Ալեն Ղևոնդյանի ու Տիգրան Վարդանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Հասարակություն
12.06.2026 | 16:06
Ալեն Ղևոնդյանն ու Տիգրան Վարդանյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ կոմիտեն ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումներ է ստացել։
«Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով: Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է»,- գրված է հաղորդագրության մեջ: