ԱՄՆ մեծ խաղադրույքները Զանգեզուրի վրա. ինչպես կարող է «միջանցքը» կրճատել Եվրոպայի էներգետիկ ծախսերը և հակազդել Ռուսաստանին․ Forbes-ի անդրադարձը
Քաղաքականություն
20.07.2025 | 20:46
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը համարձակ առաջարկ է ներկայացրել․ մեկ դար տևողությամբ, մասնավոր կառավարմամբ վարձակալություն՝ «Զանգեզուրի միջանցքի» համար։ Այս մասին ասվում է Forbes-ի անդրադարձում։
Աշխարհը պայքարում է՝ ազատվելու ռուսական էներգիայից սրվող գլոբալ լարվածության պայմաններում։ Այդ համատեքստում կարո՞ղ է, արդյոք, հայկական 43 կիլոմետրանոց հատվածը դառնալ Ամերիկայի հմուտ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ։ ԱՄՆ-ի համարձակ ծրագիրը՝ վարձակալել «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով, խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն, սակայն կարող է վերսկսել Սառը պատերազմի նոր ճակատ՝ Կովկասում։
Միացյալ Նահանգները հայտնվել է մեծ խաղադրույքներով դիվանագիտական խաղի կենտրոնում, որը կարող է հիմնարար կերպով փոխել էներգետիկ հոսքերը Եվրասիայում։ «Զանգեզուրի միջանցքի» իր հավակնոտ առաջարկով՝ 43 կիլոմետրանոց ռազմավարական անցում Հայաստանի Սյունիքի մարզով, Վաշինգտոնը նպատակ ունի քանդել տասնամյակների պատմություն ունեցող փակուղիները, դիվերսիֆիկացնել Եվրոպայի էներգետիկ մատակարարումները Ռուսաստանից և հակազդել Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի աճող ազդեցությանը կարևորագույն տարանցիկ տարածաշրջանում։
Այս նախաձեռնությունն արտահայտում է Ամերիկայի ավելի լայն ձգտումը՝ օգտագործել հազվադեպ ուժային վակուումը Հարավային Կովկասում՝ մի տարածաշրջան, որն ավանդաբար գտնվել է Ռուսաստանի ազդեցության ներքո, սակայն այժմ հասուն է վերադասավորման համար՝ որպես հետևանք Մոսկվայի բացահայտ ձախողման՝ պաշտպանելու իր դաշնակից Հայաստանին 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վճռական հարձակման ժամանակ Արցախի վրա։
Ռազմավարական վերադասավորություն Կովկասում
Ռուսաստանի հեղինակությունը՝ որպես անվտանգության երաշխավորի, փլուզվել է։ Չնայած հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի համաձայնությամբ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահների ներկայությանը՝ Մոսկվան չմիջամտեց 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ տեղահանելով ավելի քան 100,000 հայերի։ Երևանում դա ընկալվեց որպես դավաճանություն՝ հրահրելով պատմական շրջադարձ դեպի Արևմուտք։
Ռազմավարական հետևանքները արագ և դրամատիկ էին։ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի ապրիլին ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք, իսկ ԱՄՆ-ի հետ ստորագրվեց ռազմավարական գործընկերության կանոնադրությունը՝ խարտիան։
«Ռուսաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական խաղացողների շուրջ կառուցվող ապագան անկայուն է և անբարենպաստ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար»,- նշել է ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
Այս դասավորությունն աննախադեպ հնարավորություն է ստեղծում ԱՄՆ ազդեցության ամրապնդման համար։ Ռուսական ապրանքների ներմուծումը, որը մինչ 2022 թվականը կազմում էր 20-30 տոկոս, այժմ սահմանափակված է պատժամիջոցներով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպական և Եվրասիական հարցերի գրասենյակի ղեկավար Լուի Բոնոն առաջարկում է միջազգային վերահսկողություն միջանցքի նկատմամբ՝ հիմնվելով այնպիսի նախադեպերի վրա, ինչպիսիք են Պանամայի ջրանցքը և Բեռլինի միջանցքը՝ Սառը պատերազմի ժամանակ։
Տնտեսական մրցանակ
Հնարավոր տնտեսական օգուտները բավականաչափ մեծ են՝ քաղաքական և անվտանգության մտահոգությունները հաղթահարելու համար։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ միջանցքը մինչև 2027 թվականը կարող է ապահովել տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն։ Bloomberg-ի տվյալներով՝ երթուղին կարող է Եվրոպա-Ասիա տարանցիկ ժամանակը կրճատել 12-15 օրով՝ առկա երթուղիների համեմատ։
Ներդրումային վերադարձը գրավիչ է։ Կասպյան քաղաքականության կենտրոնը ենթադրում է 3-5 միլիարդ դոլարի ծախս 5-10 տարվա ընթացքում, իսկ «Օքսֆորդ էկոնոմիքս»-ը կանխատեսում է 20-30 միլիարդ դոլարի խնայողություն։ Ադրբեջանն ակնկալում է տարեկան 700 միլիոն դոլարի արտահանման աճ և 2% ոչ նավթային ՀՆԱ-ի աճ։
Էներգետիկ հոսքերը կարևոր դեր ունեն։ Ադրբեջանի հարավային գազային միջանցքով 2023-ին Եվրոպա մատակարարվեց 12 մլրդ խ/մ գազ, որը մինչև 2027-ը կավելանա՝ հասնելով 20 միլիարդի։ Ղազախստանը նույնպես ավելի շատ նավթ է տեղափոխում Ադրբեջանի միջոցով՝ 2024-ի հունվար-հոկտեմբերին հասնելով 1,2 մլն տոննայի։
Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար հետևանքները խորքային են։ ՄԷԳ-ի (Միջազգային էներգետիկ գործակալություն) 2025 թվականի «Աշխարհի էներգետիկ հեռանկար» զեկույցը կանխատեսում է, որ Եվրոպային մինչև 2030 թվականն անհրաժեշտ կլինի ևս 20 միլիարդ խորանարդ մետր ոչ ռուսական գազ։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է բարելավել Կասպյան ավազանի պաշարներին հասանելիությունը՝ ներմուծման ծախսերը նվազեցնելով մինչև 10-15 տոկոս, օրինակ՝ BP-ի նման ընկերությունների համար։
Դիվանագիտական նորարարությունը
Հիմնական խոչընդոտն անհամատեղելի դիրքորոշումներն են․ Ադրբեջանը պահանջում է անխափան միջանցք՝ որպես 2023-ի ռազմական հաղթանակի շահ, իսկ Հայաստանը կտրականապես հրաժարվում է զիջել իր տարածքի ինքնիշխանությունը։ ԱՄՆ-ի «վարձակալության» գաղափարը՝ ստեղծված կորպորատիվ իրավունքի շրջանակում, փորձում է լուծել այս փակուղին՝ առաջարկելով Բաքվին անվտանգության երաշխիքներ, միաժամանակ, թույլ տալով Երևանին պահպանել անվանական ինքնիշխանությունը։
Դրա նախադեպը Պանամայի ջրանցքն է (ԱՄՆ-ի կառավարման ներքո 1914-1999 թվականներին)։ Այս մոդելը խոստանում է դյուրացնել համաշխարհային առևտուրը՝ միաժամանակ լուծելով անվտանգության հետ կապված խնդիրները։ Այնուամենայնիվ, քննադատները զգուշացնում են նեոգաղութատիրական հնարավոր երանգների և երկարաժամկետ հակազդեցության ռիսկի մասին։
2025 թվականի մարտի խաղաղության համաձայնագրի նախագծերը նշանակալի առաջընթաց են գրանցել՝ վերջնականապես սահմանելով փոխադարձ տարածքային ճանաչման, սահմանների սահմանազատման և ուժի չկիրառման պայմանները։ Սակայն դրանք կանգ են առել տրանսպորտային երաշխիքների և անկլավների հարցում։ ԱՄՆ-ի առաջարկը հենց այդտեղ է փորձում ճեղքում մտցնել։
Աշխարհաքաղաքական հաշվարկներ և մրցակիցների դիմակայություն
Միջանցքի հնարավոր հաջողությունը կարող է վերաձևավորել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը։ Իրանը կանգնած է իր տարանցիկ դերի 20-30 տոկոսը կորցնելու հեռանկարի առջև՝ խաթարելով կարևորագույն առևտրային ուղիները, այդ թվում՝ տարեկան Կենտրոնական Ասիա անցնող 43,000 թուրքական բեռնատարները: Ռուսաստանը բախվում է տասնամյակի ընթացքում 10-20 միլիարդ դոլարի եկամուտների հնարավոր կորստի ու եվրոպական էներգետիկ շուկաների նկատմամբ իր ազդեցության 10-15 տոկոսի քայքայման հետ։
Ռազմավարական եզրակացություն. «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի կարողության վճռորոշ փորձություն է՝ վիճելի տարածաշրջաններում փոխշահավետ լուծումներ մշակելու համար։
Մինչդեռ Չինաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում ստանալ 20-30 միլիարդ դոլարի տնտեսական արդյունավետություն՝ կապուղիների բարելավման միջոցով։ Սակայն Պեկինը պետք է հավասարակշռի այդ շահերը չինական վերահսկողության տակ գտնվող երթուղիներից կախվածության նվազման ռիսկի հետ։ «Միջանցքը» կարող է Թուրքիային վերածել կարևոր էներգետիկ հանգույցի՝ ուղիղ հասանելիությամբ դեպի թյուրքական պետություններ՝ մինչև 2030 թվականն ապահովելով 10-15 միլիարդ դոլարի տարեկան տարանցիկ եկամուտ։
Էներգետիկ խոշոր ընկերությունները դիրքավորվում են առաջ եկող հնարավորությունների համար։ SOCAR-ն ընդլայնում է խողովակաշարերի հզորությունները, մինչդեռ ADNOC-ն ուսումնասիրում է ջրածնային համատեղ ծրագրերի հնարավորությունները։ BP-ն և Chevron-ը կանխատեսում են 5-10 միլիարդ դոլարի ներդրումային աճ արտահանման հզորությունների ընդլայնման հաշվին։ Սակայն քաղաքական փակուղիները կարող են բարձրացնել նախագծի արժեքը 20 տոկոսով, իսկ կարգավորող գործընթացների ձգձգումները կարող են ժամկետները տեղափոխել շահավետ ներդրումային պատուհանից դուրս։
Թուրքական գործոնն ու տարածաշրջանային վերագործարկումը
Թուրքիայի ռազմավարական հաշվարկը բարդացնում է հավասարումը: Անկարան ուսումնասիրում է քրդական լարվածության թուլացումը PKK-ի հետ երկխոսությունների միջոցով՝ ազդարարելով «մեծ վերագործարկման» մասին, որը կարող է կայունացնել սահմանները և բացահայտել տնտեսական ներուժը: Եթե այս դիվանագիտական հալոցքը հաջողությամբ պսակվի, այն կարող է լրացնել «Զանգեզուրի նախաձեռնությունը»՝ ստեղծելով ավելի կայուն տարածաշրջանային միջավայր խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար։
Թուրքիայի արևելյան Անատոլիայի նահանգներում գործող բիզնեսները կանխատեսում են արտահանման հզորության աճ 310 տոկոսով՝ տարեկան 160 միլիոնից մինչև 500 միլիոն դոլար, եթե «միջանցքն» իրականություն դառնա։ Այս տնտեսական իմպուլսը հզոր խթաններ է ապահովում կայուն դիվանագիտական ներգրավվածության համար, նույնիսկ ներքին քաղաքական զգայունության պայմաններում։
Ռիսկեր և իրագործման խոչընդոտներ
Թեև նախագծի տնտեսական գրավչությունն ակնհայտ է, սակայն գոյություն ունեն էական ռիսկեր։ Դիտորդները բանակցությունների տապալման 60 տոկոս հավանականություն են տալիս, ինչը կարող է ծրագրման իրականացումը հետաձգել 12-18 ամսով։ Lloyd’s ընկերության 2025 թվականի հունիսի տվյալներով՝ բանակցությունների ձախողման դեպքում ապրանքային շուկաներում կարող է արձանագրվել մինչև 20 տոկոս անկայունություն, իսկ ապահովագրական վճարները կարող են աճել նույն չափով՝ 20 տոկոս։
Հայաստանը միանշանակ հերքել է տարածքի վարձակալության կամ վերահսկողության փոխանցման շուրջ որևէ բանակցություն։
«Հայաստանը չի քննարկել և չի քննարկում իր ինքնիշխան տարածքի վերահսկողությունը որևէ երրորդ կողմին փոխանցելու հարց»,- հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Այս դիմադրությունն ընդգծում է այն հիմնական մարտահրավերը, որի առջև կանգնած են ամերիկացի միջնորդները։
Միջազգային վերահսկողության իրագործումը մնում է անորոշ։ CSIS-ի վերլուծությունները գնահատում են հաջողության ընդամենը 40-50 տոկոս հավանականություն՝ նույնիսկ ՄԱԿ-ի երաշխիքների առկայության դեպքում՝ հաշվի առնելով Հայաստանի հնարավոր վետոն ինքնիշխանության ոտնահարման ընկալման պատճառով։ Մոդելի հաջողությունը կախված է հիմնական անվտանգային մտահոգությունների լուծումից՝ զուգահեռաբար պահպանելով բավարար միջազգային լեգիտիմություն։
Ռազմավարական հետևանքներ
«Զանգեզուրի նախաձեռնությունը», ենթակառուցվածքների զարգացման նախագծից բացի, ներկայացնում է ամերիկյան դիվանագիտական ստեղծագործականության ավելի լայն փորձություն ավելի ու ավելի բազմաբևեռ աշխարհում: Հաջողությունը ցույց կտա Վաշինգտոնի ունակությունը՝ ստեղծելու լուծումներ, որոնք կհակազդեն մրցակիցների ազդեցությանը՝ միաժամանակ ծառայելով իրական տնտեսական շահերին: Ձախողումը կարող է ազդարարել ԱՄՆ-ի՝ վիճելի տարածաշրջաններում արդյունքներ ձևավորելու կարողության նվազման մասին:
Եվրոպացի դաշնակիցներին «միջանցքն» առաջարկում է իրական էներգետիկ դիվերսիֆիկացիայի ուղի: ԵՄ էներգիայի խնայողությունները կարող են հասնել 20-30 միլիարդ դոլարի մինչև 2030 թվականը՝ նվազեցնելով ավտորիտար մատակարարներից կախվածությունը: Այս ձեռքբերումները բացատրում են, թե ինչու են եվրոպական մայրաքաղաքները լուռ աջակցում ամերիկյան նախաձեռնությանը, չնայած տարածաշրջանային լարվածության վերաբերյալ հանրային նախազգուշացմանը:
Նախագիծը նաև ստուգում է՝ արդյո՞ք տնտեսական խթանները կարող են հաղթահարել պատմական դժգոհությունները։ ԵՄ զարգացման հիմնադրամի 2,5 միլիարդ դոլարի միջոցներին Հայաստանի հնարավոր հասանելիությունը հզոր խթան է փոխզիջման համար, բայց միայն այն դեպքում, եթե ինքնիշխանության հարցերը պատշաճ կերպով հաշվի առնվեն։
Առաջ գնալու ուղին
Մինչև 2027 թվականը նախաձեռնության հաջող իրականացումը կարող է ապահովել տարեկան 20-50 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն Միջին միջանցքի տարանցիկ կարողությունների ընդլայնման հաշվին։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների հնարավոր կարողությունը կարող է հասնել 11 միլիոն տոննայի՝ արմատապես վերաձևելով Եվրասիայի լոգիստիկ պատկերացումները։ Սակայն այս արժեքավոր արդյունքը դեռևս պայմանավորված է հայկական զգայունությունների հանդեպ նրբանկատ մոտեցմամբ և միջազգային աջակցության պահպանմամբ։
Բիզնեսի ղեկավարները պետք է ապահովագրեն իրենց ռազմավարությունները Զանգեզուրի հետ կապված անորոշություններից դիվերսիֆիկացված մոտեցումներով։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընկերության միջոցով հնարավոր է ապահովել 10-15 տոկոս տնտեսական շահույթ՝ միաժամանակ պատրաստ լինելով դիվանագիտական ձախողման տարբերակին։ Ընկերությունները պետք է ակտիվորեն համագործակցեն ԱՄՆ-ի միջնորդների հետ՝ ինքնիշխանության հարցերում ռիսկերը հաղթահարելու և հաջողության հասնելու հեռանկարը ճիշտ կառավարելու համար։
ԱՄՆ-ի գլխավորած «Զանգեզուրի նախաձեռնությունը» մեծ խաղադրույքներ է այն աշխարհում, որտեղ մեծ տերությունների մրցակցությունն ավելի ու ավելի է ձևավորում տարածաշրջանային արդյունքները։ Նախաձեռնության հաջողությունը կախված է ինքնիշխանության օրինական մտահոգությունները հասցեագրելուց, միաժամանակ, խորը տնտեսական ներուժը բացելուց։ Սա փորձարկում է՝ արդյո՞ք ամերիկյան դիվանագիտական նորարարությունը դեռ ունակ է վերաձևավորել գլոբալ աշխարհակարգը։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի