Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի ու ամերիկացի Մաքս Հոլուեյի մենամարտը մեծ իրարանցում է առաջացրել խառը մենամարտերի (ММА) սիրահարների շրջանում։
UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում կայանալիք UFC 329 մրցաշարը, մեծ հավանականությամբ, ռեկորդ է սահմանելու տոմսերի վաճառքից ստացված եկամուտի առումով, հաղորդում է MMA Fighting-ը։
Այս պահին այդ ցուցանիշով ռեկորդակիրը UFC 306-ն է, որի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմել է 21,8 միլիոն դոլար։
Քոնոր Մաքգրեգորի և Մաքս Հոլուեյի մենամարտը կկայանա հուլիսի 12-ին անցկացվելիք UFC 329 մրցաշարում։ Նրանք հանդիպել են նաև 2013 թվականին, երբ միավորներով հաղթել է իռլանդացի մարտիկը։ 37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում նա մասնակցել է 28 հանդիպման, տարել 22 հաղթանակ ու կրել 6 պարտություն։