Անցյալի և ներկայի Գերմանիան․ Հայոց ցեղասպանության և հայագիտության հետքերով
Քաղաքականություն
18.12.2024 | 19:06«Մեր լռությունն ու անգործությունը մեզ մեղսակից են
դարձնում մարդկության դեմ կատարված հանցագործություններին»:
Յոհաննես Լեփսիուս
Սովետական պատմագրությունում 1915թ․ սկիզբ առած Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից առաջ գերմանական առաքելությունների միսիոներներին առանձին բացառություններով հիմնականում վերագրում էին լրտեսական և թշնամական գործողություններ։ Այս ամենին զուգահեռ առկա էին բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, որոնք վկայում էին միսիոներների մարդասիրական գործոնը և անձնազոհ աշխատանքը։ Այս կոնտրաստային հակասությունների ֆոնին ճշմարտությանը հասնելու ձգտումը Հայկի կյանքում մեծ դեր խաղաց։ Ամեն նոր գրքի և արխիվային փաստաթղթի ծանոթանալիս նա բացահայտում էր նոր միսիոներների, որոնց անգամ գիտական համայնքի շրջանակի գործընկերները չէին ճանաչում։ Եվ այսպես, Հայկի առաջին աշխատավայրը եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ իր լեզուների իմացությունը առաջ մղեցին՝ բացահայտելու նոր և ուշագրավ դրվագներ Հայաստանի, Օսմանյան կայսրության, Գերմանիայի պատմության և բազմաթիվ անհատների անցյալից։
Հիմա Հայկ Մարտիրոսյանը Լեփսիուսհաուզի գիտաշխատողներից է։
Հայկ Մարտիրոսյանը Լեփսիուսհաուզի արխիվում, Պոտսդամ, հոկտեմբեր, 2024թ․
Լեփսիուսհաուզը հիմնվել է այն վայրում, որտեղ ապրել է Յոհաննես Լեփսիուսը՝ 1908-1926 թվականներին։ Այստեղ է լույս տեսել իր կարևոր աշխատանքներից մեկը՝ 1916 թվականին հրապարակված և ավելի ուշ հայտնի դարձած «Հայ ժողովրդի մահվան քայլքը» գործը։ Լեփսիուսի հանձնառության ժառանգությունը, ինչպես նաև նրա կիսավեր տունը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչև 1990-ական թվականների սկիզբը խորհրդային բանակն օգտագործում էր որպես դրամարկղ, մոռացության վտանգի տակ էին։ 1999-ի մարտին բնակիչների, եկեղեցական, գիտական ու հասարակական շահագրգիռ անհատների միավորման արդյունքում հիմնվեց Լեփսիուսհաուզ Պոտսդամի աջակցության միությունը, որը նախաձեռնեց Լեփսիուսի տան վերանորոգումը, և այն արժանապատվորեն պահպանելը դարձրեց իր հիմնախնդիրը։ Պրոֆեսոր Հերման Գոլցը, որը երկար տարիներ միության հիմնադիր և խորհրդի անդամ էր, կարևոր դերակատարում է ունեցել այս գործում։
Յոհաննես Լեփսիուսի աշխատասենյակը, Լեփսիուսհաուզ, Պոտսդամ, հոկտեմբեր, 2024թ.
2005-ին՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին Բունդեսթագը բանաձև ընդունեց, որով բացահայտորեն դատապարտեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի հալածանքներն ու կոտորածը։ Բանաձևը պարունակում էր նաև Գերմանիայի համպատասխանատվության ընդունում. «Գերմանիան ևս, որը նպաստել է հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների իրականացմանը, պարտավոր է պատասխանատվություն ստանձնել»: Միևնույն ժամանակ Բունդեսթագը որոշեց Յոհաննես Լեփսիուսի կյանքին ու գործունեությանն արժանին մատուցել։ Լեփսիուսհաուզի վերականգնման աշխատանքները մեկնարկում են 2008 թվականից: 2011 թվականի մայիսին բացում է իր դռները հանրության առաջ՝ որպես ցեղասպանության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոն։ 2010 թվականի դեկտեմբերին Գոլցը մահացավ և չհասցրեց ներկա լինել Լեփսիուսհաուզի բացմանը։ Բացումից հետո տնօրինությունը ստանձնեց Գոլցի աշակերտներից դոկտոր Ռոլֆ Հոսֆելդը, որն այն տնօրինեց մինչև 2022 թվականի ամռանը։ Այժմ տնօրինությունը ստանձնել է դոկտոր Ռոյ Կնոքեն։
Լեփսիուսհաուզի արխիվ, Պոտսդամ, հոկտեմբեր, 2024թ.
2015-ին Լեփսիուսհաուզի բակում տեղադրվեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ժայռաքարը։ Դրա հետևում պատկերված խաչն օծվել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսի կողմից, որի վրա հայերենով և գերմաներենով գրված է՝ «Լուսաւորեա Տէր զհոգին Ծառայից քոյ» (Տե՛ր, լուսավորիր քո զավակի հոգին)։
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ժայռաքարը Լեփսիուսհաուզի բակում, Պոտսդամ, հոկտեմբեր, 2024թ․
Նկարում՝ լրագրողներ Ստելլա Մեհրաբեկյանը, Ալեքսանդր Մարտիրոսյանը, Սոֆի Թովմասյանը ձախից և Հերիքնազ Հարությունյանը, Ֆրունզե Ավետիսյանը՝ աջից։
Հայկն իր գիտական աշխատանքները Գերմանիայում սկսել է Բավարիայում՝ Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանում։ 2011 թվականից սկսած գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերը, կաթոլիկական և ավետարանական եկեղեցիների տրամադրած կրթաթոշակները նրան պարբերաբար հնարավորություն են տվել վերադառնալ Գերմանիա և շարունակել ուսումնասիրությունները։ Կրթաթոշակների շնորհիվ նա կարողացավ հավաքագրել արխիվային բազմաթիվ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք հարուստ նյութ դարձան թեկնածուական ատենախոսության համար։ 2017 թվականին Հայկը կրկին վերադառնում է Էրլանգենի համալսարան, որտեղ իր պրոֆեսորի և Լեփսիուսհաուզի տնօրենի՝ Ռոլֆ Հոսֆելդի հետ բանակցությունների արդյունքում որոշում է կայացնում, որ տեղափոխվում է Պոտսդամ, որտեղ Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվն է։ Լեփսիուսի տուն-արխիվն այն վայրն էր, որտեղ Հայկը կարող էր շարունակել իր գիտական-հետազոտական աշխատանքները և զուգահեռ օգտակար լինել նաև վերջինիս գործունեությանը։
Իր հիմնական հետազոտության թեմաները գերմանական առաքելություններն էին ցեղասպանության համատեքստում։ Չնայած մեզ հիմնականում ծանոթ է Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը, բայց Գերմանիայում եղել են հինգ այլ ավետարանական ընկերություններ և մեկ կաթոլիկ ընկերություն, որոնք նույնպես մեծ աշխատանք են իրականացրել որբերի խնամքի, կրթության, բժշկության ուղղություններով, ֆինանսական աջակցություն են ցուցաբերել հայ կաթոլիկ համայնքին։ Հայկի հիմնական ուսումնասիրության առարկան այս առաքելություններն էին, որբերի կենսագրությունների վերականագնումը, հայ-գերմանական հարաբերությունները՝ սկսած համիդյան կոտորածներից մինչև 1920-21 թվականները։ 2024-ի վերջին լույս կտեսնի Հայկի «Հումանիզմ և քրիստոնեական կարեկցանք․ Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելությունների պատմությունը 1896-1919 թթ.» գիրքը, որն իր տարիների հետազոտական աշխատանքների արդյունքն է և որում ամփոփված են ավետարանական և կաթոլիկ առաքելությունների գործունեությունը, Լեփսիուսի մեծածավալ աշխատանքներն ու հայանպաստ գործունեությունը։
2020-22 թվականներին Հայկը դասավանդել է Գերմանիայում՝ Հալեի համալսարանում։ Սա իր գործունեության մեծագույն ձեռքբերումներից է։
«Այս ձեռքբերման ամենասպասված օրն ինձ համար ամենատխուր օրն էր։ Իմ առաջին դասախոսությունը եղել է 2020-ի նոյեմբերի 10-ին։ Չգիտեի՝ ինչպես դասավանդել, ամբողջ գիշեր չէի քնել, հազար տեսակի ապրումներ ունեի։ Տարիներ շարունակ կատարածս աշխատանքը տանում էր ինձ դեպի իմ նպատակի իրագործմանը։ Թվում է թե դասվանդմանս առաջին օրը պիտի լիներ ամենաուրախը, բայց ստացվեց ամենաանիծյալը»։
Վերջին տասը տարիներին Գերմանիայում կային հայագիտության պրոֆեսուրաներ (ավելի ցածր, քան ամբիոնը)։ 2012 թվականին Բեռլինի Ազատ համալսարանում փակվեց հայագիտության պրոֆեսուրան։ 2022-ի վերջին փակվեց նաև Հալեում գործող պրոֆեսուրան, որը հիմնվել էր 1998 թվականին՝ Հայաստանի կառավարության ջանքերով։ Հետաքրքիր զուգադիպությամբ այն վայրերում, որտեղ փակվում են հայագիտության պրոֆեսուրաներ, կտրուկ աճում է ադրբեջանական գիտական ազդեցությունը։ Իհարկե, չկա ուղիղ կապ այս օրինաչափությունների միջև, բայց այս զուգադիպությունները ենթադրությունների տեղիք են տալիս։ Որոշ հայ և հայամետ պրոֆեսորներ անցել են թոշակի։ Այս համատեքստում Հայկը շատ կարևոր հարցեր է բարձրացնում Հայաստանին և Հայաստանի կառավարությանը․
«Ինչպե՞ս է լրացվելու հայագիտության բացը Գերմանիայում։ Ուզո՞ւմ ենք մենք այդ բացը լրացնել, թե՞ չէ։ Պրոֆեսորներ են գնացել թոշակի, հայագիտական կենտրոններ են փակվել։ Հիմա Հայաստանը ի՞նչ պատասխան է տալիս՝ ուզո՞ւմ ենք զարգացնենք հայագիտությունը, թե՞ ոչ»։
Հայկը շատ է ցանկանում, որ իր ձեռք բերած ինստիտուցիոնալ տեղեկատվությունը կարողանա ավելի կայուն ձևով փոխանցել երիտասարդներին և ուսանողներին։ Խոսքը միայն Լեփսիուսհաուզի գործունեության, Լեփսիուսի ու մյուս միսիոներների առաքելության մասին չէ, այլև վերապրած որբերի, նրանց անցած ճանապարհի և կյանքի վերարժեվորման մասին է։
«Պատկերացրեք՝ Գերմանիայում ապրած մի հարուստ ընտանիքի, հայտնի բժշկի կամ ապահովված ընտանիքի կնոջ կամ տղամարդու, որը թողնում է իր ապահով կյանքն ու մեկնում Օսմանյան կայսրություն, ապրում հայերի շրջանում։ Ես ուզում եմ, որ այդ մարդկանց անցածը բոլորի համար հասանելի դառնա։ Ուզում եմ գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ․ ինչո՞ւ են գնացել, ինպե՞ս են որոշում կայացրել և գնացել, ինչե՞ր են տեսել։ Ի պատասխան իրենց անձնազոհ աշխատանքի, 100 տարի անց, ես ցանկանում եմ իմ և մեր երախտագիտությունը հայտնել նրանց։ Իմ հետազոտական աշխատանքների հաշվարկներով կարող եմ ասել, որ առնվազն 250-300 անձնվեր միսիոներներ զբաղվել են հայ որբերի խնամքով և փրկել են հազարավոր կյանքեր։ Պետք է նշեմ, որ մեր մասնագիտական շրջանում նրանցից հայտնի են 10-12-ը, առավելագույնը՝ 15-ը։ Ինձ համար շատ կարևոր է այս մարդկանց կյանքի վերականգնումը և իրենց արած ինքնազոհ աշխատանքի գնահատումն ու ինստիտուցիոնալ հիշողության ձևավորումը։
Հայկը պատմում է, որ մի քանի տարի առաջ գերմանացի միսիոներներից մեկի գերեզմանը հողին հավասարվեց։ Գերմանիայում ընդունված է ինչ-որ ժամանակ անց գերեզմանների ոչնչացումը, ապա դրանց տեղում նորերի հիմնումը։ Նա խնդրել է իր մտերիմներից մեկին, որպեսզի հող վերցնի միսիոների գերեզմանից այն հույսով, որ մի օր դա կդրվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշապատի հետևում։
«Երախտագիտությունը լավ բան է, պետք է հիշել այդ մարդկանց»։
Անդրադառնալով կրթությանը, պետք է ասել, որ Լեփսիուսհաուզը իր գործունեության շրջանակում վերապատրաստում է նաև ուսուցիչների։ Գերմանիայում առաջինը Բրանդենբուրգ երկրամասում են դպրոցներում սկսել անցնել Հայոց ցեղասպանության թեման (20002-2003)։ Նահանգների թիվը հիմա չորսն է, շուտով կլինի հինգերորդը։ Հայկը նշում է, որ Գերմանիայում կրթությունը բավականին բարձր մակարդակի վրա է։ 9-րդ դասարանի աշակերտները, որոնք այցելում են Լեփսիուսհաուզ աչքի են ընկնում իրենց գիտելիքներով, հարցերի ապշեցուցիչ խորությամբ և հուզական ինտելեկտով։ Նրանք խորապես ապրումակցում և գիտակցում են պատմական իրողությունները։
«Մի անգամ Բեռլինից ինձ մի դպրոցական տղա զանգեց ու խնդրեց նույն օրը գալ Պոտսդամ՝ Լեփսիուսի տուն-արխիվ։ Պատմության դասերից մեկի ժամանակ առաջին անգամ տեղեկացել էր Հայոց ցեղասպանության մասին և ցանկանում էր առաջնային աղբյուրից տեղեկություններ ստանալ։ Ես ցուցադրեցի Լեփսիուսհաուզի սենյակները, ներկայացրեցի պատմական դրվագներն ու անցյալի վերաբերյալ փաստերը։ Վերջում նա խոստովանեց, որ ծնողներից մեկը թուրք է, մյուսը՝ գերմանացի։ Պոտսդամ այցից հետո նա որոշեց, որ այդ թեմայով ավարտական աշխատանք պետք է գրի դպրոցում»։
Բացելով ապրումակցման և սերունդների հիշողության թեման՝ Հայկը նշեց, որ մեկ այլ նախագիծ է սկսում, որով փորձում է հասկանալ գերմանացիների կերպարը ցեղասպանությունը վերապրածների հուշերում․ սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, դրական և բացասական ընկալումները։ Թեման բավականին հետաքրքիր է և մինչ այժմ չի ուսումնասիրվել, մինչդեռ այս մասով կան բազմաթիվ հուշեր։
Վերադառնալով Լեփսիուսին, պետք է ընդգծել, որ նա երեք մեծ գիրք է հրապարակել հայերի և ցեղասպանության մասին։ Առաջին անգամ`1896-ին նա վեց շաբաթով մեկնում է Օսմանյան կայսրություն և վերադարձից հետո հրապարակում է իր հայտնի գործը՝ «Բողոքագիր մեծ տերություններին և կոչ քրիստոնեա Գերմանիային», որտեղ մանրամասն շարադրում է կոտորոծաները, բռնությունն ու աքսորը, խոսում հոգևորականների մասին, բերում թվային մեծ վիճակագրություններ: Մինչև բողոքագրի հրապարակումը, նա այդ պատմությունները հանրայանցնում է գերմանական մի թերթում։ Լեփսիուսը առաջիններից էր, ով գիտակցեց թերթերի և լրատվամիջոցների մեծ ադեցությունն ու կարևորությունը՝ լոբբինգի, տեղեկատվության տարածման և հանրային իրազեկման համար։ Այդ հրապարակումների հիման վրա նա պատրաստեց գիրք։ Սկզբում այն լույս տեսավ 1896-ի սեպտեմբերին և երկու տարում այն հրատարակվեց 7 անգամ։
«Օրինակ, ինձ համար բացահայտում էր, որ համիդյան կոտորածների ժամանակ 1896-97-98 թվականների վերաբերյալ կարելի է գտնել հարյուրից ավելի անուն մամուլ, որոնք ամենօրյա և ամենշաբաթյա պարբերականությամբ լուրեր են տպագրել Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների մասին։ Այս ծավալի տեղեկատվություն հնարավոր չէր պատկերացնել մեզանից 120-130 տարի առաջ գործող մամուլի համար։ Անգամ 2020-23-ի արցախյան պատերազմի և խաղաղ բնակչության էթնիկ զտման ու բռնի տեղահանման իրադարձությունների ժամանակ չեն եղել այդչափ անդրադարձեր, որքան համիդյան կոտորածների ժամանակ։ Իհարկե, այս իրազեկմանը նպաստում էին նաև քրիստոնեական հայանպաստ առաքելությունները։ Պետք է նաև նշել, որ հրապարակվող զեկույցներում դեպքերի մանրամասնությունները և դրանց սահմռկեցուցիչ նկարագրություններն ապշեցնող են»։
Յոհաննես Լեփսիուսի 1896թ․ հրատարակված «Բողոքագիր մեծ տերություններին և կոչ քրիստոնեա Գերմանիային» գործի նկարը: Լեփսիուսհաուզ, հոկտեմբեր, 2024թ․
Լեփսիուսի երկրորդ գիրքը հրատարակվեց 1916 թվականին։ 1915-ին նա իր կապերի միջոցով կարողանում է մեկնել Կոստանդնուպոլիս և հանդիպել Էնվեր փաշայի հետ, որի նպատակը հայ ժողովրդի համար բարեխոսելն էր, ինչը, ցավոք, որևէ արդյունք չի տալիս։ Այդ ընթացքում նա հանդիպումներ է ունենում ամերիկյան և այլ երկրների դիվանագետների հետ և քննարկում խնդիրը։ Կոստանդնուպոլսից նա վերադառնում է բազմաթիվ փաստաթղթերով և տեղեկություններով։ 1915-ին Գերմանիայում ընդունվեց գրաքննության մասին օրենք, որն արգելում էր խոսել ցեղասպանության մասին։ Այս ամենի ֆոնին հրատարակվում է Լեփսիուսի երկրորդ գիրքը՝ «Հայ ժողովրդի մահվան քայլքը»։ Անգամ Ռայխստագում (այժմ Բունդեսթագ) հարց է բարձրացվում այս մասին, սակայն արձագանք այդպես էլ չի ստացվում։ Գրքում Լեփսիուսը քննադատում է Օսմանյան կայսրությանը, որն այդ ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր, մանրամասն նկարագրում է ցեղասպանության տարբեր դրվագներ։ Քանի որ Լեփսիուսը մեծ սեր ուներ մաթեմատիկայի նկատմամբ գրքում ներառում է նաև բավականաչափ թվային տվյալներ և վիճակագրություններ, որոնք ընդգծում են այդ ողբերգության մասշտաբները։ Այս գիրքը հրատարակվում է 20500 օրինակով, որոնց մի մասը նախատեսված է եղել բարձրաստիճան պաշտոնյաների և պատգամավորների համար։ Դրանց զգալի մասը տեղ չի հասնում, քանի որ Գերմանիայի ոստիկանությունը առգրավում է։ Այստեղ հասունանում է գրաքննության օրենքը խախտելու և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունները մանրամասն ներկայացնելու պատճառով դավաճանության մեջ մեղադրվելու և ձերբակալվելու վտանգը, ինչի պատճառով նա տեղափոխվում է Հաագա, որտեղ մնում է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։
Յոհաննես Լեփսիուսի 1916թ․ հրատարակված «Զեկույց Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին» գործը, որը 1919-ի վերահրատարակման ժամանակ վերանվանվել է «Հայ ժողովրդի մահվան քայլքը»։ Լեփսիուսհաուզ, հոկտեմբեր, 2024թ․
«Ժամանակակից տերմինալոգիայով ասած Լեփսիուսը ֆենոմենալ լոբբիստ էր։ Նա համագործակցության չէր գնում իշխանության հետ և դիմադրություն էր ցուցաբերում։ 1920-ականներին, երբ սկսվեց տեսախցիկների արտադրությունն ու կիրառումը, անգույն և անձայն ֆիլմերը գրավում էին բոլորի ուշադրությունը։ Լեփսիուսը գնեց տեսախցիկ, որով արձանագրում էր իր առաքելության գործունեությունը։ Նա գիտեր, թե ինչպես է պետք գումար հավաքել․ էքսպոներ էին անում, լուսանկարների ցուցադրություն։ Այդ ժամանակ մեկ որբի խնամքը տարեկան արժեր 150 մարկ, ինչը զգալի գումար էր։ Առաջարկ էր հնչեցվել, որ այդ գումարը կարող են հավաքել մի քանի հոգով և հանգանակել։ Լեփսիուսը Պոտսդամի դպրոցներից մեկին կոչով է դիմում՝ յուրաքանչյուրդ կարող եք տալ մեկական մարկ, որպեսզի խնամեք մեկ որբի»։
Լեփսիուսհաուզը մեծ աշխատանքներ է տանում ցեղասպանությունների ուսումնասիրման և սերունդների կրթության ուղղությամբ։ Այստեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, դասախոսություններ, քննարկումներ, որոնց մասնակցում են նախկին և ներկա դիվանագետներ, դեսպաններ, լրագրողներ, գիտնականներ, հետազոտողներ և քաղաքականությամբ հետաքրքրված այլ անձինք։ Այժմ Լեփսիուսհաուզի աշխատակիցները նախաձեռնում են հրատարակել քննական մի գործ, որտեղ անդրադառնալու են Լեփսիուսի բոլոր աշխատանքներին և պատասխանել բազմաթիվ հարցերի՝ որտեղից է նաև հավաքել տեղեկություններ, ինչպես է դրանք դասակարգել, ինչ աղբյուրներ է ունեցել։
Լեփսիուսհաուզը գերմանիայում համագործակցում է Պոտսդամի համալսարանի ռազմական պատմության ինստիտուտի և Էրլանգենի համալսարանի հետ։ Լեփսիուսհաուզը պաշտոնական առումով միություն է և իր հիմնական համեստ ֆինանսավորումը ստանում է Պոտսդամ քաղաքից և Բարնդենբուրգ երկրամասից։ Միությունը համագործակցում է նաև Հայաստանում Ցեղասպանության թանգարանի, ԵՊՀ Հայագիտության ինստիտուտի հետ, որոնց հետ համատեղ նախագծեր են իրականացվում։ Վերջին տարիներին (2020թ․) ուղիղ համագործակցություն կա Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ, կա նաև նախագիծ, որտեղ ներգրավված է նաև Բարնդենբուրգ կրթության նախարարությունը։ Այստեղ նաև պաշտոնական այցեր են լինում Հայաստանից, ի դեմս ԿԳՄՍ նախարարների, խորհրդարանի ներկայացուցիչների։
Հեղինակ՝ Ալեքսանդր Մարտիրոսյան
Բոլոր մեջբերումները՝ Լեփսիուսհաուզի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի