ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Լուգանսկի ազատագրման ավարտի» մասին. Ուկրաինայի ԶՈւ-ն շարունակում է պահել դրա մի մասը
Քաղաքականություն
01.04.2026 | 15:54
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ավարտել են ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) տարածքների գրավումը, գրում է Meduza-ն։
«Զորքերի «Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումներն ավարտել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը»,- ասվում է հայտարարության մեջ։
2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերին մնացել է գրավել ԼԺՀ տարածքի 0,13%-ը։
Meduza-ն նշում է, որ հրապարակային հասանելի տվյալների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսը շարունակում է պահպանել Լուգանսկի մարզի Նադիա և Նովոեգորովկա ավերված գյուղերի միջև ընկած մի փոքր տարածք։ Վերջին ամիսներին ռուսական բանակն այս տարածքում հարձակում չի սկսել։
2025 թվականի հունիսին ինքնահռչակ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտարարել էր, որ «բառացիորեն երկու օր առաջ հաղորդագրություն է ստացվել, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը 100%-ով ամբողջությամբ ազատագրված է»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի