Նախագահը չի կատարել Սահմանադրությամբ և օրենքով իր վրա դրված պարտականությունը․ ինչո՞ւ ԲԴԽ-ում չեն նշանակվում ժամանակավոր պաշտոնակատարներ
Հասարակություն
27.02.2025 | 13:10
Բարձրագույն դատական խորհրդում գիտնական անդամի 3 թափուր հաստիք կա, սակայն այս հաստիքները չեն համալրվում։ Ազգային ժողովը միայն մեկ փորձ է կատարել այս հաստիքներից մեկը համալրելու համար, որը սակայն ձախողվել է։ ԲԴԽ անդամի թեկնածուն, որին առաջադրել էր Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էր։ Նրա թեկնածությունը քաղաքացիական հասարակությունը սուր քննադատության ենթարկեց, և Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ գնալու մտքից։
Ինչու են թափուր մնացել ԲԴԽ-ում գիտնական անդամների հաստիքները
Բարձրագույն դատական խորհուրդը գործում է 10 անդամի կազմով, որից 5-ը դատավոր անդամներ են և ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ մյուս 5-ը՝ գիտնական անդամներ, որոնք ընտրվում են Ազգային ժողովի կողմից։
ԲԴԽ-ում դատավոր անդամների տեղերն այժմ ամբողջությամբ համալրված են, իսկ 3 գիտնական անդամի թափուր հաստիքներ են առաջացել համապատասխանաբար 2024 թվական հունիսի 25-ին, նոյեմբերի 6-ին և նոյեմբերի 18-ին։
Հունիսի 25-ին լրացել է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը։ Նոյեմբերի 6-ին ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանի լիազորությունները դադարել են, քանի որ նա ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ նոյեմբերի 18-ին դադարել են ԲԴԽ անդամ և այդ ժամանակվա ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի լիազորությունները, քանի որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
Դատական օրենսգրքի համաձայն՝ ԱԺ-ն ԲԴԽ-ում գիտնական անդամների տեղերը պետք է լրացներ թափուր հաստքիներն առաջանալու հաջորդ օրվանից եռամսյա ժամկետում, ինչը, սակայն չի արվել երեք թափուր հաստիքների դեպքում էլ։
Ի՞նչ է լինում, երբ ԱԺ-ն սահմանված ժամկետում չի ընտրում ԲԴԽ անդամներ
Այս դեպքում նոր թեկնածուների առաջադրման ու ընտրության գործընթացը կազմակերպվում է այնքան, մինչև ընտրություն կատարվի, սակայն օրենսդիրը քաղաքական մեծամասնության կամայականությունները զսպելու նպատակով ստեղծել է ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսագիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝
«Եթե Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը
տասնհինգօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող
պահանջները»։
Այսինքն՝ Վիգեն Քոչարյանի փոխարեն ԲԴԽ անդամ պետք է ընտրվեր 2024 թվականի հունիսի 26-ից մինչև սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում, որը չի արվել, ուստի՝ դրան հաջորդող 15-օրյա ժամկետում՝ մինչև հոկտեմբերի 11-ը, նախագահը պետք է նշանակեր ԲԴԽ գիտնական անդամի մեկ ժամանակավոր պաշտոնակատար։
Հայկ Գրիգորյանի պաշտոնավարման դադարումից հետո նրա տեղում ԲԴԽ անդամ ընտրելու եռամսյա ժամկետը լրացել է 2025 թվականի հունվարի 7-ին, ուստի՝ դրան հաջորդած 15-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 22-ը, պետք է ԲԴԽ կազմը նախագահի որոշմամբ համալրվեր ևս մեկ ԲԴԽ ժամանակավոր պաշտոնակատարով։
ԲԴԽ մյուս անդամ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո առաջացած թափուր հաստիքը ԱԺ-ի կողմից պետք է լրացվեր մինչև փետրվարի 19-ը, այսինքն՝ նախագահը մինչև մարտի 6-ը պետք է ԲԴԽ անդամի ԺՊ նշանակի նաև այս թափուր հաստիքում։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մինչ օրս որևէ պաշտոնակատարի չի նշանակել
Նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել, թե օրենքով սահմանված ժամկետներում ինչո՞ւ չի նշանակել պաշտոնակատարներ և արդյոք պատրաստվո՞ւմ է ԲԴԽ անդամի պաշտոնակատար նշանակել մինչև մարտի 6-ը։
Նախագահի աշխատակազմից որևէ պատասխան չի տրվել այն մասին, թե ինչու նախագահը չի կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունը։
«Հանրապետության նախագահի կողմից դիտարկվում է Սահմանադրությանը և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ԲԴԽ թափուր պաշտոններում սահմանված կարգով չընտրված պաշտոնատար անձանց թափուր տեղերում պաշտոնակատարներ նշանակելու հարցը՝ քննարկելով Սահմանադրությամբ և վերոնշյալ օրենքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները բավարարող անձանց թեկնածությունները»,- ի պատասխան մեր գրության՝ հայտնել են նախագահականից։
Նշենք, որ սահմանադրական մարմինների ղեկավարների և/կամ անդամների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման հարցը կարգավորվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ։
Մասնավորապես՝ Սահմանադրության 138-րդ հոդվածի համաձայն՝
Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասով ԲԴԽ անդամի ընտրությունը), 177-րդ հոդվածի 1-ին մասով (գլխավոր դատախազի ընտրությունը), 192-րդ հոդվածի 1-ին մասով (Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը), 195-րդ հոդվածի 2-րդ մասով (Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրությունը) , 197-րդ հոդվածի 2-րդ մասով (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ընտրությունը), 199-րդ հոդվածի 2-րդ մասով (Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամների ընտրությունը) և 201-րդ հոդվածի 1-ին մասով (Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը) սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային Ժողովի կողմից նրանց ընտրությունը Հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ:
Այսինքն՝ ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումներից բխում է, որ նախագահի կողմից համապատասխան հիմքերի առկայության դեպքում ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը իմպերատիվ պահանջ է, նախագահի՝ պարտադիր, այլ ոչ թե հայեցողական լիազորություն։
Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը նախագահի պարտադիր լիազորություններից է․ Սահմանադրական դատարան
Նախագահի՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու գործառույթի հարցին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր ՍԴՈ-1518 որոշմամբ։ Որոշում կայացնելու առիթը եղել էր այն, որ 2020 թվականին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով վերը նշված ժամանակավոր պաշտոնակատարների ընտրության, պաշտոնավարելու ժամկետի վերաբերյալ Դատական օրենսգրքի դրույթների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հոդվածների համապատասխանության հարցը ՀՀ սահմանադրությանը։ Այս որոշման մեջ, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով նախագահի դերին և լիազորություններին՝ գրում է․
«Հանրապետության նախագահը, Սահմանադրության «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» վերտառությամբ 4-րդ հոդվածի ուժով գործառութային առումով դասվելով գործադիր իշխանությանը, այդուհանդերձ, ամբողջովին դուրս դրվեց գործադիր իշխանության ինստիտուցիոնալ համակարգից, և, ի տարբերություն գործառութային առումով գործադիր իշխանությանը պատկանող այլ անկախ կամ ինքնավար մարմինների, պետության գլուխն է և ունի այդ կարգավիճակին բնորոշ գործառույթներ և դրանցից ածանցվող լիազորություններ:
Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահը՝ որպես պետության գլուխ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին մաս), հանրությանը և պետությանն ինտեգրող, ազգային միասնությունը խորհրդանշող սահմանադրական մարմինն է:
Ըստ էության, զերծ լինելով պետության ներքին և արտաքին քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կառավարմանը բովանդակային առումով մասնակցելու գործառույթից և չկրելով դրանց պատասխանատվությունը՝ Հանրապետության նախագահին սահմանադրորեն պատվիրակվել է լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով (Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մաս): Ըստ այդմ՝ Հանրապետության նախագահին սահմանադրորեն վերապահվել է վերկուսակցական արբիտրի դեր, որն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ (Սահմանադրության 124-րդ հոդվածի 5-րդ մաս): Միևնույն ժամանակ վերկուսակցական (ապակուսակցական) արբիտրի դերը, որը հիմնված է թե՛ Հանրապետության նախագահի՝ որպես պետության գլխի, ինտեգրող գործառույթի, թե՛ նրա անաչառության վրա, ենթադրում է Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի իրականացում, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ (Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մաս): Բացի դրանից, Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթը, իր հերթին, ենթադրում է, որ Հանրապետության նախագահը պետք է ունենա զսպումների և հակակշիռների միջոցով այդ գործառույթն արդյունավետորեն իրականացնելու հնարավորություն, ուստի նա պետք է ոչ միայն կարողանա կատարված փաստերից հետո գնահատել ենթադրյալ հակասահմանադրական գործողությունները (անգործությունը) կամ որոշումները, այլև պետք է կարողանա, նախևառաջ, կանխել դրանց ի հայտ գալը՝ օժտված լինելով կանխարգելիչ սահմանադրական վերահսկողության որոշակի լիազորություններով»:
Դատարանն, այնուհետև, նշում է, որ Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթի շրջանակներում Հանրապետության նախագահը հետևում է քաղաքական դերակատարների կողմից սահմանադրական նորմերի պահպանմանը, այդ թվում՝ օրենսդրական գործընթացի և դրա արդյունքի համապատասխանությանը սահմանադրական պահանջներին, ինչպես նաև սահմանադրական մարմինների կազմավորման սահմանադրականությանը: Նա օժտված է հավասարակշռող լիազորություններով թե՛ օրենսդիր մարմնի, թե՛ նաև գործադիր իշխանության մարմինների և անգամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ: Հանրապետության նախագահն այդ առումով օժտված է, հատկապես, այնպիսի գործիքակազմով, ինչպիսիք են Ազգային ժողովին ուղերձ հղելը, Սահմանադրական դատարան դիմելը և պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակելը:
Սահմանադրական դատարանը փաստել է, որ պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը նախագահի պարտադիր լիազորությունների մեջ է ներառված, ինչպես նաև դիրքորոշում հայտնել, որ «Հանրապետության նախագահը չի կարող հայեցողաբար փոփոխել իր լիազորությունների էությունը կամ որ նույնն է՝ պարտադիր լիազորությունները փաստացի փոխակերպել հայեցողական լիազորությունների, ինչպես նաև չի կարող հրաժարվել իրականացնել իր պարտադիր լիազորությունները հայեցողական լիազորությունների գործադրմամբ կամ որևէ այլ պատճառաբանությամբ։
«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հանրապետության նախագահի՝ Սահմանադրության 138-րդ հոդվածով ամրագրված լիազորություններն ուղղակիորեն ածանցվում են Հանրապետության նախագահի՝ պետության գլխի, անաչառ արբիտրի, և, ըստ այդմ՝ Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթներից: Հանրապետության նախագահի կողմից հիշյալ լիազորությունների իրականացումն անհրաժեշտ է պետության կենսագործունեության համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական մի շարք մարմինների թեև ժամանակավոր, սակայն կա՛մ ամբողջական կազմավորման, կա՛մ համալրման նպատակով:
Սահմանադիրն արարողակարգային առումով որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ, որը միաժամանակ միանձնյա սահմանադրական մարմին է, հենց Հանրապետության նախագահին է վերապահել պետության միակ առաջնային մանդատով օժտված սահմանադրական մարմնի՝ Ազգային ժողովի փոխարեն այդ մարմինների ժամանակավոր կազմավորումը կամ դրանց կազմի ժամանակավոր համալրումը (համապատասխան պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը): Բացի դրանից, հաշվի առնելով Հանրապետության նախագահի անաչառությունը՝ նա որպես վերկուսակցական արբիտր պետք է հակակշռի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին՝ հաղթահարելով նրանց քաղաքական կամ անձնային անհամաձայնության հետևանքները և, իր պաշտոնի և անձի հեղինակության շնորհիվ ժամանակավորապես ապահովելով սահմանադրական մի շարք մարմինների գործունակությունը՝ նշանակի Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամների (ոչ դատավոր անդամներ), Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների, Հաշվեքննիչ պալատի նախագահի և մյուս անդամների, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների ժամանակավոր պաշտոնակատարներ»,- ասված է ՍԴ որոշման մեջ։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադիրը, սահմանելով Հանրապետության նախագահի փոխարինող մասնակցությունը սահմանադրական մի շարք մարմինների կազմավորմանը կամ համալրմանը, որպես Հանրապետության նախագահի պարտադիր լիազորություն (պարտականություն)՝ Հանրապետության նախագահին դիտարկել է որպես առանցքային դերակատար՝ մի կողմից, Ազգային ժողովին հակակշռելու, մյուս կողմից՝ սահմանադրական որոշակի մարմինների բնականոն գործունեությունը երաշխավորելու նպատակներով:
«Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ Հանրապետության նախագահի կողմից վերոհիշյալ պարտականությունը չկատարելը կարող է հանգեցնել այդ հակակշռող գործառույթի իմաստազրկման՝ ստեղծելով Հանրապետության նախագահի ինստիտուտի հեղինակազրկման նախադրյալներ, ինչպես նաև ստեղծելով անմիջական վտանգ սահմանադրական մի շարք մարմինների բնականոն գործունեության համար՝ պայմանավորված դրանց չկազմավորմամբ կամ չհամալրմամբ, ուստիև՝ հակասահմանադրական իրավիճակներ, որոնցում մի շարք առանցքային գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններ կարող են չդառնալ գործունակ կամ զրկվել իրենց գործունակությունից: Նշվածն առավել ակնառու է Բարձրագույն դատական խորհրդի դեպքում, քանի որ այս սահմանադրական մարմինը, բացի սահմանադրական կարգի պահպանման տեսանկյունից իր հիմնարար նշանակություն ունեցող գործառույթից, այն է՝ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելը (Սահմանադրության 173-րդ հոդված), հենց այդ գործառույթի արդյունավետ իրականացման նպատակով կազմավորվում է պարիտետային (հավասարակշռության) հիմունքներով, այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընտրվում են հավասար թվով դատավոր և ոչ դատավոր անդամներ, և այս երկու խմբերի քանակական գերակայությունը միմյանց հանդեպ Սահմանադրության ուժով պետք է բացառվի թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ նաև գործնականում: Հակառակ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի լեգիտիմությունը կարող է դրվել հարցականի տակ, ինչը կխաթարի նրա բնականոն գործունեությունը:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև շեշտել, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կամ համալրման առումով անգործություն դրսևորելու և սահմանադրական պարտականությունները չկատարելու միջոցով թափուր տեղերի չհամալրումը կարող է վերջին հաշվով վտանգել նաև դատարանների անկախությունը, եթե նրանց անկախության երաշխավորը՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իրավազոր չլինի պատշաճ կերպով իրականացնել իր լիազորությունները:
Դատարանների և դատավորների անկախության երաշխավորի հնարավոր անգործունակությունը կունենա նաև այլ՝ անկանխատեսելի հետևանքներ սահմանադրականության և սահմանադրական կարգի պահպանության համար, քանի որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի թիվս այլնի՝ օժտված է նաև դատարանների կազմավորման որոշիչ, ինչպես նաև դատավորների լիազորությունների դադարեցման լիազորություններով, առանձին դեպքերում ինքն է հանդես գալիս որպես դատարան:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանը փաստում է, որ եթե դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ չընտրելը հակակշռված չէ այլ սահմանադրական մարմինների համարժեք լիազորություններով, ապա Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի չառաջադրումը և (կամ) նրա՝ Ազգային ժողովի կողմից չընտրվելը հակակշռված են Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ընդհուպ բոլոր հինգ ոչ դատավոր անդամներին ժամանակավոր նշանակելու լիազորությամբ: Հետևապես, Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված իր պարտականության չկատարումն անմիջականորեն վտանգում է Բարձրագույն դատական խորհրդի գործունակությունը և դրա արդյունքում նաև՝ դատարանների և դատավորների անկախությունը»,- դիրքորոշում է հայտնել ՍԴ-ն և արփանագրել, որ Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում ԲԴԽ անդամ չընտրելու դեպքում նախագահի կողմից 15-օրյա ժամկետում ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ Դատական օրենսգրքի դրույթը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։
Ստացվում է՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը։
Արաքս Մամուլյան