Շամիրամի սգո սրահում 4 անձի սպանության համար ցմահ ազատազրկման դատավճիռը թողնվել է անփոփոխ
Հասարակություն
09.03.2026 | 17:30
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Շամիրամի սգո սրահում 9 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալին ցմահ ազատազրկման դատապարտելու դատավճիռը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Որոշումը կայացվել է փետրվարին։ Վերաքննիչ դատարանի նիստը նախագահել է դատավոր Կարեն Հովհաննիսյանը,կազմում եղել են դատավորներ Աննա Մաթևոսյան ու Լուսինե Ալավերդյանը։
4 անձի սպանության համար ցմահ ազատազրկան դատապարտված Թելման Քալաշյանը վճռաբեկ բողոք կներկայացնի, թե ոչ՝ դեռևս պարզ չէ․ չի լրացել Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը։
Ըստ քրեական գործի՝ Թելման Քալաշյանը 2012 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով՝ ամսական 5 տոկոսով, իր ազգական Գ. Ք.-ի հորեղբոր՝ Տ.Խ.-ի միջոցով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող վերջինիս որդիներին՝ Թոռնիկ, Քյարամ, Աբաս, Սուրիկ և Քյալաշ Քյարամյաններին 20.284.000 (քսան միլիոն երկու հարյուր ութսունչորս հազար) ՀՀ դրամին համարժեք 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար գումար է տրամադրել և 2013 թվականի հունվարի 15-ից սկսած ստացել պայմանավորված տոկոսադրույքի դիմաց հաշվարկված գումարները:
Այնուհետև, Թելման Քալաշյանը 2013 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով՝ ամսական 5 տոկոսով, հինգ եղբայրներին տրված հիմնական գումարին ավելացրել և տրամադրել է 10.183.750 (տասը միլիոն հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամին համարժեք 25.000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլար գումար և շարունակաբար, վերջինը՝ 2014 թվականի նոյեմբերի 17-ը, ստացել է պայմանավորված տոկոսադրույքի դիմաց հաշվարկված ընդհանուր՝ 18.551.086 (տասնութ միլիոն հինգ հարյուր հիսունմեկ հազար ութսունվեց) ՀՀ դրամին համարժեք 45.200 (քառասունհինգ հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլար գումար, որի հետևանքով Թոռնիկ, Քյարամ, Աբաս, Սուրիկ և Քյալաշ Քյարամյաններն ընկել են նյութական ծանր կացության մեջ՝ տոկոսադրույքի դիմաց հաշվարկված գումարների մի մասը վճարել են այլ անձանցից վերցրած պարտքերով, բացի այդ, իրենց ձեռնարկած առևտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել այլևս վճարել պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված գումարներն ու հիմնական գումարը՝ վաճառքի հանելով ՌԴ-ում գտնվող իրենց գույքը՝ բնակարանը:
Այնուհետև, 2013 թվականի հոկտեմբերին Թոռնիկ, Քյարամ, Աբաս, Սուրիկ և Քյալաշ Քյարամյաններն իրենց նյութական ծանր կացության մասին տեղեկացրել են Թելման Քալաշյանին և միաժամանակ հայտնել, որ այլևս չեն կարող վճարել պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված գումարները և հիմնական գումարը:
Չընդունելով բերված պատճառաբանությունները՝ Թելման Քալաշյանը պարբերաբար դիմել է հինգ եղբայրների բարեկամներին և ընկերներին, այդ թվում՝ Գ․ Ք․-ին՝ ակնկալելով իր գումարը և պայմանավորված տոկոսադրույքի հաշվարկով կուտակված գումարները ստանալու հարցում նրանց միջամտությունը:
Հերթական անգամ՝ 2017 թվականի օգոստոսի 01-ին՝ ժամը 09:40-ին, Թելման Քալաշյանը զանգահարել և գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել Գերման Քյարամյան հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում վերջիններս միմյանց տվել են հայհոյանքներ:
Դրանից հետո, Թելման Քալաշյանը, վիրավորված լինելով իր հասցեին հնչեցված հայհոյանքներից և հաստատապես իմանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաև հինգ եղբայրների բարեկամները և ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում և մասնակցում են անցկացվող «Խեր» կոչվող եզդիների ազգային տոնին, գումարները պահանջելու և իր հասցեին հնչեցված հայհոյանքների համար վերջնականապես վրեժխնդիր լինելու նպատակով, գործարանային արտադրության 7,62մմ (7,62×39) տրամաչափի, կրակելու համար պիտանի 10 հատ փամփուշտներով լիցքավորված, իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրազենով զինված, իր վարած ավտոմեքենայով ժամանել է Շամիրամ համայնք:
Հասնելով Շամիրամ համայնքի 1-ին փողոցի 44 հասցեում գտնվող սգո սրահ՝ Թելման Քալաշյանը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, որսորդական ակոսափող հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել ներկաների հասցեին, ապա իր մոտ եղած հրազենով սպանելու դիտավորությամբ, ընդհանուր՝ թվով յոթ կրակոց է արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, միաժամանակ՝ փորձելով ամբոխի մեջ գտնել Գերման Քյարամյանին։
Թելման Քալաշյանի արձակած կրակոցների հետևանքով 4 անձ մահացել է, իսկ 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը գործի քննության ընթացքում պնդել է, որ դեպքի օրն իր պաշտպանյալը հոգեկան խիստ հուզված վիճակում է գտնվել: Ըստ պաշտպանական կողմի՝ Քալաշյանը հինգ եղբայրներին պարտքով 100 000 դոլար գումար է տվել, սակայն վերջիններս 25 000 դոլարը վճարելուց հետո հրաժարվել են գումարի մնացած մասը վերադարձնելուց: Քալաշյանի դուստրը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, և Խուդոյան եղբայրների հարազատների միջոցով պարբերաբար պահանջել է գումարը, որպեսզի կարողանա հոգալ դստեր բուժման ծախսերը:
Նշենք, որ կրակոցների հետևանքով սպանվածներից մեկը՝ Ամրոն, քրեական հեղինակություն էր։ Չնայած պաշտոնական վարկածն այն մասին է, որ վիճաբանությունը եղել է գումարային հարցի շուրջ՝ դեպքից անմիջապես հետո մամուլում շրջանառության մեջ էր դրվել վենդետայի վարկածը, համաձայն որի՝ Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում իր եղբոր սպանության համար։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, 2018 թվականին ստանալով գործը՝ դրա քննությունն ավարտել է միայն 2025-ի ապրիլին։ Դատավճռից մոտ մեկ տարի անց, փաստորեն, Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ է թողել։
Արաքս Մամուլյան