Եվրոպական լուծումներից՝ հայկական մարտահրավերներ. շրջանաձև տնտեսության ներուժը
Երևանում աղբամանների կողքով անցնելիս կամ աղբով լցված ձորեր տեսնելիս` հազիվ թե մտածենք տնտեսական մոդելի մասին։ Մենք դա ընկալում ենք որպես պարզ բնապահպանական կամ կոմունալ խնդիր։ Իրականում, թափոնների անվերահսկելի ավելացումը մեր տնտեսության գծային՝ «վերցրեցի, արտադրեցի, օգտագործեցի և թափեցի» սխեմայի տրամաբանական հետևանքն է, և, ի վերջո, հանգեցրել է էկոլոգիական լուրջ խնդիրների և ռեսուրսների անարդյունավետ օգտագործման։
Շրջանաձև տնտեսությունը (circular economy), որը հիմնված է արտադրանքի և ռեսուրսների շրջապտույտի վրա՝ կրկնակի օգտագործման, վերամշակման և նորոգման միջոցով, հանդիսանում է այս մարտահրավերների արդյունավետ լուծումը։
Բայց արդյո՞ք շրջանաձև տնտեսությունը բացառապես բնապահպանական կոնցեպտ է, թե՞ ապագայի տնտեսական մոդել, որը կարող է լուծել թե՛ ռեսուրսների սպառման, թե՛ ֆինանսական աճի հետ կապված խնդիրները։
Վերլուծելով եվրոպական երկրների, հատկապես՝ Նիդերլանդների հաջողված փորձը, որն այս ոլորտում առաջատարներից է համակարգային և ժողովրդավարական մոտեցումների շնորհիվ, կփորձենք զուգահեռներ անցկացնել Հայաստանում դրա ներուժի և կիրառելիության հետ։
Շրջանաձև մտածողության արմատները. Նիդերլանդներ
Շրջանաձև տնտեսության գաղափարը նորություն չէ։ Այն ձևավորվել որպես առանձին տնտեսական հայեցակարգ 1970-ականներին և հակադրվում է ավանդական «օջախից գերեզմանոց» (cradle to grave) մոդելին՝ առաջարկելով «օջախից օջախ» (cradle to cradle) մոտեցումը։
Այս գաղափարի հիմնադիրներից է շվեյցարացի ճարտարապետ Վալտեր Շտահելը, ով մշակեց «օղակաձև տնտեսություն» (“The Product-Life Factor”) հայեցակարգը՝ առաջարկելով ապրանքները նախագծել երկարակեցության և վերանորոգման սկզբունքով։ Շտահելի նորարարական գաղափարներից մեկը «ապրանքը որպես ծառայություն» (product as a service) մոդելն էր, որտեղ սպառողները վճարում են ապրանքից օգտվելու համար՝ առանց դրանց սեփականատերը դառնալու։
Այնուամենայնիվ, գաղափարը լայն թափ ստացավ հատկապես 2015-ին, երբ Եվրոպական միությունը մշակեց իր ընդհանուր ռազմավարությունը, որից հետո սկսվեցին ազգային ռազմավարությունների մշակումը և տվյալների համակարգված հավաքագրումը։
Նիդերլանդները շրջանաձև տնտեսության համաշխարհային առաջատարներից է, ինչը հաստատում են Եվրոպական վիճակագրական վարչության (Eurostat) ցուցանիշները։ Երկրի շրջանաձևության մակարդակը կազմում է 24.5%, մինչդեռ ԵՄ միջինը 12.8% է։ Նիդերլանդները նպատակ է սահմանել մինչև 2050-ը այս ցուցանիշը հասցնել 100%-ի։ Այս հաջողությունը մեկ օրում չի ձևավորվել, այլ եղել է էվոլյուցիայի արդյունք։
Դեռևս 1980-ականներին Նիդերլանդներում թափոնների կառավարումը սկսեց ավելի ու ավելի մեծ ուշադրություն գրավել, քանի որ երկիրը բախվում էր տարածքի և ռեսուրսների սղության խնդրին։ Շեշտը դրվում էր հիմնականում թափոնները հավաքելու և վերամշակելու վրա։ Ժամանակի ընթացքում քաղաքականություն մշակողները, գիտնականները և բիզնեսի ներկայացուցիչները հասկացան, որ անհրաժեշտ էր կանխել թափոնների գոյացումը արտադրական շղթայի սկզբից։ Այս փիլիսոփայական շրջադարձը, որը հիմնված էր երկարակեցության և վերաօգտագործման գաղափարների վրա, հիմք դրեց «շրջանաձև տնտեսություն» հայեցակարգին, որն արդեն 2016-ին ամրագրվեց պետական ռազմավարության մակարդակում։
Շրջանաձև տնտեսության հիմքում դրված է ոչ միայն պետական քաղաքականությունը, այլև բիզնեսի և հասարակության լայն կոնսենսուսը։ Impact Hub Amsterdam-ի տնօրեն Մանոն Քլայնը, ասում է՝ շարժումը չի սկսվել ԵՄ կարգավորումներից. «Այն սկսվել է բազմաթիվ առաջամարտիկներից, ովքեր սկսեցին փորձարկել, թե ինչպես կարող է մոդելն աշխատել, ինչպես կարող ենք ապրանքը դարձնել ծառայություն և մարդիկ վճարեն միայն օգտվելու համար»։

Մանոնն ընդգծում է՝ քանի որ Նիդերլանդները փոքր երկիր է, տարբեր ոլորտների (ձեռներեցներ, հետազոտական կազմակերպություններ, կառավարական կառույցներ և ներդրողներ) միջև համագործակցությունը սկսեց բավականին արագ զարգանալ՝ ստեղծելով հետաքրքրություն և հնարավորություն փորձարկելու շրջանաձև լուծումներ։
Օրինակ, Դելֆտի տեխնիկական համալսարանը (TU Delft), մասնագիտացված է կայուն զարգացման և շրջանաձև տնտեսության ոլորտում, ունի միջառարկայական հետազոտական կենտրոն և սերտորեն համագործակցում է արդյունաբերության հետ՝ նորարարական լուծումներ մշակելու համար։
Հասարակության իրազեկվածության բարձրացումը նույնպես կարևորագույն գործոն է։ Նիդերլանդներում գործող «Վերանորոգման սրճարանները» (Repair Cafés) դրա ամենաառաջին և վառ օրինակներից մեկն է։

2009-ին լրագրող Մարտինե Պոստման Ամստերդամում հիմնեց առաջին «Վերանորոգման սրճարանը»՝ հակասպառողական և «միանգամյա օգտագործման» մշակույթի դեմ ուղղված շարժումը։ Այս սրճարաններում մարդիկ հավաքվում են՝ իրենց կոտրված իրերը վերանորոգելու փորձառու մասնագետների կամ կամավորների օգնությամբ։ Այն, ինչ սկսվեց որպես տեղական նախաձեռնություն, այսօր դարձել է գլոբալ շարժում՝ աշխարհի ավելի քան 40 երկրում գործող 2000-ից ավելի վերանորոգման սրճարաններով։
Շրջանաձև տնտեսության ներկան Հայաստանում
Նիդերլանդներում շրջանաձև տնտեսության անցումը մեծապես պայմանավորված էր բնակչության բարձր խտությամբ (1 քառ․ կմ-ի վրա մոտ 520 մարդ) և ռեսուրսների սղությամբ, իսկ Հայաստանի համար (1 քառ․ կմ-ի վրա մոտ 104 մարդ) այն առավելապես դիտարկվում է որպես նորարարության, տնտեսական զարգացման և եվրոպական ուղուն համահունչ քաղաքականության գործիք։ Հայաստանը դեռևս չունի այս ուղղությամբ ազգային համապարփակ ռազմավարություն, ավելին, «շրջանաձև տնտեսություն» ձևակերպումը հանրային և քաղաքական օրակարգում սկսել է շրջանառվել ընդամենը վերջին տարիների ընթացքում։
Մյուս կողմից՝ շրջանաձև տնտեսության սկզբունքներն իրականում խոր արմատներ ունեն մեզանում։ Խորհրդային ժամանակաշրջանի պլանային տնտեսությունը, որը բնորոշվում էր ապրանքների մշտական դեֆիցիտով, ստիպել է մարդկանց լինել խնայող և հնարամիտ։ Սա գոյատևման տնտեսություն էր, որտեղ շրջանաձևությունը ինքնաբերաբար գործում էր։
Այդ ավանդույթի կենդանի օրինակներն են մեր փողոցների անկյուններում գործող կոշկակարները, որոնց շնորհիվ հնարավոր է լինում նոր կոշիկ գնելու փոխարեն վերանորոգել հինը՝ երկարացնելով դրանց կյանքը և նվազեցնելով թափոնների քանակը։ Այս ավանդական արհեստը շրջանաձև տնտեսության ամենապարզ և ամենաարդյունավետ դրսևորումներից է։
Նույն տրամաբանությունն է գործում զգեստների վարձակալության պարագայում, երբ տոնական կամ հարսանեկան զգեստից մեկից ավելի մարդ է օգտվում։ Այս մոդելը մասնագիտական լեզվով կոչվում է «ապրանքը որպես ծառայություն»։ Այս մտածելակերպի դրսևորում է նաև List.am հարթակը, որը դարձել է երկրորդային ապրանքների շրջանառության հիմնական հանգույցը՝ կրճատելով ավելորդ արտադրության անհրաժեշտությունը։
Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը ասում է․ «Այս երևույթները, օրինակ՝ հագուստի վարձակալություն կազմակերպելու փաստը մեծ բում է առաջացրել Եվրոպայում։ Շատ երկրներ երկրորդային ապրանքի վաճառքի օնլայն հարթակներ չունեն, իսկ մենք ունենք List.am-ը, որը օնլայն հարթակ է, բայց ամբողջությամբ շրջանաձև է»։
Ավելին, եվրոպական մի շարք երկրներում այժմ ներդրվում են այնպիսի համակարգեր, որոնք Հայաստանում կիրառվել են վաղուց։ Օրինակ, Ֆրանսիան 2020-ից աստիճանաբար ներդնում է համակարգ (AGEC), որը սպառողներին թույլ է տալիս վերադարձնել օգտագործված շշերը կամ տարաները՝ դրա դիմաց ստանալով փոքր դրամական փոխհատուցում, խրախուսելով թափոնների առանձնացված հավաքումը և վերամշակումը։
«Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր Տիգրան Ջրբաշյանը առաջարկում է շրջանաձև տնտեսությանը նայել այլ տեսանկյունից՝ ոչ թե որպես բնապահպանական գաղափար, այլ որպես պրագմատիկ, տնտեսական անհրաժեշտություն, որը հիմնված է շահույթի սկզբունքի վրա։ Նրա համոզմամբ՝ շրջանաձև տնտեսությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար․ «Մենք էլ ենք, իհարկե, մտածում բնապահպանության մասին, բայց մեզ համար ռեսուրսներն արդյունավետ օգտագործելը շատ ավելի մեծ տնտեսական նշանակություն ունի, քան թե բնապահպանական»:
Հայաստանում ԵՄ Պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Զուզանա Սորոչինովան շրջանաձև տնտեսության կարևորությունը ԵՄ տեսանկյունից բացատրում է այսպես․ «Հայաստանում արտադրվող ողջ թափոնների 90%-ը հայտնվում է աղբավայրերում։ Ահա թե ինչու մեզ համար կարևոր է փոխանցել այն լավագույն փորձը, որն ունենք ԵՄ-ում՝ նվազեցնելու թափոնները, խնայելու ռեսուրսները, որոնք անսահմանափակ չեն և երբեք էլ չեն լինի, ինչպես նաև նպաստելու բնակչության առողջությանը և կայուն զարգացմանը»։
Շրջանաձև տնտեսության մասին խոսելիս անհնար է չընդգծել հասարակական սեկտորի դերը։ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող և Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականությունը» ծրագիրն ունի 3 հիմնական բաղադրիչ՝ «աղտոտողն է պատասխանատու» սկզբունքի ներդրում իրավական նորմերում, սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման կարողությունների բարձրացում (Սևանը տեսակավորում է), ինչպես նաև՝ Հայաստանում բիոգազի արտադրության հնարավորությունների բացահայտումը։
Եվս մեկ առանցքային ծրագիր է CirculUP!-ը, որը համակարգվում է Impact Hub Yerevan-ի, Impact Hub Network-ի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ծրագրի շրջանակում ավելի քան 100 ստարտափ, ՓՄՁ և ՀԿ-ներ ստացել են մասնագիտական վերապատրաստում։ Երկու տասնյակից ավելի բիզնեսներ և ՀԿ-ներ ստացել են ավելի քան 500,000 եվրոյի դրամաշնորհներ՝ շրջանաձև մոտեցումներ ներդնելու նպատակով։ CirculUP!-ի շրջանակում 2025-ին Դիլիջանում տեղի է ունեցել շրջանաձև տնտեսության թեմայով Հայաստանում առաջին միջազգային ֆորումը՝ մեկ հարկի տակ հավաքելով ոլորտի հարյուրից ավելի դերակատարների և Impact Hub ցանցի ավելի քան 150 ներկայացուցիչների աշխարհի 40 երկրներից։

Բայց որքա՞նով է Հայաստանը պետական մակարդակով քայլեր անում շրջանաձևության ուղղությամբ։ ՀԱՀ դասախոս և Յակոբեան բնապահպանական կենտրոնի վերընշված ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ասում է․ « Հիմա, կարծես, այն խմորման շրջանն է, երբ արդեն ինչ-որ սպասելիքներ, ակնկալիքներ կան»:
Պետական մոտեցում․ Նիդերլանդներ
Ի տարբերություն բազմաթիվ երկրների, որոնք ունեն շրջանաձև տնտեսության հստակ ծրագրեր, Նիդերլանդներն առանձնանում է իր մոտեցման համապարփակությամբ և հավակնոտ նպատակներով՝ մինչև 2050-ը ունենալ ամբողջությամբ շրջանաձև տնտեսություն, իսկ որպես միջանկյալ թիրախ՝ մինչև 2030-ը առաջնային հումքի (օգտակար հանածոներ, հանքանյութեր) օգտագործումը կրճատել 50%-ով։
Նիդերլանդական մոդելի առանձնահատկություններից մեկը համագործակցային մոտեցումն է, որը դրսևորվում է «Կանաչ գործարքների» (Green Deals) միջոցով։ Դրանք կառավարության, բիզնեսի, գիտության ու ՀԿ-ների միջև կնքվող կամավոր համաձայնագրեր են։ Օրինակ, «Կանաչ գործարքներից» մեկը կնքվել է 16 կողմերի միջև (ներառյալ հագուստ արտադրող մեծ կորպորացիաներ)՝ խթանելու տեքստիլ արդյունաբերության շրջանաձևությունը։ Կողմերը պարտավորվել են հագուստի թափոնների 50%-ը օգտագործել նոր ապրանքների արտադրության մեջ և 80%-ով նվազեցնել թունավոր քիմիկատների օգտագործումը։
Միևնույն ժամանակ, Նիդերլանդների կառավարությունը նաև օրենսդրական և գործնական քայլեր է անում՝ հինգ գերակա ոլորտների զարգացման համար՝ կենսազանգված և սնունդ, պլաստիկ, արտադրություն, շինարարություն և սպառողական ապրանքներ։ Այստեղ կիրառվում է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության» (Extended Producer Responsibility) սկզբունքը, որը պարտավորեցնում է արտադրողներին պատասխանատվություն կրել իրենց արտադրանքի ողջ ցիկլի համար։ Այսօր Նիդերլանդներում թափոնների մոտ 80%-ը վերամշակվում է։
Կառավարությունը կարևոր դերակատարություն ունի նորարարությունների ներմուծման և խրախուսման գործում։ Օրինակ՝ դրամաշնորհներ և սուբսիդիաներ են տրամադրվում «կանաչ» ստարտափներին և ՓՄՁ-ներին՝ խթանելով շրջանաձև տնտեսության նոր լուծումների որոնումը։
Impact Hub Amsterdam-ի տնօրեն Մանոն Քլայնը նշում է, որ «Կանոնակարգերը կարևոր են նաև, որպեսզի ստեղծվեն ճիշտ խթաններ՝ նյութերն ավելի երկար և հաճախ օգտագործելու համար՝ նորերի փոխարեն։ Օրինակ՝ «Վերանորոգման իրավունքի» մասին օրենքները»։ Ըստ Մանոնի՝ ամենավառ օրինակներից մեկը երկու հոլանդական ընկերությունների՝ OV Fiets-ի և Roetz Bikes-ի համագործակցությունն է։
Շատ մարդիկ չեն օգտվում հասարակական տրանսպորտից, քանի որ այն չի հասնում իրենց վերջնակետին։ OV Fiets ծառայությունը հնարավորություն է տալիս մարդկանց վարձել հեծանիվ գնացքի կայարանում և հասնել իրենց նպատակակետին։ Մարդիկ ավելի հաճախ են օգտվում գնացքներից, ինչը նվազեցնում է ավտոմեքենաների քանակը քաղաքի փողոցներում։ Իսկ Roetz Bikes սոցիալական ձեռնարկությունն աշխատանքի է վերցնում այն մարդկանց, ովքեր դժվարություններ ունեն աշխատաշուկայում, և սովորեցնում է նրանց հեծանիվներ վերանորոգել՝ այդպիսով երկարացնելով դրանց կյանքի տևողությունը։

Հեծանիվների ավտոմատ վարձույթի կետ Նեյմեգեն Լենտ կայարանում
Կարևոր դերակատարում ունեն նաև համայնքներն ու քաղաքապետարանները՝ կիրարկելով թափոնների կառավարման կամ «շրջանաձև» պետական գնումների գործընթացը։ Օրինակ՝ Ամստերդամում և Ռոտերդամում տեղական իշխանություններն ակտիվորեն համագործակցում են մասնավոր ընկերությունների հետ՝ քաղաքային ենթակառուցվածքների շրջանաձև լուծումներ ներդնելու համար։
Շրջանաձև մոտեցումները հանդիպում են նաև շինարարության ոլորտում։ Նիդերլանդներում այն օգտագործվող հումքի ամենամեծ սպառողն է (մինչև 40%)։ Կառավարությունը խրախուսում է շինությունների ապամոնտաժման նորարարական մեթոդները՝ նյութերը վերօգտագործելու համար։
Միևնույն ժամանակ, որպես կառավարության գործնական քայլ՝ մինչև 2030-ը բոլոր պետական գնումները կդառնան շրջանաձև՝ դրանով իսկ խթանելով ամբողջ շուկայի անցումը դեպի նոր մոդել։
Նիդերլանդների այս փորձը ցույց է տալիս, որ պետության դերը կենսական է, և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն հստակ նպատակ, այլև ճկուն, համագործակցային քաղաքականություն և կոնկրետ գործնական քայլեր։

Կոպենհագենի CopenHill (Amager Bakke) աղբի գործարանը ոչ միայն թափոնից էներգիա է արտադրում, այլև իր տանիքին ունի դահուկային լանջ, իսկ կողքին՝ ժայռամագլցման պատ, ինչը թափոնների գործարանը վերածում է հասարակական վայրի, որը հասանելի է բոլորի համար։
Պետական մոտեցում․ Հայաստան
Հայաստանն իր առաջին քայլերն է անում դեպի շրջանաձև տնտեսություն՝ մեծապես պայմանավորված միջազգային պարտավորություններով։ Թեպետ այսօր Հայաստանը դեռ չունի շրջանաձև տնտեսության վերաբերյալ առանձին ազգային ռազմավարություն, այնուամենայնիվ, դրա սկզբունքներն արտացոլվում են որոշ պաշտոնական փաստաթղթերում։ Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումների համաձայն՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) տեքստում շրջանաձև տնտեսությանը անմիջական անդրադարձ չկա, այնուամենայնիվ, Համաձայնագիրը և Կառավարության այլ ծրագրերը խթանել են դրա հետ առնչվող փաստաթղթերի մշակումը։
Թե՛ ՀՀ շրջակա միջավայրի, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը մատնանշում են մեկ փաստաթուղթ՝ «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը», որի թիրախային ժամկետը մինչև 2030-ն է։ Այս նախագիծը գտնվում է վերջնականացման փուլում և դեռևս ընդունված չէ, սակայն հասանելի է հանրային քննարկման համար։
Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ, ինչպես, օրինակ, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը, համոզված են, որ․ «Հերթական անգամ եվրոպացիներին փորձում ենք իրենց ուզածը ներկայացնել, իրականում ոչ մի բան չանելով։ Իմ խորին համոզմամբ, մեզ ոչ թե պետք է առանձին ռազմավարություն, այլ՝ շրջանաձևության խթանիչները ներառել բոլոր ոլորտային ռազմավարություններում։ Պետությունը պետք է այդ գաղափարը բոլոր տեղերը փորձի ներդնել՝ խրախուսելով էֆեկտիվ օգտագործումը»:
Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսությունում շրջանաձևության տոկոսը շատ ավելի բարձր է, քան կարելի է ենթադրել․ «Մենք ունենք շրջանաձևության ֆենոմեն, առանց այդ անվանման»։ Հավելում է նաև, որ CirculUp ծրագրի ռազմավարությունը հիմնված է շրջանաձևությունը որպես տնտեսական խթան դիտարկելու գաղափարի վրա։ Սա ավելի իրատեսական մոտեցում է, քան ուղղակի ռազմավարություններ ընդունելը և մեծ գումարներ ներդնելը՝ հույս ունենալով, թե «հայկական տատիկները կգնան սուպերմարկետ և կօգտագործեն թղթի տոպրակներ, որովհետև դա խնայում է բնությունը։ Չի լինի այդպիսի բան»։
Հայաստանը պարտավորվել է նաև ազգային օրենսդրությունը մոտարկել թափոնների մասին ԵՄ հրահանգին (2008/98/ԵՀ), ինչը նախատեսում է «աղտոտողը վճարում է» և «արտադրողի ընդլայնված պատասխանատվության» սկզբունքի ներդրում։ Այդ ուղղությամբ ՀԱՀ բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մշակվել է «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին» օրենքի նախագիծը։ Դրանով նախատեսվում է ներդնել համակարգ՝ ըստ որի արտադրողներն ու ներմուծողները պարտավորվում են ապահովել իրենց արտադրանքի որոշ տեսակների թափոնների հետագա գործածությունը։
Հարություն Ալպետյանն ընդգծում է, որ վերոնշյալ ռազմավարության ընդունումը ձգձգվում է արդեն 2 տարի․ «Կարևոր նախապայման է, որ որոշում կայացնողները լինեն ճիշտ իրազեկված, թե այդ համակարգն իրենից ինչ է ներկայացնում, օգուտները որոնք են, ռիսկերը որոնք են ու իրազեկ որոշում կայացնեն, ինչի համար պետք է ժամանակ»։
Ըստ Գևորգ Պողոսյանի՝ «Կառավարության կողմից այս պահին դեռ ոչ մի հաստատված գործիք շրջանաձև տնտեսության մասով չկա։ Եթե մենք սպասենք, որ հասարակությունը լինի պահանջ ստեղծողը, ապա իհարկե, շա՜տ երկար պետք է սպասենք»։ Թեև շրջանաձև տնտեսությունը ներկայացված է որպես առաջնահերթություն տարբեր ռազմավարություններում, բայց աջակցությունը գործնականում դեռևս բացակայում է։
Խոսելով այն մասին, թե ինչ կարող է անել պետությունը՝ նպաստելու համար տնտեսության շրջանաձև զարգացմանը՝ Մանոն Քլայնը մի հետաքրքիր հանգամանք է նշում․ «Կառավարությունը պետք է գիտակցի իր սեփական «գնումների ուժը»։ Նիդերլանդներում կա մի մեծ հարթակ, որը կոչվում է CircuLAW, որտեղ կառավարությունը նշում է չափանիշներ՝ շրջանաձև լուծումներով հայտերին նպաստելու համար։ Եթե պետությունը ճիշտ ուղղությամբ օգտագործի իր ուժը, դա կարող է շատ օգտակար լինել»։
Մեր գրավոր հարցումն ուղղված ՀՀ կառավարությանը ըստ նշանակության պատասխանի չի արժանացել, իսկ Երևանի քաղաքապետարանն անկեղծորեն արձանագրում է․ «ՀՀ-ում շրջանաձև տնտեսության դասական մոդելը որպես այդպիսին դեռևս տնտեսության ոչ մի հատվածում, այդ թվում նաև՝ Երևանի քաղաքապետարանում, ներդրված չէ: «Գնումների մասին» ՀՀ օրենքով ռեսուրսների շրջանառության որևէ պահանջ դեռևս ներդրված չէ գնումների իրականացման որևէ փուլում առկա չէ որևէ նորմ, որով հնարավոր կլինի կառավարել կամ ռեսուրսների հնարավոր շրջանառության վերաբերյալ համակարգված հաշվառում իրականացնել: Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանի առօրյա գործունեության ընթացքում առկա են շրջանաձև տնտեսության որոշակի տարրեր»:
Մասնավորապես, քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող հնամաշ և կոտրված գույքը համապատասխան կարգով վերագնահատվում և օտարվում է։ Բացի այդ, օգտագործման համար ոչ պիտանի որոշ իրեր, ինչպես օրինակ՝ կոտրված փայտյա ապրանքները, տրամադրվում են կարիքավոր քաղաքացիներին՝ որպես վառելափայտ։
Թվային համեմատություններ և վիճակագրություն. որտեղ է Եվրոպան
Եվրոպայում շրջանաձև տնտեսության մոդելը կառուցված է տվյալների ամուր հիմքի և համակարգված քաղաքականությունների վրա։ Այս մոտեցման առանցքը Եվրոպական վիճակագրական վարչության դերակատարությունն է, որը հավաքագրում և մանրամասն վերլուծում է ռեսուրսների օգտագործման, թափոնների կառավարման և վերամշակման ցուցանիշները՝ դրանք դարձնելով քաղաքական որոշումների կայացման հիմնական գործիք։
Ինտերակտիվ քարտեզը ներկայացնում է ԵՄ երկրների շրջանաձևության ցուցանիշը, սահմանված նպատակներն ու հետաքրքիր լուծումները, որոնք կիրառվում են յուրաքանչյուր երկրում։
Ուշագրավ է նաև շրջանաձև տնտեսության ոլորտներում զբաղված անձանց թվաքանակի և փոփոխության միտումների ուսումնասիրությունը։ Ինչպես երևում է՝ ամբողջ Եվրոպայում շրջանաձև տնտեսության ոլորտներում զբաղված անձանց թվով առաջատարն է Գերմանիան, որին հաջորդում է Մեծ Բրիտանիան, իսկ Իտալիան և Ֆրանսիան մրցում են քիչ տարբերությամբ։
Թվային համեմատություններ և վիճակագրություն. որտեղ ենք մենք
Տիգրան Ջրբաշյանը կարծում է որ անցումը շրջանաձևության կարող է փոխել Հայաստանի տնտեսության կառուցվածքը։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր, մեզ համար ներմուծվող ռեսուրսների արժեքը միշտ բարձր է։ Թափոնները որպես հումք օգտագործելը նա համարում է «ամենաէժան ռեսուրսը», ինչը թույլ կտա նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել դրա մրցունակությունն արտաքին շուկաներում նրա հաշվին, որ ապրանքը «կանաչ» է, ինչը գնահատվում է եվրոպական և ամերիկյան շուկաներում։
Նրա կարծիքով՝ շրջանաձևությունը Հայաստանին կտա մի քանի կարևոր առավելություն․ կապահովի աշխարհագրական դիվերսիֆիկացիա՝ արտադրությունները տեղայնացնելով մարզերում և ստեղծելով բազմատեսակ աշխատատեղեր՝ սկսած պարզ բանվորական ուժից մինչև բարդ, գիտատար տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետներ։ «Մենք դեռ չենք ընկալում, որ աղբից ավելի լավ ռեսուրս չկա։ Արևմտյան աշխարհում ամենամեծ հարստությունները ձևավորում են մարդիկ, որոնք կառավարում, վերամշակում են աղբը»,- եզրակացնում է նա։
Միևնույն ժամանակ, Հարություն Ալպետյանը կարծում է, որ առանց պետության միջամտության անհնար է ապահովել շրջանաձև տնտեսության շահութաբերությունը։ Ըստ նրա՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ դա տնտեսապես արդարացված է, կա՛մ ոչ։ Եթե տնտեսապես արդարացված է, ապա շատ հավանական է, որ դա արդեն արվում է տնտեսավարողների կողմից, իսկ եթե չի արվում, ապա ուղղակի իրազեկման հարց է, ինչը շատ հազվադեպ է պատահում։
«Լուրջ բիզնեսները շատ լավ տեղյակ են, թե իրենց ինչն է ավելի ձեռնտու։ Եթե կա թեկուզ փոքր հնարավորություն ավելի մեծ շահույթ ստանալու, իրենք չեն նայում դա շրջանաձև է, թե՝ չէ, իրենք դա անում են։ Սա պատասխանն է հարցի, թե ինչո՞ւ այսօր շրջանաձևություն չկա։ Այս մոդելը կարող է շահութաբեր լինել միայն ինչ-որ կոնկրետ քաղաքականությունների դեպքում։ Պետության դերը հենց դրանում է՝ ինչպես անի, որ այդ շահութաբերությունը լինի շրջանաձև կամ շրջանաձևը լինի շահութաբեր»,- եզրակացնում է Ալպետյանը։
Հայաստանում շրջանաձևության տնտեսական կողմն ուսումնասիրելիս փորձագետները բախվում են նաև՝ տվյալների բացակայության խնդրին։ Վիճակագրական կոմիտեն թափոնների և թափոնների կառավարման վերաբերյալ տվյալներ շատ քիչ ունի, իսկ այն, ինչ կա, հաճախ հիմնված է նորմատիվային մոտեցումների վրա։
Դավիթ Մարկոսյանն իր՝ «Շրջանաձև բիզնես մոդելների ներդրման հեռանկարները ՀՀ սննդարդյունաբերության ոլորտում» ուսումնասիրությամբ բացահայտել է, որ ոլորտում շրջանաձև բիզնես մոդելների ներդրման ամենամեծ խոչընդոտները քաղաքականության և սկզբնական ֆինանսական ծախսերն են, մինչդեռ իրազեկվածության մակարդակը բավականին բարձր է։
Գևորգ Պողոսյանը նշում է, որ շրջանաձև տնտեսության զարգացման ամենամեծ հնարավորություններն ունեցող ոլորտներն են գյուղատնտեսությունը, տուրիզմը և տեքստիլը։ Նա նաև հայտնում է, որ CirculUp ծրագրի շրջանակում հայտերի ընդունման ընթացքում ստացվել է 100-ից ավել հայտեր, ինչը վկայում է բիզնեսի առկա հետաքրքրության մասին։
Անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու և շոշափելի արդյունքների հասնելոււ ևս մեկ հնարավորություն է Սևան քաղաքում իրականացվող ծրագիրը, որտեղ ս․թ․ հուլիսի վերջից քաղաքի 1300-ից ավելի տնտեսություններին բաժանվել են անհատական օգտագործման թափոնամաններ։ Ներդրվել են նաև եվրոպական արտադրության բարձրորակ աղբամաններ և Volvo մակնիշի թափոնատար մեքենա։ Նոր սխեմայով բնակիչները տեսակավորում են թափոնները երկու խմբի. մեկ աղբամանի մեջ հավաքվում է միայն ապակի, իսկ մյուսի մեջ՝ պլաստիկ, թուղթ և մետաղ՝ միասին։ Այս մոտեցումը թույլ է տալիս ստանալ շատ ավելի մաքուր հումք՝ հետագա վերամշակման համար։ Ծրագրի ներքո նաև սերտորեն աշխատում են դպրոցականների հետ, քանի որ իրենք են փոփոխության կրողները։
Ներկայումս «Impact Hub»-ի և «Ամերիա» ընկերությունների խմբի համագործակցությամբ իրականացվում է մատակարարման շղթաների ուսումնասիրություն՝ շրջանաձևության ցուցանիշները քարտեզագրելու նպատակով։ Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին կստացվի շրջանաձև տնտեսության ներուժի վերաբերյալ թվային պատկեր։
Հոլանդական վարդերը և CO2-ի շրջապտույտը
Ջերմոցային տնտեսությունները Նիդերլանդների տնտեսության կարևորագույն հատվածներից են, ինչի շնորհիվ երկիրն աշխարհում ծաղիկների և բանջարեղենի խոշորագույն արտահանողներից մեկն է։ Այս տնտեսություններում բույսերի աճը խթանելու համար անհրաժեշտ է ածխաթթու գազի (CO2) հավասարակշռված քանակություն։ Ավանդաբար, ֆերմերներն այն ստանում էին՝ այրելով բնական գազ, ինչը ոչ միայն թանկ էր, այլև հանգեցնում էր ավելորդ արտանետումների։
Խնդիրը լուծելու միտքն առաջին հերթին ծագել է ծաղիկների և բանջարեղենի բիզնեսով զբաղվողների մոտ։ Նրանք անընդհատ փնտրում էին ածխաթթու գազի ավելի էժան աղբյուր։ Միևնույն ժամանակ, Ամստերդամի նավահանգստի արդյունաբերական գործարանները մեծ քանակությամբ CO2 էին արտանետում մթնոլորտ՝ որպես թափոն և բնապահպանական կարգավորումների պատճառով պետք է կրճատեին իրենց արտանետումները։
Այս խնդիրը լուծում ստացավ անհավանական թվացող մոտեցմամբ. OCAP (Organische CO2 voor Assimilatie van Planten) նախագծի շրջանակում՝ 2000-ականների սկզբից, կառուցվեց խողովակաշարերի լայնածավալ ցանց, որի երկարությունը հասնում է ավելի քան 400 կիլոմետրի։
Այս ցանցը հավաքագրում է արդյունաբերական գործարանների «թափոն» CO2-ը և այն խողովակներով ուղղում ջերմոցային տնտեսություններ։ Այս նախագիծը վերջնականապես երկու խնդիրն էլ լուծեց. նավահանգստում նվազեցին աղտոտող արտանետումները, իսկ ջերմոցները հրաժարվեցին թանկարժեք վառելիքից։ Այս պատմությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է թափոնը վերածել արժեքավոր ակտիվի և դրա համար գտնել ամենաանհավանական թվացող ճանապարհները։

400կմ երկարությամբ խողովակաշար Նիդերլանդներում, որը նավահանգստի CO2 արտանետումները մատակարարում է ջերմոցային տնտեսություններին
Բիոգազի ներուժը Հայաստանում
Շատերը չեն պատկերացնում, որ Հայաստանի համար ամենացավալի խնդիրներից մեկը՝ էներգետիկ անվտանգությունը, ուղղակիրոնե կապված է երկրում առկա գոմաղբի հետ։ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնն իր քառամյա ծրագրի շրջանակում հայտարարել է մրցույթ՝ Հայաստանում բիոգազի արտադրության ներուժը գնահատող ուսումնասիրություն անցկացնելու համար։ Մրցույթը շահել է դանիական ինժեներական ընկերություն, որը ոչ միայն խորհրդատու է, այլև՝ իրականացնող։ Նրանք արդեն ավարտել են հետազոտությունը, և զեկույցը շուտով պատրաստ կլինի հրապարակման։
Հետազոտությունը գնահատել է Հայաստանում գոյացող օրգանական թափոնների հիման վրա բիոգազի արտադրության ներուժը, որը ներառում է գոմաղբ, թռչնաղբ, գյուղատնտեսական մնացորդներ (ծղոտ), սպանդանոցային թափոններ և ամենակարևորը՝ կենցաղային ու արդյունաբերական սննդային թափոններ։
«Եթե այս բոլոր թափոնները գնան բիոգազի վերածվելու, մենք կարող ենք այնքան բիոգազ արտադրել Հայաստանում, որ հնարավոր է դրանով փոխարինել Ռուսաստանից ներկրվող գազի մինչև տասը տոկոսը։ Մենք շատ լուրջ թվի մասին ենք խոսում, բայց դա «dream project» է՝ ամբողջական պոտենցիալը: Հիմա իրատեսական․ մենք կարող ենք խոսել գուցե հինգ տոկոսի մասին, բայց դա էլ է մեծ թիվ, որովհետև մենք մեծ կախվածություն ունենք գազից»,- ասում է Հարություն Ալպետյանը։
Որպես հաջողված օրինակ նա նշում է Դանիան. «Պատկերացրեք՝ Դանիայի սպառած գազի 40%-ը բիոգազ է, և նրանք այդ 40%-ին հասել են ոչ թե 50, այլ ընդամենը 8 տարում։ Այդ բոլորը տնտեսական խթանների արդյունք են»։
Բիոգազի կայանները տալիս են լրացուցիչ արդյունքներ, որոնք դարձնում են այն շահութաբեր։ Օրինակ՝ 100 տոննա հումքից (պայմ․ գոմաղբ) ստացվում է 10 տոննա կենսագազ (որի 60%-ը մեթան գազ է, մնացածը՝ CO2) և 90 տոննա օրգանական պարարտանյութ։ Այժմ Հայաստանը սինթետիկ պարարտանյութերի ներմուծող է։ Բացի վնասակար ազդեցությունները, այն նաև մեծ կախվածության մեջ է դնում տնտեսվարողներին արտաքին շուկայից։ «Մենք կարող ենք այնքան օրգանական՝ բնական պարարտանյութ արտադրել բիոգազի կայաններից, որ հնարավոր է դառնալ արտահանող»,- վստահ է Ալպետյանը։
Ըստ նրա՝ պետք է պետության կողմից ինչ-որ խթան լինի օրգանական պարարտանյութ օգտագործելու, օրգանական արտադրանք ստեղծելու, որպեսզի աշխատի մեխանիզմը։
Երկրորդ հավելյալ արժեքը ածխաթթու գազն (CO₂) է։ Բիոգազի արտադրության ընթացքում ստացվող CO₂-ը մեծ պահանջարկ ունի ջերմոցային տնտեսություններում և գազավորված ըմպելիքների արտադրությունում։ Այս պահին էլ կան ջերմոցներ, որոնք պարզապես այրում են գազ, որպեսզի ստանան այդ CO2-ը, որն անհրաժեշտ է բույսերի արագ աճի համար։ Այսինքն, խոսքը գնում է բավական մեծ օգուտների մասին։
Ըստ Ալպետյանի՝ Երևանում օրական Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում մոտ 500 տոննա սննդային թափոն, որի մշակման համար վճարելը եվրոպական երկրներում «ամենաթանկ ճոխությունն է»։ «Աղբը աղբավայրում տեղավորելը Երևանի պես քաղաքի համար օրական շուրջ 100,000 եվրո է արժենում։ Բոլորին թվում է՝ թափոններն իրենց գործը չեն, իրենց «սահմանադրական իրավունքն» է կեղտոտել երկիրը և թափոն գոյացնել, ինչ-որ մեկը պիտի դրա համար հոգա: Չէ՛, թափոն գոյացնողը, աղտոտողը պիտի հոգա իր կեղտոտածի համար»։
Հայաստանում գոյացող տարեկան միլիոնավոր տոննա գոմաղբի մեծ մասը կառավարվում է անկանոն՝ թափվելով նաև գետեր և աղտոտելով հողերը։ Այս անարդյունավետության հետևանքով կորչում է արժեքավոր մեթան գազը, ինչպես նաև սահմանափակվում են պարենային և էներգետիկ անվտանգության բարելավման հնարավորությունները։ Նա նաև նշում է, որ այս զեկույցի արդյունքները ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարին, և գաղափարը հավանության արժանանալով՝ ընդգրկվել է մշակված պետական ծրագրում որպես առանցքային ուղղություն։
Եզրակացություն. հնարավորություններ Հայաստանի համար
Եվրոպական օրինակը հստակ ցույց է տալիս, որ շրջանաձև տնտեսությունը ոչ թե պարզապես տեսություն է, այլ կոնկրետ գործողությունների ծրագիր, որը հնարավոր է իրականացնել՝ համագործակցության և ժողովրդավարական մեխանիզմների շնորհիվ։ Այն հիմնված է կառավարության, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համատեղ ջանքերի վրա։
Հայաստանի համար այս մոդելը կարող է դառնալ ապագայի տնտեսական զարգացման կարևորագույն ուղղություն։ Փորձագետներն այս հարցում ևս համակարծիք են. շրջանաձև տնտեսությունն առաջին հերթին՝ տնտեսության մասին է։ Նրանք համակարծիք են նաև այն հարցում, որ շրջանաձև տնտեսության շահութաբերությունը մեծապես կախված է պետական քաղաքականությունից և տնտեսական խթաններից։ Ի վերջո, խելացի պետությունները հարկում են գծային տնտեսություն ունեցող (ավելի աղտոտող) ընկերություններին և այդ հարկերով սուբսիդավորում են շրջանաձև տնտեսություն ունեցող (ավելի կանաչ) նախաձեռնություններին և սա կոչվում է «արդար անցում»։
Այս մոտեցումը թույլ է տալիս աստիճանաբար դուրս բերել ավելի շատ աղտոտող արտադրությունները տնտեսությունից՝ առանց դրանք անմիջապես փակելու։ Աղտոտող ընկերություններին առաջարկվում է ընտրություն՝ կա՛մ վճարել ավելի բարձր հարկեր, կա՛մ ներդրում կատարել՝ դառնալու շրջանաձև։ Այս համակարգը ապահովում է, որ պետության վրա լրացուցիչ բեռ չլինի, քանի որ «վատ» բաների համար գանձված գումարներն ուղղվում են «լավ» բաների զարգացմանը։
Եվրոպական փորձը և հայկական իրականության վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ շրջանաձև տնտեսությունը դադարում է լինել զուտ բնապահպանական հայեցակարգ և վերածվում է գործնական տնտեսական մոդելի։ Սա այն մոտեցումն է, որտեղ թափոնն այլևս ավարտ չէ, այլ նոր շրջապտույտի մեկնարկային կետ՝ նոր արժեք ստեղծելու համար։ Այս համատեքստում Հայաստանի համար կարևորագույն խնդիր է եվրոպական հաջողված փորձը ճիշտ հասկանալը, հարմարեցնելը և կիրառելը։ Այս ճանապարհին անհրաժեշտ է քաղաքական կամք, գործնական մտածողություն և համակարգային աշխատանք՝ ցույց տալու համար, որ կայուն ապագան ոչ թե պարզապես իդեալ է, այլև՝ շոշափելի ֆինանսական օգուտ։
Մարիամ Տաշչյան
Սույն հոդվածը հրապարակվել է «Պարզաբանելով ժողովրդավարությունը․ իրազեկման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսավորմամբ։