Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ տուժածներ կան
Քաղաքականություն
18.11.2026 | 13:38
Ուկրաինական Դնեպրին ռուսական հարձակումների հետևանքով վեց մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան, գրում է Current time-ը։
«Ծանր վիճակում հոսպիտալացվել է 37-ամյա մի կին։ Միջին ծանրության վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 28 և 52 տարեկան տղամարդիկ, 49-ամյա մի կին և 15-ամյա պատանի։ 58-ամյա կնոջը բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերել տեղում»,- գրել է նա Տելեգրամում։
Վնասվել են բազմաբնակարան շենքեր և առանձնատներ, հանրակացարան, հանգստի գոտի և ենթակառուցվածքներ։
Նոյեմբերի 18-ի առավոտյան Ռուսաստանը հարվածել է Զլատոպոլի շուկային, ինչի հետևանքով 11 մարդ է տուժել, այդ թվում՝ 11-ամյա մի տղա։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Զլատոպոլի քաղաքապետ Նիկոլայ Բակշեևի խոսքով՝ տուժածներից չորսը ծանր վիճակում են, մյուս չափահասները միջին ծանրության վնասվածքներ են ստացել, իսկ երեխան բեկորային վնասվածք ունի։ Հարձակման հետևանքով այրվել են առևտրային տաղավարները։ Բակշեևը նաև հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածել են էներգետիկ հանգույցին։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 141 անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական ուժերը խոցել են 126-ը։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իզմայիլի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված հարվածների մասին։ Նշվում է, որ այն օգտագործվում է ռազմական բեռների բեռնաթափման և պահեստավորման համար։ Նախարարությունը նաև հայտնել է բեռնատար նավին հարվածի մասին, որը, իբր, Ուկրաինայի զինված ուժերի համար երկակի նշանակության բեռներ է տեղափոխում դեպի Յուժնի նավահանգիստ։
Օդեսայի մարզի իշխանությունները դեռևս չեն հայտնել ռուսական հարձակումների հետևանքների մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

