ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
Քաղաքականություն
03.06.2026 | 23:39ՌԴ նախագահի՝ միջազգային կազմակերպությունների հետ կայուն զարգացման նպատակներով համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի հնարավոր կրճատվող մատակարարումները փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով։ Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հետ զրույցում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Մենք այն, ինչ կորցնում ենք Հայաստանում, կփոխարինենք Ադրբեջանով, քանի որ միանշանակ է, որ գյուղատնտեսության ոլորտում Ադրբեջանը կարող է ավելի շատ արտադրել և ավելի մեծ ծավալներ մատակարարել, քան Հայաստանը»,- ասել է Տիտովը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը կարող է ապահովել ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան մատակարարումներ, ինչը Բաքվին դարձնում է նախընտրելի գործընկեր Մոսկվայի համար։
Տիտովը նաև անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր «անդամակցության հետևանքներին»։
Ռուս պաշտոնյան նշել է, որ փոփոխությունները կանդրադառնան տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Մասնավորապես, ըստ նրա, ներկայում Հայաստանը էներգակիրներ է ստանում եվրոպական շուկայից զգալիորեն ցածր գներով, սակայն Եվրամիությանն անդամակցելու դեպքում դրանց արժեքը կհավասարվի եվրոպական շուկայական ցուցանիշներին։
Տիտովի խոսքով՝ թանկացումներ կարող են արձանագրվել նաև պարենային շուկայում՝ ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության ապրանքների մասով։
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ևս խոսել էր Հայաստանի տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցությունների մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի դուրս գալը այն ճգնաժամից, որը կլինի Երևանի և Եվրամիության միջև կապերի ընդլայնման հետևանքը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման համար։ Հունիսի 2-ից սահմանափակումներն են մտցվել Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի մատակարարման վրա։ Բացի այդ՝ հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ երկուսի, որոնք ստուգում են անցել։