ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
Քաղաքականություն
21.05.2026 | 09:54
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 1-ին համար Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին շրջանառվող տեղեկությանը։
Ըստի ՏԱՍՍ-ի Գալուզինը նշել է, որ «Հայ քաղաքական գործիչներին վերագրվում են բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել»։
«Նարեկ Կարապետյանը (գործարար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբորորդին – ՏԱՍՍ) երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն պնդում են, որ նա ունեցել է և ունի», – ասել է նա։
Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը շրջանառել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մի սքրինշոթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:
Նարեկ Կարապետյանը գրառումից կարճ ժամանակ անց արձագանքել էր․ «Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք։ Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել, կյանքում Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան Անգլիայում կամ Շվեյցարիայում»։
Նախօրեին Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, ուր ասվում է, որ երեկվա ամսաթվով՝ 20-ը մայիսի 2026 թվական, ՌԴ ռեգիստրում փաստաթղթի մեջ փոխփոխություն են կատարել, ըստ որի՝ Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է։
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, գիտեք, հիշում եք, տեսել եք, որ մամուլում տարածվել էր մի տեղեկություն, որ Նարեկ Կարապետյանը հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի։ Այդ տեղեկությունը տեղադրված էր ռուսական ռեգիստրի կայքում և որոշ ժամանակ անց, երբ որ այդ մասին հայտնի դարձավ, մեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, այդ ինֆորմացիան ուղղակի պահի տակ չեղարկվեց, փակվեց և անհասանելի դարձավ։
Եվ հիմա մի շատ ծիծաղելի բան է տեղի ունեցել. այդ ինֆորմացիան նորից հասանելի է՝ նույն փաստաթուղթն է, և այդ փաստաթղթի մեջ նույն անուն-ազգանունն է, ամեն ինչ նույնն է, բացի մի բանից. ուրեմն այնտեղ հիմա գրված է, որ Նարեկ Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ նույն փաստաթուղթն է, ու ամենածիծաղելին՝ 20.05.2026թ․, այսինքն՝ այսօրվա օրով։
Հիմա ուզում եմ Նարեկ Կարապետյանին հարցնեմ՝ էն մի հատ հայտնի տեսանյութ-մեմ կա, որ ասում է՝ «Что черт побери вы несете?»: Ասենք՝ էս ի՞նչ են անում, կամ էս ի՞նչ են ձեր հետ անում, կամ էս ի՞նչ եք դուք անում։ Ասենք՝ անկեղծ, իրոք դուք թերևս ամենաուրախ ընդդիմությունն եք, կոնկրետ դուք, որ մենք երբևիցե հանդիպել ենք։
Ինչևիցե, ցավում եմ, որ քրեական գործ է, կարծես թե, հարուցվել։ Պետք չէր նման ճանապարհով գնալ, եթե իրոք տենց բան եք թաքցրել, Նարեկ Կարենովիչ, շատ ցավում եմ, ցավում եմ»,- ասել է Սիմոնյանը։
Անահիտ Խաչատրյան