ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է ՀՀ-ին, որ ՌԴ-ի պատժամիջոցների հետևանքով տնտեսությունը չփլուզվի․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.06.2026 | 17:00Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների հետևանքով Հայաստանի տնտեսության փլուզում տեղի չի ունենա, քանի որ ԵՄ-ն արդեն իսկ աջակցում է՝ հաղթահարելու առաջացած դժվարությունները, և առաջիկայում եվրոպական աջակցությունը կավելանա։ Factor TV-ի հետ զրույցում այս մԱսին ասել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Եվրամիությունը կօգնի Հայաստանին, որպեսզի մեր տնտեսությունը չփլուզվի:
«Ճանապարհները բացվել են Հայաստանի ապրանքների առջև անկախ նրանից, որ դրանք դեռ չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին: Հարկերը հանվել են, մաքսերը հանվել են հայկական ապրանքների վրայից՝ անկախ նրանից, որ չենք ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն ու DCFTA-ն (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը): Թեև ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու անդամ չենք, բայց նույն արտոնություններից ենք օգտվելու՝ ինչ այդ միության մեջ մտած երկրները»։
Խուրշուդյանը պնդում է, որ ԵՄ-ն գնում է բացառությունների՝ խախտելով իր իսկ ընթացակարգերը, որպեսզի Հայաստանի տնտեսությունը դիմագրավի ռուսական պատժամիջոցներին․ «Էլ չեմ խոսում, որ արդեն ֆինանսական աջակցություն տվեցին՝ 50 միլիոն եվրո, ասացին՝ գիտենք որ սա հերիք չէ, սա նախնական տալիս ենք մինչև հաշվարկ անենք՝ տեսնենք, թե ամբողջությամբ ինչ վնասներ եք կրում, ինչ աջակցություն է պետք: Ի վերջո, պետք է սուբսիդավորվեն նաև լոգիստիկ որոշ ծախսեր, որովհետև որոշ ապրանքների՝ Եվրոպա հասցնելը ավելի թանկ է, քան Ռուսաստան հասցնելը: Որոշներն էլ ստիպված են լինելու ինքնաթիռով հասցնել, նկարող է շատ ավելի թանկ նստել: Սուբսիդավորելու են բիզնեսներին, որ նրանք կամաց-կամաց իրենց կարողությունները զարգացնեն, ներդրումներ անեն նաև եվրոպական աջակցությամբ, եվրոպական ֆինանսավորմամբ, որպեսզի նոր որակի չափանիշներն ապահովեն: Դա մեզ էլ է պետք, որ մեր կաթնամթերքում ցուպիկներ չլինեն կամ հակաբիոտիկների ավելցուկ»:
Հարցին՝ արդյունքում կարո՞ղ ենք այնպիսի արդյունք ակնկալել, որ Ռուսաստանի այս ճնշումների հետևանքները զսպվեն, և Հայաստանը կշարունակի իր բալանսավորման կամ արտաքին ավելի անկախ քաղաքականությունը՝ չտրվելով Մոսկվայի ճնշումներին, Խուրշուդյանն ասաց, որ ԵՄ-ի աջակցությունը ոչ միայն ապրանքների ներմուծումներին է վերաբերում, այլև՝ էներգետիկային։ Հետևաբար, ըստ նրա, իրատեսական է կայունության սպասելիքը։ Նա պնդում է, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին՝ հիմնադրել էներգիայի կուտակիչներ, որոնք կնպաստեն ինչպես ներքին ինքնաբավության ապահովմանը, այլև՝ հնարավոր արտահանման։ Financial Times-ը գրում է, որ ԵՄ-ն հրատապ կարգով առևտրային աջակցություն է պատրաստում ՀՀ-ի համար՝ ռուսական ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով: Ըստ պարբերակաանի՝ Եվրահանձնաժողովը մշակում է «ինքնավար առևտրային միջոցառումներ», որոնք կնվազեցնեն ՀՀ-ից արտահանվող սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի սակագները:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 19։00-ին։