Երևանն աղտոտման ծուղակում. մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքն ու հանրային առողջության գինը
Երևանում առավոտները, հատկապես ձմեռային ամիսներին, հաճախ բացվում են ոչ թե արևով ու սառը թարմությամբ, այլ մոխրագույն մշուշով։ Քաղաքի վրա կախված փոշու և թունավոր խառնուրդների այս շերտը վաղուց դարձել է սովորական, բայց սա միայն պատկեր չէ, այլ բազմագործոն ձախողումների մեծ շղթա՝ մեծ ու հաստաբուն ծառերի հատման, անհագ ու անսանձ շինարարության, էկոլոգիական աղետ դարձած աղբավայրի պարբերական այրման ու ծխի, մեքենաների արտանետումների տեսքով։ Այս հոդվածը փորձում է պատասխանել հետևյալ հարցերին․ ինչպե՞ս է Երևանը հասել այս կետին և ո՞վ է պատասխանատու այն իրավիճակի համար, որն ամեն օր խաթարում է մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքն ու առողջությունը։

Երևանում օդի աղտոտման բարձր մակարդակը վաղուց այլևս միայն բնապահպանական խնդիր չէ։ Այն դարձել է առողջապահական, սոցիալական և մարդու հիմնարար իրավունքների՝ մասնավորապես առողջ միջավայրում ապրելու իրավունքի ապահովման առաջնահերթ մարտահրավերներից մեկը։ Քաղաքը պարբերաբար հայտնվում է փոշու և թունավոր խառնուրդների խիտ շերտի տակ, որի հետևանքները զգացվում են թե՛ քաղաքացիների առօրյայում, թե՛ հանրային առողջության վիճակագրությունում։ Հանրային առողջության համար ամենավտանգավորը հենց դեկտեմբեր ու հունվար ամիսներն են, երբ մշուշը թանձրանում է և շաբաթներով կախվում քաղաքի վրա։

Դիտարկելով Երևանի օդը քարտեզի վրա` կարելի է արձանագրել, որ գրեթե միշտ մենք ապրում ենք վնասակար կամ խիստ վնասակար, երբեմն էլ վտանգավոր օդի պայմաններում, այսինքն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներից 20-30 անգամ բարձր մակարդակի աղտոտվածության մեջ։
«Մենք Երևանում առողջ օդ պրակտիկորեն չենք ունենում, և թիրախում բնակիչների, հատկապես՝ ռիսկային խմբերի առողջությունն է, որը վերականգնել անհնար է։ Եվ եթե ջրի աղտոտման պարագայում հնարավոր է առնվազն շշալցված ջուր օգտագործել, օդը որևէ կերպ փոխարինել հնարավոր չէ, օդի աղտոտվածությունն ազդում է բոլորի վրա», – ասում է Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։
2025թ․ դեկտեմբերից Երևանում գործարկվել են օդի որակի չափիչ սարքերի տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքներ, որոնք ներկայացվեցին հունվարի 26-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։ Մասնավորապես նշվեց, որ հենց այս ձմեռային ամիսներին՝ պայմանավորված մշուշով և քամիների բացակայությամբ, նույնիսկ գիշերային ժամերին օդը չի մաքրվում։
Ըստ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ այս խնդիրը մենք ունեցել ենք տասնամյակներով։ «Երբևէ չենք խոսել սրա մասին, երբևէ չենք խորացել, բոլորը երջանիկ ապրել են, 90-ականներին ով ինչ ասես, ինչ հնարավոր էր` այրել է իրենց տներում, հասել ենք էս օրվան և հիմա ուսումնասիրում ենք էն խնդիրը, որը մեզ մոտ 10-ամյակներով եղել է», – ասում է քաղաքապետը, և շեշտը դնում մոնիթորինգի և հանրային իրազեկման վրա, որպեսզի Երևանի բնակիչները իմանան, թե երբ կարող են դրսում լինել, երբ՝ ոչ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքը, առաջին հայացքից, ընդունում է խնդրի լրջությունն ու դրա երկարատև բնույթը։ Սակայն ավելի խորքային դիտարկման դեպքում այն բացահայտում է կառավարման պատասխանատվությունից խուսափելու դասական տրամաբանություն։ Քաղաքապետի խոսքում բացակայում է ամենակարևորը՝ պատճառահետևանքային կապի հստակ ներկայացումը։

Փորձենք վերլուծել իրավիճակի խորքային պատճառները՝ դիտարկելով օդի աղտոտվածության վրա հենց մարդածին գործոնների՝ քաղաքաշինական քաղաքականության, տրանսպորտային գերծանրաբեռնվածության, կանաչ տարածքների, աղբավայրի անարդյունավետ կառավարման, ընդերքօգտագործման ոլորտներում պետական կառավարման համակարգային թերացումների փոխկապակցված ազդեցությունը էկոլոգիական իրավունքի և հանրային առողջության վրա։
Շինարարության բում՝ առանց էկոլոգիական հաշվարկի
Երևանում իրական շինարարական բում է, 2014-2024 թթ․ ընթացքում մայրաքաղաքում շիրարարական ակտիվությունը 10 տարվա կտրվածքով ավելի քան եռապատկվել է։ Շինարարության ծավալների կտրուկ աճը հատկապես նկատելի է 2018 թվականից հետո։ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տվյալների համաձայն, եթե 2014 թվականին քաղաքապետարանի կողմից տրվել է 1430 շինարարական թույլտվություն, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 4236-ի։

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը, գնահատելով իրավիճակը, կարծիք է հայտնում․ «Չկա քաղաքային պլանավորման գործընթացում ո՛չ քաղաքական կամք, ո՛չ էլ կարողություն, որպեսզի հաշվի առնվի էկոլոգիական գործոնը, բոլոր շինթույտվությունների պարագայում չի արվում խորքային գնահատում, ուղղակի նայում են, տվյալ տարածքում հնարավո՞ր է շենք խցկել, թե՝ ոչ, և ամեն բան շարժվում է հենց այդ տրամաբանությամբ»։
Շինարարության ծավալների աճն ուղեկցվում է օդում փոշու մասնիկների զգալի ավելացմամբ։ Չնայած 2023 թ․ Երևանի ավագանու 2012 թ․ 405-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններին, որոնք պարտադրում են շինհրապարակների ցանցապատում, սորուն նյութերի փակ պահեստավորում և տեղափոխում, ինչպես նաև բարձր ռիսկայնության օբյեկտներում օդի որակի առցանց մոնիթորինգ, այս պահանջների կիրառման և վերահսկման արդյունավետությունը շարունակում է հարցականի տակ մնալ։

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը, ողջունելով կատարված փոփոխությունները, միաժամանակ ընդգծում է․ «Այս ամենը նաև օդի պաշտպանության օրենքով է սահմանված, բայց մեզ մոտ օրենք ունենալը բավարար չէ, մենք ունենք վերահսկողության հետ կապված մեծ բացեր, այդ իսկ պատճառով Երևանի բնակչությունը գտնվում է հատկապես մարդածին ռիսկերի ուղիղ թիրախում»։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ամփոփելով կառույցի 2025 թվականի գործունեությունը, հունվարի 20-ի ասուլիսում տեղեկացրեց, որ 2025թ․ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպք, որոնցից 217-ը՝ Երևանում։ «Երևանում արձանագրված խախտումների թվում 15 դեպք վերաբերում է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխմանը։ Երևանում արձանագրվել է նաև 99 իրավախախտում շինարարության ոլորտում, 15 դեպք՝ հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես նաև՝ 39 այրման դեպք»։
Շինարարության ընթացքում առաջացող խնդիրներից բացի, մասնագետների գնահատմամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև շենքերի շահագործման փուլում ի հայտ եկող հարցերին։ Շինարարական բումին ուղեկցող օդային աղտոտումը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ ունի կումուլյատիվ ազդեցություն։ Փոշու մասնիկների ավելացումը տեղի է ունենում ոչ միայն շինարարության ընթացքում, այլև շենքերի շահագործման արդյունքում՝ ավելացող տրանսպորտի, կայանատեղերի, ինժեներական ծանրաբեռնվածության պատճառով։ Այս պայմաններում անգամ լավագույն նորմատիվ փոփոխությունները՝ ինչպես շինհրապարակների ցանցապատումը կամ առցանց մոնիթորինգը, առանց հետևողական վերահսկողության վերածվում են թղթի վրա մնացած պահանջների։
Խնդրի առանցքում նաև վերահսկողության ինստիտուցիոնալ թուլությունն է։ Քաղաքապետարանը միաժամանակ հանդիսանում է թե՛ շինարարության խթանող, թե՛ վերահսկող մարմին, ինչը ստեղծում է շահերի բախման ռիսկ։
«Երբ վերահսկողությունը չի տարանջատվում քաղաքական և տնտեսական ճնշումներից, օրենքի կիրառումը դառնում է ընտրովի։ Քաղաքաշինական որոշումները, որոնք այսօր ընդունվում են առանց էկոլոգիական հաշվարկի, վաղը վերածվելու են հանրային առողջության, սոցիալական անհավասարության և կյանքի որակի խորքային ճգնաժամի։ Իսկ այդ գինը, ի վերջո, վճարում է ոչ թե շինարարական բիզնեսը, այլ քաղաքի բնակիչը»,- նշում է քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը։
Կանաչ տարածքների պակաս՝ հակասելով միջազգային չափորոշիչներին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ՝ մեկ բնակչին պետք է բաժին ընկնի առնվազն 9 քմ կանաչ տարածք, իսկ օպտիմալը՝ 50 քմ։ Երևանի կանաչ տարածքները պաշտոնապես կազմում են շուրջ 6760 հա, ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի մոտ 30%-ն է։ Մինչդեռ ԱՀԿ-ի չափորոշիչներով քաղաքում կանաչ տարածքները պետք է կազմեն առնվազն 40%։ Երևանի դեպքում խնդիրը միայն տոկոսային անհամապատասխանությունը չէ։ Նշված 6760 հա կանաչ տարածքների զգալի մասը չի հանդիսանում իրական հանրային օգտագործման գոտի, գտնվում է անմատչելի կամ կիսաբնական տարածքներում կամ չի կատարում քաղաքային էկոհամակարգի համար անհրաժեշտ գործառույթներ։

«Մենք ունենք կանաչ տարածքներ, այո, որոնց կեսը զբաղեցված են ոչ պիտանի ծառատեսակներով, օրինակ՝ թեղիներով, որոնք սպառել են իրենց, դրանց հետ մեկտեղ նաև հացենիներն են գտնվում շատ վատ վիճակում, որոնք նույնպես սխալ էտի և սխալ միջամտությունների հետևանքով տձևացել են և հարիր չեն այսօրվա մայրաքաղաքին»,- ներկայացնելով կանաչապատման վերաբերյալ մոտեցումները Երևանի կանաչ կերպարին վերաբերող գիտաժողովի ընթացքում նշել է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն առարկում է․ «Մեր քաղաքապետարանը չգտավ ուղղակի ավելի լավ մեթոդաբանություն, քան հատել խոշոր ծառերը, որոնք առաջին պաշտպանիչ շերտն են հանդիսանում հանրային առողջության տեսանկյունից։ Այս փոքրիկ գնդաձև ծառերը, որոնցով փոխարինեցին սաղարթածածկ մեծ ծառերը, չեն լուծելու այդ խնդիրը»։ Քրիստինա Վարդանյանը նշում է, որ 2025 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Երևանում հատվել է մոտ 1595 ծառ, իսկ փոխարինվող ծառերը չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին, շատերը չորացել են։

Երևանի նախորդ գլխավոր հատակագծով նախատեսվում էր հանրային կանաչ տարածքների ընդլայնում մինչև 2382 հա և քաղաքի շուրջ 876 հա կանաչ պատնեշի վերականգնում, սակայն այդ ծրագրերը չեն իրականացվել։ Միաժամանակ, խոշոր, սաղարթածածկ ծառերի կորուստը չի կարող փոխհատուցվել դեկորատիվ տնկիներով, որոնք չեն ապահովում անհրաժեշտ էկոլոգիական ազդեցությունը։ Սա նշանակում է, որ քաղաքը գիտակցաբար մնում է առանց բնական պաշտպանական շերտի՝ ամենաբարձր աղտոտվածության պայմաններում։
Տրանսպորտային գերծանրաբեռնվածություն և թերի տվյալներ
Երևանի օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը տրանսպորտն է։ Երևանի 2023 թվականի զարգացման ծրագրի համաձայն՝ քաղաքում շուրջ 600 000 տրանսպորտային միջոց կար։ 2025 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեքենաների քանակն ավելացել է ևս 12 հազարով։

Այս մասին 2025 թվականի նոյեմբերի 18-ին Երևանի ավագանու նիստում հայտարարել էր քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Վազգեն Հարությունյանը։
Սակայն քաղաքային հատակագծերում բացակայում են հիմնարար տվյալներ՝ ավտոմեքենաների տարիքի, տեխնիկական վիճակի, օգտագործվող վառելիքի տեսակի և ծավալների վերաբերյալ։ Այս տեղեկատվական վակուումը գործնականում անհնար է դարձնում տրանսպորտից արտանետումների իրական ծավալների հաշվարկը և դրանց կրճատմանն ուղղված հիմնավորված քաղաքականության մշակումը։
Ըստ Երևան քաղաքի 2024 թվականին հաստատված հատակագծի տվյալների՝ քաղաքի մայրուղային փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 256.3 կմ, իսկ ճանապարհային ցանցի խտության դեֆիցիտը՝ 15–20%։ Արդյունքում առաջանում են մշտական խցանումներ, տրանսպորտային աշխատանքի գերբեռնվածություն և օդի աղտոտման լրացուցիչ աճ։

«Երևանի կայուն քաղաքային տրանսպորտի ներդնում» ծրագրի շրջանակներում Ասիական զարգացման բանկի Հայաստանում մշտական առաքելության կողﬕց Երևանի քաղաքապետարանին են տրամադրվել օդի որակի 5 մոնիթորինգի սարքավորուﬓեր՝ փոշու և տրանսպորտային աղտոտիչների մոնիթորինգի համար, որոնք 2022 թվականին տեղադրվել են և ավտոմատ եղանակով (յուրաքանչյուր 10 րոպեն ﬔկ) տրամադրում են տվյալներ։ Դրանք արտացոլվում է օնլայն հարթակի վրա: Սարքավորուﬓերը նախատեսված են օդում ազոտի երկօքսիդի (NO2) և փոշու (PM2.5 և PM10) քանակությունների չափման համար: Սրանք համարվում են երթևեկության հիﬓական աղտոտիչներ և տրանսպորտային համակարգում վառելիքի տեսակի (գազ, դիզել կամ բենզին) փոփոխության հետ ﬔկտեղ օդում դրանց քանակը էապես փոփոխվում է: Սենսորները սնվում են արևային վահանակների ﬕջոցով:
Այս խնդիրները խորքային ուսումնասիրելու նպատակով մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, սակայն մեր հարցումը մնացել է անպատասխան։
Նուբարաշենի աղբավայրը․ երկարաձգվող էկոլոգիական աղետ
Նուբարաշենի աղբավայրը Երևանի ամենախոշոր և ամենախնդրահարույց բնապահպանական օբյեկտներից է։ Այն զբաղեցնում է 52,3 հեկտար տարածք։ Օրական այստեղ տեղափոխվում է 1000–1300 տոննա կոշտ կենցաղային թափոն, իսկ 1950-ական թվականներից ի վեր կուտակված աղբի ծավալը հասել է շուրջ 8 միլիոն տոննայի։

Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում սանիտարական աղբավայրի պահանջներին։ Դանդաղ այրման գործընթացում մթնոլորտային օդ են արտանետվում վտանգավոր քաղցկեղածին նյութեր, այդ թվում՝ դիօքսիններ և ֆուրաններ։ Կա հրդեհների մշտական վտանգ։ Միայն 2025 թվականին աղբավայրում տեղի է ունեցել 4 խոշոր հրդեհ։
Ծխով պատվել են նաև քաղաքի այլ համայնքներ, ինչի հետևանքով զգալիորեն ավելացել են ալերգիկ ռեակցիաների և շնչառական հիվանդությունների դեպքերը, հատկապես երեխաների շրջանում։ Առողջությանը պատճառված ﬖասը չի գնահատվել։

Դեռևս 2016 թվականին հաստատվել էր Երևանի նոր, ժամանակակից սանիտարական աղբավայրի կառուցման ծրագիրը՝ շուրջ 26 միլիոն եվրո ընդհանուր արժեքով։ Ծրագիրը պետք է ֆինանսավորվեր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության կողմից։ Մինչև 2024 թվականը ծրագիրը չի իրականացվել, գումար չի հատկացվել և կողﬔրի համաձայնությամբ փակվել է՝ առանց հանրային որևէ հաշվետվության ներկայացման։
Արդեն 2025 թվականին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց թափոնների կառավարման բազմաբաղադրիչ նոր ծրագրի մասին՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Ինչ զարգացում կունենա ծրագիրն այս անգամ, դեռևս չի ուրվագծվում, իսկ մինչ այդ, Նուբարաշենի աղբավայրը վաղուց դադարել է լինել պարզապես աղբի կուտակման վայր։ Այն դարձել է քաղաքային առողջության, բնապահպանական անվտանգության և կառավարման անպատասխանատվության խորհրդանիշ։ Մինչ որոշումները մնում են թղթի վրա, աղբը շարունակում է այրվել, իսկ դրա գինը վճարում են քաղաքացիները՝ իրենց առողջությամբ։
Ոչ մետաղական հանքերը Երևանում․ չկառավարվող ռիսկ՝ բնակելի միջավայրի համար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 2024 թվականին Երևանում 17 ոչ մետաղական հանքավայրերի շահագործման համար ընդերքօգտագործման իրավունք է տրված 14 կազմակերպության։ Բացի այդ, քաղաքում առկա է նաև քարի վերամշակման 9 արտադրամաս, որոնք հանդիսանում են մթնոլորտային օդ փոշու արտանետման լրացուցիչ աղբյուրներ։ Այս հանգամանքը էական ռիսկ է ստեղծում հատկապես այն պայմաններում, երբ գրեթե բոլոր ոչ մետաղական հանքավայրերը գտնվում են քաղաքի բնակելի թաղամասերին անմիջական հարևանությամբ։
Ընդերքօգտագործման պայմանագրերով ընդերքօգտագործողների հիմնական պարտավորություններից է մթնոլորտի պահպանությունը՝ աշխատանքների հետ կապված վնասակար ազդեցությունների կանխարգելման և նվազեցման միջոցով։ Սակայն, ինչպես նշում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը․ «Հանքերը շահագործող ընկերությունների կողմից չեն իրականացվում բնապահպանական միջոցառումներ, չեն կիրառվում փոշու արտանետումների մեղմման տեխնիկական լուծումներ, չեն իրականացվում կանաչ պաշտպանիչ գոտիների ստեղծման աշխատանքներ»։

Այսպիսով, ոչ մետաղական հանքերի շահագործումը Երևանում ձևավորվել է որպես չկառավարվող բնապահպանական և քաղաքաշինական ռիսկ, որի հետևանքները կրում են առաջին հերթին քաղաքի բնակիչները։ Առանց վերահսկողության ուժեղացման, պարտավորությունների խստացման և կոնկրետ մեղմման միջոցառումների ներդրման՝ այս ոլորտը շարունակում է խորացնել Երևանի օդի աղտոտման խնդիրը։
Հանրային առողջության ռիսկերը Երևանի գերբնակեցման և օդի աղտոտման համատեքստում
ՀՀ բնակչության ավելի քան մեկ երրորդը կենտրոնացած է Երևան քաղաքում, ինչը առողջապահական ռիսկերի կուտակման առումով քաղաքը դարձնում է հատկապես խոցելի։ Բնակչության բարձր խտությունը, տրանսպորտային ծանրաբեռնվածությունը և շրջակա միջավայրի աղտոտվածությունը ուղղակի ազդեցություն ունեն հիվանդացությանների կառուցվածքի վրա։
Սրտանոթային համակարգի հիվանդությունները շարունակում են մնալ հիվանդացության ամենամեծ խումբը Հայաստանում։ Այս խմբին են պատկանում զարկերակային հիպերտենզիան, իշեմիկ սրտային հիվանդությունը և ուղեղանոթային հիվանդությունները։

Փաստացի, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճի դինամիկան երկու տասնամյակի ընթացքում գրեթե կրկնապատկվել է։
Զուգահեռաբար, վերջին տասնամյակում արձանագրվել է չարորակ նորագոյացությունների տարածվածության կայուն և երկարաժամկետ աճ։ Եթե 2014 թվականի տարեվերջին հաշվառված պացիենտների թիվը կազմել է 36 660, ապա 2024 թվականին այն հասել է 70 961 ցուցանիշին, փաստացի կրկնապատկվելով մեկ տասնամյակի ընթացքում։

Փաստացի, Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի շուրջ 8 000 նոր դեպք և մոտ 5 000 մահ։ Վիճակագրական տվյալները հստակ ցույց են տալիս, որ չարորակ նորագոյացությունները դառնում են հանրային առողջության ամենաարագ աճող սպառնալիքներից մեկը։
2024 թվականի մահացության պատճառների ուսումնասիրությունը ևս հաստատում է այս միտումները։ Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները շարունակում են զբաղեցնել առաջին տեղը՝ կազմելով մահացության ընդհանուր թվի գրեթե կեսը 13493 մահ ( 6 646 տղամարդ և 6 847 կին)։ Երկրորդ խոշոր խումբը չարորակ նորագոյացություններն են՝ 2 858 մահ տղամարդկանց և 2 326 մահ կանանց շրջանում։ Շնչառական համակարգի հիվանդությունները նույնպես ունեն զգալի բաժին՝ 1 198 մահ տղամարդկանց և 1 365 մահ կանանց շրջանում։
Նույն համատեքստում դիտարկելով ՀՀ բնակչության մահացության պատճառները 2024 թվականին, առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, ապա չարորակ նորագոյացությունները և երրորդ տեղում շնչառական համակարգի հիվանդություններն են։

Այս գործոնների համակցված ազդեցությունը չի կարող չանդրադառնալ հանրային առողջության ընդհանուր վիճակի վրա։ Այս պայմաններում օդի աղտոտվածությունը կարևորագույն գործոններից մեկն է։ Այս պայմաններում օդի աղտոտումը դառնում է ոչ միայն բնապահպանական կամ առողջապահական հարց, այլև մարդու իրավունքների խախտման ցուցիչ։ Երբ պետությունը և քաղաքային իշխանությունները չեն ապահովում անվտանգ միջավայր, նրանք փաստացի խախտում են քաղաքացիների՝ առողջ կյանք ունենալու իրավունքը։ Մոնիթորինգը և իրազեկումը կարևոր են, բայց դրանք չեն կարող փոխարինել քաղաքական կամքին, կանխարգելիչ քաղաքականությանը և պատասխանատվության հստակ մեխանիզմներին։
Զարուհի Հովհաննիսյան