Փախստականի կարգավիճակը Եվրոպայում ապաստանի հի՞մք է․ ինչ միֆեր են տարածված արցախցիների շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.01.2025 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.01.2025 | 22:13
Ադրբեջանական SOCAR-ը վաճառել է Թուրքիայի գազաբաշխման իր 2 խոշորագույն ընկերությունները
10.01.2025 | 22:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Ալիևի սպառնալիքն ու Փաշինյանի պատասխանը, ի՞նչ սպասել ԵՄ-ին անդամակցելու որոշումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:45
Փաշինյանի գլամուրային բլոգը` Ալիևի սպառնալիքների ֆոնին. ինչի է ձգտում ՀՀ վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:29
Լրագրողներն ավելի քան 88 հազար ռուս զինվորների անուններ են պարզել, որոնք զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում
10.01.2025 | 21:15
Դեղերը վաճառում են օրենք խախտելով․ Factor TV-ի շրջայցը դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:00
ԵՄ-ին անդամակցելու մեկնարկով՝ ՀՀ-ն վեկտոր չի փոխում, այլ՝ հասանելիություն ունենալ հարուստ շուկային, մրցունակ տնտեսություն․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 20:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չեն հրավիրել Թրամփի երդմնակալությանը
10.01.2025 | 20:28
Մերկասառույց և մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
10.01.2025 | 20:13
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
10.01.2025 | 20:00
ՀՅԴ-ն երբեք դեմ չի եղել ԵՄ-ի անդամ դառնալուն, 2017-ին է կնքվել CEPA-ն․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 19:41
Լեհաստանը նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում
10.01.2025 | 19:29
Ադրբեջանի իշխանությունները բանտարկված իրավապաշտպանից պահանջել են հրաժարվել ԱՄՆ Պետդեպի մրցանակից
10.01.2025 | 19:14
Ո՞վ է գլխավոր դատախազի տեղակալի նախընտրելի թեկնածուն
10.01.2025 | 19:00
Հանուն ԵՄ-ին անդամակցելու՝ ՀՀ-ն ծանր ուղի է անցնելու, զրկանքներ կլինեն, բայց հաջողությամբ կավարտենք․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որ երկրի քաղաքացի են Արցախից տեղահանվածները, ինչ կարգավիճակ ունեն նրանք Հայաստանի Հանրապետությունում։ Բռնի տեղահանությունից ավելի քան 1 տարի է անցել, բայց մինչ օրս ապատեղեկատվություններ են շրջանառվում, որոնք կարծրացել ու դարձել են միֆեր։ Միևնույն ժամանակ` բռնի տեղահանված անձանց շրջանում դժգոհություն կա` Հայաստանում քաղաքացիություն ստանալու դժվարությունների և նրանց իրավական կարգավիճակին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։

Factor TV-ն առանձնացրել է առավել տարածված միֆերն ու դժգոհությունները, պարզել դրանք ծնող պատճառները, և պարզաբանումներ ստացել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Միֆ 1 

Արցախի բնակչությունն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, հետևաբար համարվում է Հայաստանի  Հանրապետության քաղաքացի։ 

Տրամաբանական է․ անձը, որն ունի որևէ պետության անձնագիր, պետք է ունենա նույն երկրի քաղաքացիություն, սակայն, ինչպես  պարզվում է, այս պնդումը Արցախից բռնի տեղահանված անձանց պարագայում ճիշտ չէ։ Նման իրավիճակ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության  և Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարաների միջև 1999-ին ստորագրված համաձայնագրի արդյունքում։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Նելլի Դավթյանը բացատրում է․ «1999-ի համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությանը տրամադրվել է անձնագիր՝ որպես ճամփորդական փաստաթուղթ, որպեսզի նրանք կարողանան իրացնել իրենց ազատ տեղաշարժի իրավունքը, որպեսզի ամբողջ աշխարհի միջազգային սահմանապահները ճանաչեն փաստաթուղթը  և խոչընդոտ չստեղծեն ազատ տեղաշարժի համար։ Այսինքն՝ այսքանով փաստաթուղթը հանդիսացել է անձը հաստատող»։

Իսկ ինչու ենք այս մասին միայն նոր խոսում։ Պատճառն այն է, որ նախկինում  հարցին անդրադառնալու կարիք չի եղել։

«1999 թվականին  Հայաստանի Հանրապետության  և Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարները ստորագրել են համապատասխան համաձայնագիրը, որով ֆիքսել են այս  պայմանավորվածությունը, որով սկսել են համագործակցել այս տրամաբանությամբ  և,  ըստ էության,  տասնյակ տարիներ այս մոտեցումն իրեն արդարացրել է, ոչ մի տեղ ոչ մի հարց չի առաջացրել։ Ինչու հիմա առաջացան հարցեր, քանի որ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակն այժմ է դարձել օրակարգային, բնականաբար ետ ենք նայում, վեր ենք հանում և ֆիքսում ենք այն իրավիճակը, որը ես արդեն իսկ ներկայացրեցի»,- ասում է Նելլի Դավթյանը։

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարների միջև կնքված համաձայնագիրը գաղտնագրված է, այսինքն՝ ենթակա չէր հրապարակման։ Այդ դեպքում ինչպես ե՞ն դրան հղում կատարում, այն էլ՝ պետական մակարդակով։ Պարզվում է՝ դրա բովանդակությունը հասանելի է դարձել 2015 թվականին՝ ՄԻԵԴ վճիռներից մեկի միջոցով։

«Դրա գոյության մասին  կարելի է վայրկենապես ծանոթանալ  «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռում, որտեղ ուղիղ մեջբերումներ կան, որ անձնագիրը տրամադրվում է որպես ճամփորդական փաստաթուղթ»,- ասում է Դավթյանը։

«Կողմերը համաձայնում են, որ սույն հոդվածի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այդ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից կարող են միայն օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով և չեն կարող օգտագործվել որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում ներքին օգտագործման համար»,- նշված է համաձայնագրում։

Այսինքն՝ ստացվում է, որ Արցախից բռնի տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու համար պետք է անցնեն քաղաքացիություն ստանալու համար ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով։ Այստեղ ծնվում է հաջորդ միֆը։

Միֆ 2

Հայաստանի Հանրապետությանքաղաքացիություն ստանալով՝ բռնի տեղահանվածները կզրկվեն Արցախում կորցրած գույքի փոխհատուցման հնարավորությունից և վերադարձի իրավունքից։

Մինչդեռ Նելլի Դավթյանը վստահեցնում է, որ սա ապատեղեկատվություն է։

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864 որոշմամբ ֆիքսվել է, որ  Արցախի բնակչությունը, յուրաքանչյուր անհատ կորցրել է գույքը, սեփականությունը, հողը, հայրենիքը և տալիս է հնարավորություն այդ իրավունքները վերականգնելու և պաշտպանելու։ Անձի որոշումը՝ ստանալ քաղաքացիություն չի խաթարում, չեղարկում, հերքում  արդեն իսկ Կառավարության որոշմամբ ֆիքսված իրականությունը»,- հավաստիացնում է Նելլի Դավթյանը։

Խոսքը «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը սահմանելու» որոշման մասին է։

«Ի վերջո, տեղահանված լինելն անձի մարդկային ողբերգությունն է, անձի մարդկային պատմությունն է, աշխարհում որևէ իրավական կարգավիճակ  չի կարող անձի պատմությունը ջնջել կամ փոխել։ Իրավական կարգավիճակները անձին տրվում են  տվյալ պետության ներսում անձին որոշակի իրավունքներով և պարտականություններով օժտելու համար, որոշակի իրավական  կապ ձևավորելու համար պետության և սուբյեկտի միջև։ Չէ՞ որ օտարերկրացիները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, շատ ավելի պակաս հնարավորություններ ունեն, քան Հայաստանի Հանարպետության քաղաքացիները։ Նույն տրամաբանությամբ՝ փախստականներն ավելի պակաս  իրավունքներ և պարտականություններ ունեն, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բայց մյուս տեսանկյունից՝  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է պետության և քաղաքացու միջև այդ իրավական կապի բարձրագույն ձևը և քաղաքացիությունն է, որ տալիս է այդ իրավունքների ամենալայն ծավալը»,- դիտարկում է Նելլի Դավթյանը։

Միֆ 3

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը կկրճատի բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերը։ 

Այս պնդումը ճիշտ չէհակառակը, կան սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը պարտադիր է։

«Ես ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիության կարգավիճակը ոչ թե վնասում է դիմումատուին, այլ օգնում է, ինչու է օգնում, որովհետև Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերից և որևէ մեկը  պայմանավորված չի եղել փախստականի կարգավիճակ ունենալու հանգամանքով, մինչդեռ ամենաերկարաժամկետ և ծավալուն  ծրագիրը, խոսքը բնակապահովման ծրագրի մասին է, ճիշտ հակառակ տրամաբանությունն ունի․ անձը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ավելին, ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որպեսզի ընտանիքը դառնա բնակապահովման ծրագրի շահառու»,- ընդգծում է Նելլի  Դավթյանը։

Միֆ 4

Փախստականի կարգավիճակը հիմք է՝ Եվրոպական երկրներում ապաստան հայցելու համար։

Արցախից բռնի տեղահանված անձանց շրջանում տարածված է մի մտայնություն, թե փախստականի կարգավիճակն ինքնին այլ եվրոպական երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն է տալիս։ Այս միֆը հերքելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է ենթադրում փախստականի կարգավիճակը։

Այս ոլորտը կարգավորող մայր փաստաթուղթը 1951 թվականի ՄԱԿ-ի փախստականների մասին կոնվենցիան է, և այն սահմանում է, որ   պետությունները  միջազգային պաշտպանություն են տալիս  մի խումբ մարդկանց կամ  անհատի՝ որոշակի հանգամանքներում, և  սա  արտացոլված է նաև մեր ազգային օրենսդրության մեջ, այնտեղ նկարագրված են նաև պատերազմական  իրավիճակներում մարդու իրավունքների համատարած խախտումներ, որոնց պարագայում ևս մեր պետությունը  տրամադրում է միջազգային պաշտպանություն՝ թիրախ խմբի անձանց։ 

«Հենց այս գործիքակազմ է  օգտագործել Հայաստանի Հանրապետությունը իմ վկայակոչած Կառավարության որոշմամբ, բայց սա նշանակում է, որ արդեն իսկ կա պետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որը  փրկել է այս մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերից,  պատերազմական իրավիճակից փրկել է մարդկանց կյանքները, ընդունել է  այդ հասարակությանը, հանձնառու է նրանց ինտեգրման համար, իրականացնում է սոցիալական աջակցության  ծրագրեր և նախաձեռնում՝ միջոցներ՝ նրանց  բնականոն կյանքը Հայաստանի Հանրապետությունում  կառուցելու համար։ 

Այս իմաստով  որևէ այլ պետություն, որը ստանում է ապաստանի  հայց Հայաստանի Հանրապետության կողմից արդեն իսկ փախստական ճանաչված անձից, ընկալում է, որ անձը չի եկել պատերազմական իրավիճակից, նա եկել է Հայաստանի Հանրապետությունից, որտեղ չկա պատերազմական իրավիճակ, չկա նրա կյանքը փրկելու կարիք, որովհետև կյանքը ապահով է Հայաստանի Հանրապետությունում, և եթե, մնացած մեր հայրենակիցների նման, անձը  չկարողանա հիմնավորել, որ Հայաստանի Հանրապետությունում իր կյանքին և ազատություններին  վտանգ է սպառնում, նա միանշանակ ենթակա է մերժման, և եթե կամավոր չվերադառնա, ապա հարկադիր  կվերադարձվի Հայաստանի Հանրապետություն»,- բացատրում է Նելլի Դավթյանը։

Այսինքն՝ ինչպես Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանի ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձինք, այնպես էլ  Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի սահմաններից դուրս գալուց հետո պետք է ենթարկվի այն պետության միգրացիոն կարգավորումներին, որտեղ մուտք է  գործելու։

«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և, գուցե, իմ ընկերը, որպես  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված,  լիովին նույն հավասար  իրավիճակն ունենք, երբ  մուտք ենք գործում երրորդ պետության տարածք։ Նկատի ունեմ, որ կանոնավոր  միգրացիա կազմակերպելու համար պետք է ուսումնասիրել ընդունող երկրի միգրացիոն կանոնները, կացության կարգավիճակների պայմանները, վիզային ռեժիմով պետությունների դեպքում  ծանոթանալ ժամկետներին, առանց վիզայի երկրների պարագայում  ևս ծանոթանալ ժամկետների պայմաններին և չխախտել այդ ժամկետները։ Եթե  ես գնում եմ ուսման նպատակով, ես կարող եմ ուսման նպատակով որոշակի ժամկետով  կացության իրավունք ձեռք բերել, և որևէ կապ չունի ես քաղաքացի եմ թե փախստականի կարգավիճակ ունեմ։ Եթե ես գնում եմ աշխատելու նպատակով, համապատասխան ընթացակարգի միջով պետք է անցնեմ, եթե ես գնում եմ ապաստան հայցելու, անկախ նրանից ես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձ եմ, թե ՀՀ քաղաքացի, ես պետք է ընդունող  պետության միգրացիոն իշխանություններին համոզեմ, որ իմ կյանքին և ազատություններին վտանգ է սպառնում, օրինակ, որովհետև ես ունեմ քաղաքական հայացքներ, որոնք տարբերվում են իշխանության հայացքներից կամ ես պետք է ընդունող պետությանը համոզեմ, որ ես որոշակի սոցիալական խմբի ներկայացուցիչ եմ, ում իրավունքները համատարած, իշխանության մակարդակով, պետական մակարդակով ոտնահարվում  են այս պետությունում, իսկ եվրոպական միության մեր գործընկերները, որպես կանոն, Հայաստանը ճանաչում են ապահով երկիր, և, օրինակ, Գերմանիան, վերջին տարիներին ևս, Հայաստանը դասել է ապահով երկրների  շարքում և ընդհանուր առմամբ, ընկալումն այն է, որ  Հայաստանում չկան մարդու իրավունքների համատարած խախտումներ, մասնավորապես՝ փախստականի կարգավիճակի համար հիմք հանդիսացող  պատճառներով»,- մանրամասնում է Միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետը ։

Միֆ 5

070 կոդով անձնագրից հրաժարումը հրաժարում է արցախցու ինքնությունից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալիս Արցախից բռնի տեղահանվածներին տրվում է  099 կոդով անձնագիր, ու նրանց շրջանում հոգեբանական ընկալում կա, որ 070 կոդով անձնագրից  հրաժարումը նշանակում է հրաժարում ինքնությունից,  տեղանաված անձի պատմությունից։

Նելլի Դավթյանը դիտարկում է, որ այստես գործում են սուբյեկտիվ ընկալումները։

«Կարող եմ արձանագրել, որ  որոշակի էմոցիոնալ կապ է ձևավորվել 070  կոդով անձնագրի և դրանց  տիրապետող անձանց միջև։Մինչդեռ այս ընթացքում որևէ մեկը չէր էլ անդրադառնում այն հարցին, թե ինչ կոդ կա ներսում նշված։ Լեռնային Ղարաբաղի տարածքում գործած անձնագրային ծառայություններն այս  070 կոդով էին տպագրում անձնագրերը։ Սա ամենևին չի նշանակում, որ  Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող ունենալ 070 կոդով անձնագիր, որովհետև եթե նա անձնագրավորվել է Լեռնային Ղարաբաղում, ապա նրա անձնագիրը 070 կոդով է և ճիշտ հակառակը․ Արցախի մեր բազմաթիվ հայրենակիցներ անձնագրավորվել են Հայաստանի Հանրապետությունում և այլ կոդով անձնագիր ունեն։ Մենք ինքներս Կառավարության 1864 որոշման մեջ այդ կոդը որպես տարբերակիչ հանգամանք շեշտադրեցինք և  գնալով դրա նշանակությունն ավելի բարձրացավ։ Դա վարչարարության և իրավական իմաստով անհրաժեշտ էր, որպեսզի  որոշակիորեն տարբերակեինք Հայաստանի Հանրապետության քաղաքացու  անձնագիր  կրող,  բայց փախստական հանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության  քաղաքացու անձնագիր կրող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանցից։ Միաժամանակ 070 կոդով անձնագիր կրող անձը կարող է ձեռք բերել նաև ժամանակավոր պաշտպանության վկայական։

Մենք այս էմոցիոնալ կապը հարգելով, հարգելով իրավիճակը հետևալ որոշումն ենք կայացրել․ երբ անձնագիրը փոխանակվում է նորով կամ անձը ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, այդ անձնագիրն անվնաս վերադարձվում է իրեն՝ չնայած համակարգում ինքն անվավեր է, եթե անգամ ժամկետի մեջ է, ճանաչվում է անվավեր և քաղաքացուն տրամադրվում է նոր անձնագիր, բայց որպես հիշողություն, որպես կարևոր փաստաթուղթ մենք տրամադրում ենք, որ Հայաստանի Հանրապետության  քաղաքացի դարձած փախստականն իր մոտ պահի, արդեն քաղաքացի դարձած փախստականի մասին է խոսքը»,- բացատրում է Նելլի Դավթյանը։

Այս միֆերից բացի Արցախից բռնի տեղահանված անձանց շրջանում նաև դժգոհություններ են շրջանառվում։ Նրանցից շատերը համարում են, որ պետության կողմից ոչ հավասար վերաբերմունքի են արժանանում և անցնում են բարդ ընթացակարգերով։

Դժգոհություն N 1 

Ինչո՞ւ 2023-ին Արցախից  տեղահանված անձինք ստացել են փախստականի կարգավիճակ, իսկ 2020 թվականին  տեղահանվածները՝ ոչ։ 

Պարզենք, թե որ հանգամանքներն են պատճառ դարձել, որ 2020 թվականի տեղահանությունը չի դիտարկվել որպես փախստականական հոսք և, ըստ այդմ, 2020-ին տեղահանվածները չեն ստացել փախստականի կարգավիճակ։ Այստեղ որոշիչ է եղել այն հանգամանքը, որ 2020-ին ապաստան հայցած անձինք դեռևս ունեցել են վերադարձի հնարավորություն, իսկ 2023-ին Արցախից բռնի տեղահանումից հետո վերադարձի հնարավորություն այս պահին չկա։

«Մենք 2020 թվականին՝ 92 հազարանոց տեղահանության տվյալների շտեմարան արձանագրեցինք՝ 80%-ով կանայք և երեխաներ,  և որոշ ժամանակ անց արդեն վերադարձի ցուցանիշն այնպիսին էր, որ, որպես այդպիսին,  չվերադարձած անձանց թիվը որոշ վարչական մարմինների տվյալներով, կազմում էր 22 հզ։

Նաև 2020 թվականին անհատական ապաստանի  հայցերի մեխանիզմն է վերլուծվել ՄԱԿ-ի փախստականների  գրասենյակի գերագույն հանձնակատարի մեր գործընկերների հետ համատեղ  և 1951 թվականի Կոնվենցիան և այն մեկնաբանող փաստաթուղթն այն մասին են, որ եթե պետությունը հյուրընկալում է նույն էթնիկ խմբի անձանց, որոնք խոսում են նույն լեզվով, ունեն նույն կրոնական հավատալիքները, նույն մշակույթն ու  արժեհամակարգը, էստեղ մարդկանց փախստական չես անվանի մարդկանց, , բայց 2023 թվականին մի ողջ բնակչություն տեղահանվեց Արցախից՝ առանց վերադարձի հնարավորության և այստեղ արդեն մենք ոչ թե  անհատական ապաստանի հայցի մեխանիզմը դիտարկեցինք ու վերլուծեցինք, այլ կիրառեցինք բոլորովին այլ գործիքակազմ․ խոսքը ժամանակավոր պաշտպանության գործիքակազմի մասին է, որն աշխարհում որպես այդպիսին կիրառվել է նաև  Ուկրաինայից տեղահանվող բնակչության հանդեպ․ եվրոպական պետությունները ևս ժամանակավոր պաշտպանություն են տալիս ուկրաինացիներին, և առաջին անգամ այս գործիքը կիրառեց նաև Հայաստանի Հանրապետությունը»,-նշեց Դավթյանը։

Դժգոհություն N 2

Ինչո՞ւ է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը հաստատելու համար պահանջվող  թղթաբանությունը բարդ, վարչարարությունը՝ ծանր, իսկ ժամկետները՝ երկար։  

Այն, որ տեղահանված բնակչության հետ աշխատելը բարդ է, Նելլի Դավթյանը չի հերքում, բայց  և նշում է, որ կենսական անհրաժեշտություն է տվյալների հավաքագրումը։

«Այո, դժվար է տեղահանված բնակչության հետ աշխատել, հատկապես՝ փաստաթղթավորման գործընթաց իրականացնել։ Որպես կանոն՝ բազմաթիվ  փաստաթղթեր պակաս են և դրանց թվային  տվյալները ևս պահպանված չեն, և անձի իրավական ինքնությունը պարզելու կամ նրա որպես փախստական ձևավորելու խնդիր  ունենք։ Ես, իհարկե,  հասկանում եմ և շատ լավ ընբռնում եմ թե այս հոգեբանական ծանր վիճակում ինչ դժվար է զբաղվել գերատեսչական քաշքշուկով ու մի գերատեսչությունից մյուսը  գնալ, բազմաթիվ ստուգումներ անցնել,  հերթական մերժումը ստանալ, որովհետև այսինչ թուղթը պակաս է։ Հերթը հասնում է ծննդյան վկայականին, որը վերականգնելու համար տվյալների բազայում  թվային տվյալներ չեն հայտնաբերվում, արդեն ծննդյան փաստն ակտավորելու  կարիք է առաջանում, դրա համար էլ, օրինակ, դատական կարգ է նախատեսված։ Հասկանում ենք բոլորս, բայց տեղահանված բնակչության մասին տվյալների հավաքագրումը կենսական նշանակություն ունի՝ իրենց իսկ իրավունքների պաշտպանության տեսանկյունից և բազմաթիվ թիրախային ծրագրեր իրականացնելու համատեքստում։

Մենք հիմա չունենք, օրինակ ընտանիքի կազմի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և եթե այդ ծննդյան վկայականների  հավաքագրումը, վերականգնումը հիմա տեղի չունենա, ապա հետագա ծրագրերն ու աշխատանքն այս տվյալների շտեմարանների հետ ավելի ու ավելի բարդ կլինի  պետության տեսանկյունից։  Անձի տեսակյունից էլ՝  չէ՞ որ շատ են այն գործարքները, որոնց պարագայում օգտագործվելու են այդ փաստաթղթերը․ մի՞թե ավելի  լավ չէ հիմա զբաղվել դրանով»,-դիտարկում է  Նելլի Դավթյանը։ 

Իսկ արդյո՞ք գոյություն ունի քաղաքացիություն ձեռք բերելու պարզեցված ընթացակարգ։ Նելլի Դավթյանը համոզմունք է հայտնում, որ քաղաքացիություն ստանալը չպետք է լինի այդքան հեշտ։

«Պետք է  նկատի ունենալ, որ  Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման վարչարարությունը չի փոխվել, նույն գործընթացը, որը վարվում է օրինակ ՌԴ քաղաքացու նկատմամբ, վարվում է նաև  տեղահանված անձի նկատմամբ։ Այսինքն՝ պարզեցված գործընթաց չէ, որ ակնկալվի ավելի պակաս փաստաթղթերով իրականացնել։ Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը, երբ  խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին է։ Չէ՞ որ  ակնկալվում է, որ սա ծանրակշիռ ինստիտուտ է,  և այդքան հեշտ պետք է չլինի ՀՀ քաղաքացիություն ստանալն,  ինչպես հեշտ չէ  որևէ  այլ պետության քաղաքացիություն ստանալը։ Դրա համար ենթադրվում է կենսական  շահը Հայաստանի Հանրապետության հետ, մշտական բնակության պայման, Սահմանադրության, լեզվի իմացություն։ Իհարկե,  ազգության հիմքով պարզեցված է կարգը, բայց պարզեցված է բոլոր ազգությամբ հայ լինելու հիմքով դիմումատուների համար, ոչ միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների»- բացատրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը։

Դժգոհություն N 3

Ինչո՞ւ պետք է Արցախից բռնի տեղահանված անձինք սահման հատելիս անձը հաստատող փաստաթղթից բացի նաև ժամանակավոր պաշտպանության վկայական ունանան։

Նելի Դավթյանի խոսքով՝ սա հենց բռնի տեղահանվածների անվտանգության համար է։

«Ժամանակավոր պաշտպանության վկայականի պահանջը միայն ու միայն պաշտպանիչ և անվտանգային բաղադրիչ  և իմաստ ունի, որովհետև ՄԱԿ-ի փախստակաների  գրասենյակի հետ համատեղ պատրաստված փաստաթուղթը՝ երկլեզու, համապատասխան կոդով, ցանկացած երկրի սահմանապահ կարող է ստուգել և տեսնել, որ  անձը գտնվում է  Հայաստանի Հանրապետության հովանու, պաշտպանության ներքո և երբեք, որևէ իրավիճակում, նույնիսկ եթե իր հանդեպ հետախուզում  է հայտարարված, ենթակա չէ  ուղարկվելու դեպի Ադրբեջան»։

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված  6452 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։  Նրանցից 4740-ին նախագահի հրամանագրով քաղաքացիություն է  շնորհվել։ Ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 91 362 անձ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան