Փորձել էր «նվաստացնել» Nissan-ի վարորդին, բայց վթարվեց․ 19-ամյա երիտասարդին ձերբակալել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
06.05.2026 | 21:00«Դուք էլի կոնտենտի պակաս չեք ունենալու, էլի գցելու ենք վիդոներ, որղղակի CLS-ը չի լինելու»,- օրերս խոշոր ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա Վարդան Մարկոսյանն է ասում երկու օր առաջ հրապարակած տեսանյութում։
Իր մասնակցությամբ վթարն անձամբ նկարահանած երիտասարդի վարորդական իրավունքը կասեցված է եղել 6 ամսով․ 13 բալերը զրոյացվել են բազմաթիվ խախտումների հետևանքով։
«Նայեք էն «Nissan»-ն ուզումա հետներս քշի, ի՞նչ անենք, նվաստացնե՞նք մի հատ «Nissan»-ի վարորդին, ի՞նչ անենք, մի հատ կրե՞նք»,- հրապարակված տեսանյութում ասում է 19-ամյա վարորդը։
20 վայրկյան անց Mercedes CLS-ը բախվում է 53 երթուղին սպասարկող ավտոբուսին, հարվածում Toyota և Jaguar մարդատարներին։ Հարվածի հետևաքնով Jaguar-ն անցնում է բաժանարար գոտու բետոնե պատնեշի վրայով, կոտրում այն և հայտնվում հանդիպակաց գոտում, մասամբ՝ մայթին։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունք չունենալու համար։ Երկու վարույթները միացվել են իրար։ Կառույցից հայտնում են, որ նշանակվել են համապատախան փորձաքննություններ։ Այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել Վարդան Մարկոսյանի նկատմամբ։ Նա ձերբակալվել է։
«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանն ասում է, որ նման վարքագծի դեմ պայքարում անհրաժեշտ է ոչ միայն պատժել, այլև խստացնել ընդհանուր քաղաքականությունը։
«Պատահական վթար չէ, այլ դիտավորյալ, այսինքն՝ օրենքի կոպիտ խախտման միջոցով տեղի ունեցած պատահար է, որը կատարվել է դիտավորյալ և գիտակցաբար: Եվ դրա համար արդեն դատարաններն արդեն ավելի խիստ պատիժ կսահմանեն»,- նշում է Քեյանը։
Վթարից հետո հրապարակված տեսանյութերում 19-ամյա երիտասարդը նշում է, որ հիպնոսացել է և չի հասկացել, թե ինչ է անում։
«Ուզում եմ իմանաք, որ ինչքան էլ լավ վարորդ լինեք, պետք չի տենց բաներ անեք, որովհետև ամեն ինչ չի ձեր ձեռը, հաստատ մի օր մի բան լինելու ա, ես ուղղակի հիպնոսացա, չհասկացաինչ եմ անում»,- պատմում է նա։
Նաև պարծենում է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել ամրագոտի գցելու շնորհիվ։
«Ռեմենը գցած եմ եղել: Այ ռեմեն գցեք: Ես գցած եմ եղել, թեթև քիթս ա կպել ռույլին: Ռեմեն գցած, բայց բարձիկները չի բացվել: Հլը բարձիկները բացվեր, ոչ մի բան չէր լինի»,- ասում է 19-ամյա տղան։
Միևնույն ժամանակ, համացանցում տարածվել է նաև տեսանյութ, որտեղ նա, չիփս ուտելով, դիտում է իր վթարի մասին հրապարակումը։ 19-ամյա Վարդան Մարկոսյանը տեսանյութերում ցուցադրում է իր նոր մեքենան։
Թեև նա հայտարարում է, որ այլևս նման վարքագիծ չի ցուցաբերի, նույն տեսանյութում խոստովանում է, որ նախկինում գրեթե միշտ նման կերպ է վարել։
«Ես ամեն օր տենց էի քշում, Էրո, տենց չի՞: Դու իմ հետ ինչքան ես նստել, միշտ տենց չեմ քշում: Միշտ… Բայց էս… էսի Աստծո կողմից ինչ-որ նշաններ էր, որ դու պիտի արդեն ստոպ տաս: Էսի պետք չի: Ես հասկացա՝ վսյո»,- նշում է Մարկոսյանը։
Տիգրան Քեյանը կարևորում է այս ուղղությամբ համակարգային փոփոխությունները։
«Սրանից պետք է հետևություններ անեն և խստացնեն արագ վարելու և անկանոն վարելու պատիժները: Եվ ինձ թվում է, որ այն վարորդները, որոնք միտումնավոր են անում և երթևեկության մեջ այդպես են իրենց պահում, պետք է ոչ թե կասեցնել վարորդական վկայականները, այլ հավերժ զրկել վարորդական վկայական ունենալուց, որպեսզի ոչ մեկ չփորձի երթևեկության մեջ նմանատիպ վարքագիծ դրսևորել»,- ընդգծում է «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավարը։
Նա նաև նշում է, որ կասեցված նույնիսկ վարորդական իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու դեպքերը բավական շատ են։ Հիշեցնում է, որ վերջերս վարորդները բողոքի ակցիաներ էին իրականացրել՝ պահանջելով համաներում՝ պատճառաբանելով, թե մեքենա վարելը իրենց եկամտի միակ աղբյուրն է։ Քեյանը կարծում է, որ նրանցից շատերը շարունակում են վարել առանց իրավունքի։
«Պետությունը անելիքներ ունի․ պետությունը պետք է կրթի, պետք է հասկացնի, պետք է դաստիարակի, հասնի այն մակարդակին, որ երթևեկության մեջ բոլորս կարգապահ լինենք։ Ոչ կարգապահ վարորդներ միշտ լինելու են, բայց պետք է միջոցառումների այնպիսի ռեֆորմ՝ շեշտը դնելով կրթելուն և զարգացնելուն, որպեսզի երթևեկության մեջ թե՛ քաղաքացի, թե՛ վարորդ պահպանենք երթևեկության կանոնները»,- ասում է Քեյանը։
Միևնույն ժամանակ, համացանցում նման տեսանյութերի պակաս չկա։ Ուշագրավ է, որ դրանց զգալի մասում օգտատերերից շատերը ոչ թե դատապարտում, այլ հաճախ ողջունում են արագ վարելն ու այսպես կոչված «շաշկի» անելը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան