Վերաքննիչ դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից՝ Կարապետ Գուլոյանից ապօրինի գույք բռնագանձելու դատական ակտը
Հասարակություն
08.03.2025 | 17:04
Վերաքննիիչ հակակոռուցիոն դատարանը բեկանել է Գագիկ Ծառուկյանի աղջկանից՝ Ռոզա Ծառուկյանից և փեսայից՝ Կարապետ Գուլոյանից, ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձելու վերաբերյալ առաջին ատյանի դատական ակտը: Սա Ապօրինի բռնագանձման գործերով առաջին բեկանված գործն է: Վերաքննիչ դատարանն այն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության` արձանագրելով, որ գործով ապացույցները ամբողջական, բազմակողմանի չեն հետազոտվել։
Գործով նախագահող դատավորը եղել է Գոռ Հարությունյանը, որը նաև Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահն է: Հարությունյանը, համաձայն չլինելով մյուս երկու դատավորի կարծիքի հետ, հատուկ կարծիք է գրել՝ նշելով, որ գործը ոչ թե պետք էր բեկանել և ուղարկել նոր քննության, այլ ավելին, պետք էր բեկանել և փոփոխել՝ մերժելով Գուլոյանից և կնոջից ապօրինի գույք բռնագանձելու մասին Դատախազության հայցադիմումը։
Գուլոյանի փաստաբան Հարություն Հարությունյանը ևս կարծում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է նոր դատական ակտ կայացներ՝ մերժելով Դատախազության հայցադիմումը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել։
Դատական ակտի ուսումնասիրությամբ հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Գուլոյանների ունեցվածքի վերաբերյալ։
Հատուկ կարծիք գրած դատավորը դիրքորոշում է հայտնել, որ առաջին ատյանի դատարանը պետք է հաստատված համարեր այն հանգամանքը, որ Կարապետ Գուլոյանին հայրը՝ Մուրադ Գուլոյանն է որդուն տվել գործի քննության շրջանակներում քննարկման առարկա գույքը։ Խոսքը 2.855.000 ԱՄՆ դոլար գումարի մասին է։
«Հաշվի առնելով գործում առկա ապացույցները՝ դատարանը պետք է հաստատված համարեր Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը»,- նշել է դատարանը՝ միաժամանակ շեշտադրելով, որ գործում առկա է փոխանցման անդորրագիր։ Գուլոյաննները պնդել են, որ հայրը որդուն գումար է տվել՝ ձեռնարկատիրական գործունեության համար՝ այն ժամանակ, երբ Կարապետ Գուլոյանը եղել է 18 տարեկան։
Կարապետ Գուլոյանը Մուրադ Գուլոյանի միակ զավակն է։
Հատուկ կարծիք գրած դատավորը նշել է, որ գործով որպես վկա հարցաքննված Մուրադ Գուլոյանը, մասնավորապես, ցուցմունք է տվել այն մասին, որ 3 միլիոն դոլարի չափ գումար իր տղան է խնդրել ինչ-որ բիզնես ծրագրերի համար, ինքն էլ տվել է և դրանից ավելի էլ է տվել, ու իր երեխայի բարեկեցությունն ապահովելու համար պարբերաբար գումարներ է տվել վերջինիս։
Հատուկ կարծիքում Գոռ Հարությունյանը հիշեցրել է նաև Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան ավանդույթների մասին՝ հոր կողմից որդուն օգնության կարգով գումար տրամադրելը դիտարելով որպես ընտանեկան ավանդույթ։
Գործում առկա է տվյալ այն մասին, որ Կարապետ Գուլոյանի հայրը 4.414.583,29 ԱՄՆ դոլարի չափով օրինական եկամուտ է ունեցել։ Հատուկ կարծիք գրած դատավորը փաստել է, որ ուսումնասիրություն իրականացնելիս իրավասու մարմինը ուսումնասիրության առարկա չի դարձրել Մուրադ Գուլոյանի կողմից 4.414.583,29 ԱՄՆ դոլարի չափով օրինական եկամուտ ունենալու հանգամանքը, ավելին, դատական նիստի ժամանակ հայցվորը չի հերքել դրա օրինական լինելու հանգամանքը։ Իսկ ինչ վերաբերում է այդ գումարները ձեռնարկատիրական գործունեության նպատակով օգտագործել կամ չօգտագործելուն, դատավորը նշել է, որ այս փաստարկը էական նշանակություն չունի գործի լուծման համար, քանի որ գործով էական էր Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար տրամադրելու փաստը:
«Վերոգրյալի հիման վրա համաձայն չեմ Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, որ «սույն գործով Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը հաստատելու կամ չհաստատելու համար սույն գործով Դատարանի վճիռը պետք է պարունակեր դատողություններ՝ գործում առկա այլ ապացույցների, այդ թվում՝ վկաների ցուցմունքների վերաբերյալ, որպիսիք սույն դեպքում ի սպառ բացակայում են, քանի որ ինչպես արդեն վերը նկարագրվեց Դատարանի վճիռը պարունակում է համապատասխան դատողություններ վկաների ցուցմունքների վերաբերյալ, սակայն կոնկրետ փաստի՝ այն է ծնողի կողմից որդուն՝ մասնավորապես 2․855․000 ԱՄՆ դոլարի չափով գումար տրամադրելը վկայում է այդ փաստի հաստատման համար էական նշանակություն ունեցող կանխիկացման անդորրագրերի և վկաների ցուցմունքների վերաբերյալ համադրված վերլուծության թերի գնահատման մասին։
Մասնավորապես՝ տվյալ դեպքում խոսքը հետազոտված և ըստ էության թույլատրելի համարված ապացույցի թերի գնահատման մասին է, որպիսի փաստի հավաստումը այլ ապացույցների համադրման հետ միասին գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանին հնարավորություն են տալիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կանոնի ուժով նոր փաստ հաստատելու համար»,- գրել է Գոռ Հարությունյանը։
Դատախազության հանրային կապերի բաժնից Factor TV-ին հայտնում են,որ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատական ակտը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան։
Նշենք, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատական ակտերում առկա են հետաքրքիր մանրամասներ նաև այն մասին, թե երբ և ինչպես է սկսվել Կարապետ Գուլոյանի գույքի ուսումնասիրությունը։
Այսպես՝ 2019 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ:
Կարապետ Գուլոյանը 2020 թվականի հունիսի 25-ին գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:
2020 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Կարապետ Գուլոյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել, որով ուսումնասիրվող ժամանակահատված է սահմանվել որոշմանը նախորդող տասը տարին, ինչպես նաև մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը:
2022 թվականի հունվարի 12-ին Դատախազությունը կայացրել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ որոշում, որով սահմանվել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված 2007 թվականի օգոստոսի 30-ից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը:
2022 թվականի հուլիսի 27-ին կայացրել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ ևս մեկ որոշում, որով սահմանվել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված 1997 թվականի մարտի 5-ից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը:
Այսինքն՝ 2020 թվականին սկսված ուսումնասիրությամբ իրավապահները հասել են մինչև 1990-ական թվականներ:
«Դատալեքս»-ում առկա գործում տվյալներ կան այն մասին, որ քննության շրջանակներում հայտարարություն է տվել նաև Գագիկ Ծառուկյանը։
Մասնավորապես՝ ըստ գործի տվյալների՝ 2006 թվականի հոկտեմբերի 5-ին գրանցվել է Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի ամուսնությունը: Առաջին ատյանի դատարանի դատական ակտով՝ Կարապետ Գուլոյանից ու Ռոզա Ծառուկյանից բռնագաձման ենթակա գույքերի մեջ մտնում է նաև հանգստյան տուն՝ Ծաղկաձորում։
2023 թվականի մայիսի 19-ին Գագիկ Ծառուկյանն իր կողմից տրված հայտարարությամբ հայտնել է, որ 2015 թվականին նվիրատվության պայմանագրի հիման վրա որպես սեփականություն՝ Ռոզա Ծառուկյանին է նվիրել ՀՀ, Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, Տանձաղբյուրի փողոց թիվ 34 հասցեի հողամասի վրա կառուցված հանգստյան տունը, դրան հարակից բոլոր շինությունները կառուցվել են բացառապես իր միջոցներով՝ որպես դստեր ընտանիքին նվեր և հավելել, որ որևէ այլ անձ, այդ թվում դուստրը և նրա ամուսինը, շինությունների կառուցման մեջ որևէ ֆինանսական ներդրումներ չեն ունեցել:
Արաքս Մամուլյան