Սահմանին՝ ճամպրուկներով փող, օնլայն՝ միլիարդավոր կրիպտո․ ինչպե՞ս է փոխվում ընտրությունների ստվերային ֆինանսավորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.05.2026 | 20:04Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հսկայական գումարներ են ծախսում։ Ո՞վ և ինչպե՞ս է ֆինանսավորում կուսակցություններին։ Մի կողմից կանխիկը՝ «ճամպրուկներով փողերն» ու բանկային փոխանցումներն են, որ տեսանելի և որոշ չափով վերահսկելի են, մյուս կողմից անտեսանելի փողն է՝ կրիպտոարժույթը, որը գրեթե դուրս է վերահսկողությունից։
Մինչդեռ, փորձագետների գնահատմամբ, Հայաստանում կրիպտոշուկայի տարեկան շրջանառությունը հասնում է 10 մլրդ դոլարի։
Կրիպտոյի ի՞նչ կարգավորումներ են գործում այսօր, որքանո՞վ են պետական կառույցները վերահսկում դաշտը և կարո՞ղ են, արդյոք, կրիպտոարժույթով փոխանցվող խոշոր գումարներն իրական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։ Այս հարցերի պատասխանները կփորձենք գտնել Factor TV-ի փաստաքննությունում։
Անտեսանելի փողի հմայքը
Հայաստանում օրենքը սահմանում է հստակ կանոններ՝ քարոզչության բոլոր ծախսերը պետք է կատարվեն բացառապես նախընտրական հիմնադրամներից և անկանխիկ եղանակով (ԱԺ ընտրությունների դեպքում հիմնադրամների առավելագույն չափը 800 մլն դրամ է)։ Սակայն քաղաքական իրականությունը հաճախ ավելի ճկուն է, քան օրենքը։
Գումարները միշտ էլ գտնում են իրենց ճանապարհը։ Եվ այսօր այդ ճանապարհն ավելի ու ավելի հաճախ անցնում է կրիպտոարժույթի միջոցով։ Իսկ կրիպտոարժույթի հետ կապված ինչպիսի՞ կարգավորումներ ունի մեր պետությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի ապրիլինի Կառավարության նիստում հարցադրում է արել․ «Մեր երկրի տնտեսական համակարգում կրիպտոարժույթն ի՞նչ է։ Մարդն իրավունք ունի՞ ունենալ կրիպտոարժույթ, թե՞ չէ»:
2025-ին ընդունվեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, սահմանվեց «կրիպտոակտիվ» հասկացությունը։

Արդեն այսօր, համաձայն Կրիպտո տնտեսվարողների միության՝ 450 հազար քաղաքացի օգտվում կամ գոնե մեկ անգամ օգտվել է կրիպտոարժույթից։
Հավանաբար, կանխատեսելով ընտրությունների վրա կրիպտոհոսքերի հնարավոր ազդեցությունը՝ սահմանափակումները սկսեցին կիրառվել արդեն 2026-ի հունվարից․ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով սահմանափակվեց կրիպտոակտիվներով գործարքների իրականացումը։ Այնուհանդերձ, կրիպտոյի կանխիկացման հնարավորությունն ընտրությունների փուլում վերջնականապես չփակվեց․ մինչև 300 հազար դրամի կրիպտոարժույթը կարելի է գնել և վաճառել կանխիկով (2027-ի հունվարից բոլոր գործարքները պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով)։ Ընդ որում՝ չկա գործարքների քանակի որևէ սահմանափակում․ այսինքն՝ կարելի է շրջել կրիպտոյի փոխանակման կետերում և անվերջ 300 հազարական դրամներ կանխիկացնել։
Իսկ ինչքա՞ն է կրիպտոարժույթի կանխիկացման ծավալը մեր երկրում, և ինչքա՞ն է ստվերը։ Պարզվում է՝ նման տվյալներ պետական կառույցները չունեն։
Կենտրոնական բանկը խոստովանում է՝ քանի դեռ ոլորտն ամբողջությամբ չի լիցենզավորվել, չկան նաև կրիպտոակտիվների կանխիկացման ծավալների տվյալներ, չկան ստվերի հստակ գնահատականներ։ Ավելին, ապրիլի դրությամբ՝ դեռևս ոչ մի ընկերություն չի դիմել լիցենզիայի համար։
Մինչդեռ ոլորտում գործող ընկերությունները 2026-ի հունվարի 31-ից մեկ տարվա ընթացքում պետք է լիցենզավորվեն ԿԲ-ում, այլապես իրավունք չեն ունենա աշխատելու։
Թե որքա՞ն է կրիպտոյի շրջանառությունը Հայաստանում, տվյալների չի տիրապետում նաև ՊԵԿ-ը, թեև 2024-ի հունիսին Կառավարությունը ՊԵԿ-ին 583,5 մլն դրամ է հատկացրել «Chainalysis Reactor» ծրագիրը ձեռք բերելու համար (Chainalysis-ն ամերիկյան ընկերություն է, որը զբաղվում է բլոկչեյնի և կրիպտոարժույթների վերլուծությամբ – հեղ․)։ Դրա միջոցով հնարավոր է վերահսկել ոլորտը, բացահայտել կասկածելի գործարքները, նույնականացնել գործարքների իրական շահառուներին և այլն։ Կառավարության որոշումից անցել է 1 տարի 8 ամիս ժամանակ․ Factor TV-ն ՊԵԿ-ից պարզել է՝ ծրագիրը չի գնվել, հետևաբար, վերահսկում չի իրականացվում։


Մինչդեռ, շուկայի մասնակիցների, փորձագետների հաշվարկներով՝ 2025 թվականին Հայաստանում կրիպտոարժույթի շրջանառվող գումարը շուրջ 10 մլրդ դոլար է եղել, ոլորտում գործում են մոտ 30 միջին ու խոշոր և 100-ից ավելի մանր ընկերություններ։
Սա նշանակում է մի պարզ բան․ կրիպտոարժույթի շուկան թափանցիկ չէ պետության համար, հետևաբար, դժվար վերահսկելի է։ Իսկ սա նշանակում է՝ կա ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորման և ընտրությունների արդյունքների վրա ազդելու լայն հնարավորություն։

Ճամպրուկներից դեպի թվային փոխանցումներ
2026-ի մարտից կանխիկ գումարների տեղաշարժի մասով հսկողությունը խստացվել է։ Սա, թերևս, պատահական չէ։ Այս տարվա միայն առաջին 2 ամիսներին Հայաստան կանխիկի ներմուծման մոտ 450 դեպք է բացահայտվել՝ շուրջ 59,5 մլն դոլարին համարժեք գումարի չափով։
Մարտ-ապրիլին ՊԵԿ-ը ևս 9 դեպք է բացահայտել՝ ընդհանոււր 133 մլն ռուբլու չափով։ Վերջին դեպքն օրեր առաջ էր՝ փորձել էին 72,6 մլն ռուբլի Ռուսաստանից ինքնաթիռով տեղափոխել Հայաստան ու բռնվել էին։ Նրանք չեն կարողացել հիմնավորել ճամպրուկներով իրենց բերած փողի ծագման աղբյուրը։ Այսինքն՝ դրանք ապօրինի են եղել։
Ընդ որում, ապօրինի կանխիկի խոշոր հոսքերի խնդիրը վերաբերում է ԵՏՄ երկրներին՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, քանի որ այլ երկրներից Հայաստան եկող 10 հազար դոլարից ավելի կանխիկ գումարը պարտադիր հայտարարագրվում է:
Ապօրինի կանխիկ գումարներ ներկրողներին՝ իրենց բերած միլիոններով հանդերձ, վերադարձրել են հետ։ Կարելի է ենթադրել, որ այդ գումարների տերերը փորձելու են գտնել այլ ուղիներ՝ իրենց նպատակին հասնելու համար։
Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես է եկել ուշագրավ կանխատեսմամբ։ Թեև Ծառայությունը նշում է, որ կրիպտոշրջանառության չափը պարզելն իր իրավասությունից դուրս է, սակայն նախընտրական փուլի վերաբերյալ ԱՀԾ գնահատականները խիստ մտահոգիչ են․ «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանակում անօրինական ֆինանսավորման սխեմաներում կրիպտոարժույթների օգտագործման ծավալները կաճեն։ Սա պայմանավորված է ապօրինի ֆինանսավորման այլ ձևերի նկատմամբ խստացված հսկողությամբ»։
Սա նշանակում է, որ քանի դեռ ՊԵԿ-ը «ճամպրուկների» որս է անում սահմանին, քաղաքական ստվերային միջոցները տեղափոխվում են թվային տիրույթ, որտեղ, ըստ Արտաքին հետախուզության ծառայության, կրիպտոարժույթների կիրառությունը կշարունակվի՝ «բարձր քողարկում պահանջող գործողությունների հետագծելիությունը բացառելու նպատակով»։
Ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Պետական հետախուզական գլխավոր կառույցը փաստացի ընդունում է՝ քաղաքական ուժերը կրիպտոն օգտագործում են որպես «անտեսանելիության թիկնոց»։ Երբ բանկային փոխանցումները վերահսկվում են, իսկ ապօրինի կանխիկը՝ բռնվում, կրիպտոարժույթն է դառնում «անվտանգ» խողովակ՝ դրսից եկող փողերը քողարկելու համար։
«Կրիպտոարժույթը թույլ է տալիս ընդհատակյա վճարումներ իրականացնել, խոշոր գումարները հատկապես, որ բանկային վերահսկողությամբ չերևա, կրիպտոարժույթն ամենալավ ձևերից է։ Իհարկե, հետո առաջանում է խնդիր, որ պետք է կանխիկացվի ինչ-որ ձևով, բայց այդտեղ էլ սխեմաներ կան։ Այլ հարց է, մանր ընտրակաշառքը կարելի՞ է կրիպտոյով անել, թե՞ ոչ։ Բայց ասեմ մի տարօրինակ բան․ զեղծարարները, քանի որ հենց կրիպտոարժույթով են աշխատում, մարդկանց լավ սովորեցրել են օգտվել հենց դրանից։ Ու շատ մարդիկ ունեն կրիպտոքսակները, դրամապանակները, այնպես որ՝ նույնիսկ 5-10 հազարանոց ընտրակաշառքն էլ տեսականորեն կարելի է կրիպտոյով տալ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ոլորտի ընկերությունները պարտավոր են նույնականացնել հաճախորդին ու հաշվառել գործարքները։ Թե իրականում այս կանոնն ինչքանո՞վ է պահպանվում, գնահատել հնարավոր չէ․ ոլորտը, ինչպես նշեցինք, դեռևս լիովին չի վերահսկվում։
«Կրիպտո տնտեսվարողների միություն» ՀԿ նախագահ Էդուարդ Ավետիսյանի դիտարկմամբ՝ կրիպտոն անանուն չէ․ «Այն իրականում պսևդոնիմային է։ Բլոկչեյնը, որի վրա հիմնված է կրիպտոն, ինքը լրիվ թափանցիկ է։ Դու ինչ-որ հաշվեհամար տեսնելով՝ կարող ես տեսնել իր բոլոր փոխանցումների պատմությունը, իր հետ փոխկապակցված անձանց։ Եթե, օրինակ, մի հատ հաշվեհամար պարզվեց, որ ինչ-որ կաշառքի է վերաբերվում, կարելի է տեսնել, թե ով է այդ կաշառքն ուղարկել իր հաշվին, ինքը քանի հոգու է ուղարկել, և գտնել պոտենցիալ մարդկանց, ովքեր նույնականացվել են։ Այսինքն, եթե ինչ-որ մարդիկ մտածեն, որ կարող են լայնամասշտաբ կերպով կրիպտոյով կաշառք բաժանել, հաստատ բռնվելու են ու ավելի հեշտ են բռնվելու, քան կանխիկով կաշառք բաժանելիս»։
Ուշագրավ է, որ բանկերը մեր երկրում կրիպտոարժույթների հետ հարաբերություններում «շատ զգուշավոր» են։ Չնայած 2025-ին ընդունված օրենսդրական կարգավորումներին՝ բանկերը դեռևս խուսափում են կրիպտոակտիվների հետ ուղղակիորեն աշխատելուց: Շատ հաճախ, եթե համակարգը տեսնում է տրանզակցիա դեպի հայտնի կրիպտո-հարթակներ, այն պարզապես մերժվում է, իսկ մեծ գումարների դեպքում հաշիվը կարող է նույնիսկ սառեցվել կամ միակողմանիորեն փակվել՝ այն համարելով բարձր ռիսկային։
Ուրեմն՝ ինչպե՞ս է կրիպտոարժույթով փոխանցում արվում և ինչպե՞ս է այն կանխիկացվում․ Factor TV-ն անցել է այդ շղթայով։ Փոխանցման համար անհրաժեշտ է երկու բան՝ թվային դրամապանակ և ստացողի հասցեն։ Պետք է մուտքագրել հասցեն, գումարի չափը և հաստատել գործարքը։
Գործարքը մեծ մասամբ «բռնվում» է այն ժամանակ, երբ թվային աշխարհը հատվում է ֆիզիկականի հետ։ Իսկ կրիպտոյի կանխիկացման հիմնականում 3 ճանապարհ կա.
1․ Կրիպտո-փոխանակման կետեր․ Երևանում կան բազմաթիվ գրասենյակներ, որտեղ կրիպտոարժույթը փոխանցում եք նրանց հասցեին և ստանում կանխիկ՝ մինչև 300 հազար դրամի սահմանում,
2. Փոխանակում 2 անձանց միջև․ փոխանցեցիր կրիպտոն՝ ստացար կանխիկը,
3. Կրիպտո-բանկոմատներ․ Երևանի տարբեր վայրերում կան այսպիսի հատուկ տերմինալներ, որոնք թույլ են տալիս կանխիկացնել կրիպտոարժույթը։
Նկատենք, որ օրինական աշխատելու դեպքում գրասենյակները պարտավոր են պահանջել անձնագիր՝ գործարքը գրանցելու համար, իսկ խոշոր գումարների դեպքում՝ նաև դրանց ծագման աղբյուրը։ Սակայն, կրկնենք, լիցենզավորված ընկերություն դեռ չկա, այսինքն՝ վերահսկողություն նույնպես չկա։
Թեև ընտրողներին ընտրակաշառքը համատարած կրիպտոարժույթով բաժանելը ռեալ չէ, սակայն կա կրիպտոն կանխիկացնող գործակալների մեխանիզմը, որն արդեն փորձված է․ այն ակտիվորեն կիրառվել է 2025 թվականին Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Մոլդովական սցենար. հիբրիդային պատերազմի «թվային» զենքը
Հայաստանը կարող է դառնալ Մոլդովայի «կրկնությունը»։ Քանի որ այդ երկրի իրավապահները փակել էին անօրինական փողի ներմուծման ավանդական ուղիները, գործի էր դրվել կրիպտոարժույթը։ Միայն մեկ կրիպտոդրամապանակում, որ բացահայտել էր Մոլդովայի Ազգային հակակոռուպցիոն գործակալությունը, պահվում էր ավելի քան 100 մլն եվրո․ միջոցներ, որոնք օգտագործվել էին ֆեյքերի ֆինանսավորման, կեղծ լրատվամիջոցների, բողոքի ցույցերի և ընտրակաշառքի համար։
Մոլդովայի WatchDog.MD վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ գումարը ռուսական բանկերից վերածվում էր կրիպտոարժույթի (հիմնականում թվային արժույթի՝ USDT-ի), իսկ տեղում կանխիկացվում «գործակալների» միջոցով։ Այսինքն՝ բացահայտվելու դեպքում պատասխանատվություն առաջին հերթին կրում է այդ գործակալը, ոչ թե պատվիրատուն կամ այն ընտրողը, որը վաճառել է իր ձայնը։
Factor TV-ի հետ զրույցում Մոլդովայի WatchDog վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրեյ Կուրարարուն նշել է, որ կրիպտոարժույթի ազդեցությունը եղել է տարբեր մակարդակներում․ «Քանի որ այս գումարը ոչ միայն օգտագործվել է ձայներ գնելու համար, այլև ապատեղեկատվության առցանց քարոզարշավներ կառավարելու, Մոլդովայում ռուսամետ կուսակցությունները ֆինանսավորելու, տարբեր, այսպես կոչված, սոցիալական նախագծերին նպաստելու համար, որոնք հատկապես Իլան Շորն էր իրականացնում Մոլդովայում։ Ֆինանսավորել այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր աշխատում են հեռուստաընկերություններում, որոնք պատկանում են կամ, ենթադրաբար, պատկանում են այս օլիգարխներին, որոնք հիմա թաքնվում են Ռուսաստանում»։
Ընդ որում, WatchDog-ի գնահատականով՝ այդ ապօրինի փողերի մինչև 60%-ը գրպանվել է, այսինքն, ըստ էության, նաև ներքին կոռուպցիա է եղել։ Ֆինանսական տեսանկյունից, փորձագետի կարծիքով, Հայաստանն ավելի բարդ իրավիճակում է։
«Ձեր տարածքում գործող ռուսական բանկեր կան, ինչը դա դարձնում է գրեթե անսահմանափակ հնարավորություն ընտրողներին կաշառելու համար։ Մի ենթադրեք, որ այն, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, չի կարող կրկնվել Հայաստանում։ Ոչ ոք ապահովագրված չէ։ Ռուսական հիբրիդային պատերազմը բոլորի դեմ է իր շրջապատում»,- նշել է մոլդովացի փորձագետը։
Այսպիսով՝ ի՞նչ պարզեց մեր փաստաքննությունը․
1․ Իրավական կարգավորումներն ընդունվել են, բայց գործնականում դեռևս միայն թղթի վրա են,
2․ Կրիպտոակտիվները վերահսկելու գործիքի համար հարյուրավոր միլիոնները տրամադրվել են, բայց ՊԵԿ-ը գործիքը դեռևս չի գնել և չի վերահսկում դաշտը,
3․ Արտաքին հետախուզության ծառայությունն ինքն է բարձրաձայնում խորհրդարանական ընտրությունների շրջանակում կրիպտոարժույթների օգտագործման ծավալների աճի ռիսկը։
Ստացվում է՝ ներկայիս քարոզարշավն ընթանում է մի կողմից՝ ճամպրուկներով ներկրվող կանխիկ փողի, մյուս կողմից՝ կրիպտոարժույթի անվերահսկելի հոսքի պայմաններում, որ դարձել է իրական հիբրիդային զենք՝ մեկ կոճակի սեղմումով անցնելով սահմաններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գայանե Խաչատրյան