Նոր մենաշնորհ՝ Փաշինյանի որոշմամբ․ ում գրպանն են հոսում QR դրոշմավորման միլիարդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.03.2025 | 20:0044-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծել։ Խոսքն ապրանքների դրոշմավորման մասին է։ Դրոշմավորում, որ իրականացվում է միայն ԵՏՄ տարածքում։ Դրոշմավորում, որից ստացվող միլիարդները հոսում են ոչ թե պետական բյուջե և դառնում ճանապարհ, դպրոց կամ մանկապարտեզ, այլ հարստացնում են առանձին մարդկանց։ Ընդ որում, այսուհետ սա հավելյալ՝ «թաքնված հարկ» է գործարարների համար։
Ո՞վ է այս փոփոխության շահառուն, ո՞ւմ գրպաններն են լցվելու QR կոդերից ստացվող փողերը։ Factor TV-ն հետաքննել է այս «բարեփոխման ստվերը»։
Պետությունը՝ հանուն և ընդդեմ մասնավորի
2025 թվականի փետրվարի 6-ի Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է ԵՏՄ պահանջը․ «2018 թվականին ԵՏՄ նոր համաձայնագրով Հայաստանը, ինչպես նաև մյուս անդամ երկրները պարտավորվել են նույնականացման միջոցով ապրանքների դրոշմավորման նոր համակարգ ներդնել, որն արդեն մեր առօրյայում կա»։
Թղթային դրոշմապիտակներից QR կոդերի (նույնականացման միջոցներով) անցնելու ծրագրի առաջին փուլը Հայաստանում սկսվել է 2024 թվականին՝ ներառելով ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, ջուրը։ 2025-ի փետրվարին Կառավարությունը հաստատել է QR կոդերով դրոշմավորման ենթակա 74 անուն ապրանքների ցանկը, ժամկետները և դրոշմավորման կանոնները:
Դրոշմավորման պահանջը միայն ԵՏՄ երկրների համար է, այլ երկրներ արտահանելիս Հայաստանի գործարարները նման պարտավորություն չունեն։ Դրոշմավորման միջոցով ԵՏՄ հարկային-մաքսային ծառայությունները հատիկ առ հատիկ վերահսկում են միության տարածքում ապրանքների շրջանառությունը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։ Սպառողն էլ կարող է ծանոթանալ ապրանքի բնութագրին և ստուգել՝ կե՞ղծ է այն, թե՞ իրական։
2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն հատ դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 մլրդ 130 մլն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։ Հետևաբար՝ բազմապատկվելու է նաև շրջանառվող միլիարդների չափը։
Խնդիրն այն է, որ մինչ այս՝ դրոշմապիտակների համար վճարում էր պետությունը, իսկ այսուհետ QR կոդերի համար վճարելու են գործարարները։ Ստացվում է՝ որպեսզի պետությունը վերահսկի գործարարներին, դրա համար պետք է վճարեն նույն գործարարները։
Տարօրինակ է նաև, որ բիզնեսին պարտադրվող դրոշմապիտակները տնտեսվարողներին տրամադրելու համար Կառավարությունն ինքը դրանք ձեռք է բերել մասնավորից` այդ ընկերությանը հռչակելով «ազգային օպերատոր»։
Այսինքն՝ կարգն ու գները սահմանում և վերահսկում է Կառավարությունը, իսկ վաճառքն իրականացնում ու շահույթ ստանում է մասնավորը, որը փաստացի մենաշնորհ ունի։
Ե՞րբ և ինչպե՞ս է ընտրվել ազգային օպերատորը
Ինչպես նշեցինք՝ այս հարցն այնքան կարևոր է եղել իշխանավորների համար, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը՝ 2020-ի սեպտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է գտել և հաստատել է ազգային օպերատորին ընտրող հանձնաժողովի կազմը։ Դրանում ներառվել են հիմնականում ՊԵԿ նախագահն ու տեղակալները:
Ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացվել է նոյեմբերի 12-ին՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից ընդամենը 3 օր անց, այն ժամանակ, երբ երկրում համատարած ցնցումներ էին։ Ընդ որում՝ մրցույթի պահանջներն ի սկզբանե այնպես էին սահմանված, որ Հայաստանում դրանց համապատասխանող մասնակից գտնելը դժվար կլիներ։ Օրինակ՝ «Օպերատորը պետք է վերջին 5 տարում ունենա էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման փորձ՝ իրականացված առնվազն 50 մլն դրամի պայմանագրերի շրջանակում։ Կոնսորցիումի դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է բավարարի սույն կետով սահմանված պահանջի իրականացմանը»։
Արդյունքում՝ դիմել է մեկ մասնակից, որն էլ դարձել է Ազգային օպերատոր։ Այսինքն՝ պատերազմի թեժ շրջանում Կառավարությունը մենաշնորհի իրավունք է տվել մի կոնսորցիումի, որի միայն մեկ անդամն է հայկական՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիան», մյուս երկուսը ռուսական ընկերություններ են՝ «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» և «ԱյՄարկ»։
Ովքե՞ր են այս կոնսորցիումի իրական շահառուները։ Factor TV-ն պարզել է, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղաշարժեր են եղել, ավելին՝ կոնսորցիում փաստացի այլևս գոյություն չունի։
Պետական ռեգիստրի համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին ռուսական «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ-ն իր 50% բաժնեմասը վաճառել է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ին։
2024 թվականի հուլիսին Կառավարության որոշումը, որով կոնսորցիումը դարձել էր ազգային օպերատոր, ուժը կորցրած է ճանաչվել։
Իսկ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն՝ առանց կոնսորցիումի, մրցութային նախնական պահանջներին չէր համապատասխանում՝ առնվազն չուներ էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման 5 տարվա փորձը, հետևաբար՝ մրցույթին միայնակ մասնակցելու դեպքում չէր կարող դառնալ ազգային օպերատոր։ Ասել է թե՝ կոնսորցիումը ստեղծվել էր հատուկ այդ մրցույթի համար։
ՊԵԿ-ից հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք ազգային oպերատորի փոփոխություն նախատեսվում է։
Պատասխանը բացասական էր․ «Օպերատորի փոփոխություն այս պահին չի նախատեսվում»։
Ռուսական ընկերության հեռանալուց 1 տարի անց՝ 2024-ի դեկտեմբերին, «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն իրեն պատկանող իր իսկ 50% բաժնեմասը վաճառել է նույն տարում՝ 2024 թվականին ստեղծված «Վի» ՓԲԸ-ին, ապա «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն վերանվանվել է «Ի-Մարկ» ՍՊԸ։
Ով է այս նորաստեղծ ընկերության իրական շահառուն
«Վի» ՓԲԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է, որը տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում․ 2008 թվականին՝ 26 տարեկանում, նա արդեն ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն էր, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկը, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ից՝ ՊԵԿ նախագահի տեղակալ։ Փաշայանը պաշտոնից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին, փաստացի՝ երբ արդեն ընտրվել էր ազգային օպերատորը։ Ի դեպ, ՊԵԿ-ում կարիերայի ավարտին կառույցի նախագահի կողմից նա պարգևատրվել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով, իսկ 2022 թվականին՝ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանից ստացել է վարչապետի հուշամեդալ։
Ստացվում է՝ Միքայել Փաշայանը պարզապես դուրս է եկել ստվերից և ստանձնել իր կազմակերպած մրցույթում հաղթած ընկերության սեփականատիրոջ դերը։
Ոչ պակաս ուշագրավ է Ազգային օպերատորի մյուս 50%-ի բաժնետերը։ Պետական ռեգիստրի համաձայն՝ այն «Ֆրուկտուս» ՍՊԸ-է։ Ընկերությունը 2014 թվականին հիմնադրել է Նարեկ Եսայանը։ Այն գտնվում է Տավուշի Կողբ գյուղում։ Հետաքրքիր է, որ այն էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման ու սպասարկման որևէ փորձառություն չունի։
«Ֆրուկտուս»-ի գործունեության տեսակը ՊԵԿ-ում նշված է «շենքերի և արդյունաբերական շինությունների մասնագիտացված մաքրում», սակայն 2020 թվականին այն ՊՆ-ին մոտ 66 մլն դրամի համակարգիչներ է մատակարարել, իսկ Ազգային ժողովին՝ 186 հազար դրամի գինիներ։ Ի դեպ, գինիների արտադրողը «Նորդերն Թերուար» ՍՊԸ-ն է, որի մոտ 5%-ի բաժնետեր է «Ֆրուկտուս»-ը (գրանցված են նույն հասցեում), իսկ իրական շահառուները Հայկ և Ալեքսանդր Եսայաններն են՝ Նարեկ Եսայանի ազգականները։
Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Թիմ թելեքոմի», «Երևան» հյուրանոցի սեփականատերերն են, տասնյակ տարիներ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների գործընկերներն են եղել։ Եսայանները «Յուքոմ» ՍՊԸ-ի համասեփականատերեր էին այն ժամանակ, երբ ընկերությունը բազմամիլիոնանոց պատվերներ էր ստանում ՊԵԿ-ից, այդ թվում՝ մշակել և սպասարկում էր հարկային հաշվետվությունների ներկայացման «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգը․ այն պետբյուջեին արժեցել է գրեթե 1 մլրդ դրամ, սակայն մինչ օրս տնտեսվարողները խնդիրներ են ունենում հաշվետվություններ ներկայացնելիս։
2020 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանի որդիներն արդեն հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում, «Յուքոմ»-ի բաժնետերերի միջև տարաձայնությունների պատճառով Եսայանները հեռացել են ընկերությունից, հիմնադրել «Թիմ» ՓԲԸ-ն և գնել «ՎԵՈՆ Արմենիա»-ն (ապրանքանիշը՝ «Բիլայն»)։ Այս «բաժանումից» հետո Եսայանները ՊԵԿ-ի հայտարարած մրցույթները շարունակում են հաղթել իրենց պատկանող այլ ընկերությունների միջոցով, օրինակ՝ «Թիմ Սոլյուշնս», «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ներ։ 2020-2024 թվականների ընթացքում դրանք ստացել են ավելի քան 5,3 մլրդ դրամի պետպատվեր։ Ընդ որում՝ այս ընկերությունները հիմնականում ՊԵԿ-ի մրցույթների միակ մասնակիցն են լինում, իսկ հազվադեպ, երբ 2-րդ մասնակից է լինում, որը շատ ավելի մատչելի առաջարկ է անում, միևնույն է, հաղթում է Եսայանների ընկերությունը. օրինակ՝ 2022 թվականին ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների համար ՊԵԿ էլեկտրոնային ԱԱՀ համակարգի ներդրման խորհրդատվական ծառայությունները Կոմիտեն ձեռք է բերել «Թիմ Սոլյուշնս»-ից 95 մլն դրամով, թեև «Բեստվոռկ» ընկերությունը նույն ծառայությունն առաջարկել էր 35 մլն դրամով։
Մեր հետաքննության ընթացքում Եսայաններ-ՊԵԿ համագործակցության հետ կապված ևս մեկ հետաքրքիր փաստ պարզեցինք․ Հաշվեքննիչ պալատը 2023 թվականին ՊԵԿ-ում ստուգումների ժամանակ հայտնաբերել է շուրջ 273 մլն դրամի գերածախս, սակայն դա մնացել է անհետևանք։
Մասնավորապես, 2021 թվականին Կոմիտեն, առանց շուկայական գների վերլուծության, Եսայանների «Թիմ Սիսթեմս» ընկերությունից գնել է կոմպոզիտիվ սերվերներ և տվյալների պահոցներ՝ 1 մլրդ 310 մլն դրամով։ «Թիմ Սիսթեմս»-ն իր հերթին սարքավորումները ձեռք է բերել մեկ այլ ընկերությունից` «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից, որն էլ դրանք ներմուծել է արտերկրից։ Արդյունքում՝ Հայաստան ներմուծված և ՊԵԿ-ին մատակարված ապրանքների գների տարբերությունը կազմել է առնվազն 273 մլն դրամ։
Այսինքն՝ ՊԵԿ-ը 273 մլն դրամ՝ շուրջ 685,000 դոլար է վճարել Եսայանների ընկերությանը՝ զուտ միջնորդության համար։
Չնայած միլիոնների փոշիացմանը՝ Հաշվեքննիչ պալատը հարկ չի համարել այդ նյութերն ուղարկել Դատախազություն։ Իրավապահներն էլ իրենց հերթին անտարբեր են գտնվել և, ինչպես պարզել ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից, դեպքի կապակցությամբ քրեական վարույթ չկա։
Ռուսական «դրոշմը»՝ հայկական դրոշմապիտակներում
Թեև ռուսական ընկերությունը դե յուրե դուրս է եկել Հայաստանի ազգային օպերատորի բաժնետերերի կազմից, դրա դերը կարևոր է փոխկապակցվածությունների շղթան և դրոշմավորման այս «բարեփոխումն» առաջ մղելու հարցում Հայաստանի իշխանությունների փութաջանությունը հասկանալու առումով։
«ԱյՄարկ»-ը ռուսական «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» (ЦРПТ ) ընկերության դուստրն է։ ЦРПТ-ն ՌԴ-ում QR կոդերի (կոչվում է «Честный знак») օպերատորն է, նույնպես մասնավոր ընկերություն է։ ՌԴ-ի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկանքի համաձայն՝ ընկերությունը ստեղծվել է 2017 թվականին։ Հիմնադիրները 2-ն են եղել՝ «Պետեր-Սերվիս» բաժնետիրական ընկերությունը (75% բաժնեմասով) և «Էլվիս-Պլյուս գրուպպ» ՓԲԸ-ն (25% բաժնեմասով)։ «Պետեր-Սերվիս»-ի հիմնադիրը Ռուսաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից «Մեգաֆոն»-ն է, որը ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովին պատկանող «USM հոլդինգի» մաս է։ Ի դեպ, այս ընկերության ղեկավարը հայ է՝ Խաչատուր Փամբուխչյան։
«Էլվիս-Պլյուս գրուպպ»-ի հիմնադիրը ՏՏ ոլորտի ռուս գործարար Ալեքսանդր Գալիցկին է՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի վաղեմի գործընկերը։ ՌԴ-ում իր մենաշնորհային դիրքը ЦРПТ-ն ստացել է նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, այն ժամանակ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով։ Նրանց հետ Ուսմանովի սերտ կապերի մասին ռուսական մամուլում հետաքննություններ են հրապարակվել։
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ՌԴ պետական ռեգիստրում «Честный знак»-ի իրական սեփականատերերի մասին տեղեկությունները փակ են, և պաշտոնապես հայտնի չէ, թե ներկայում ում է պատկանում ЦРПТ-ն: 2024-ի տարեվերջին ընկերությունը հայտարարություն է տարածել, որ Ալիշեր Ուսմանովի USM հոլդինգը լքել է ЦРПТ-ն, սակայն բաց աղբյուրները պարզապես ֆիգուրների փոխատեղման մասին են վկայում։ Մասնավորապես՝ ներկայում 5 սեփականատեր կա, որոնցից 2-ի տվյալները փակ են, մյուսներն են՝ «Էլվիս-Պլյուս գրուպպ» ՓԲԸ-ն (25%), «ЦРПТ- Менеджмент»-ը (24.9%) և «Մդոմ»-ը (2.6%)։ Վերջին երկուսը փոխկապակցված են «USM հոլդինգ»-ին։
«Проект»-ի տվյալներով՝ ընկերության նոր «գաղտնի» բաժնետերեր են դարձել «Գազպրոմբանկ» և «Ռոստեխ» ընկերությունները։
Ես՝ քեզ, դու՝ ինձ
Իսկ ի՞նչ կապ ունեն ռուս պաշտոնյաներն ու օլիգարխը Հայաստանում դրոշմավորման հեղինակների հետ։ Մեր աղբյուրների համաձայն՝ ՊԵԿ ՏՏ-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Միքայել Փաշայանը սերտ հարաբերություններ ունի Միխայիլ Միշուստինի հետ` դեռ այն ժամանակվանից, երբ վերջինը ՌԴ հարկային ծառայության պետն էր։ ՊԵԿ նախկին աշխատակիցները վստահեցնում են, որ Փաշայանը նույնիսկ ուղեկցել է Միշուստինին Արցախ նրա շրջայցի ընթացքում։
Միքայել Փաշայանը փոխկապակցված է նաև Ալիշեր Ուսմանովի հետ։ Նրա անունը հանդիպում ենք OpenSanctions տվյալների միջազգային բազայում, որտեղ հրապարակվում են պատժամիջոցների տակ կամ «ռիսկային» գոտում գտնվողների անունները։ Պարզվում է՝ 2021 թվականի հունվարի 13-ին Փաշայանը նշանակվել է «Միջազգային Թվային Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ի (International Digital Technology Centre) գլխավոր տնօրեն։ Ի դեպ, այս ընկերությունը գրանցված է եղել նույն շենքում, ինչ ЦРПТ–ն (Մոսկվա, Ռուբյովսկոյե պողոտա 28)։
Ընկերությունը ստեղծվել էր հայաստանյան ազգային օպերատորի ընտրությունից օրեր առաջ՝ 2020-ի նոյեմբերի 2-ին, հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ, 2023 թվականի հոկտեմբերին՝ լուծարվել։ Այն պատկանել է Ալիշեր Ուսմանովի «USM հոլդինգ»-ին։ Փաշայանն այս ընկերությունը ղեկավարել է մինչև 2023-ի ապրիլ։
Ստացվում է՝ Ուսմանովին պատկանող կոնսորցիումի՝ Հայաստանում ազգային օպերատոր դառնալուց հետո, ՊԵԿ փոխնախագահը, որ այդ մրցույթի հիմնական դերակատարներից մեկն էր, պաշտոն է ստացել ռուս օլիգարխի նորաստեղծ ընկերությունում։
Factor TV-ն փորձել է Միքայել Փաշայանից պարզել՝ ի՞նչ հիմքով է «Ի-Մարկ» ՍՊԸ-ն ազգային օպերատոր, երբ այլևս չկա կոնսորցիումը, ինչո՞ւ է օգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ մենաշնորհատեր դարձնելով մի ընկերության, որի համասեփականատեր է դարձել պաշտոնից հեռանալուց հետո։
Միքայել Փաշայանին ուղղված մեր գրավոր հարցմանը պատասխանել է ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Ի-Մարկ»-ը նույն «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն է և հղում է արել 2022 թվականի Կառավարության որոշմանը, որով ընկերությունն ուղիղ ձևով հայտարարվում է ազգային օպերատոր։
Հովհաննես Հովհաննիսյանը նաև նշել է․ «Միքայել Փաշայանը նույնականացման միջոցներով դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությանը չի մասնակցել, միևնույն ժամանակ, չի հանդիսացել ՀՀ ՊԵԿ պաշտոնյա»։
Մինչդեռ, հիշեցնենք, Միքայել Փաշայանը պաշտոնից ազատվել է 2020-ի նոյեմբերի 16-ին, իսկ օպերատորի ընտրության մրցույթը կայացել է նոյեմբերի 12-ին, այսինքն՝ նա այդ ընթացքում ոչ միայն ՊԵԿ փոխնախագահն է եղել, այլև մրցութային հանձնաժողովի անդամ։
Ուշագրավ է, որ պետական ծառայությունում 12-ամյա պաշտոնավարման շրջանում Միքայել Փաշայանը, ըստ իր գույքի և եկամուտների հայտարարագրերի, հարստության փոխարեն՝ պարտք է կուտակել։ Առաջին անգամ նա հայտարարագիր ներկայացրել է 2017 թվականին, վերջին անգամ՝ 2020-ի դեկտեմբերին։ Այդ տարիների ընթացքում նա գնել է TOYOTA մակնիշի ավտոմեքենա (2019թ.), վաճառել 2 բնակարաններից մեկը։ Փաշայանն ունեցել է 1 բնակարան Երևանի Կենտրոնում, 1 ամառանոց Դիլիջանում։ 2020-ին «Կոնվերսբանկ»-ից վերցրել է մոտ 6․4 մլն դրամ վարկ, թեև նույն ժամանակ ունեցել է 27 մլն դրամ, 42 հազար դոլար և 39 հազար եվրո կանխիկ միջոցներ։ Հյուսիսային պողոտայի բնակարանը Միքայել Փաշայանը չի հայտարարագրել․ այն նրա կնոջ՝ «Անելիք» բանկի նախկին ղեկավար Սամվել Ճզմաչյանի դստեր անունով է, բայց ընդհանուր բաժնային սեփականություն է։
Միքայել Փաշայանը ներկայում էլ ակտիվորեն զբաղվում է բիզնեսով և անուղղակի մասնակցում ՊԵԿ-ի կյանքին։ Նրա հետ փոխկապակցված է «Դանիամ» ՍՊԸ-ն, որը 2022-ից ՊԵԿ-ի գնումների մրցույթների հաղթող է, մինչ օրս մատուցել է 2,7 մլրդ դրամի ծառայություն։ Այս ընկերության իրական շահառուն 2024-ի մայիսից Սուրեն Ավետիսյանն է։ Նա «Մասշտաբ Քոնսալթնսի» ՓԲԸ-ի փոխտնօրենն է։ Իսկ ահա «Մասշտաբ Քոնսալթնսի»-ի համահիմնադիրը նույն Միքայել Փաշայանն է, որպես իրական շահառու ռեգիստրում նշված է Լիանա Կուսիկյանը, որը երկար տարիներ ՊԵԿ-ում աշխատել է Միքայել Փաշայանի ենթակայությամբ։
Ի դեպ, «Դանիամ»-ի գործընկեր է նաև Դուբայում տեղակայված «Mindwise Information Technology» LLC-ն, որը ևս պատկանում է Փաշայանին։
ՀՀ իրավապահ համակարգը Փաշայանից պահանջներ չունի․ նա չի անցնում որևէ գործով, միայն նախաքննության ընթացքում հարցաքննվել է Գագիկ Խաչատրյանի գործով։
Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, ռուսական բարձր հովանու ներքո, մեր երկրում ներդրել են մի համակարգ, որից ստացվող ողջ շահույթը գնում է մի քանի մասնավոր անձանց գրպանը։
Գայանե Խաչատրյան