Արթուր Օսիպյանին ցանկանում են հասցնել մահվան. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.06.2026 | 16:45«Պետք է անհապաղ ազատ արձակեն Արթուր Օսիպյանին: Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով մարդուն գցել են բանտ: Այսինքն՝ մի մարդ ցուցմունք է տալիս ու դու հայտնվում ես բանտում՝ երեք մեղադրանքներով: Ի՞նչ պիտի անես էլի, չես կարող չընդվզել։ Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել և դա շատ մտահոգիչ է, նրան ճանաչողներն ասում են, որ շարունակելու է, իսկ այդ վտանգը շատ մեծ է»,- անդրադառնալով արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի կալանավորմանը և նրա կողմից շարունակվող հացադուլին՝ Factor TV–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվել էր, ապա երկու ամսով կալանավորվել։ Արցախցի գործիչն արդեն տասնչորսերորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։ Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից և մյուս արցախցիներից։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան, դրանք անհամաչափ են, իսկ արցախցի քաղգործիչը՝ քաղբանտարկյալ:
«Արթուր Օսիպյանին շատ մարդ է ճանաչում և գիտեն, թե նա ինչ սկզբունքային և մաքուր կենսագրություն ունեցող մարդ է՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը շատ վատ իրեն պահեց: Ես նույնիսկ «վարչապետ» բառը չեմ ուզում գործածել: Այսինքն՝ այն խուլիգանական արտահայտությունները, բառապաշարը, որով նա խոսում էր, դա չի կարող որևէ երկրի վարչապետ խոսել: Եվ հիմա այդ ամեն ինչի համար մեղադրվում է Արթուր Օսիպյանը։ Նիկոլ Փաշինյանի մարդատյացությունն այնքան մեծ է, որ այդ արգելքները դրել են: Երևի ձգտում են այդ մարդուն տանել մահվան»,- նշում է իրավապաշտպան Ալեքսանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։