Միքայել արքեպիսկոպոսի գործով նիստը մեկնարկեց վերաքննիչում

Լուրեր

17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
17.12.2025 | 18:15
Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
17.12.2025 | 18:04
Եպիսկոպոսները հավատացյալներին կոչ են անում վաղը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Գարեգին Բ-ից հեռանալ
17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
Բոլորը

Վերաքննիչ դատարանում այսօր մեկնարկեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նիստը։ Աջապահյանը բերվեց նիստերի դահլիճ, որը լեփ-լեցուն էր, և քաղաքացիներից ոմանք մնացին դատարանի միջանցքում։ Գյումրիից Երևան եկած և դատարանի դահլիճ մուտք գործել չկարողացած աջակիցներից ոմանք վիճաբանության մեջ մտան դատական կարգադրիչների հետ։ Նրանք պահանջում էին իրենց թույլ տալ մուտք գործել ու տեսնել իրենց հոգևոր առաջնորդին, պահանջում էին նկարել դահլիճն ու ապացուցել, որ իսկապես այնտեղ տեղ չկա, դժգոհում էին, որ լրագրողներին առաջնահերթ են թույլ տվել ներսում գտնվել։ Նրանք սկսեցին «սրբազան» բացականչություններով դատարանի միջանցքից սատարել Աջապահյանին այնպես, որ դա լսելի դարձավ նիստերի դահլիճում գտնվող հոգևորականին և նրա դեմքին ժպիտ հայտնվեց։

Միջանցքում սպասողներից միայն տարեց մի կնոջ թույլատրեցին դահլիճ մուտք գործել, նիստը, սակայն, րոպեներ տևեց։ Ինչպես պարզվեց, հանրային մեղադրողները չէին ստացել նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիրը, այդ պատճառով նիստը հետաձգվեց։

Դատարանը քննարկեց այս տարվա ընթացքում ևս մեկ դատական նիստ նշանակելու հարցը, սակայն Աջապահյանը վաղը պետք է վիրահատվելու նպատակով տեղափոխվի բժշկական կենտրոն։ Պաշտպանական կողմը քիչ հավանական համարեց, որ առաջիկա օրերին հոգևորականի առողջական վիճակը թույլ կտա նրան ներկայանալ դատարան, ուստի հաջորդ նիստը նշանակվեց 2026-ի հունվարի 13-ին։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով սեպտեմբերի 24-ին մեղադրական վերդիկտ է կայացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ և օրեր անց կայացված դատավճռով նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման։ Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում են այն բանում, որ «ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ, հետևաբար, նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները՝ նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Դատավոր Արմինե Մելիքսեթյանի դատական ակտի դեմ բողոք են տարել և՛ Դատախազությունը, և՛ Միքայել Աջապահյանի պաշտպանները։

Նշենք, որ այն արտահայտությունները, որոնց համար դատապարտվել է Աջապահյանը, նա արել է նաև 2020, 2023 թվականներին, սակայն դրանց համար նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Ավելին, 2023 թվականին արված հայտարարությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն, սակայն վարույթ չի նախաձեռնվել։ Միայն այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի սկզբին սկսեց իր հրապարակային խոսքում թիրախավորել հոգևորականներին, իրավապահները հիշեցին Աջապահյանի՝ ավելի քան մեկ տարի առաջ տված հարցազրույցն ու վարույթ նախաձեռնվեց։ Այս վարույթը նախաձեռնելուց 4 օր անց՝ հունիսի 21-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին խոսել է նաև News.am-ին տված հարցազրույցում։

Այս հարցազրույցից 4 օր անց՝ հունիսի 25-ին, ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ Հայաստանում ահաբեկչություն և իշխանությունը զավթելը նախապատրաստելու կասկածանքով, նրան մեղադրանք են ներկայացրել և կալանավորել։ Դրանից մեկ օր անց՝ հունիսի 26-ին, քրեական հետապնդում է հարուցվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ, նա նույնպես ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է 2024-ին արված հայտարարարության համար միայն 2025-ին հետապնդում հարուցվել՝ այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է թիրախավորել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին։ Ի պատասխան այս մեղադրանքի՝ Դատախազությունից հայտնում են, որ Աջապահյանը 2025-ի հունիսի 21-ին տված հարցազրույցում, ըստ էության, հաստատել է 2024-ին իր արած հայտարարությունները։ «Սա վկայում է այն մասին, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն՝ օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները»,- հայտնել են Դատախազությունից:

Դատախազությունը առաջին ատյանում գործի քննության ընթացքում պահանջել է հոգևորականին դատապարտել ոչ թե երկու, այլ երկուսուկես տարվա ազատազրկման, իսկ պաշտպանական կողմը պահանջել է նրան արդարացնել։

Նշենք նաև, որ պաշտպանական թիմն օրեր առաջ հայտարարել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի, նա պետք է տեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այսօր պաշտպանները նիստից առաջ հանդես էին եկել հայտարարությամբ այն մասին, որ Աջապահյանի՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու հարցը կլուծվի դատական նիստից հետո, նա այսօրվա նիստին մասնակցելու է։

Արաքս Մամուլյան