«Զանգեզուրի միջանցքի» օդային տարածքով թռիչքների մասին Ալիևի խոսքերը նոր չեն․ ո՞րն է կոնտեքստը
Հունվարի 15-ին ռուսալեզու «Параллель-Z» և «Миг Инфо» տելեգրամյան ալիքները տեսանյութ են տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թ․ հունվարի 12-ի հարցազրույցից, որտեղ նա պնդել է, թե օգտագործում են Հայաստանի օդային տարածքն առանց Հայաստանի թույլտվության։
Տեսանյութը մարտի 14-ից հայկական տիրույթում տարածվում է՝ առանց հիշատակման, որ այն իրականում 4 տարվա է։
Օգտագործելով 2022 թ. հունվարի 12-ին Իլհամ Ալիևի ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի հատված՝ ալիքները հարցադրում են արել՝ ո՞վ է ստում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությո՞ւնը, թե՞ Ալիևը։ Հիմնական շեշտը դրվել է այն հարցի վրա, թե արդյոք Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքից օգտվելու համար վճարել է տասնյակ հազարավոր դոլարներ։
Մինչդեռ ադրբեջանական ավիափոխադրողները Հայաստանի օդային տարածքը սկսել են օգտագործել 2021-ի աշնանից։ Եվ դրա համար կան միջազգային կարգավորումներ։

Լուսանկարը՝ «Параллель-Z» տելեգրամյան ալիքից
Ալիևի մասնակցությամբ տեսանյութն ու գրառումն առաջինը տարածել է ավելի քան 10 հազար հետևորդ ունեցող «Параллель-Z» տելեգրամյան ալիքը հունվարի 15-ին ժամը 16:01-ին։
Այս ռեսուրսը, ինչպես նաև 6 հազար հետևորդ ունեցող «Миг Инфо»-ն, հիմնականում աչքի են ընկնում ռուսամետ կողմնորոշմամբ, տարածում են կողմնակալ մեկնաբանություններով լուրեր և թիրախավորում Հայաստանի իշխանություններին։
Նշված ալիքները գրառման փակագծերում ակնարկել են, որ տեսանյութը նոր չէ («…և կարևոր չէ՝ նոր է այս հարցազրույցը, թե արվել է ավելի վաղ․ հիմա դա կարևոր չէ»)։
Սակայն X-ում, Ֆեյսբուքում և Ինստագրամում այն տարածվել է որպես թարմ տեսանյութ՝ հավաքելով տասնյակ հազարավոր դիտումներ։ Մասնավորապես, մի քանի հայ օգտատերեր և հայկական էջեր այն տարածում են՝ զուգորդելով Փաշինյանի թիմի ավտոբուսային քարոզչության հետ։
Օրինակ՝ նույն օրը տեսանյութը տարածած «Ճշմարտության ձայն» ֆեյսբուքյան էջը Ալիևի խոսքերը մեջբերելուց հետո նշում է․ «․․․ Ուրախ ավտոբուսի պասաժիրները Ալիևին բան չունե՞ն ասելու»։
17 հազար հետևորդ ունեցող այս էջը հիմնականում իրականացնում է հակաարևմտյան քարոզչություն, բացի այդ՝ տարածում Հայաստանի իշխանություններին վարկաբեկող նյութեր։ Էջի օգտատիրոջ գլխավոր նկարը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։


Լուսանկարը՝ Ճշմարտության ձայն օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից
Ալիևի մասնակցությամբ տեսանյութը նախօրեին տարածվել է նաև Ինստագրամում՝ հավաքելով ավելի քան 44 հազար դիտում։ Այս դեպքում չի նշվել, թե երբ է տեղի ունեցել հարցազրույցը։

Լուսանկարը՝ mr___samvel օգտատիրոջ ինստգրամյան էջից
Ալիևի խոսքերը տարածվել են նաև X-ում (14 000 դիտում), գրառման հեղինակը կից նշել է․ «Մինչ Հայաստանի «ղեկավարությունը» ուտում ու պարում է, Ալիևը հայտարարում է. «Մենք օգտագործում ենք Հայաստանի օդային տարածքն առանց նրանց թույլտվության, և մենք բոլորին տեղեկացնում ենք դրա մասին։ Դա մեր իրավունքն է»»։ (Գրառումն անգլերենով է, թարգմանությունը՝ FactorTV):
Ռուսական տելեգրամյան ալիքները նաև կասկածի տակ էին դրել այն, որ ադրբեջանական ավիաընկերությունները վճարում են Հայաստանի օդային տարածքից օգտվելու համար։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ադրբեջանական օդանավերի՝ 2021 թվականի առաջին թռիչքներից հետո տեղեկացրել էր, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ այլ ավիաընկերությունները Հայաստանին վճարում են «թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման համար»:
Factor TV-ն հարցում է ուղարկել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ այս տարիների ընթացքում Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական թռիչքներից գանձված գումարների չափը պարզելու համար։
Ինչ վերաբերում է Ալիևի մասնակցությամբ տարածվող տեսանյութին, այն վերցված է 2022 թ. հունվարի 12-ին Ադրբեջանի ղեկավարի 2 ժամանոց հարցազրույցից։ Այնտեղ լրագրողն Ալիևին հարցնում է, թե որ փուլում է ցամաքային ճանապարհով «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ալիևը պատասխանում է․
«․․․ Ինչ վերաբերում է օդային տարածքն օգտագործելու հարցին, պետք է նշեմ նաև, որ մենք այդ միջանցքն օգտագործել ենք առանց Հայաստանից թույլտվություն ստանալու։ Թող բոլորն իմանան դա՝ մենք նրանցից թույլտվություն չենք հարցրել։ Դա մեր իրավունքն է, դա միջազգային միջանցք է։ Համաշխարհային ավիացիոն համակարգում կան կանոններ, այսինքն՝ կարելի է օգտագործել գոյություն ունեցող միջանցքը։ Մենք որոշեցինք օգտվել նաև դրանից և կյանքի կոչել Զանգեզուրի միջանցքի օդային տարբերակը։ Նախիջևան թռչող ինքնաթիռները խնայում են և՛ ժամանակ, և՛ վառելիք։ Բայց հիմնական հարցը, իհարկե, դա չէ։ Հիմնականը արդեն իսկ այդ միջանցքը բացելն էր»։
Հայտնի է, որ 2021թ․ հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» (Azal) վերսկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքներ իրականացնելու համար։ 2022թ․ ևս «Ադրբեջանական ավիաուղիները» (Azal) իրականացրել են տարանցիկ թռիչքներ Հայաստանի օդային տարածքով։
«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ անդամ-պետությունների օդային տարածքով կարող են իրականացվել տարանցիկ թռիչքներ՝ առանց պաշտոնական համաձայնեցման։
Նույն տրամաբանությամբ Հայաստանի քաղաքացիական օդանավարերը ևս կարող են և իրականացնում են Ադրբեջանի օդային տարածքներով թռիչքներ առանց պաշտոնական համաձայնեցման։
Այսպիսով, համացանցում ակտիվորեն տարածվող տեսանյութը, որը Իլհամ Ալիևի հարցազրույցից մի հատված է, նոր չէ։ Այն 2022 թ․ հունվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տրված հարցազրույցից է, սակայն բազմաթիվ օգտատերերի կողմից ներկայացվում և շահարկվում է իբրև նոր տեղի ունեցած իրադարձություն։
Մարիա Խաչատրյան