Սպանել էին, լողացրել դին՝ փորձելով կոծկել գործը. ուր են կորչում և ովքեր են փչացնում իրեղեն ապացույցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.12.2024 | 20:24
Ռուսաստանը բանակցություններ կսկսի Զելենսկու հետ, եթե նա դառնա լեգիտիմ նախագահ․ Պուտին
22.12.2024 | 19:38
Կիրանց-Ոսկեպար ճանապարհին ավտոմեքենա է այրվել
22.12.2024 | 18:07
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
22.12.2024 | 17:37
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է Vietnam Defence Expo-2024-ին
22.12.2024 | 17:12
Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր իշխանության առաջնորդի հետ
22.12.2024 | 16:51
Ընդդիմության բոլոր մեղադրանքները հերքվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցով․ Կոբախիձե
22.12.2024 | 16:28
Գևորգ Պապոյանն ընդունել է մի շարք քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին
22.12.2024 | 15:31
ԱՄՆ զինված ուժերը սխալմամբ խոցել են իրենց կործանիչը
22.12.2024 | 14:48
Պատգամավորները դպրոցականներին ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
22.12.2024 | 14:25
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
22.12.2024 | 13:36
Այսօր երեկոյան հնարավոր է թույլ ձյուն
22.12.2024 | 13:00
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
22.12.2024 | 12:54
Էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. ՏԿԵ նախարար
22.12.2024 | 12:29
Տեխասում տղամարդը պիկապով մխրճվել է առևտրի կենտրոն և վրաերթի ենթարկել մարդկանց
22.12.2024 | 11:32
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ
Բոլորը

Խորքային հետախույզի կյանքի կտրված թելը. «ոչ պիտանի» երկտողը

«Ոչ ոքի պետք չէ մեղադրել ու մեղավորներ փնտրել, ես գիտակցել եմ՝ ինչ եմ անում». ահա Ապրիլյան պատերազմի մասնակից, խորքային հետախույզ, 26-ամյա Անդրանիկ Մկրտչյանի գրպանից հայտնաբերված երկտողի բովանդակությունը, որը, ըստ նախաքննական մարմնի, գրել է սպան Մեղրիի N զորամասի իր աշխատասենյակում՝ զենքի ձգանը քաշելուց և ինքնասպան լինելուց առաջ: Այնինչ, դեպքի առաջին իսկ օրից ծնողները պնդում են՝ Անդրանիկին սպանել են, ապա գրել նամակը՝ հանցագործությունն ինքնասպանություն որակելու նպատակով, այս 7 տարիների ընթացքում գործը կամաց-կամաց քնեցրել, իսկ գլխավոր իրեղեն ապացույց նամակը դարձրել ոչ պիտանի քննության համար:

2017 թվականի օգոստոսի 20-ին պայմանագրային զինծառայող, կոչումով կապիտան Անդրանիկ Մկրտչյանն Ապարանի իր հայրական տնից զորամաս է վերադարձել բավական բարձր տրամադրությամբ: Օրվա առաջին կեսին երիտասարդ սպան պարբերաբար կապի մեջ է եղել ընտանիքի հետ, ապա հայտնել, որ պատրաստվում է զորքին ճաշելու տանել՝ խոստանալով ավելի ուշ զանգահարել։ Սպասված զանգը, սակայն, այդպես էլ չի հնչել։

«Էդտեղի զինվորները զանգել են տեգրոջս՝ Արմենի ախպորը, ասել են, որ Անդոյին խփել են, Անդոն չկա էլ: Տեգրս գժվում ա, ասում ա՝ ո՞նց թե խփել են, խոսել ենք հետը… Հետ ա զանգում էդ համարով, մի ուրիշ մեկը վերցնում ա՝ սպա ա լինում, թե զինվոր՝ չգիտեմ, ասում ա՝ Անդրանիկն ինքնասպան ա եղել, ո՞վ ա ասում, որ Անդոյին խփել են»,- պատմում է Անդրանիկի մայրը՝ Նարինե Մկրտչյանը։

Դաժան լուրից ցնցված Մկրտչյանների ընտանիքը 4 ժամում Ապարանից հասել է Մեղրի՝ ընթացքում պարբերաբար զորամասի սպաներին հորդորելով, որ Անդրանիկին ձեռք չտան, իրենք պետք է գան և տեղում տեսնեն:

Եվ մինչ որդեկորույս ընտանիքը փորձել է իրավիճակը հասկանալ, Քննչական կոմիտեն շտապել է հայտարարել՝ զինծառայող Անդրանիկ Մկրտչյանն ինքնասպան է եղել՝ քրեական գործ հարուցելով այդ ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Սակայն նախաքննության ընթացքում առաջ եկած հանգամանքները ծնողներին ավելի են համոզել՝ Անդրանիկին սպանել են։

Իսկ ինչո՞ւ է ընտանիքը վստահ, որ Անդրանիկին սպանել են։ Նախ՝ դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Անդրանիկի մարմնի վրա 1-3 օրվա թարմության բռնության 10-ից ավելի հետքեր և արյունազեղումներ են եղել, սենյակից հայտնաբերվել է ոչ թե արձակված կրակոցի գնդակ, այլ գնդակատիպի դետալ, ավելի արտառոց է եղել ինքնասպանության վարկածն առաջ տանող երկտողի մասը։

Ավելին, Անդրանիկի մարմինը գտնվել է թեքված դեպի աջ, այն դեպքում, երբ արյան լճակն առաջացել է հակառակ՝ ձախ  կողմում։ Այս փաստերն ու փորձաքննության արդյունքները համադրելով՝ որդեկորույս ընտանիքը վստահ է՝ տեղի է ունեցել սպանություն, իսկ երկտողը գրվել է այլ անձի կողմից։

Երիտասարդ սպայի մահվան գործն արդեն 7 տարի է՝ նախաքննական մարմնի սեղանին է։ Դեպքից մի քանի ամիս անց գործի քննությունը կասեցվել էր, քանի որ ինքնասպանության դրդող անձն այդպես էլ չէր հայտնաբերվել։ Կասեցումից մեկ տարի անց այն վերաբացվել է, սակայն մինչ օրս որևէ դրական տեղաշարժ ընտանիքը չի տեսնում։

Անդրանիկի ծնողների պնդմամբ՝ յոթ տարիների ընթացքում կարևոր իրեղեն ապացույցները նախաքննական մարմինների ձեռամբ դարձել են ոչ պիտանի քննության համար։ Մասնավորապես, Անդրանիկ Մկրտչյանի գործով ինքնասպանության վարկածը հաստատող միակ ապացույց երկտողը 4 անգամ դատաձեռագրաբանական և փորձագիտական քննության ենթարկելուց հետո՝ դեպքից միայն 2,5 տարի անց է ԴՆԹ փորձաքննության ենթարկվել, որը մի շարք հարցերի պատասխան պետք է տար, սակայն… Պարզվել է, որ կարևոր ապացույցը նախաքննական մարմնի ձեռամբ ոչ պիտանի է դարձել։

Տուժող կողմն Անդրանիկի մահից հետո նախաքննական մարմնին պարբերաբար միջնորդություններ է ներկայացրել երկտողից ԴՆԹ ապացույց վերցնելու մասով, սակայն դրանք կա՛մ մերժվում են, կա՛մ նշվել է, որ ավելի ուշ կանդրադառնան։ Ի վերջո, 2,5 տարի անց իրականացված փորձաքննությունը, պարզվել է, ուշացած է եղել։

«Փորձագետը տալիս է՝ քանի որ այդ ապացույցից անջատվում են մի քանի ԴՆԹ նմուշներ, որոնք նույնացման համար պիտանի չեն։ Փաստաթղթաբանական փորձագետներից մեկը ցուցմունք է տալիս, որ քննիչն իրեն չի զգուշացրել, որ այդ թղթի հետ փորձաքննությունը կատարեն ձեռնոցով, իրենք թղթի հետ շփվել են և, փաստացի, փչացրել։ Գործը, փաստացի, 6 տարի քննվում է, էս մեկ փչացրած ապացույցի պատճառով։ Ես զարմանում եմ պարզապես, որ մեր երկրում իրեղեն ապացույցների պահպանման խնդիրներ ունենալու պայմաններում, հիմնական կամ որոշիչ ապացույցի հետ վարվում են այսպես։ Սա անփութություն չէ, այլ հանցավոր դրսևորում է, երբ գործն ուղղակի փակուղի է մտցնում»,- նշում է փաստաբան, տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

Ավելին, ԴՆԹ փորձաքննությունից հետո մինչ օրս այդպես էլ չի պարզվել, թե ում ԴՆԹ-ներն են հայտնաբերվել երկտողի վրա։

Ի վերջո՝ ի՞նչ է պատահել 7 տարի առաջ օգոստոսյան այդ շոգ օրը։ Մկրտչյանները, շատ փակագծեր չբացելով, կրկին պնդում  են՝ իրենց կրտսեր որդուն սպանել են, քանի որ Անդրանիկը շատ տեղեկությունների էր տիրապետում՝ ծառայության բերումով։

Եվ մինչ ընտանիքն ամեն հինգշաբթի Ապարանից գալիս է Երևան և Կառավարության շենքի դիմաց փորձում իրենց հանդեպ իրականացված անարդարության դեմ բողոքի  ձայնը բարձրացնել, քննչական մարմնի սեղանին շարունակում է փոշոտվել 26-ամյա խորքային հետախույզ Անդրանիկ Մկրտչյանի գործը։

Հայաստանում հանցագործությունների բացահայտման կամ վերաբացված քրեական գործերի՝ տեղում դոփելու հիմնական պատճառներից մեկն իրեղեն ապացույցների ոչնչացումը կամ ժամանակի ընթացքում դրանց ոչ պիտանի դառնալու հանգամանքն է։ Իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել։

Քրեական գործի ավարտին՝ դատավճիռ կայացնելիս կամ գործը կարճելիս, քննչական կամ դատական մարմինը լուծում է նաև իրեղեն ապացույցների տնօրինման հարցը. հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում՝ ոչնչացվում են։ Factor TV-ն ուսումնասիրել է իրեղեն ապացույցների դերը, հետագա ճակատագիրը քրեական գործի ժամանակ կամ դրա ավարտից հետո և պարզել՝ հենց իրեղեն ապացույցների ոչնչացումը, սխալ փորձաքննության ենթարկելը կամ, այսպես ասած, պատահմամբ վնասելն է հետագայում գրեթե անհնարին դարձնում քրեական գործերի արդար քննությունը։ Իսկ այն գործերը, որոնք տարիներ անց հանգամանքների բերումով վերաբացվում են՝ իրեղեն ապացույցների թերի կամ ամբողջական ոչնչացման պատճառով, այդպես էլ փոշոտվում են քննիչի դարակում։

Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց մեղադրյալի աթոռին հայտնվեց 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը և դատաձգաբան-փորձագետը։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ 10 մարդու կյանք խլած իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով հենց Հարությունյանի ցուցումով։

Թեև ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն առավել քան հիմնավոր են, Հարությունյանը մինչ օրս էլ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Ավելին՝ ՀՔԾ նախկին պետի այս հայտարարությունից հետո նրա դեմ քաղաքացիական հայց էր ներկայացվել․ Հարությունյանը պահանջում էր հերքել իրեն վերագրվող տեղեկությունները՝ այն համարելով զրպարտություն։ Հայցը, սակայն, դատական երեք ատյանով էլ մերժվեց։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի մի ամբողջ սենյակ զբաղեցնում են մոտ 100-ի հասնող քրեական գործերով առգրավված իրեղեն ապացույցները: Այստեղ կարող ես գտնել մինչև 10 տարվա վաղեմության իրեր, որոնք սպանության, գողության կամ այլ հանցանքների կատարման ժամանակ «օգնել են» արարքն ավարտին հասցնել:

Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է իրեղեն ապացույցների պահպանման գործընթացը: Դրանք սկզբում ի պահ են տրվում նախաքննական մարմնին, իսկ դատարան տեղափոխվելուց հետո գործի հետ միասին տեղափոխվում դատարանների՝ իրեղեն ապացույցների համար հատկացված պահման վայր: Ապացույցներ կան, սակայն, որոնք այլ «ճակատագիր» են ունենում։

Իրեղեն ապացույցները ոչնչացվում են նաև քրեական վարույթի կարճման կամ դատական ակտի վերջնական ուժի մեջ մտնելուց հետո, այնինչ, ՀՀ դատաիրավական համակարգում քիչ չեն դեպքերը, երբ ՄԻԵԴ վճռից կամ նոր երևան եկած հանգամանքի արդյունքում գործերը վերաբացվում են, իսկ գործի համար առանցքային նշանակություն ունեցող ապացույցներն արդեն պահպանված չեն լինում։ Գործի քննությունը դժվարացնում է նաև ժամանակի ընթացքում անպիտան դարձած կարևոր իրեղեն ապացույցները, որոնք, փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով՝ միտումնավոր են այդպիսին դարձվում։

Դատարաններում առկա իրեղեն ապացույցների քանակը և պահման պայմաններն ուսումնասիրելու նպատակով Factor TV-ն դիմել էր նաև Դատական դեպարտամենտին, սակայն կտրուկ մերժում էր ստացել։ ԲԴԽ լրատվական ծառայությունը հղում էր կատարել իրավական նորմերին՝ պատճառաբանելով, որ տեսանկարահանումը և կողմնակի անձանց մուտքն այդ սենյակներ արգելված է, այնինչ, վկայակոչված որևէ օրենքում կամ կետում տեսանկարահանելու և ուսումնասիրելու արգելքի մասին որևէ նշում առկա չէր։

Շատ հաճախ պատահում է նաև, երբ գործով առկա առարկաները, որոնք, այսպես ասած, անզեն աչքով էլ երևում են, որ պետք է իրեղեն ապացույց ճանաչվեն, քննիչի կողմից անուշադրության են մատնվում կամ առարկայի հետ այնպես են վարվում, որ այն կորցնում է ապացույց ճանաչվելու հնարավորությունը: Հանցավոր միտո՞ւմ, թե՞ անփութություն  է դա, դժվար է ասել, սակայն երկու դեպքում էլ աններելի պետք է համարվի քննիչի աշխատանքում:

Սպանելուց հետո լողացրել են՝ հետքերը վերացնելու համար. գործով իրեղեն ապացույցներ են կորել

10 տարի առաջ Գյումրու իր սեփական տանը սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի գործը փակուղի է մտել. գործով առանձնակի նշանակություն ունեցող իրեղեն ապացույցների 8 փաթեթ անհետացել է։ Երիտասարդի ողբերգական սպանության կարևոր ապացույցներն անփությա՞ն, թե՞ հանցավոր միտման արդյունքում են անհետացել։ Այս հարցը շուրջ մեկ տասնամյակ է՝ շարունակում է առկախված մնալ։

«Անհետացած 8 փաթեթների մեջ թվով 23 ծխուկներ կան։ Դրանց վերաբերյալ քննիչին հարցրել եմ՝ որտե՞ղ են էդ 23 ծխուկները։ Ինքը գրություն ա գրել, ստորագրել, որ էդ ծխուկներն ինքը վերացրել ա, ոչնչացրել ա, որովհետև նպատակահարմար չի գտել, որ դրանք մնան։ Էդ ծխուկները, որ դու հավաքել տարել ես, դրանց վրա հետքեր կան, չէ՞, դրանք պետք է հետազոտվեին, ինչի՞ ես ոչնչացրել, էդ քրեական գործի ապացույց է»,- վրդովված պատմում է որդեկորույս մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը։

Որդու մահից 10 տարի անց էլ մայրը շարունակում է իր հետաքննությունը, պարզելու՝ ինչպե՞ս է սպանվել միակ որդին։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանում գտնվող Ռուզաննա Ադանալյանը հեռախոսազրույց է ունեցել Գյումրիում բնակվող որդու հետ, տեղեկացել, որ Արտյոմն իրեն լավ չի զգում և գնում է տուն՝ պառկելու։ Ժամեր անց չի կարողացել որդու հետ խոսել. Արտյոմի հեռախոսին պատասխանել է այլ անձ՝ ասելով՝ տղայիդ հիվանդանոց են տարել։ Շտապ Գյումրի հասած մայրը տեղեկացել է՝ որդին մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Ընդ որում, հետագա փորձաքննությունը ցույց է տվել, որ բրիգադի արագ արձագանքման դեպքում Արտյոմի կյանքը հնարավոր կլիներ փրկել։

Ըստ նախաքննական մարմնի՝ Արտյոմ Ադանալյանը սպանվել է դանակի երկու հարվածից։ Դրան նախորդած և հաջորդած դեպքերն այսօր կրկին փորձում է վերաշարադրել որդեկորույս մայրը. «Տեսել եմ՝ տունն ամբողջ կոտրված վիճակով, արյան մեջ կորած, արյան հեղեղ էր տունը, ոնց որ եղեռն իրականացված լիներ. տան պատերը, վարագույրը, փափուկ կահույքը, պաստառները կոտրված էին, մի սարսափազդու վիճակ, որ ծնողը կմտածեր՝ այդտեղ տեղի է ունեցել եղեռն»։

Ըստ նախաքննական մարմնի վարկածի՝ Արտյոմն իր տուն եկած անձանց հետ կռվի մեջ է մտել, որոնցից մեկը նրան դանակահարել է, ապա դեռևս ողջ վիճակում գտնվող տղային տարել և գցել ջրով լի լոգարանի մեջ՝ փորձելով արյունը մաքրել: Մայրը, սակայն, վստահ է՝ տեղի է ունեցել խմբակային սպանություն, իսկ որդու սպանությունը պատվիրված է եղել՝ իրեն թշնամի համարող մի անձի կողմից:

Սակայն գործով անցնող որոշիչ իրեղեն ապացույցները ժամանակի ընթացքում գնալով անհետացել են՝ արնաջրով լցված դույլը, սեղանի արյունոտ սփռոցը, իսկ որդու առգրավված իրեղեն ապացույց համարված շապիկի վրա արտաքին միջամտություն է տեղի ունեցել։ Որդեկորույս մոր խոսքով՝ առարկաներ են եղել, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, քանի որ առանձին-առանձին փաթեթավորելու փոխարեն՝ միասին լցվել են մեկ տոպրակի մեջ, ինչի հետևանքով էլ դրանք ոչ պիտանի են դարձել հետազոտման համար:

«Դեպքի վայր չի էլ պահպանվել, ով ասես՝ մտել-հելել ա դեպքի վայր, մի անտերուդուրս վիճակ ա եղել: Երբ հետազոտեցինք իրեղեն ապացույցները, պարզվեց, որ թվով 8 իրեղեն ապացույցներ բացակայում են գործից: Որտե՞ղ են էդ ապացույցները, նայել ենք, ստուգել ենք, հետազոտել ենք բոլորը, չկա»,- ասում է նա։

Անհետացած ապացույցների մասով հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս այն նախաքննության փուլում է:

«Փաստն այն է, որ այդ իրեղեն ապացույցները չկան: Դատարանը գցում է նախաքննական մարմնի վրա, նախաքննական մարմինը գցում է դատարանի վրա: Ի վերջո, չենք հասկանում՝ դրանք ուղարկվել են-չեն ուղարկվել, վարույթից են անհետացել, միակողմանի քննությունը քողարկելո՞ւն, թե՞ միակողմանի քննությունը պաշտպանելուն են ուղղված, չենք կարող վստահաբար պնդել: Բայց ունենք այն, ինչ ունենք. անհետացած ապացույցներ, որոնց պատճառով գործը մտնում է փակուղի»,- նշում է Ադանալյանին ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը։

Այս ֆոնին առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադանալյանի սպանության գործից 10 տարի անց այն արդեն 4-րդ դատավորն է քննում, իսկ սակավ ապացույցները տարեցտարի ավելի են դժվարացնում իրական մեղավորի կամ մեղավորների բացահայտումը:

Արտյոմ Ադանալյանի և Անդրանիկ Մկրտչյանի գործերը միակը չեն, որ փակուղի են մտել իրեղեն ապացույցների ոչնչացման, կորստի, թերի ուսումնասիրության կամ միտումնավոր վնասման պատճառով: FactorTV-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարյուրի հասնող վերաբացված գործերով առաջընթաց չի կատարվում հենց իրեղեն ապացույցների ոչնչացման պատճառով:

Թեև նոր Քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կյանքի դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ վարույթներով իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման, սակայն առկա գործերի մեծ մասը ցույց է տալիս, որ վերաբացման կամ նոր քննության ժամանակ կարևոր ապացույցներն արդեն իսկ ոչնչացված են լինում։

Եվ մինչև իրավական համայնքը շարունակում է այս մասին բարձրաձայնել, քննչական և դատական մարմինների սենյակներում շարունակվում է կուտակվել իրեղեն ապացույցների ահռելի զանգված: Պետությունը չունի այդ ապացույցները պահելու բավարար պայմաններ. համապատասխան խոնավություն, լուսավորություն, ջերմություն, ինչը ևս վտանգ է ստեղծում, որ թեև այդ ապացույցները ֆիզիկապես կարող են գոյություն ունենալ, սակայն դառնալ ոչ պիտանի հետազոտման համար։

Իսկ ի՞նչ անել այդ ապացույցների հետ, արդյո՞ք դրանք պետք է տասնյակ տարիներով պահեստավորել՝ ամեն պահի սպասելով նոր երևան եկած հանգամանքի։ Կարծիքներն իրարամերժ են, ճշմարտությունը՝ մեկը․ հարազատին կորցրած քաղաքացուն դա այնքան էլ չի հուզում, նա իր բաժին արդարությանն է սպասում, արդարություն, որը շատ հաճախ կորում է աննշան թվացող, սակայն գործում որոշիչ նշանակություն ունեցող մի իրեղեն ապացույցի պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան