Գյուղացիները հրաժարվում են ցորեն մշակել․ աշնանացանի սուբսիդավորման դադարեցման հետևանքները

Լուրեր

11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
Բոլորը

Մի քանի օրից Լոռու մարզում կսկսվեն աշնանացան ցորենի ցանքսի աշխատանքները, բայց ցորենի մշակությամբ զբաղվող գյուղացիներից շատերը երկմտանքի առաջ են՝ ցորեն ցանե՞լ, թե՞ չցանել։

Ագարակ բնակավայրի ֆերմերներից Արման Աբովյանը որոշել է կրճատել ցորենի ցանքատարածությունը։ Նա իր 30 հեկտար հողատարածքի միայն մի մասում է որոշել ցորեն ցանել։

Ֆերմերը Factor.am-ի հետ զրույցում սրտնեղեց, որ ցորեն մշակելն այլևս եկամտաբեր չէ, քանի որ պետությունը որոշել է «օգնելու փոխարեն հարվածել գյուղացուն»՝ դադարեցնելով աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին, երբ գործում էր աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը, իրենք ցորենի սերմացուի, դիզվառելիքի ու պարարտանյութի համար մեկ հեկտարի հաշվով 70-120 հազար դրամ պետական սուբսիդավորում էին ստացել ու արդյունքում մարզում ավելի շատ աշնանացան ցորեն մշակել։ Հիմա, Ագարակ գյուղի բնակչի պնդմամբ, հակառակն է տեղի ունենում։

«Էլի հողերը գնալու են խոտհարքի տակ։ Երբ ծրագիրը սկսեցին, մարդիկ ոգևորվեցին, և խոտհարքերը վարեցին ու ցորեն ցանեցին։ Ինչ աշնանացանի սուբսիդավորումը գործում էր, ցորենի ցանքատարածություններն աճեցին։ Անցած տարվանից, երբ ծրագիրը դադարեցվեց, մարդիկ սկսեցին կրճատել ցորենի ցանքատարածությունները»,-ասաց նա։

Աշնանացանի սուբսիդավորման ծրագրի դադարեցումը միակ պատճառը չէ, որ Լոռու մարզի բնակիչները կրճատում են ցանքատարածքները։

Ըստ Արման Աբովյանի՝ պետությունը ևս մեկ հարված էլ հասցրեց, երբ ցորենը հանվեց ապահովագրության ցանկից․ Էկոնոմիկայի նախարարությունը որոշել է, որ մեկ տարի ցորենի ցանքերը չեն ապահովագրվի կարկուտից։

«Միայն երաշտից են ապահովագրում, բայց Լոռու մարզում 90 տոկոսով երաշտ չի լինում։ Ապահովագրություն չկա, սուբսիդավորում չկա, անցած տարի ահագին կրճատվեցին ցորենի ցանքատարածությունները։ Մարդիկ կան, որ 1-2 հեկտար հողատարածքում են ցորեն մշակում, ասել են, որ էլ չենք աճեցնելու»,- դժգոհեց գյուղացին։

Նման պայմաններում աշխատելը ֆերմերի դիտարկմամբ, եկամուտ չի բերում, հետևաբար, ինքն ու համագյուղացիներից շատերը որոշել են ցորենի փոխարեն անասնակեր աճեցնել։

«Ցորեն ցանելը շահավետ չէ, եթե պետությանը ձեռ է տալիս, որ մենք անասնակեր ստանանք ոչ թե պարենի հարց լուծենք, այդ դեպքում, ավելի լավ է անասնակեր մշակենք, ոչ թե ծախս անենք, ցորեն մշակենք և օգուտ չստանանք»,-վրդովվեց հողագործը։

Արման Աբովյանը նշեց, որ սուբսիդավորման դեպքում իրենք կարողանում էին ոչ միայն ներդրած գումարները հետ բերել, այլ նաև քիչ թե շատ շահույթ ստանալ։

«Ցորենի կիլոգրամը մենք 80 դրամով ենք վաճառում, իսկ էլիտար սերմի մեկ կիլոգրամը 180- 200 դրամով ենք առնում։ Պետությունը միշտ ասում է՝ խթանեք սերմարտադրությունը, խթանեք սերմարտադրությունը։ Ամեն տարի մեծ գումար եմ ծախսում, որ առաջին վերարտադրության սերմ ստանամ, բայց ապարդյուն, պետությունը ծախս չի անում, ինքնարժեքն էլ բարձր է կազմում»,- նկատեց ագարակցին։

Նույն պատկերն է նաև Սյունիքի մարզում։ 30 տարի սերմարտադրությամբ զբաղվող Բռնակոթի բնակիչ Նարեկ Մելիք-Թանգյանն ամեն տարի 200 հեկտարից ավելի ցորեն է ցանում։ Ասում է՝ աշնանացանի սուբսիդավորման ծրագրի դադարեցման պատճառով որոշել է հաջորդ տարվանից հրաժարվել ցորեն մշակել։ Արդեն երկու տարի է՝ նա հետզհետե կրճատում է ցանքատարածությունների տարածքը։

«120 հեկտար հող եմ վարել, բայց ցանել եմ 80 հեկտարը։ Նախորդ տարի էլ 30 հեկտար եմ կրճատել։ Երբ անտոկոս վարկեր կար, վերցնում էինք և աշխատում, հետո դրանք հանեցին և փոխարինեցին սուբսիդավորմամբ։ Սուբսիդիայից փողը ստանում էինք վարկ էինք փակում, հիմա ո՛չ էն են տալիս, ո՛չ էլ մյուսը, մենք էլ ի վիճակի չենք մշակել։ 200 000-300 000-ի ծախս ենք անում մեկ հեկտարի վրա, պետք է ստանանք մինչև 35 ցենտներ բերք, որ զրո կանգնի առանց սուբսիդիայի։ Երբ սուբսիդավորում էին տրամադրում, 20 ցենտներ բերքով էլ զրո էինք կանգնում, մեր ծախսերը դուրս էին գալիս, ավելն էլ մեզ եկամուտ էր մնում։ Այս տարի եկամտի մասին խոսք չկա, միայն վնասով ենք աշխատում»,- ներկայացրեց նա։

Ցորենի արտադրությամբ զբաղվող ֆերմերը նշեց, որ այս տարի բարձր բերքատվություն չեն կարողացել ստանալ դաշտամկների պատճառով․ գյուղացու հաշվարկով կրծողները բերքատվության ցուցանիշներին 10 տոկոս վնաս են հացրել։

«Եթե սուբսիդավորում չկա, անիմաստ է ցորեն ցանելը, աշխարհում այդպիսի երկիր չկա, որ գյուղատնտեսությունն առանց պետական աջակցության ձեռնտու լինի։ Հացահատիկը միշտ էլ մեր երկրում սուբսիդավորվել է»,- մատնանշեց մեր զրուցակիցը։
Ի պատասխան ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերների դժգոհությունների՝ Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանը պատասխանել են, որ նախապատրաստվել է «Աշնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը ներկայումս քննարկման փուլում է։

«Միաժամանակ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ այս տարվա մարտի 14-ի որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում գարնանացան հացահատիկային, հատիկընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ավելացման և պարենային անվտանգության ապահովման նպատակով նախատեսված է հողօգտագործողներին տրամադրել փոխհատուցում՝ վերոնշյալ մշակաբույսերի մշակության համար կատարվող հիմնական աշխատանքների 50 տոկոսի չափով»,- հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հավելենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2021 թվականին հանրապետությունում 56 435 հեկտար ցորեն է մշակվել, 2022-ին՝ 54 985 հեկտար։ Նախորդ տարի ցորենի ցանքատարածություների մակերեսը հասել է 69 143 հեկտարի, մինչդեռ այս տարի թիվը կրճատվել է՝ մշակվել է 55 032 հեկտար ցորեն։

Մանյա Պողոսյան