ԱՄՆ-ն ու Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում
Քաղաքականություն
15.06.2026 | 10:07
ԱՄՆ-ը և Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն ուրբաթ՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում։ Այս մասին X-ում գրառմամբ հայտարարել է երկու երկրների միջև բանակցությունների միջնորդ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Նա շնորհակալություն է հայտնել կողմերին «հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հանձնառության համար» և երախտագիտություն հայտնել Կատարին միջնորդության համար, ինչպես նաև Սաուդյան Արաբիային և Թուրքիային՝ «այդ հարցում իրենց հսկայական ներդրման համար»։
«Այժմ, երբ համաձայնությունը ձեռք է բերվել, միջնորդներն այս շաբաթ կկազմակերպեն մի շարք հանդիպումներ: Համաձայնագրի իրականացումից առաջ այս քննարկումները հիմք կդնեն տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար»,- եզրափակել է Շարիֆը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, գրառում է կատարել Truth Social-ում՝ պնդելով, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրն «արդեն կնքված է»։ Նա նաև հրահանգել է վերացնել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից ծովային շրջափակումը։
«Ես սույնով թույլատրում եմ Հորմուզի նեղուցի բացումը նավերի ազատ տեղաշարժի համար, միաժամանակ հրամայում եմ անհապաղ վերացնել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից ծովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրե՛ք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է Ժնևում համաձայնագրի ստորագրմանը մասնակցելու իր ծրագրերի մասին: Նա նաև նշել է, որ ամերիկացի առաջնորդը կարող է անձամբ ներկա լինել պատվիրակությունների հանդիպմանը:
ԱՄՆ-Իրան համաձայնագրի մասին հայտարարության մեջ Շահբազ Շարիֆը նաև նշել է, որ «երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին»։
Խաղաղության համաձայնագրի՝ Լիբանանի վրա տարածումը Իրանի համար մնում էր կարևոր կետ։ Իսրայելն այս երկրում մարտական գործողություններ է իրականացնում՝ հղում անելով Թեհրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորման դեմ իր պայքարին։
Հունիսի 14-ին Իսրայելը «Հըզբոլլահ»-ի կողմից Բեյրութում վերահսկվող տարածքների դեմ նոր ավիահարվածներ էր սկսել՝ դրանք որակելով որպես ահաբեկչական հարձակումների պատասխան։ Թրամփը քննադատել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
«Բիբին (Նեթանյահուն ) չպետք է դա աներ։ Ինձ դա ընդհանրապես դուր չեկավ։ Նրանք («Հըզբոլլահը) մի քանի փոքր հրթիռներ արձակեցին, բայց վրիպեցին իրենց թիրախից»,- ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերել The Wall Street Journal-ը։
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հաստատել է Միացյալ Նահանգների հետ համաձայնությունների ստորագրումը։ Նա ասել է, որ կողմերը կստորագրեն «փոխըմբռնման հուշագիր»։
Ղարիբաբադին նշել է, որ վերջնական խաղաղության համաձայնագրի հասնելու բանակցությունները կշարունակվեն 60 օր, որի ընթացքում Իրանը կհետևի հուշագրի դրույթների կատարմանը՝ «մատը ձգանի վրա պահելով»։
Իր հերթին, Թրամփը նման համաձայնագրի ստորագրումն անվանել է մի բան, որն «իրենից առաջ ոչ ոքի երբեք չի հաջողվել»։
«Առաջին անգամ տարածաշրջանի առաջնորդները գտել են մի նախագահ, որը կարող է օգնել նրանց՝ հասնել իրական խաղաղության»,- գրել է ԱՄՆ նախագահը TruthSocial սոցիալական ցանցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի