Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.04.2026 | 17:50Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով
50-րդը՝ 34-ի փոխարեն․ Հայաստանը նահանջ է գրանցել Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։ 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզանականը։ 2025 թվականին Հայաստանը 73,96 միավորով 34-րդ տեղում էր, 2024-ին՝ 43-րդ հորիզոնականում, իսկ 2023-ին՝ 49-րդ։ Ըստ «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Դավիթ Ալավերդյանի՝ հետընթացն ավելի լուրջ է․ «Կարծում եմ, որ 50-րդ տեղը ամբողջությամբ չի արտացոլում իրավիճակը»։
Զեկույցում գնահատականի անկումը բացատրվում է վիրավորանքի և զրպարտության հետ կապված դատական հայցերի թվով, ինչպես նաև լրատվամիջոցների վրա զսպող ազդեցություն ունեցող օրենսդրական նախագծերի աճով։
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասում է՝ նահանջն իրեն չի զարմացնում․ վարչապետը, պատգամավորները, նախարարները և այլ պաշտոնյաներ անհանդուրժողականություն են ցուցաբերում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ։
«Սա սպասելի է, բնականաբար, և ես վստահ եմ, որ իշխանության պահպանության դեպքում իրավիճակն ավելի է վատանալու, նաև ուզում եմ ընդգծել, որ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով ակնհայտորեն սահմանափակվում են լրատվամիջոցների իրավունքները և ազատությունները»,- նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Իսկ իշխանական պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ պաշտոնյաները դատարան դիմելուց բացի՝ այլ տարբերակ չեն ունենում իրենց բարի համբավը պաշտպանելու համար։ Եղոյանը նշում է՝ հետընթաց են ունեցել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Եվրոպայում։
«Աննախադեպ արդյունք էինք գրանցել, որ այս տարվա հետընթացը մեզ տարբերություն է թվում։ Մեծ հաշվով, սա վերադարձ է 2024 թվականի իրավիճակին»,- ասում է ՔՊ-ական պատգամավորը:
Զեկույցում այս տարի ևս նշված են հայաստանյան չորս լրատվամիջոցներ՝ Factor TV-ն, Civilnet-ը, Hetq-ը և Azatutyun-ը, որոնք կատարում են անկախ վերահսկողի՝ watchdog-ի դեր, որը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ճնշման ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հարցում։
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Եվրամիության անդամ 27 երկրներից 7-ը Հայաստանից ավելի ցածր դիրքերում են․ «Սա ոչ թե արդարացնելու համար եմ ասում, այլ ասում եմ՝ ցույց տալու համար, որ դեռ միասնական մոտեցում, եվրոպական ստանդարտ, որ ասենք՝ սա է այն ստանդարտը, որով պետությունը պետք է առաջ շարժվի, որ համարենք՝ խոսքի ազատությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, դեռ չկա»։
Ըստ զեկույցի՝ լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքի և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների ու նրանց կողմնակիցների կողմից՝ լինի խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ:
«Զազրելի են այն գրառումները, որոնք ես տեսնում է ԱԺ փոխնախագահի, իշխանական պատգամավորի կողմից, կամ մի քանի նախարարների կողմից՝ ուղղված ԶԼՄ-ների խմբագիրների, կին խմբագիրների հասցեին»,- ասում է Ագնեսա Խամոյանը։
Եղոյանը հակադարձում է՝ վիրավորական և զրպարտչական խոսք է հնչում հաճախ հենց իրենց հասցեին․ «Ասելիք ունեն, թող առանց վիրավորանքի, առավել ևս՝ բովանդակային իրենց ասելիքը ասեն։ Կա՞ սահմանափակում դրա համար, դուք տեսե՞լ եք սահմանափակում»։
Զեկույցում լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ նշումներ նույնպես կան։ Պետական տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակվում է Կառավարության կողմից, բացի այդ, պետական լրատվամիջոցները խուսափում են Կառավարությանն ուղղված ցանկացած քննադատությունից: Զեկույցում նշվում է նաև՝ սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը։
«Լրատվամիջոցները ՀՀ-ում չունեն այն միջոցները, որոնք ունեն շատ ամերիկյան և եվրոպական ԶԼՄ-ներ, սուղ միջոցներով են կարողանում իրենց գործունեությունը ծավալել։ Այս պայմաններում, երբ մի քանի միլիոնի հայց է ներկայացվում, կալանքի տակ է դրվում ԶԼՄ-ի միջոցները, դա էական վնաս է հասցնում լրատվամիջոցի գործունեությանը»,- նշեց Խամոյանը։
Դավիթ Ալավերդյանի դիտարկմամբ՝ այն երկրներում, որտեղ իշխանության են գալիս մամուլի ոլորտից եկած անձինք, հաճախ ավելի անհանդուրժող վերաբերմունք է դրսևորվում հենց մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ․ «Ես կարծում եմ, որ ժուռնալիստական համայնքը և հասարակական կազմակերպությունները իրենց հստակ խոսքը պետք է փոխանցեն իշխանություններին։ Նաև շատ մեծ հույս ունեմ, որ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական Միությունը և մյուս կառույցները, կհիշեցնեն Հայաստանի իշխանություններին, որ խոստումները պետք է կատարել, և երկիրը հստակ պետք է գնա դեպի ժողովրդավարություն, իսկ խոսքի ազատությունը ժողովրդավարության կարևորագույն ատրիբուտներից մեկն է»։
Ալավերդյանի խոսքով՝ կա անհանդուրժողականության մթնոլորտ թե՛ լրատվամիջոցների նկատմամբ, թե՛ լրատվամիջոցների կողմից քաղաքական գործիչների։ Չկա երկխոսություն, չեն մշակվում խաղի ընդհանուր կանոններ։
Քաղաքական դաշտում գնահատականները տարբեր են, սակայն փաստ է, որ ոլորտում պահպանվում են ճնշումների և անհանդուրժողականության մասին մտահոգությունները։ Ընդհանուր առմամբ, մամուլի ազատության վիճակը, ըստ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության, Հայաստանում գնահատվել է որպես «խնդրահարույց»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան