Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Դմիտրի Գունկոյի թիմում
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը Վոլգոգրադի «Ռոտորից» տեղափոխվել է Տուլայի «Արսենալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում։ Թիմը գլխավորում է «Նոայի», «Արարատ-Արմենիայի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
Ավարտված մրցաշրջանում Դավիդ Դավիդյանը «Ռոտորի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ղազախստանի (հունիսի 6) ու Մոլդովայի (հունիսի 9) դեմ ընկերական խաղերին։ Ազգային թիմի կազմում նա մասնակցել է 3 հանդիպման։