում որպես այդպիսին, պետք է դրա պահանջը ձևավորված լինի հանրության կողմից, Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության կողմից։ Տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ, Ազգային ժողովի ընտրություններում հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը միանձնյա ձևավորել է կառավարություն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ընդդիմության մոտ որևէ ռազմավարություն չի տեսնում։
Վիլեն Գաբրիելյանը վստահություն է հայտնել, որ չնայած քննարկումներին, ընդդիմադիր ուժերը վերցնելու են իրենց մանդատները, քանի որ որոշումը միայն հայաստանյան չէ։
«Ես միանշանակ կարող եմ պնդել, որ նմանատիպ հարց ընդդիմադիր դաշտում չկա և չի էլ քննարկվում՝ վերցնել, թե չվերցնել։ Ես պնդում եմ, որ միանշանակ իրենք այդ մանդատները վերցնելու են և գալու են Ազգային ժողով… Որոշումը միայն հայաստանյան որոշում չէ, որոշումը նաև այլ ուժային կենտրոններից է, և կենտրոնից է, և պարտադիր չէ անձնավորման խնդիր չկա, որ այս կամ այն մարդն է որոշում… Հիմնական աջակցությունը ընդդիմադիրներին, որ մտել են Ազգային ժողով, ստացել են Ռուսաստանի Դաշնությունից»։
Ի պատասխան վարչապետի՝ օլիգարխներին «ջախջախելու» մասին հայտարարությանը վերաբերող հարցին, թե ինչպես են դա իրագործվելու, Գաբրիելյանը նշել է.
«Ես նախևառաջ համաձայն չեմ, որ դա սպառնալիք է։ Դա մեր հանրության կողմից, թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընդհանրապես 18 թվականից սկսած, մեր հանրության կողմից ձևավորված քաղաքական պահանջն է, քաղաքական օրակարգն է, որը մեզ, որպես կառավարող ուժ, ժողովուրդը տալիս է լիազորություն, որը մենք, ի վերջո, պետք է իրագործենք։ Դա զրկելն է այն ֆինանսական ռեսուրսներից, որոնք տարիներ շարունակ ապօրինաբար ձեռք են բերել»։
Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ այս հարցում իշխանությունը թերացել է. «Դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծագույն բացթողումներից մեկն է, որ ութ տարվա ընթացքում մենք չենք կարողացել հաղթահարել և այդ մարդկանց արժանացնել իրենց արժանի պատժին»։
Խոսելով ընտրությունների արդյունքների և ԲՀԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Գաբրիելյանը կտրականապես հերքել է ընտրությունները կեղծելու հնարավորությունը։
«Մեկ-երկու աշխատանքային պրոցեսուալ խնդիրներ կարող են լինել, բայց չի կարող կառավարող ուժ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Հայաստանի Հանրապետությունում կեղծել ընտրություններ։ Մտքով չի կարող անցնել «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ ցուցում տալ, մտքով անցկացնել, որ կարող է կեղծել։ Բայց ինչ վերաբերվում է ամփոփիչ արդյունքի վերաբերյալ, ես ինստիտուտները հարգող մարդ եմ, և հնարավորինս ինստիտուցիոնալ կպատասխանեմ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ ինստիտուցիոնալ մարմին է»։
Ըստ Գաբրիելյանի՝ եթե իրավապահները որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ իր վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանան, պարտավոր են վարույթ նախաձեռնել, և նման բան տեղի չի ունեցել, քանի որ դրա համար հիմքեր չեն եղել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան