Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.05.2026 | 21:30«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախորդ հինգ տարիների ընթացքում մնացել է իր սկզբունքային դիրքերում՝ թեև խորհրդարանում ներկայացված չէր։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրն ու ակնկալիքները։ Նրա խոսքով՝ իրենց առաջարկած ծրագիրն այսօրվա քաղաքական ուժերի շարքում ամենակենսունակն է։
« Մեր ծրագիրը խիստ կենսունակ ծրագիր է, կուսակցության ղեկավարը խարիզմատիկ ղեկավար է, քաղաքական թիմը տեսանելի է մարդկանց համար, ընկալելի է», – ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ժողովրդի կարծիքը։ Պատասխանելով հարցին, թե ինչու կուսակցությունը չի առաջադրում Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Մելքումյանը նշեց, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, և ճիշտ պահին այդ մասին հայտարարություն կարվի։
«Եկեք չշտապենք, ամեն մի քաղաքական ուժ իր մոտեցումներն ունի, թե որ պահին ինչ պետք է ասի։ Իսկ այդ պահը, պահի լրջությունը և պահի այն պահը, որը պետք է ամենամեծ ազդեցությունն ունենա մեր ժողովրդի համար, ընտրողի համար, այդ պահը կգա։ Ուրեմն, սա նաև կարևոր քաղաքական, այսպես, ոչ թե «նոու-հաու» չասեմ, նորարարություն չասեմ, բայց կարևոր տակտիկական մոտեցում է, որ ամեն ինչ իր ժամանակին»։
Խոսելով Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող «բելառուսամետ» որակման մասին՝ պայմանավորված Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ սերտ հարաբերություններով, Մելքումյանը նշեց, որ դրանք ընկերական կապեր են, որոնք չեն կարող վնասել Հայաստանի ազգային-պետական շահերին։
«Իսկ Ալիևի և Էրդողանի հետ ինչ-որ քննարկումներ ունենալ, խոսույթներ ունենալ, դա նորմա՞լ եք համարում։ Այսինքն, ինքն է որոշում, նույնն էլ մեր երկրի ղեկավարությունը և մենք, որպես քաղաքական գործիչներ, պետք է սպասարկենք մեր երկրի ազգային-պետական շահը։ Եվ այդ ընկերական հարաբերությունները ի հաշիվ այդ շահը սպասարկելու չէ, ես անկեղծ եմ ասում։ Այսինքն, դա չի նշանակում, որ դու մեկի հետ կամ մի ղեկավար մարդու հետ ինչ-որ հարաբերություններ ես խոսում, դա ի հաշիվ քո երկրի… ոչ»։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությանը՝ Մելքումյանը կարծիք հայտնեց, որ դա կարող է լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ ունենալ երկրի համար։
«Այս փուլում, իհարկե, դեմ եմ։ Ասենք թե, մենք ասում ենք, որ հաղթահարելի է, բայց այդ կարճաժամկետում, որը կարող է տևել երկու-երեք տարի, այդ կարճաժամկետում երկրի սոցիալական վիճակը և ներդրումային միջավայրը այնպես է փոխվում, այնպիսի ռիսկեր են առաջանում, որ առանց դրա էլ հեղհեղուկ վիճակը գնա դեպի փլուզում»։
Ներկայացնելով ԲՀԿ-ի տնտեսական ծրագրի առանցքային կետերը՝ Մելքումյանը նշեց նվազագույն աշխատավարձը երկու տարում 150 հազար դրամ դարձնելու խոստումը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնությունները։
«Պետք է կարողանալ բարձր արտադրողական աշխատատեղեր ստեղծել, և երբ որ արդեն գործող աշխատատեղերի մեծ մասը արդեն անցնում է, չգիտեմ, 300, 400, 500 հազարը, նվազագույնը չի կարող շատ ցածր լինել։ Մենք ասում ենք, որ մինչև տարեկան 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար մենք 0% շրջանառության հարկ ենք նախատեսում, իսկ 60 միլիոնից մինչև 180 միլիոն՝ 1%»։
«Մեր ծրագիրը փորձված, փորձված մարդկանց կողմից և մասնագետների կողմից մշակված ծրագիր է, փորձարկված, և ժողովրդի հարցադրումները զետեղած այդ ծրագրում, և ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում, հլը այդպիսի դեպք չի եղել, որ ասեն՝ Միքայել Մելքումյանը այսինչ ծրագրի, այսինչ դրույթը կամ թիվը այսպես ասաց, կամ այնպես ասաց», – ամփոփեց Միքայել Մելքումյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան