Անցած 20 տարիներին պետական պարտքը թալանվել է, այս իշխանությունները պետք է նոր պարտքերն արդյունավետ օգտագործեն

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

∼Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել 2019թ.՝ իր առաջին պետական բյուջեի նախագիծը: Այն նախ քննարկվելու է ԱԺ մշտական հանձնաժողովներում, այնուհետև՝ լիագումար նիստում: Եվ եթե Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջի արդյունքում քաղաքական ճգնաժամ չառաջանա ու ԱԺ նիստերը չընդհատվեն, դեկտեմբերի սկզբին բյուջեն կհաստատվի: Համենայնդեպս ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունն ունեցող ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ նոր կառավարության աշխատանքների համար արհեստական խոչընդոտներ չի ստեղծի:

Իսկ Նիկոլ Փաշինյանի բյուջեի տրամաբանությունն առանձնապես չէր տարբերվում նախորդ տարիների բյուջեից: Եվ ինչպես վարչապետն ինքն էր բնութագրել, այն նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: «Ես այդ բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետև դա դեռևս մեր կառավարության բյուջեն չի։ Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրությունն այն է, որ նաև հընթացս այդ բյուջեն պետք է լրջագույն փոփոխությունների ենթարկվի»,- ասել էր նա։

Եվ որքան էլ սպասվում էր, բյուջեի հիմնական ցուցանիշների դեպքում կառավարությունը թռիչքային աճ չի նախատեսել: Եկամուտները պլանավորել է 1 տրլն 462 մլրդ դրամի չափով՝ 2018թ. 1 տրլն 308 մլրդ դրամի փոխարեն: Այս մասով նախատեսվում է 154 մլրդ դրամի աճ: Ծախսերը պլանավորվել են 1 տրլն 614 մլրդ դրամի չափով, ինչը 148 մլրդ դրամով է ավելի 2018թ. նույն ցուցանիշից: Ընդհանուր եկամուտների մեջ հարկային եկամուտները պլանավորվել են 1 տրլն 396 մլրդ-ի չափով, ինչը գործող բյուջեի նույն ցուցանիշի համեմատ ավելի է 148 մլրդ դրամով:

Նշենք, որ գործող բյուջեով էլ 2017թ. համեմատ 113 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտների աճ էր նախատեսված: Եվ այս մասով նոր կառավարության ու նախկին կառավարության  նշած ցուցանիշների  տարբերությունն առայժմ ընդամենը 35 մլրդ դրամ է, մինչդեռ կոռուպցիայի, չարաշահումների, տնտեսական մենաշնորհների դեմ հայտարարված անզիջում պայքարի արդյունքում ակնկալվում էր ավելի շատ հարկային եկամուտների հավաքագրում: Հիշեցնենք, որ կառավարության պարբերական հայտարարությունների համաձայն՝ հեղափոխությունից հետո հինգ ամիսների ընթացքում հայտնաբերվել է մինչև 35 մլրդ դրամի չարաշահումներ կամ թաքցրած եկամուտներ: Ու, կարծես թե, կառավարությունը եկող տարվա հարկային եկամուտների աճը պլանավորելիս հենց այդ ցուցանիշն է հիմք ընդունել, այսինքն՝ ստվերից կարող է ընդամենն այդքան գումար լույս աշխարհ հանել: Մինչդեռ մեր երկրում ստվերը գնահատվում է նվազագույնը 35 տոկոսի չափով, իսկ այդ 35 մլրդ դրամը կանխատեսվող հարկային եկամուտների ընդամենը 1-2 տոկոսն է:

Հավելենք նաև, որ դեֆիցիտը մնացել է գրեթե նույն չափով՝ 151,6 մլրդ դրամ 2018-ի 157 մլրդ-ի փոխարեն: Բայց փոխվել են այդ միջոցների ձեռքբերման աղբյուրները՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում էր նախապատվությունը տալ ներքին աղբյուրներին, այսինքն՝ հիմնականում պարտատոմսեր էր ձեռք բերում այն տրամաբանությամբ, որ այդ պարտքի մարման համար հատկացվող տոկոսադրույքները մնան ու ծախսվեն մեր երկրում: Պարզապես ներքին պարտքի տոկոսադրույքներն են բարձր: Ն.Փաշինյանի կառավարությունը որոշել է դեֆիցիտը լրացնել արտաքին պարտքի միջոցով: Եվ այդ տրամադրությամբ 53 մլրդ-ը բաժին է ընկնում ներքին աղբյուրներին, 98 մլրդ-ը՝ արտաքին: Անցած տարի այդ բաժանումը հավասար էր:

Եվ որ ամենակարևորն է, նոր կառավարությունը հաջորդ տարի աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում՝ գոնե բյուջեով: Կենսաթոշակի որոշակի աճ պլանավորվել է, բայց դա վերաբերում է միայն այն փոքր հատվածին, որոնք շատ ցածր են ստանում: Հարկային ծառայության նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը գտնում է, որ տնտեսական զարգացման ու բյուջեի կտրուկ ավելացման առումով շոշափելի արդյունքներ կարող են լինել 2019 թվին։  «Վարչապետից լսեցի, որ բյուջեի վրա շարունակում են աշխատել և աշխատավարձի ու կենսաթոշակների մասին մտածում են, թեև դա բյուջեում ներառված չէ»,- ասաց պատգամավորը:

Իսկ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզված է, որ սոցիալ-տնտեսական հատվածում որոշակի աճ կարելի է սպասել միայն երեք տարի հետո, եթե, իհարկե, նոր կառավարությունը լավ աշխատի: «Ոչ մասնագետ հատվածը ճիշտ է անում, որ մտածում, թե փոփոխությունները պետք է կտրուկ լինեն: Մինչդեռ սոցիալտնտեսական համակարգերում փոփոխությունները երբևէ կտրուկ չեն լինում: Դա ունի բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օրինակ, նոր իշխանությունները պարզապես չէին կարող տնտեսական համակարգի վրա միանգամից մեծ ազդեցություն ունենալ: Վարչապետն ինքն էլ ասել է, որ սա իներցիոն բյուջե է: Եթե ծանոթ լինեք միջնաժամկետ ծախսային ծրագրին, ապա նոր բյուջեի թե՛ ծախսային, թե՛ եկամտային թվերն, ըստ էության, ամրագրված էին այնտեղ: Այնպես որ,  իմ կարծիքով,  2019թ. բյուջեն ավելին չէր կարող լինել»,- հավելեց Վ.Բոստանջյանը:

Վերջինս նվաճում է համարում այն, որ նոր կառավարությունը որդեգրել է արտաքին պարտքը կայունացնելու քաղաքականություն: 2019թ. ՀՀ պետական պարտքը կկազմի մոտ 7,5 մլրդ դոլար, բայց Վ.Բոստանջյանի ներկայացմամբ կարևորը ոչ թե պարտքի մեծությունն է, այլև օգտագործման արդյունավետությունը: Հատկապես որ նախորդ 20 տարիների ընթացքում այդ պարտքն օգտագործվել է ոչ կապիտալ բնույթի ծախսերի համար կամ պարզապես թալանվել է: «Եվ միայն այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի նման հարուստ երկրներն ունեն ավելի մեծ պարտք, քան իրենց համախառն ներքին արդյունքն է, այդուհանդերձ այնտեղ բացարձակապես խնդիր չեն տեսնում, քանի որ այդ պարտքն ուղղվում է ավելի արագ զարգացմանը: Մեզ մոտ այդպես չի եղել: Այժմ մենք պետք է այդ պարտքը նպատակային, արդյունավետ, նոր եկամուտներ բերող, աշխատատեղեր ստեղծող ծրագրերում օգտագործենք»,- ասում է տնտեսագետը:

Վերջում անդրադառնալով այն ակնկալիքներին, թե կառավարությունը կարող էր աշխատավարձերը մի փոքր բարձրացնել, հատկապես որ երկար տարիներ չեն բարձրացվել՝ տնտեսագետն ասաց, թե դա կլիներ սիմվոլիկ, և ոչ թե էական բարձրացում: Մինչև տնտեսության ու եկամուտների լուրջ առաջընթաց չգրանցվի, աշխատավարձերի աճ չպետք է ակնկալել: «Տնտեսական զարգացման տեսանկյունից հնարավոր չէ միանգամից հայտնաբերել այն մոդելը, որի պարագայում մենք կկարողանանք միանգամից աշխատավարձ ու թոշակ բարձրացնել: Մինչև մեր ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրը չլուծենք, սոցիալական հաջողություն չենք կարողանա շուտ ունենալ»,- հավելեց Վ.Բոստանջյանը:

Արմինե Ավետյան