Իսրայելը «Երկաթե գմբեթ» մարտկոցներ է ուղարկել ԱՄԷ-ին Իրանի պատերազմի ժամանակ. ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն
12.05.2026 | 16:34
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային մարտկոցներ և անձնակազմ է ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Իրանի պատերազմի ժամանակ երկիրը պաշտպանելու համար, հայտնել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, գրում է France 24-ը։
Բապտիստական հոգևորական, Արքանզասի նախկին նահանգապետ և նախկինում նախագահի թեկնածու Հաքաբին այս մեկնաբանությունն արել է Թել Ավիվում կայացած միջոցառման ժամանակ՝ ընդգծելով Իսրայելի և ԱՄԷ-ի միջև զարգացող պաշտպանական հարաբերությունները
«Ես կցանկանայի գնահատանքի խոսք ասել Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Աբրահամի համաձայնագրերի առաջին անդամի համար։ Պարզապես նայեք առավելություններին։ Իսրայելը նրանց ուղարկել է «Երկաթե գմբեթ» մարտկոցներ և անձնակազմ՝ դրանց շահագործմանն օգնելու համար»,- նշել է Հաքաբին։
Նա հավելել է՝ «շատ լավատես» է, որ տարածաշրջանի այլ երկրներ շուտով կմիանան Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու համար։
Համաձայնագիրը ներառում է նաև Բահրեյնը, իսկ Մարոկկոն և Սուդանն այն ստորագրել են ավելի ուշ, չնայած վերջինը դեռ պետք է ամբողջությամբ վավերացնի փաստաթուղթը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է ընդլայնել համաձայնագիրը, սակայն շատ արաբական պետություններ զայրացած են Իսրայելի վերջին գործողություններից, այդ թվում՝ Գազայի հատվածում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի