ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
Հասարակություն
03.04.2026 | 13:15
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը նախագահին՝ դատավոր նշանակելու վերաբերյալ։ Դատարանը հրապարակել է որոշումը, որում մանրամասներ են այդ գործընթացի վերաբերյալ։
2023 թվականի հոկտեմբերի 10-ի ԲԴԽ-ն կազմել և հաստատել է դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական, քաղաքացիական մասնագիտացման բաժիններով և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնով, համաձայն որի՝ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ներառվել է նաև Վազգեն Տիգրանի Սահակյանը: Վերջինս Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, նախկին նախագահ Տիգրան Սահակյանի որդին է։
Բարձրագույն դատական խորհրդի՝ 2026 թվականի մարտի 12-ի որոշմամբ ՀՀ նախագահին առաջարկվել է Վազգեն Սահակյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Որոշումը կայացվել է դռնփակ դատական նիստում և նույն օրը գրությամբ ներկայացվել է ՀՀ նախագահին: Առաջարկությանը կից ներկայացվել է թեկնածուի անձնական գործը, ներառյալ՝ թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը:
Մարտի 16-ին ՀՀ նախագահն առարկությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է վերադարձրել Բարձրագույն դատական խորհրդի՝ 2026 թվականի մարտի 12-ի որոշմամբ ներկայացված առաջարկությունն այն հիմնավորմամբ, որ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած եզրակացությունում մատնանշված՝ դատավորի թեկնածուի գույքային դրության տվյալների արժանահավատությանն առնչվող ողջամիտ հարցադրումների և պարզաբանման կարիք ունեցող փաստ-հանգամանքների հիմնավորման կամ հերքման մասով Բարձրագույն դատական խորհրդի կարծիքի բացակայության պայմաններում հնարավոր չէ օբյեկտիվ և ամբողջական դիրքորոշում ձևավորել տվյալ թեկնածուի նշանակման հիմնավորվածության վերաբերյալ:
Հանրապետության նախագահը նշել է, որ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել վերոնշյալ եզրակացությանը՝ վերջինս դարձնելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից ըստ էության ուսումնասիրման և քննարկման առարկա, և դրա արդյունքների հիման վրա վերստին քննարկել տվյալ անձի թեկնածությունը կրկին ներկայացնելու նպատակահարմարությունը:
2026 թվականի մարտի 20-ին ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գրությունը, որով կրկին ՀՀ նախագահի քննարկմանն է ներկայացվել Վազգեն Սահակյանին դատավոր նշանակելու որոշումը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքները և հավակնորդի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը: Վերոգրյալ իրավանորմից ակնհայտ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը Բարձրագույն դատական խորհրդի համար ունի խորհրդատվական բնույթ, և այն հաշվի է առնվում որակավորման գրավոր քննության ու հարցազրույցի արդյունքների հետ միասնության մեջ: Տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունն ինքնին հիմք չի հանդիսացել Վազգեն Սահակյանին՝ դատավորների թեկնածուների ցուցակում չներառելու համար»,- նշվել է գրության մեջ։
Նախագահը տվյալ դեպքում օժտված է հայեցողական լիազորությամբ․ կա՛մ առաջարկությունն ընդունել և ստորագրել դատավոր նշանակելու առաջարկությունը, կա՛մ դիմել Սահմանադրական դատարան։ Նա որոշել է դիմել Սահմանադրական դատարան, և դիմումի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը՝ Վազգեն Սահակյանին դատավոր նշանակելու վերաբերյալ, ճանաչել է Սահմանադրությանը հակասող։
Որոշմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին ներկայացվող համապատասխան առաջարկության պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունն անհրաժեշտ են.
ա. սահմանադրական մարմնի կողմից հիմնավոր որոշում կայացնելու համար,
բ. դատավորի նշանակման գործընթացն առավել թափանցիկ դարձնելու, դատավորի բարձր կարգավիճակին և առաքելությանը համապատասխան՝ վերջինիս և դատական իշխանության հեղինակությունն ապահովելու և, ըստ այդմ՝ արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու համար,
գ. Հանրապետության նախագահի առարկությունները Բարձրագույն դատական խորհրդի կողմից չընդունվելու դեպքում Սահմանադրական դատարան դիմելու լիազորության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
«Դատավորի թեկնածուի հավակնորդի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան եզրակացության առկայության պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշմամբ ներկայացվող առաջարկությունը պետք է պարունակի ոչ միայն իրավական և փաստական հիմքեր, այլև որակավորման գրավոր քննության և հարցազրույցի արդյունքների հետ համակցության մեջ վերոնշյալ եզրակացությանը նվազ նշանակություն տալու, դրանով իսկ՝ այդ եզրակացությամբ վերհանված փաստերը հաղթահարելու վերաբերյալ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, իսկ ներկայացված առաջարկությունը Հանրապետության նախագահի կողմից առարկությամբ վերադարձնելու պայմաններում այդ առարկությունը պետք է հաղթահարվի դրա փաստական և իրավական հիմքերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի փաստարկված դիրքորոշումների համադրված վերլուծություն բովանդակող համապատասխան որոշմամբ:
Պատճառաբանված որոշումն ինչպես իրավասու մարմիններին, այնպես էլ անաչառ դիտորդին պետք է հնարավորություն ընձեռի՝ վստահելու Բարձրագույն դատական խորհրդի առաջարկության լեգիտիմությանը՝ հիմք ընդունելով սահմանադրահեն այն գաղափարը, որ դատավորի նշանակման գործընթացում իրավասու մարմինների միջև առաջ եկած հարցերը չստվերեն դատավորի անբիծ հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը՝ դրանով իսկ հանգեցնելով տվյալ դատավորի և, ըստ այդմ՝ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության նվազեցմանը: Հանրության շրջանում պետք է համոզմունք ձևավորվի, որ դատավորի թեկնածուն արժանի է դատավորի բարձր կարգավիճակին և համապատասխան առաքելությունը ստանձնելուն. հակառակ մոտեցման պայմաններում կստվերվի արդարադատության լեգիտիմությունը»,- նշված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ։
ՍԴ որոշման մանրամասներն՝ այստեղ ։
Արաքս Մամուլյան