Բոլոր երեխաները հավասար են, բայց թղթի վրա. երբ ներառական կրթությունը չի ներառում
Հասարակություն
24.03.2026 | 14:00
«Շատ ծանր էր առաջին անգամ լսել, որ երեխաս առողջական լուրջ խնդիրներ ունի։ Բժշկից բժիշկ էինք գնում հույսով՝ գուցե սխալ են ախտորոշել։ Այդ ընթացքում արդեն երկրորդ երեխային էի սպասում։ Այցերից մեկի ժամանակ նյարդաբանն էնքան աննրբանկատ ձևով ասաց․ «Այս երեխան ոչինչ չի անելու, հորը մորից չի տարբերելու…»։ Ծանր ապրումներից հենց տեղում կորցրի հղիությունս։ Դրանից հետո յոթ տարի պայքարեցի՝ մինչև կարողացա երկրորդ երեխայիս ունենալ»։

Մարիամ Պողոսյանի պատմությունն է։ Նրա երեխան ունի ծանր հաշմանդամություն։
Երեխայի մասին նման ախտորոշում լսելը ծնողների համար մեծ փորձություն է՝ սկսած երեխայի առողջության և կյանքի որակի հարցերից, մինչև մտահոգություն՝ ինչպե՞ս հասարակությունը կընդունի նրան։
Եվ, ահա, կյանքի տարբեր փուլերում երեխայի կյանք է մտնում պետությունը՝ տարատեսակ օրենսդրական կարգավորումներով։
2014 թ․-ի դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ն փոփոխություններ ու լրացումներ կատարեց «Հանրակրթության մասին» օրենքում: Ըստ այդմ՝ մինչև 2025 թ.-ի օգոստոսի 1-ը երկրում պետք է ներդրվեր համընդհանուր ներառական կրթության համակարգ:

ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը ներկայացնում է ամենաթարմ վիճակագրությունը՝ Հայաստանում. «Ունենք շուրջ 9000 երեխա, որոնք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն»:
Նրանց մեծ մասը սովորում է հանրակրթական դպրոցներում և Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ( ՏՄԱԿ) կողմից ստանում աջակցություն: ՏՄԱԿ-ների կազմում ընդգրկված են հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ, հոգեբան, անհրաժեշտության դեպքում՝ էրգոթերապիստ, այլ մասնագետներ:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից 459-ը սովորում է հատուկ դպրոցում:

ՀՀ մյուս մարզերում հատուկ դպրոցներ չկան, թեև ներառական կրթությունը ենթադրում է, որ 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաները, ծնողների ընտրությամբ, կարող են հաճախել հատուկ և ոչ թե հանրակրթական դպրոցներ, քանի որ միայն հատուկ դպրոցներն են հարմարեցված այս երեխաների կարիքներին:
Թամարա Սարգսյանը վստահեցրեց՝ ժամանակի խնդիր է, որ հատուկ դպրոցները վերածվեն ռեսուրս կենտրոնների:
2022 թ.-ին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների համաձայն՝ «հատուկ դպրոց» հասկացությունը վերափոխվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, որը կրթական ծրագրեր իրականացնելուց բացի՝ կանցկացնի մանկավարժների վերապատրաստում, խորհրդատվություն, դիցուք՝ վատ լսող երեխաների դեպքում՝ ժեստերի լեզվի ուսուցում, խելամիտ հարմարեցումներ և այլն:
-Որքա՞ն գումար է բյուջեից հատկացվում յուրաքանչյուր երեխային՝ դպրոցում խելամիտ հարմարեցումների համար,- հետաքրքրվեցինք Թամարա Սարգսյանից:
– 27 000 դրամ:
-Ամի՞սը:
-Տարին:
Սա Հայաստանում, իսկ ինչպիսի՞ն է համընդհանուր ներառական կրթությունն աշխատում տարածաշրջանի մյուս երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում: Ըստ ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի՝ «Համընդհանուր ներառական մոտեցում այդ երկու պետություններում չկա: Իրենց մոտ ավելի շատ հատուկ դպրոցների մեխանիզմն է գործում»:

«Պետությունն ասում է՝ մենք պատրաստ ենք, բայց ծնողը մտնում է դպրոց և տեսնում, որ ոչինչ պատրաստ չէ. ծնո՛ղը պիտի երեխային բերի հանրակրթական դպրոց, երեխայի հետ նստի դասի, երեխային ուղեկցի տեղից տեղ, ճաշարան, պետքարան, նստի նրա հետ դաս անի, դասերից հետո էլ, երբ առողջ երեխաները գնում են տուն, հաշմանդամություն ունեցող երեխաները մնում են դպրոցում, որպեսզի ՏՄԱԿ-ի մասնագետները գան և իրենց հետ աշխատեն: Դրանից հետո էլ երեխային պետք է տանել վերականգնողական կենտրոն… »,- իր ամենօրյա ռեժիմն է ներկայացնում Մարիամ Պողոսյանը:
«Չի արդարացնում իրեն ներառական կրթության համակարգը: Ասեմ ավելին. խանգարում է մյուս աշակերտներին: Ունեմ ծանր դիագնոզով աուտիզմով աշակերտ: Ամեն օր չի գալիս, բայց երբ գալիս է՝ բարձր ձայներ է արձակում, դասապրոցեսը ուղղակի կանգնում է: Մի օր իրավապաշտպան մի կազմակերպությունից էին եկել՝ դասը լսելու: Զարգացման խնդիր ունեցող աշակերտս բարձրացել էր պատուհանագոգին, չէինք կարողանում իջեցնել: Մի կերպ իջեցրինք, բայց դասն էլ տապալվեց: 7-րդ դասարանում աշակերտ ունեմ, եթե ուզում եմ նրանով զբաղվել, մի հինգ-վեց րոպե տրամադրում եմ, իսկ դասարանում 30 հոգի է»,- հանրակրթական դպրոցներից մեկի ուսուցիչն է, որ համաձայնեց զրուցել՝ անունը չնշելու պայմանով:

Ուսուցչի կարծիքով՝ միայն հատուկ դպրոցներն են հարմարեցված զարգացման խնդիր ունեցող երեխաների համար:
«Մեր դպրոցում երեխային անվասայլակով բերում էին, բայց դասարանից դասարան տեղափոխել, անգամ զուգարան տանելը աշակերտներն էին օգնում: Սա էլ շատ զգայուն հարց է, երբ երեխաներն են միմյանց ուղեկցում զուգարան: Աշակերտներից մեկն ուղեկցող ուներ, բայց նա էլ ողջ դասի ընթացքում ուսուցչին հավասար՝ խոսում էր երեխայի հետ: Մյուս աշակերտների ուշադրությունն էլ ուղեկցողի ձայնի վրա էր»:

Ուսուցիչը կարևորում է համընդհանուր ներառական կրթությունը, սակայն ա՛յլ մոդելով. «Իմ կարծիքով՝ հատուկ ու հանրակրթական դպրոցները պետք է կապ պահեն, միասին միջոցառումներ անեն, այցելություններ, բայց կրթության մասով առանձին ծրագրով լինեն, որ ո՛չ հատուկ երեխաները տուժեն, ո՛չ մյուս աշակերտները»:
Անի Մխիթարյանի երկու երեխաները աուտիզմ ունեն: Մեծը 10 տարեկան է, փոքրը՝ 7: «Տարել եմ Երևանի հանրակրթական դպրոցներից մեկը (համարը չեմ նշում, քանի որ երևույթը համատարած է), զուտ սոցիալիզացիայի համար, որ երեխաները լինեն առողջ երեխաների միջավայրում: Բայց ես դպրոցում անընդհատ եղել եմ իրենց հետ, որովհետև դպրոցը չունի դայակ, դաստիարակ, երեխեքին ինքս եմ տարել զուգարան»:

Եթե հաշմանդամություն ունեցող երեխան դպրոցում չունի ուղեկցող, այսինքն՝ մեկը, որը նրան կուղեկցի դասարանից դասարան, ճաշարան, զուգարան, դասապրոցեսի ընթացքում ցածր ձայնով երեխային կբացատրի ուսուցչի ասածը, այդ դեպքում, ըստ Անիի, դպրոց գնալը երեխայի համար անիմաստ է:
Պետությունն ուղեկցող տրամադրելու պարտավորություն չի ստանձնել: Ծնողը կարող է ինքը լինել իր երեխայի ուղեկցողը, սակայն նրանք էլ, հիմնականում, աշխատում են: Եվ շատ ծնողներ ստիպված դիմում են ուղեկցողների ծառայությանը:
Ուղեկցողի ամսական նվազագույն վճարը, ըստ Անի Մխիթարյանի, 150 000 դրամ է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է անձնական օգնականի ծառայությունը: Ըստ այդմ՝ «Ծառայությունը մատուցվում է հենաշարժական, տեսողության և հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց: Հաշվի առնելով այն, որ ծրագիրը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, նրանց կրթության, աշխատելու իրավունքների իրացմանը՝ ծրագրից կկարողանան օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնք աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել»։
«Քանի որ իմ երկու երեխաները արդեն հաճախում են հատուկ դպրոց, ես կարող եմ աշխատել. ինքս ներկա պահին ուղեկցող եմ. աուտիզմով երեխայի եմ տանում դպրոց: Եթե ծնողը չկարողանա ինձ վարձատրել, և երեխան դպրոցում միայնակ մնա՝ առանց ուղեկցողի, դասարանում գոռալու է, մինչև ծնողը գա, իրեն վերցնի», – նշում է Անին:

Խնդիր է նաև ուսուցիչների մասնագիտական պատրաստվածությունը.
«Երբ երեխաներս հանրակրթական դպրոց էին հաճախում, իմ երեխաների համար նյութեր ես էի սարքում, որ դասապրոցեսին մասնակցեն: Դա պիտի անի ուսուցիչը, բայց որքան էլ նրանց մասնագիտական, մարդկային որակը բարձր լինի, էս ոլորտում գրագետ չեն, չգիտեն՝ ինչ անել: Կարող են գրկել, սիրել, խաղալ, բայց մասնագիտական ծրագիր՝ արդյունք ստանալու նպատակով, չեն կարողանում իրականացնել», -պատմում է Անի Մխիթարյանը:
Անին երեխաներին հանրակրթական դպրոցից տեղափոխել է հատուկ դպրոց. «Հոգեբանորեն ծանր որոշում է ծնողի համար, բայց ժամանակի ընթացքում ամեն բան սովորական է դառնում: Հատուկ դպրոցները քիչ են, և շատ ծնողներ նախընտրում են առողջական ծանր խնդրով երեխաներին, այնուամենայնիվ, տանել հանրակրթական դպրոց: Ու, ցավոք, ամեն ինչը ավարտվում է նրանով, որ իքս տարիքից հետո երեխաները պարզապես դադարում են դպրոց հաճախել: Ավարտական վկայական վերջում բոլորին էլ տալիս են»,-հուզված պատմում է նա:
Մարիամ Պողոսյանի երեխան էլ երկու տարի սովորել է հանրակրթական դպրոցում, սակայն երեխայի լավագույն շահը հաշվի առնելով՝ նրան, ի վերջո, տեղափոխել են հատուկ դպրոց։
«Ասում ենք՝ ներառականություն, բայց ծնողը պարտադիր պետք է ներկա լինի հանրակրթական դպրոցում, որովհետև չկա անձնական օգնական: Մի դասարանում զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների թիվը կարող է գերազանցել յոթը. Ինչպե՞ս ուսուցիչը կառավարի դասարանը»,- բողոքում է Մարիամը :

«Շատ դպրոցների շենքեր խելամիտ հարմարեցումների համար հին են, առանց վերելակների, և հնարավոր չէ ապահովել հենաշարժողական խնդրով երեխայի տեղափոխումը, օրինակ երկրորդ հարկ»,- Մարիամի թվարկած խնդիրները կարծես վերջ չունենան:
ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետը վստահեցնում է, որ նորակառույց բոլոր դպրոցներում հասանելիության բոլոր պայմանները ապահովված են՝ թեքահարթակներ, վերելակ, համապատասխան սանհանգույց: Այն դպրոցներում, որտեղ ենթակառուցվածքը հին է, պետությունը որոշակի բյուջե է հատկացնում դպրոցներին ՝ միջավայրային հարմարեցումների համար:
Ծնողների համար ամենազգայունը իրենց երեխայի հանդեպ խտրական վերաբերմունքն է. «Գիտե՞ք ինչքան վիրավորական է, երբ ծնողին ասում են. «Դե, մի կտոր հաց պիտի ուտի երեխադ, էլ ճաշարան չիջացնենք, հենա կբերենք դասարան, կուտի»»,- պատմում է Մարիամ Բարսեղյանը:
Հատուկ դպրոցները, ըստ Մարիամի, առավելություններ ունեն հանրակրթական դպրոցների համեմատ․ «Նախ՝ երեխաները մնում են առանց ծնողի, դասարանները փոքրաթիվ են, հարմարեցված երեխաների կարիքներին: Շենքային պայմանները՝ նույնպես: Կա փոխադրամիջոց՝ երթուղային, որը երեխային տնից դպրոց ու դպրոցից տուն է փոխադրում, թեև երթուղայինները հին են և հաճախ հենց ճանապարհին փչանում են, հետո շաբաթներով վերանորոգվում»:
Մինչ կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողները թվարկում են ներառական կրթության խնդիրները, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետը հիշում է, թե որքան շատ հաջողության պատմությունների է ականատես եղել ինքն անձամբ։
«Գերատեսչությունում աշխատելուց բացի՝ երկար ժամանակ հանրակրթության ոլորտում եմ աշխատել և, հուրախություն ինձ, տեսել եմ հաջողության բազմաթիվ պատմություններ, երբ երեխան հենց հանրակրթական դպրոց գալու շնորհիվ է բացահայտել իր ողջ ներուժը»,- վստահեցնում է պաշտոնյան:
Այնուամենայնիվ, Մարիամն ունի առաջարկությունների փաթեթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.
– Հատուկ դպրոցը պետք է իր վրա վերցնի ծնողի աշխատելու ժամանակահատվածը: Դասապրոցեսը ժամը 14:00-15:00-ին ավարտվում է: Ի՞նչ անի աշխատող ծնողը:
Հատուկ դպրոցում ունենալ վերականգնողական բուժման հնարավորություններ, որպեսզի երեխաները տեղում ստանան այն, ոչ թե դասերից հետո, արդեն հոգնած, ծնողների ուղեկցությամբ, հասնեն քաղաքի տարբեր մասերում գտնվող կենտրոններ:
– Հատուկ դպրոցում սահմանված թվով գիշերելու տեղեր լինեն այն դեպքերի համար, երբ ծնողը կյանքի դժվար փուլում չի կարող խնամել երեխային (քաղցկեղ ունեցող ծնող կար, քիմիաթերապիա էր ընդունում, ի վիճակի չէր երեխայի խնամքով զբաղվելու): Նման դեպքերում կարելի է ծնողին ձեռք մեկնել՝ երեխայի խնամքի առումով:
Լուսանկարները՝ Երևանի հատուկ դպրոցներից մեկի բաց էջից, տնօրենի համաձայնությամբ:
Գրաֆիկաները գեներացված են արհեստական բանականության միջոցով։
Լիլիթ Ավագյան