«Ադրբեջանցի պաշտոնյան ասաց՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանա ՀՀ իշխանությունը»․ Դավիթ Իշխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվի գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանը ձայնային հաղորդագրությամբ հայտարարել է, որ Բաքվում իր գործով ընթացող դատավարությունը քաղաքական և վերահսկվող գործընթաց է։ Նրա խոսքով՝ պաշտպանական կողմին մինչ այժմ չի տրամադրվել դատավճռի և մեղադրական ակտի ամբողջական տարբերակը, մերժվել են նաև բաց դատավարություն ապահովելու միջնորդությունները։ Իշխանյանը նշել է, որ գործընթացը «տրագիկոմեդիա» է և համեմատել է Ֆրանց Կաֆկա-ի Ֆրանց Կաֆկա «Դատավարություն» ստեղծագործության հետ։
Հաղորդագրւթյան սղագրությունը՝ ստորև․
«Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ կապված մեր բողոքարկման հետ։ Փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք, և երեկ արդեն այդ դատը սկսվեց, և հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։
Գիտեք՝ խաղաղություն և դատավարություն՝ շատ յուրահատուկ է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը՝ ձգձգումներով և արհեստական խոչընդոտներով, մեզ է փոխանցվել ապրիլի 21-ին։ Եվ զարմանալի չլինի, որ ասեմ՝ մինչև հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապես չեն ստացել այդ դատավճիռը՝ դատավճռի ամբողջական տեքստը, ստացել են միայն քաղվածքը։
Երեկ իմ կողմից անձամբ միջնորդեցի, որպեսզի դատարանը թե՛ պաշտպաններին և թե՛ ինձ՝ բոլոր պաշտպաններին տրամադրի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպես նաև մեղադրականի ամբողջական տարբերակը, բայց դատարանը զարմանալիորեն և ինչ-որ տեղ նաև հասկանալիորեն մերժեց իմ առաջարկը, իմ միջնորդությունը։ 2024 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև հիմա ունեցող մեր մեղադրական ակտը՝ երկու տարի ձգձգվող այս դատական գործընթացի ընթացքում, մեղադրական ակտը նույնիսկ չունի պաշտպանական կողմը և չի տրամադրվում։
Ես որևէ առիթով առիթ կունենամ խոսելու դատապրոցեսի մասին, առիթ կունենամ խոսելու ընդհանուր ընթացքի հանրայնացման մասին։ Այս անգամ ես կարծում եմ բավարարվեմ դրանով, միայն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր որ կարողանան ծանոթանալ այն 15 բաժիններին մեղադրական ակտի, արդեն ամբողջապես կարող են պատկերացում ունենալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ կա։
Այսինքն՝ այդ արդար, ազատ, բաց դատավարություն ասվածը, որ դա ֆիկցիա է, որտեղ որևէ բան չկա և ամբողջապես գրաքննվող, վերահսկողության տակ, հաշվեհարդարի դատավարություն է։ Եվ այդ առումով նաև հանրայնացումն էլ նույն կերպ է տեղի ունենում՝ մեղմ մամուլով մոլորեցնելով ադրբեջանական հասարակությանը, փորձելով մոլորեցնել նաև միջազգային հանրությանը։ Երեկ ես միջնորդեցի նաև երկու հարցով, որպեսզի բաց դատավարություն կազմակերպելու համար օնլայն հեռարձակում լինի։ Այդ նույնը ես առաջարկել էի առաջին ատյանի դատարանում, բայց մերժվել էր։
Երեկ էլ առաջարկեցի՝ մերժվեց։ Եվ երկրորդ առաջարկը սա էր, որ այն լրատվամիջոցը ազդվեր, որ ներկա այդ լրատվամիջոցի ներկայացուցիչներին, որպեսզի դատարանը արգելի դատական նիստերին ներկա գտնվելուց՝ իրենց ապատեղեկատվության և մանիպուլյատիվ գործողությունների համար։ Նույնպես դատարանը մերժեց։ Ինչևիցե, այս հարցը թողնենք մի կողմ։
Կարծում եմ՝ այստեղ ոչ անհայտ կարևոր պաշտպաններից մեկը, որ իր խոսքի ընթացքում բարձրաձայնեց, չհամբերեց, պարզապես պոռթկաց և ասաց, որ մենք մեր սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։ Դա էր ամբողջ գնահատականը։ Իսկ ընդհանուր առմամբ պիտի ասեմ՝ դա տրագիկոմեդիա է, և Ֆրանց Կաֆկան կերազեր ներկա գտնվել այդ դատավարությանը, և դա ներշնչանք կլիներ, որպեսզի նա գրեր մի նոր ստեղծագործություն կամ էլ իր հայտնի «Դատավարություն» ստեղծագործության երկրորդ բաժինը։
Հաջորդը, որ ես ուզում էի խոսել, դա Մարդու իրավունքների պաշտպանին իմ բանավոր դիմումն է, որ մայիսի 6-ին ես բանավոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա որևէ ձևով ստանա և իմ ընտանիքին փոխանցի մեր դատավճռի ամբողջական՝ հայերեն և ադրբեջաներեն տարբերակը։
Նույն խնդրանքը ես փոխանցել եմ նաև Ադրբեջանի օմբուդսմենին, ով ամսի 5-ին մեզ հետ հանդիպման էր, և ում ես նամակ էի պատրաստել դեռևս մարտի 12-ին, երկու ամիս չէի կարողանում փոխանցել։ Փոխանցեցի այդ նամակը, նաև խոստացավ, որ մի բան կանի, որպեսզի ադրբեջաներեն տարբերակը իմ ընտանիքին, իմ հարազատներին հասնի։ Բայց ոչ Հայաստանի պաշտպանից՝ մարդու իրավունքների, ոչ Ադրբեջանի որևէ նորություն, որևէ տեղեկատվություն չկա։ Ես սպասում եմ համենայն դեպս, և իմ ընտանիքն է սպասում։
Իսկ դատավարության հետ կապված պիտի ասեմ՝ դա ձգձգվող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցվող դատավարություն է։ Եվ զարմանալի չէ, որ ես հիմա մի նյութի մասին պիտի խոսեմ, որ կարծում եմ հանրության համար էլ դա հասկանալի կլինի։ Երկու-երեք ամիս և երբ որ մենք այստեղ էինք՝ դեռևս 2024 թվականի հունվար, փետրվար ամիսներին, այն անձնավորությունները, պաշտոնական անձինք, որ մեր հետ շփվում էին, հարաբերվում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան կցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք՝ ինչպես կարող է այդպես լինել, ինչպես մեր հայրենիքի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջապես։ Բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է և հասկանալի, որ ցավոք այդպես է։
Ցավոք զարգացումները և այս դատավարության գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին համապատասխանեցնելու առումով մեզ ուրիշ կարծիք չի թողնում, որպեսզի ուրիշ կարծիք ունենանք, այլ այդ կարծիքը դառնում է համոզմունք։ Հատկապես վերջին զարգացումների վրա, երբ որ ղարաբաղցիների հասցեին ինչ-որ այսպես ասած իրականությանը չհամապատասխանող բաներ էր փոխանցում։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց երբևէ առիթ կլինի։ Պարզապես պիտի ասեմ բոլորի համար էլ պարզ է, թե ով է մեղավորը, ով և ում այսպես ասած գործունեության արդյունքում է այս ամենը տեղի ունեցել։
Ինչևէ, երեք տարի է՝ մենք այստեղ ենք, մոտավորապես երեք տարի է։ Պիտի ասեմ՝ ոչ սկզբունքայնությունը, ոչ ողջախոհությունը, ոչ ոգու և ոչ կամքի ուժը մեզ չեն լքել և չեն դավաճանել։ Այսուհետ էլ այդպես է լինելու։ Ցավալի է՝ ինչ որ կա, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։ Ես պիտի առիթը օգտագործեմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, բոլոր այն կառույցներին, այն կազմակերպություններին, ովքեր իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ կայացրել, հայտարարություններ արել, որպեսզի մեզ անհապաղ ազատեն։ Այդ բոլոր կառույցները, կազմակերպությունները, անհատները համոզված են, որ մենք անմեղ ենք և անմիջական պետք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը։ Ուզում եմ նաև առիթը օգտագործել իմ ժողովրդին շնորհավորել Մայիսի 28-ի առիթով՝ հայոց պետականության վերականգնման օրվա առիթով, և ցանկանալ իմ ժողովրդին ոգու, կամքի և միասնության ուժ։ Պինդ եղեք։ Առայժմ»։