Գյումրիի «Մայր Հայաստան»-ի վանդալիզմից մինչև «ուկրաինացման» թեզեր․ ո՞ւմ էր ձեռնտու միջադեպի քաղաքականացումը
Հունիսի 10-ին Գյումրու համայնքապետարանը հայտնեց, որ անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրիի խորհրդանիշերից մեկը՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը: Ըստ քաղաքապետարանի՝ «չարագործները պոկել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը»։ Ավելի ուշ համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները պոկված տառերը հայտնաբերել են աղբամանում։ Հնգաթև աստղերը անվնաս են թողնվել։ Հուշամալիրը գտնվում է բաց, կանաչապատ տարածքում, որտեղ տեսախցիկներ չկան։

Կարճ ժամանակ անց Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՆԳՆ-ից նաև ընդգծեցին՝ ստուգվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ հնարավոր սադրանքի դրսևորումները։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ միջադեպի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Չնայած այն հանգամանքին, որ միջադեպի մասին առաջինն ահազանգել է Գյումրիի քաղաքային իշխանությունը, իսկ իրավապահ համակարգն էլ կարճ ժամանակ անց ընթացք է տվել՝ հարուցելով քրեական վարույթ, ռուսական տեղեկատվական շրջանակները շտապեցին կատարվածը ներկայացնել որպես ռուսատյացության դրսևորում։
Գյումրիում տեղի ունեցածին առաջինը Telegram-ի իր ալիքում անդրադարձավ ոչ անհայտ ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանը։
«Սա է ներկայիս իշխանությունների քաղաքականության արդյունքը, որը Հայաստանy «հակառուսաստան» դարձնելուց հետո անցնում է երկրում ռուսատյացության՝ ռուսաֆոբիայի սերմանմանը»,- եզրակացրեց Բադալյանը։
Հունիսի 11-ին հայտարարություն տարածեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ ուղղված միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ անարգանք գործելու փորձի մասին է»,- ասված էր հայտարարության մեջ։
Դեսպանատունը նաև նշել էր, որ տեսնում է Գյումրիի քաղաքային իշխանությունների և հանրության կողմից տեղի ունեցածի «սուր մերժումը», սակայն միաժամանակ ակնկալում է «Հայաստանի պաշտոնական իշխանությունների հստակ գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ»։
Այս ձևակերպումը ուշագրավ է։ Դեսպանատունը, փաստացի, առանձնացնում է Գյումրիի ՏԻՄ իշխանություններին՝ մի կողմից, և Հայաստանի կառավարությանը՝ մյուս կողմից։ Այսինքն՝ արձանագրում է տեղական արձագանքը, բայց քաղաքական գնահատական է ակնկալում արդեն կենտրոնական իշխանությունից։
Այս ֆոնին կարևոր է նաև Գյումրիի ներկայիս քաղաքական համատեքստը։
2025 թվականի ապրիլի 16-ին Գյումրիում քաղաքապետ էր ընտրվել Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու, ՌԴ հետ միութենական պետություն կազմելու կողմնակից Վարդան Ղուկասյանը։ Նա այժմ կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով, նրան փոխարինում է առաջին տեղակալը՝ Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը, որը նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է։
Գյումրիում կատարվածի վերաբերյալ դեսպանատան հայտարարությունը ակտիվորեն տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներում։

Իրավապահների ու քաղաքային իշխանությունների արձագանքը, սակայն, չկանգնեցրեց թեմայի քաղաքական շահարկումը։ Այն հատկապես ակտիվորեն սկսեցին օգտագործել հակառուսականության և Հայաստանի «ուկրաինացման» մասին թեզերը շրջանառող շրջանակները։
Ռուս լրագրող և քարոզիչ Ալեքսանդր Կոցը, որը տելեգրամյան իր ալիքում ունի շուրջ կես միլիոն հետևորդ, տեղի ունեցածը ներկայացրեց Հայաստանի՝ Եվրոպա տանող ճանապարհի համատեքստում։
«Ահա և սկսվեց Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա։ Ինչպես հետխորհրդային շատ այլ պետություններում՝ սեփական անցյալից հրաժարվելով»,- գրել էր նա։
Կոցը պնդում էր, թե Արևմուտքում վաղուց «հավասարեցրել են Խորհրդային Միությունն ու նացիստական Գերմանիան», և հիմա Հայաստանը, ըստ նրա, փորձում է համապատասխանել «նոր, մոդայիկ ժողովրդավարական միտումներին»։ Նրա մեկնաբանության տրամաբանությունը հետևյալն էր՝ նախ պղծվում են հուշարձանները, հետո բացվում է խորհրդային «օկուպացիայի» թանգարան, այնուհետև սկսվում է տեղանունների «դեկոմունիզացիան»։
Ռուսական պրոկրեմլյան մեդիադաշտի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Գասպարյանը, ավելի հեռուն գնաց։ Նա տեղի ունեցածը ներկայացրեց որպես հայկական իշխանությունների ձեռքի գործ։
«Իհարկե, այս սրիկաներին ոչ ոք չի փնտրելու։ Քրեական գործ կհարուցեն, քննություն կանցկացնեն, իսկ մեկ-երկու ամիս անց գործը կփակեն՝ բացահայտման անհնարինության հիմքով։ Հրապարակային առումով հայկական իշխանությունը, ամենայն հավանականությամբ, կդատապարտի վանդալիզմը, լուրջ տեսք կընդունի, բայց բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են»,- ասել էր Գասպարյանը։
Նա նաև ավելացրել էր, որ Հայաստանում հետագա իրադարձությունները կարող են զարգանալ «Ուկրաինայում ստեղծված իրավիճակին համանման»։
Այսպիսով, Գյումրիի հուշահամալիրի վնասման կոնկրետ հանցավոր արարքը ռուսական մեդիադաշտի մի հատվածում վերածվեց ոչ թե իրավական, այլ քաղաքական սյուժեի․ այն կապվեց Հայաստանի իշխանությունների, Արևմուտքի ազդեցության, ռուսատյացության և «ուկրաինական սցենարի» հետ։
Սակայն այս մեկնաբանությունները տարածող անձինք չեզոք դիտորդներ չեն։
Ովքե՞ր են Ալեքսանդր Կոցը, Արմեն Գասպարյանը և Միկա Բադալյանը

Որպես ռազմական բլոգեր ներկայացող Ալեքսանդր Կոցի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Մեծ Բրիտանիան՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հրապարակային աջակցության և Կրեմլի նարատիվների տարածման համար։ Агентство-ի տվյալներով՝ նա ամենաբարձր եկամուտ ունեցող ռազմական Telegram-բլոգերներից մեկն է։
Meduza-ն և The Insider-ը Կոցին դասում են ռուսական Z-բլոգերների և քարոզչական ռազմական թղթակիցների շարքին, որոնք ակտիվորեն աջակցում են Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայում։ The Insider-ը Կոցին մի քանի հրապարակումներում անվանել է «ինքնահռչակ ռազմական թղթակից» և ընդգծել, որ նա տարածում է Կրեմլի պաշտոնական նարատիվները։ Meduza-ն էլ գրել է, որ Կոցի տելեգրամյան ալիքում տարածված որոշ տեղեկություններ հետագայում հայտնվել են Կրեմլին մատակարարվող ապատեղեկատվական արշավների հաշվետվություններում։
Կոցը Հայաստանի ներքաղաքական գործընթացներին անդրադարձել էր նաև հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Նա մի շարք հրապարակումներում կանխատեսում էր Նիկոլ Փաշինյանի պարտությունը և ծաղրում Ռուսաստանի սահմանած սահմանափակումների հետևանքով Հայաստանից մի քանի խումբ ապրանքների ներմուծման արգելքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Արմեն Գասպարյանն էլ պարզապես «քաղաքագետ» չէ, ինչպես հաճախ ներկայացվում է ռուսական եթերում։ Նա պրոկրեմլյան մեդիադաշտի հայտնի դեմքերից է, որի գործունեությունը կապված է Sputnik-ի և Соловьёв Live-ի հետ։ Ուկրաինայի դեմ պատերազմի համատեքստում նա նույնպես հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ՝ Կրեմլի նարատիվները տարածելու և Ուկրաինայի ինքնիշխանությունը խարխլող դիրքորոշումներ առաջ տանելու համար։
Միկա Բադալյանին և նրա հետ ասոցացվող «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությանը Factor TV-ն ավելի վաղ էր անդրադարձել։ Ընտրություններին ընդառաջ Բադալյանը ձեռնամուխ էր եղել Ռուսաստանում բնակվող հայերին Հայաստան տեղափոխելու գործին։
«Եվրասիա»-ն ներկայացվում է որպես հումանիտար և կրթական նախագիծ, սակայն ունի ընդգծված քաղաքական և ինտեգրացիոն օրակարգ։ Կազմակերպության ղեկավար կազմում և խորհրդում ընդգրկված են ռուսական իշխանական համակարգի հետ սերտ կապ ունեցող և պատժամիջոցների տակ գտնվող անձինք՝ այդ թվում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, մոլդովացի օլիգարխ, Մոլդովայի բանկային համակարգից շուրջ 1 միլիարդ դոլարի անհետացման սկանդալային գործում ներգրավված Իլան Շորը, RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովը և այլք։
Factor TV-ի և մի շարք այլ լրատվամիջոցների հրապարակումներից հետո Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթ է նախաձեռնվել, Բադալյանին մեղադրանք է առաջադրվել, հետախուզում է հայտարարվել, իսկ նրան կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է։
Հայաստանի «ուկրաինացման» վերաբերյալ խոսակցությունները և ՌԴ դիրքորոշումը
Գյումրիի դեպքի շուրջ շրջանառվող «ուկրաինացման» թեզը ևս պատահական չէ։ Ուկրաինայում խորհրդային շրջանի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանների ապամոնտաժումը, վերանվանումը կամ փոփոխումը Ռուսաստանի իշխանությունները և պետական մեդիան տարիներ շարունակ ներկայացնում են որպես նացիզմի «արդարացում» և «դենացիֆիկացիայի» անհրաժեշտության ապացույց։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումը հիմնավորելիս որպես պատճառներից մեկը նշել էր Ուկրաինայի «դենացիֆիկացիան»։ Ռուսական պաշտոնական վարկածով՝ Ուկրաինայում գործում են նեոնացիստական և ծայրահեղ ազգայնական խմբավորումներ, որոնք ազդեցություն ունեն քաղաքականության և անվտանգության համակարգի վրա։ Կրեմլը նաև պնդում էր, թե ուկրաինական իշխանությունները հերոսացնում են Ստեպան Բանդերային և նրա համախոհներին, որոնց մի մասը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում համագործակցել է նացիստական Գերմանիայի հետ։
Վերջին շրջանում Հայաստանի և Ուկրաինայի միջև զուգահեռներն ավելի հաճախ են հայտնվում նաև ռուս պաշտոնյաների խոսքում։
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված շքերթից հետո, լրագրողների հետ զրույցում Պուտինն առաջին անգամ խոսեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր «ապահարզանի» մասին։
«Չէ՞ որ, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունից կամ անդամակցության փորձից։ Առաջին փուլն էր, միայն առաջին փուլը»,- ասել էր նա։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ մայիսի 23-ին հայտարարել էր, թե Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝
Ռուսաստանին «որքան հնարավոր է ցավոտ հարվածելու» նպատակով։
«Արևմուտքը փորձում է պառակտել մեր դաշնակիցներին՝ առաջին հերթին սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա դա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես այժմ փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ»,- ասել էր Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ասամբլեայում։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որը Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի մաս հանդիսացող և վանդալիզմի ենթարկված հերոս քաղաքաների անուններով հուշաքարերի վրա ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև խորհրդային այլ քաղաքների անվանումներ կան, օրինակ՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի, ինչպես նաև Օդեսայի, Սևաստոպոլի, Կերչի, Բրեստի և Բելառուսի մայրաքաղաք Մինսկի։ Սակայն Բելառուսից կամ Ուկրաինայից նման որևէ արձագանք չի եղել նշված միջադեպին։
Համալիրիի հուշաքարերը՝ նախկինում և հիմա


Ի՞նչ է լինելու Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետ
Գյումրիի համայնքապետի առաջին տեղակալ, համայնքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում տեղի ունեցածը միանշանակ վանդալիզմ որակեց և ընդգծեց, որ այդ համալիրը նախևառաջ՝ Ֆաշիզմի դեմ պայքարում կյանքը տված 300.000 հայերի հիշատակին էր։
«Հուսով ենք, որ իրավապահ համակարգը կզբաղվի և կբացահայտի այդ ամենը։ Ես նշեմ, որ այդ հուշահամալիրի պատվանդանները, որ կային, դա մեր զոհերն էին. 600,000 հայեր մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին, որից 300,000-ը զոհվել են ֆաշիզմի դեմ պայքարելիս։ Դա մեր զոհված հայերի հիշատակին դրված քաղաքների անվանումներն են, որտեղ հայերը իրենց մասնակցությունն են ունեցել և, ցավոք սրտի, զոհվել են»,- ասաց Առաքելյանը։
Նա ընդգծեց՝ եթե որևէ մեկը փորձել է այս դեպքը կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ և «տառերից վրեժխնդիր լինել»՝ վնասելով հայ-ռուսական հարաբերությունները, ապա դա «տգիտություն ու անգրագիտություն է»։
Առաքելյանի խոսքով՝ պատճառված վնասը շատ արագ կվերականգնվի, իսկ հունիսի 13-ին նախատեսվող շաբաթօրյակի ընթացքում տարածքը կբարեկարգվի։
«Այսպես ասեմ. եթե այս շաբաթ էլ չէ, ապա մյուս շաբաթ օրը անելու ենք, որովհետև համաձայնություններ կան, փորձում են այդ ամեն ինչը կարգավորել վերջնական։ Եթե չեմ սխալվում, «Եվրասիա»-ի երիտասարդական թևն էլ է մասնակցելու. իրենց հետ խոսել ենք, ընդհանուր միասնական կարող է անենք»,- նշեց նա։
Հավելենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ևս Factor TV-ի հետ զրույցում դատապարտել է Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուսական քաղաքների անվանումներով տառերի վնասման դեպքը՝ այն որակելով վանդալիզմ։
Խոսելով հնարավոր շարժառիթների մասին՝ Առուշանյանը նշել է, որ իր գնահատմամբ կա երկու վարկած․ կամ գործ ունենք սովորական վանդալիզմի հետ, կամ փորձ է արվում հետընտրական գործընթացների ֆոնին հակառուսական տրամադրությունների իմիտացիա ստեղծել և նման պատկեր ներկայացնել Գյումրիում։
«Վստահ ասում եմ՝ ոչ մի գյումրեցի նման քայլի չէր գնա, որովհետև դա մեր քաղաքինն է, իսկ մեր քաղաքի պատմամշակութային վայրերը գյումրեցիները սրբորեն պաշտպանում են»,- ասել է նա։
Նկատենք, որ «Եվրասիա»-ի երիտասարդական թևի մասնակցության դրվագն ուշադրության է արժանի, քանզի սա նույն «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության մասն է, որի խորհրդի անդամներից է Միկա Բադալյանը։
Factor TV-ն թեմայի առնչությամբ պարզաբանում խնդրեց Միկա Բադալյանից։ Մեզ հետ զրույցում նա նշեց՝ պատրաստվում են մասնակցել նաև համալիրի վերականգնման աշխատանքերին։ Հարցին՝ տեսե՞լ է դեպքի առնչությամբ ՆԳՆ-ի հայտարարությունը, նա դրական պատասխան տվեց։ Մեր մյուս հարցին՝ իրեն չի թվո՞ւմ, որ իր հրապարակման կոնտեքստով հավելյալ լարվածություն է մտցնում հայ-ռուսական հարաբերություններում, Բադալյանն արձագանքեց․ «Ո՛չ, այդպես չի թվում»։
Այսպիսով, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի վանդալիզմի դեպքը ռուսական պաշտոնական և քարոզչական դաշտում շատ արագ դուրս եկավ իրավական դաշտից և վերածվեց Հայաստանի դեմ քաղաքական նարատիվի։ Մինչ Հայաստանի իրավապահները ստուգում են դեպքի իրական հանգամանքները, ռուսական ԶԼՄ-ներն ու քարոզիչները այն փորձում են ներկայացնել որպես Հայաստանի «ուկրաինացման», ռուսատյացության և Արևմուտքի ազդեցության ապացույց։
Factor TV-ն կշարունակի հետևել ինչպես Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի վանդալիզմի դեպքի իրավական ընթացքին, այնպես էլ դրա շուրջ ռուսական պաշտոնական և քարոզչական դաշտում ձևավորվող քաղաքական արձագանքներին։
Եվգենյա Համբարձումյան