«Կարող ա պատահի՝ մեզ հետևում են». երբ գաղտնալսելը դարձել է օրինաչափություն

Լուրեր

13.05.2026 | 12:27
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
13.05.2026 | 11:41
Վաղուհասի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ
13.05.2026 | 11:34
«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:33
Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները
13.05.2026 | 11:25
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ ՔՊ-ն Թալինում վարչական ռեսուրս է չարաշահել
13.05.2026 | 11:16
Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար
13.05.2026 | 11:08
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.05.2026 | 11:02
Թուրքիան վերացրեց ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ
13.05.2026 | 10:57
Պաշտպանի որոշումները բողոքարկման ենթակա չեն․ ՄԻՊ հաստատությունը ներկայացրել է կարգավորումները
13.05.2026 | 10:46
Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի վիզաների ազատականացման առաջին գնահատականը
Բոլորը

-Քեզ լուրջ պահի։

-Ինչի՞։

-Կարող ա պատահի մեզ հետևում են։

 

«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հայտնի այս դրվագը մեր օրերում ավելի քան արդիական է դարձել։ Քննչական կոմիտեն ու Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքական հնչերանգ ունեցող գրեթե բոլոր վարույթներով գաղտնալսումների ձայնագրություններ են հրապարակում։ Առաջին հայացքից տպավորություն կարող է ստեղծվել, որ դա ամուր ապացուցողական հիմքեր է ստեղծում քրեական վարույթով մեղադրանքի համար: Բայց «մի փոքրիկ»  խնդիր կա. գաղտնալսումը, ինչպես նաև մի շարք այլ գաղտնի միջոցառումներ, ինտենսիվորեն միջամտում են քաղաքացու անձնական կյանքին:

Արդյոք թույլատրելի՞ է ցանկացած հետաքրքրող հանգամանքի պարզումը գաղտնի քննչական գործողությունների կամ օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով, թե՞ դրանք պետք է լինեն ծայրահեղ միջոց, վերջին տարիների ընթացքում գաղտնի գործողությունների վերաբերյալ ի՞նչ վիճակագրություն կա Հայաստանում, ով կարող է ծանոթանալ Ձեր վերաբերյալ հավաքված տվյալներին և արդյոք անձը կարո՞ղ է պահանջել ոչնչացնել իր վերաբերյալ հավաքված տեղեկությունները:

Factor am-ն փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները:

Ինչ կարգավորումներ էին գործում նախկինում և ինչ կա հիմա

Մինչև Քրեական դատավարության գործող օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ 2022 թվականի հուլիսի 1-ը, անձանց, այսպես ասած, գաղտնալսելու ընթացակարգերը սահմանվում էին օպերատիվ հետախուզական գործունության մասին օրենքով:

Անձի նկատմամբ 6 տեսակի օպերատիվ հետախուզական միջոցառումներ կարող էին կատարվել միայն դատարանի թույլտվությամբ․

  • ներքին դիտում,
  • արտաքին դիտում, եթե դա արվում էր սարքավորումների միջոցով,
  • նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում,
  • հեռախոսային խոսակցությունների վերահսկում,
  • ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում,
  • կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:

Այսինքն՝ որպեսզի անձի նկատմամբ կատարվեին վերը նշված գործողությունները, նախ անհրաժեշտ էր դիմել դատարան։

Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում էր  նաև տարվա ընթացքում քննված այն միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համար անհրաժեշտ էր դատարանի թույլտվությունը։ Դրանց թվում էին նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու դրանց արդյունքում կայացված որոշումները: Այսինքն՝ ՕՀՄ դաշտը ինչ-որ չափով հանրային վերահսկողության տիրույթում էր, և քաղաքացիներն առնվազն հնարավորություն ունեին տեսնելու ներկայացված միջնորդությունների թիվը, ինչպես նաև պարզելու, թե իրենց, այսպես ասած, գաղտնի հետևելու միջնորդությունների քանի՞տոկոսն էր բավարարվում:

Դատական իշխանության տարեկան վիճակագրություններից դուրս ենք բերել դատարանի թույլտվությամբ իրականացված այդ գործողությունները՝ մինչև 2022-ը ներառյալ:

Օպերատիվ հետախուզական միջոցառումները, սակայն, հաճախ կատարվում էին նաև այն փուլում, երբ դեռևս  քրեական գործ հարուցված չէր լինում, ուստի՝ դրանք վարույթ ներմուծելը որոշակի դժվարություններ էր առաջացնում իրավական առումով։

2022 թվականի հուլիսին ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումները  դարձան, այսպես ասած, գաղտնի քննչական գործողություններ, և դրանք որպես ապացույց օգտագործելն այլևս խնդրահարույց չէ։

Ներկայում գործող Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գաղտնի քննչական գործողություններն են․

1) ներքին դիտումը,

2) արտաքին դիտումը,

3) նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը,

4) թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը,

5) ֆինանսական գործարքների վերահսկումը,

6) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը:

Նշենք, որ թեև գաղտնի քննչական գործողությունների անվանումների մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել՝ դրանք բովանդակային առումով նույնն են, ինչ դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Դրանք կատարելու համար, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը, և դատարաններում տարվա ընթացքում քննված գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու միջնորդությունների վերաբերյալ վիճակագրություն վարվում է։

Ուսումնասիրել ենք, թե 2023-ից մինչև 2025-ը ներառյալ դատարանները գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու քանի՞ միջնորդություն են քննել։ Ըստ այդմ՝ ընդհանուր իրավասության քրեական դատարանում պատկերը հետևյալն է։

Բացի առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանից քրեական գործեր քննում  է նաև Հակակոռուպցիոն դատարանը, ուստի՝ առանձնացրել ենք նաև այս դատարանում քննված գաղտնի քննչական գործողությունների վերաբերյալ միջնորդությունները։

Բայց, ինչպես պարզվում է, դատական իշխանությունն այլևս չի հրապարակում անձանց նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու միջնորդությունների թիվը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք շարունակում են իրականացվել։

Դատական դեպարտամենտից մեզ բանավոր պարզաբանել են, որ միայն գաղտնի քննչական գործողությունների վերաբերյալ վիճակագրությունն են վարում։ Ստացվում է՝ այլևս անվերահսկելի է օպերատիվ հետախուզական գործունեության ոլորտը, և ոչ ոք չգիտի՝ որքան  միջնորդություններ են ներկայացվում դատարաններ և որքանը՝ բավարարվում։

Ազգային անվտանգության ծառայություն, Հակակոռուպցիոն կոմիտե և Քննչական կոմիտե ուղարկված հարցումներով խնդրել ենք հայտնել, թե 2023-ից մինչև 2025-ը ներառյալ դատարանի թույլտվությամբ իրականացվող ՕՀՄ-ներ իրականացնելու վերաբերյալ քանի՞ միջնորդություն են ներկայացրել դատարան, բայց, ինչպես պարզվում է, այս տվյալները գաղտնագրված են։

ԱԱԾ-ից հայտնում են.

Ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկությունները «ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ չեն կարող տրամադրվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից հետևյալ պատասխանն ենք ստացել.

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով դատարան ներկայացվող միջնորդությունների վերաբերյալ տեղեկատվությունը «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահի 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 24-Լ հրամանով ներառված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում»։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ իրենք օպերատիվ հետախուզական միջոցառումներ չեն իրականացնում:

Ստացվում է՝ հանրային վերահսկողություն կարող է իրականացվել միայն քրեական վարույթների նկատմամբ, իսկ թե վարույթից դուրս քաղաքացիների նկատմամբ ինչ միջոցառումներ են իրականացվում, դրանք ինչ նպատակ են հետապնդում, որևէ մեկին հասանելի չէ և հանրային վերահսկողությունից առհասարակ դուրս է մնում։

Փաստաբան Երեմ Սարգսյանն այստեղ ռիսկեր է տեսնում՝ հատկապես Հայաստանի նման երկրում, որտեղ իրավապահ համակարգն, ըստ փաստաբանի, հաճախ ընկալվում է որպես քաղաքական իշխանության ցանկություններն իրականացնող։ Նման պայմաններում, Սարգսյանի խոսքով, հանրային վերահսկողության մակարդակը պետք է առավել բարձր լինի։

Ըստ փաստաբանի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության գաղտնագրումը իրավաչափ է, քանի որ այն կարող է պարունակել պետական գաղտնիք և առնչվել ազգային անվտանգության շահերին, սակայն տվյալ դեպքում խոսքը կարող է վերաբերել բացառապես դրա բովանդակությանը։

«Գաղտնագրվել կարող է այն, թե ում նկատմամբ, ինչ հիմքով և ինչ կոնկրետ միջոցառում է իրականացվել, ինչպես նաև՝ դրա արդյունքները։ Իսկ ընդհանուր վիճակագրությունը չի կարող համարվել պետական գաղտնիք։ ՕՀՄ-ների վերաբերյալ ներկայացված միջնորդությունների քանակը, դրանցից քանիսն են բավարարվել կամ մերժվել, տրամաբանորեն չի կարող գաղտնագրվել։ Դրանց գաղտնագրման որևէ տրամաբանական բացատրություն չի կարող լինել»,- համոզմունք է հայտնում փաստաբանը՝ դիտարկելով, որ  խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես, մասնավոր կյանքի և հաղորդակցության գաղտնիության սահմանափակումներին, իսկ նման միջոցառումները պետք է գտնվեն ոչ միայն դատական, այլ նաև հանրային վերահսկողության ներքո՝ չարաշահումների ռիսկը նվազեցնելու համար։

Այսպիսով՝ ինչպես վերը նշեցինք, անձանց կարելի է գաղտնալսել կամ գաղտնի հետևել, երբ առկա է քրեական վարույթ և իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ, ինչպես նաև քրեական վարույթից դուրս, երբ օպերատիվ գործունեության ընթացքում որոշակի տվյալների հիման վրա օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում անձի նկատմամբ։

Օրենքով օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեն մի շարք մարմիներ՝ ԱԱԾ Ոստիկանություն, Հակակոռուպցիոն կոմիտե, Պաշտպանության նախարարություն, ՊԵԿ և այլն, սակայն այս գործիքակազմը լայնորեն կիրառող մարմիններն  են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն:

Օպերատիվ հետախուզական գործունեությունը երկու հիմնական ուղղություններով է տարվում՝ ազգային անվտանգության՝  հետախուզություն, հակահետախուզություն, որի վրա չի տարածվում ժողովրդավարական վերահսկողությունը և իրավապահ նպատակով՝  հանցագործությունների կանխում, կանխարգելում, վարչաիրավական նպատակներ (օրինակ՝  ծառայողական առաջխաղացման դեպքում  կամ երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ցանկանում է ստուգել որևէ պաշտոնատար անձի վերաբերյալ տվյալ):

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի դիտարկմամբ, եթե գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները վարույթի շրջանակներում ինչ- որ փուլում հասանելի են դառնում անձին, ապա օպերատիվ հետախուզական միջոցառումների դեպքում այս խնդիրն առավել բարդ է, անձն այդպես էլ կարող է տեղյակ չլինել, որ իր վերաբերյալ որոշակի տվյալներ են հավաքվել, չի կարող հասկանալ՝ դրանք հավաքվել են օրենքով սահմանված կարգով և դեպքերով, թե կամայականորեն՝ պրոֆիլակտիկ, կանխավարկածով, որ, գուցե դրանք ինչ-որ պահի պետք կլինի օգտագործել անձի դեմ։

Ղազարյանն ասում է՝ երբ ԱԱԾ-ն գաղտնիության ռեժիմով է աշխատում և զբաղված է հետախուզությամբ, նորմալ է, բայց երբ գաղտնիության ռեժիմով նաև քրեական հետապնդում է իրականացվում՝ առանց վերահսկողության, այստեղ խնդիր կա:

Ըստ փորձագետի՝ այս երկու ուղղությունների իրավական կարգավորումները պետք է որոշակիորեն բաժանված լինեն իրարից և ԱԱԾ-ն քրեաիրավական նպատակներում օպերատիվ հետախուզական միջոցառում չիրականացնի, բայց Հայաստանում օպերատիվ հետախուզական գործունեությունը հիմնական կենտրոնացված է հենց ԱԱԾ-ի ներսում։

«Օրինակ՝ որպեսզի  քննիչը  գաղտնալսում անի, դիմում է ոչ թե իրավապահ մարմնին, տվյալ դեպքում՝ Ոստիկանությանը, այլ  ԱԱԾ-ին։ Մինչդեռ Ոստիկանության կազմում գաղտնալսումների համակարգ պետք է լինի, որ իրավապահ մարմինները չդիմեն ազգային անվտանգության մարմնին, այլ դիմեն իրավապահ մարմնին»,- նշում է փորձագետը:

Վարչապետը չի նշանակում Ոստիկանության օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին

Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։ Հաճախ, երբ պարզվում է, որ վարչապետը մանրամասն տեղեկացված է կոնկրետ գործով կամ կոնկրետ անձի վերաբերյալ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին, դա մեկնաբանվում է այնպես, որ ԱԱԾ-ն ենթակա է վարչապետին, ուստի նա կարող է այդ տեղեկատվությունը ունենալ։
Փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով սա պարզ մանիպուլյացիա է։ Սարգսյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը վարչապետին նման ուղղակի լիազորություն չի տալիս։

Այսպես՝  Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորվում է համապատասխան օրենքով, որը սահմանում է՝
• միջոցառումներ իրականացնող մարմինները,
• դրանց իրավասությունները,
• վերահսկողության ձևերը։

Այս համակարգում վարչապետը չի հանդիսանում ո՛չ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ո՛չ էլ քրեական վարույթ իրականացնող սուբյեկտ։

Ըստ փաստաբանի՝ ՕՀՄ արդյունքներին ուղղակի հասանելիություն ունեն միայն գործընթացային սուբյեկտները՝ օպերատիվ մարմինները, քննիչը, դատախազը, դատարանը և օրենքով նախատեսված այլ անձինք, իսկ վարչապետի լիազորությունները կրում են քաղաքական և վարչական բնույթ, ոչ թե՝ գործընթացային։

«Ազգային անվտանգության ծառայությունը ենթակա է վարչապետին ինստիտուցիոնալ առումով, այսինքն՝ գտնվում է գործադիր իշխանության համակարգում և հաշվետու է նրան։ Սակայն սա վերաբերում է վարչական ենթակայությանը, ոչ թե օպերատիվ տվյալների ազատ հասանելիությանը։ Վարչապետը կարող է ստանալ միայն ընդհանուր կամ զեկուցողական տեղեկատվություն պետական կառավարման շրջանակում, սակայն դա չի հանդիսանում ՕՀՄ արդյունքների գործընթացային հասանելիություն։ Այլ կերպ ասած՝ վարչապետը չունի ՕՀՄ արդյունքներին անմիջական իրավական հասանելիություն․ հնարավոր է միայն սահմանափակ ինստիտուցիոնալ տեղեկացվածություն»,- նշում է Երեմ Սարգսյանը։

ԱԱԾ-ն բովանդակային առումով վարչապետին հասանելի է դարձնում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները, թե ոչ,  մենք պնդել չենք կարող, բայց փաստ է, որ վարչապետը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Ոստիկանության համակարգում ՕՀՄ իրականացնող մարմինը սկսի գործել։

Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում, մատնացույց անելով ՕՀԳ մասին օրենքը, նշում է, որ այդ համակարգը օրենքով փաստացի ստեղծվել է դեռևս 2021-ին, բայց օրենքում մի վերապահում է արվել. կառույցը կսկսի աշխատել, երբ վարչապետը նշանակի դրա ղեկավար, իսկ վարչապետը 2021 թվականից չի նշանակում այդ կառույցի ղեկավարին, այսպիսով՝ համակարգը ևս չի գործում։

Այսպես՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածում 2021-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ 

  1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը ոստիկանության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անցկացվում է` Գլխավոր վարչության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության, պետական պահպանության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների և Գլխավոր վարչության կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:

Օրենքով սակայն, սահմանվել է, որ այս փոփոխությունն  ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը, իսկ վարչապետը, փաստորեն, մոտ 5 տարի է՝ պետին չի նշանակում։ Նման պայմաններում կարող ենք ենթադրել, որ վարչապետը ցանկություն չունի հիմքեր ստեղծելու, որպեսզի իրեն ենթակա մարմնից՝ ԱԱԾ-ից  վերցվի այս գործառույթն ու այն իրականացնի Ոստիկանությունը։

Արա Ղազարյանը վարչապետի աշխատակազմ այս առնչությամբ հարցում է ուղարկել ու պարզաբանում խնդրել, սակայն բովանդակային պատասխան չի ստացվել։

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՕՀՄ-ները կենտրոնացված են ԱԱԾ-ի ձեռքում, դրանց քանակական տվյալները չեն հրապարակվում, դրանք կարող են և հասանելի չլինել քաղաքացիներին, քանի դեռ օպերատիվ մարմինը քրեական վարույթ նախաձեռնելու հարցով չի դիմել քննչական մարմիններին։

Իսկ արդյոք այն դեպքում, երբ դրանք հասանելի են դառնում քաղաքացիներին, փաստվում է, որ դատարաններն օրինական ու պատճառաբանված որոշումներ են կայացնում:

Փաստաբան Երեմ Սարգսյանը մի քանի առանցքային,  համակարգային խնդիր է մատնանշում:

  1. Դատարանների կողմից միջնորդությունների գրեթե ավտոմատ բավարարում

Ըստ փաստաբանի՝ բավարարման բարձր տոկոսները վկայում են, որ դատական վերահսկողությունը հաճախ կրում է ձևական բնույթ։

  1. Անբավարար հիմնավորված միջնորդություններ

ՕՀՄ կիրառման անհրաժեշտությունը հաճախ ներկայացվում է ընդհանուր ձևակերպումներով՝ առանց բավարար փաստական հիմքերի։

«Հաճախ ՕՀՄ կիրառելու անհրաժեշտությունը ներկայացվում է ընդհանուր ձևակերպումներով՝ առանց կոնկրետ փաստական  տվյալների, ինչը հակասում է անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին»,- նշում է Երեմ Սարգսյանը՝ հավելելով նաև, որ վերջերս Վճռաբեկ դատարանը շատ վտանգավոր նախադեպերով առավել խրախուսել է այս գործելաոճը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն այլևս միանգամայն  բավարար է համարում օպերատիվ աշխատակցի  հասարակ զեկուցագիրը, որում նշում է, թե օրինակ՝ իբրև օպերատիվ տվյալներ է ստացել այս կամ այն պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու մասին և դատարանին միջնորդում է թույլատրել այդ պաշտոնատար անձի նկատմամբ ներքին դիտում իրականացնել կամ հեռախոսազանգերը գաղտնալսել։

Ըստ Սարգսյանի՝ օպերատիվ աշխատակիցը կարող է լինել և՛ բարեխիղճ, և՛ անբարեխիղճ, բայց Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշման պայմաններում օպերատիվ հետախուզական գործունեության նկատմամբ  դատական վերահսկողությունն այլևս անիմաստ ու ձևական է դառնում:

  1. Պաշտպանության կողմի սահմանափակ հասանելիություն


Պաշտպանը նաև նշում է, որ գաղտնիության ռեժիմի պատճառով պաշտպանությունը հաճախ չի կարող արդյունավետորեն ստուգել ՕՀՄ օրինականությունը, ինչն, ըստ Սարգսյանի, խաթարում է մրցակցային դատավարության սկզբունքը։

Անձն իրավունք ունի իմանալ իր վերաբերյալ հավաքվող տեղեկությունների մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է տարիներ առաջ առնչվել իր վերաբերյալ օպերատիվ տվյալներ հավաքելու խնդրին։ Նա  պատահաբար հայտնաբերել է, որ իր և իր ղեկավարած կազմակերպության վերաբերյալ  ԱԱԾ-ն տվյալներ է հավաքել: Դիմել է կառույցին՝ փորձելով պարզել, թե  ի՞նչ տվյալներ են հավաքել ու խնդրել դրանք տրամադրել իրեն, բայց այդպես էլ նրան չի հաջողվել որևէ ընթացակարգի միջոցով շարժվել դեպի իրավունքի պաշտպանություն, որովհետև ԱԱԾ-ն ոչ հերքել է նրա վերաբերյալ տվյալներ հավաքելու հանգամանքը, ո՛չ էլ տրամադրել նրա վերաբերյալ տվյալները: Սաքունցը դիմել է դատարան՝ խնդրելով, որպեսզի դատարանը կառույցին պարտավորեցնի տրամադրել  տեղեկությունը, սակայն դատարանը մերժել է:

Ստացվում է՝ իմանալով որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի և իր վերաբերյալ տվյալներ է հավաքվում, այդպես էլ չի կարողացել հասկանալ՝ ինչ տվյալներ, արդյո՞ք դրանք անհրաժեշտաբար են հավաքվել, եթե ոչ, արդյո՞ք դրանք ոչնչացվել են, թե՞ ոչ։

Արա Ղազարյանն է մեզ հետ զրույցում հիշում է Սաքունցին առնչվող պատմությունն ու շեշտում՝  Օպերատիվ հետախուզական գործողության մասին օրենքի 6-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը:

Հոդվածով սահմանվում են օպերատիվ հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերի և փաստաթղթերի հրապարակայնության կանոնները:

Մասնավորապես՝ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 

  1. Յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը: Օրենքով սահմանվում են նաև բացառություններ:

Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում և ժամկետում, եթե անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք ոչնչացվում են:

ՀՀ սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն էլ՝ 

  1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:

Արա Ղազարյանը նկատում է. որպեսզի անձը պահանջի, որ իր վերաբերյալ տվյալները վերացվեն, նախ պետք է տեղեկացվի, որ դրանք հավաքվել են, բայց, փաստացի, նրան տեղեկացնելու ընթացակարգ նախատեսված չէ:

Այս հարցի լուծումն, ըստ Արա Ղազարյանի այն է, որ, ինչպես շատ եվրոպական երկրներում,  Հայաստանում ևս պետք է ստեղծվի մի մարմին, որը կունենա մանդատ՝ դիմելու ՕՀՄ իրականացնող կառույցներին և պարզելու, թե արդյոք իրեն դիմած քաղաքացու վերաբերյալ տվյալներ առկա են, թե՞ ոչ, ստուգելու՝ արդյոք դրանք օրինակա՞ն են հավաքվել, թե ոչ և եթե այլևս դրանք անհրաժեշտ չեն, պետք է ոչնչացվեն:

Գաղտնի քննչական գործողություններն ու ՕՀՄ-ները ոչ թե բացառություն, այլ՝ օրինաչափություն

Վերջին մոտ մեկ տարվա ընթացքում Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն տարածելիս նաև մի շարք ձայնագրություններ են հրապարակել, ինչպես օրինակ՝ Քննչական կոմիտեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով՝ փորձելով հանրության մեջ վստահություն ձևավորել, որ «Սրբազան պայքար շարժման» անդամները Հայաստանում ահաբեկչություն էին նախապատրաստում: Պաշտպանները պնդում են, որ ձայնագրությունների բովանդակությունը մոնտաժված է և կոնտեքստից կտրված:

2025-ի հոկտեմբերին գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման հավաքից հետո Քննչական կոմիտեն հրապարակեց ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ էին: Խոսակցություններից մեկում շոշափվում էր այն հարցը, որ գումարը տրամադրելու հարցը «Սամվել հոպարի Գևորիկն» է կազմակերպում:

Այս դրվագը լսող քաղաքացիներից շատերի մոտ «Սամվել  հոպարը» կարող էր ընկալվել որպես Սամվել Կարապետյան, բայց ձայնագրության «Սամվել հոպարն», իրականում Սամվել Կարապետյանը չէ:

Հետաքրքիր զուգադիպությամբ օրեր առաջ՝ այս անգամ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում կրկին ձայնագրություն հրապարակվեց քաղաքացիներին Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից գումար բաժանելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ: Այս դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մի ձայնագրություն, որում ասվում է, թե Ալիկը 20 000-ական դրամներ է տվել՝ ջինսեր գնելու համար: Այս դեպքում ևս Ալիկը կարող է ասոցացվել «Ուժեղ Հայաստան» անդամ Ալեքսան Ալեքսանյանի հետ, մինչդեռ ձայնագրության Ալիկը նա չէ:

Այսինքն՝ նույնիսկ եթե համարենք, որ ձայնագրություններն իրական խոսակցություններից են և կարող են հաստատել ենթադրյալ ընտրակաշառքի դրվագը, վարույթն իրականացնող մարմինները միտումնավոր հրապարակում են այնպիսի հատվածներ, որոնք ապակողմնորոշում են լսողին։

Իսկ արդյոք օրինաչափ է՝ անձանց գաղտնալսելը յուրաքանչյուր գործով։ Արա Ղազարյանն ընդգծում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներն անձնական կյանք առավել ներխուժող բնույթի քննչական գործողություն են և դրանք պետք է օգտագործվեն ոչ թե որպես բացառություն, այլ որպես ծայրահեղ միջոց, երբ առավել նվազ ներխուժող միջոցները օգտագործվում են և  արդյունք չեն տալիս։ 

«Ես ունեցել եմ քրեական գործեր, որ հենց սկզբից անցել են գաղտնալսման, և ես դատարանում հարց եմ բարձրացրել, թե ինչու են միանգամից գաղտնալսումով սկսել աշխատել՝ մինչև մյուս միջոցները սպառելը։ Դա կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ  հրատապություն է պահանջում․ ասենք՝ մարդուն առևանգել են, և մենք միանգամից սկսում ենք գաղտնալսել, որպեսզի պարզենք ծանոթությունների շրջանակը, բայց երբ սովորական գործով է կատարվում գաղտնալսումը՝ որպես հիմնական քննչական գործողություն՝ հարց է բարձրանում․ իսկ ու՞ր է համաչափության սկզբունքը»,- դիտարկում է Ղազարյանը։

Փաստաբանը նաև հարց է բարձրացնում, որ անորոշ է, թե ինչպես են կարգավորվում  հարաբերություններն ինտերնետային ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ օպերատորների հետ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն ամեն անգամ պետք է օպերատորներին դիմի՞ գաղտնալսում իրականացնելու համար,  եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով պետք է դիմի, որպեսզի, օրինակ WhatsApp-ով հեռախոսային խոսակցություն լսի կամ ինտերնետում օպերատիվ աշխատանք կատարի։ Այս հարցերի պատասխաններն,  ըստ Ղազարյանի, պարզ չեն, քանի որ սահմանված ընթացակարգեր չկան կամ եթե կան, ապա դրանք ԱԱԾ-ի ներքին գերատեսչական ակտեր են, գաղտնագրված են և չեն հրապարակվում։

Այսպիսով՝ կարող է պատահել՝ մեզ բոլորիս են հետևում, և մենք հնարավորություն չունենք պարզելու՝ օրինական են հետևում, թե՝ ոչ, ինչպես նաև պահանջելու, որպեսզի ոչնչացնեն մեր վերաբերյալ տվյալները։

 

Արաքս Մամուլյան